Խոսել Ալբերտ Խաչատրյանի մասին` նշանակում է նախ մի հայացք նետել իր ազգանվեր գործունեությամբ Շուշիի հայեցի դիմագիծն ապահոված գերդաստանի հոր` երջանկահիշատակ Արսեն Խաչատրյանի անցած ուղուն, մի մարդու, ով ժողովրդի կողմից արժանացել է ՙՇուշիի հայոց հայրիկ՚, ՙՄեծ շուշեցի՚ տիտղոսներին, իսկ նրա ՙՇուշիում պետք է հայն ապրի՚ թևավոր խոսքը դարձել էր կարգախոս սերունդների համար: Արմատներով Գորիսի շրջանի Խանածախ գյուղից` 1930-ական թվականներից նա հաստատվեց Շուշիում, ստալինյան դժվարին ժամանակաշրջանում Ադրբեջանի տիրապետության ներքո ստանձնեց մի ուսումնական հաստատության` մանկավարժական տեխնիկումի տնօրենի պաշտոնը, որը պիտի ամուր վահան դառնար ադրբեջանական հայատյաց, խտրական քաղաքականության դեմ իր թողարկած հազարավոր շրջանավարտներով և անուրանալի ներդրում ունենար Արցախի կրթական գործի պատմության մեջ:Խորհրդային տարիներին հայաթափվող Շուշիի համար այս կրթօջախը հայկականության օազիս էր, հայ բնակչության համար ազգայինի պահպանման փրկօղակ, որը հնարավորինս պահպանեց հայկական տարրը ՙեղբայրական՚ կոչվող ապազգային լաբիրինթոսում:
Հոր գործի արժանավոր շարունակողն էր Ալբերտ Խաչատրյանը, ով 1990 թվականից ստանձնեց նույն այդ տեխնիկումը (մի կարճ ժամանակահատված այլ կարգավիճակով էր գործում) գլխավորելու պատասխանատու գործը:
Հայր ու որդի Շուշիի մանկավարժական տեխնիկումը, այժմ` Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը, տնօրինել են շուրջ 40 տարի: ՙՃակատագիրը երկուսիս էլ չի ժպտացել: Երկուսս էլ տնօրինել ենք շատ վատ, պատմական բարդ ժամանակահատվածում: Հորս ղեկավարած ժամանակաշրջանը ստալինյան բռնապետության, ազգային խլրտումների տարիներ էին: Պատերազմի հետևանքով սովն էր տիրում աշխարհում, հնարավորությունները շատ սուղ էին: Իսկ ես տնօրինել եմ` սկսած 1990-ական թվականներից, երբ դարձյալ պատերազմական շրջան էր. Արցախյան պատերազմն էր, բռնություններ, հակահայկական քարոզչություն՚,-հիշում է Ալբերտ Խաչատրյանը: Բայց նա, ժառանգած լինելով պատվարժան հոր մանկավարժական ու մարդկային հատկանիշները` կրթադաստիարակչական գործի մեծ հմտություններ, բոլորի հետ լավ հարաբերություններ ձևավորելու ունակություն, շրջապատը գեղեցկացնելու մեծ շնորհք, սեր ու բարություն, օջախը շեն պահելու կարողություն և շատ այլ առաքինություններ, կարողացավ պատվով շարունակել Արսենխաչատրյանական դպրոցի ավանդույթները: Արդեն հայացած Շուշիում կրթօջախները պետք է վերականգնեին այն գեղեցիկ ազգային ավանդույթները, որոնք բնութագրական էին հինավուրց հայոց Շուշիի համար:
Այսօր արդեն այդ առաքելությունը դրված է ոչ միայն կրթական հաստատությունների վրա: Շուշիի վաղեմի կրթամշակութային փառքի վերականգնումն իրականացվում է պետական ծրագրով: Տասը տարի առաջ, երբ այդ մասին հարցրել էինք Ալբերտ Խաչատրյանին, նա, զուգահեռներ անցկացնելով իր մանկության և երազած Շուշիի միջև, ասել էր. ՙԻմ հուշերի Շուշին հրդեհված քաղաքն է` կույրաչք ավերակներով ու մոխրի գորշությամբ: Այստեղ-այնտեղ ցցված կիսավեր սյուներն ու քարակույտերը կարծես մանկուց մեզ սովորեցրել են, թե որտեղով է թուրքն անցել: Դպրոցի ճանապարհն անցնում էր այդ ավերակների միջով, երբեմնի ՙեղբայր՚ կոչվող հարևանների ժառանգները թաքնվում ու ծեծկռտուք էին սարքում ավերակների խորքում: Հետագայում հայրս վերականգնեց ավերակներից մեկը, և շուտով շեն օջախի կամարներն արձագանքեցին 5 երեխաների ճռվողյունին: Իսկ մինչ այդ մեր ընտանիքը ծվարել էր ռեալականի սենյակներից մեկում, ուստի մանկուց մեզ համար տուն և կրթօջախ հասկացություններն անքակտելի էին: Այսպես է կրթական գործը ներծծվել երակներիս մեջ և մնացել մեկընդմիշտ…
Իսկ երազանքիս Շուշին…Քաղաքիս կրթամշակութային փառքի վերականգնումը, չսպիացած վերքերի բուժումը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է: Եվ այդ պարտքի զգացումով պետք է ապրենք յուրաքանչյուրս՚:
Տասը տարի հետո Ալբերտ Խաչատրյանին, որպես հին շուշեցու, նորից նույն հարցն ենք ուղղում` ինչպե՞ս է տեսնում Շուշիի զարգացումը:ՙՄենք` շուշեցիներս, զգում ենք մեր պետության, կառավարության մեծ ուշադրությունը Շուշիի վերականգնման, վերակառուցման աշխատանքներին: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում մանրամասն նշված էին Շուշի զարգացման հեռանկարները, և այդ ժամանակվանից Շուշին օր օրի վերափոխվում է, գեղեցկանում՚: Ու թվարկում է. բացվել են մի շարք կրթական հաստատություններ` խոստումնալից տեխնոլոգիական համալսարանը, տարածաշրջանում նմանը չունեցող ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանը, մշակութային բազմաթիվ օջախներ` թանգարաններ, ցուցասրահներ, թատրոններ, ստեղծագործական կենտրոններ, որտեղ ընդգրկված են քաղաքի նախադպրոցական տարիքի երեխաները, պատանիները, երիտասարդները: Չկա մի երեխա, որ դուրս մնացած լինի հսկողությունից: Բոլորն ըստ հասակի ընդգրկված են բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում, մշակութային օջախներում, ինքնագործ խմբերում, այլուր: Նաև բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվում:
Արդեն յոթ տարի է` Ալբերտ Խաչատրյանը ղեկավարում է Շուշիի շրջանային արհեստակցական կազմակերպությունը, որի նպատակը աշխատավորների շահերի պաշտպանությունն է: Նրա հեղինակությունն օգնում է արհկազմակերպության շարքերը համալրել նոր անդամներով: Սա ևս մեծ ակտիվություն է պահանջում, և Ա. Խաչատրյանն անդադրում լծված է այդ գործին: Շրջարհմիությունն ակտիվորեն մասնակցում է շրջանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, հասարակական կյանքին, շրջանի վաղեմի կրթամշակութային փառքի վերականգնման գործընթացին: Հանդիպումներն Արցախյան պատերազմի մասնակիցների, քառօրյա պատերազմի զոհվածների ծնողների, փախստականների հետ նրա գործունեության ընդամենը մի մասն են: Նրա հասարակական գործունեությունն ավելի է ընդգծվում համապետական նշանակության ընտրությունների ժամանակ: Այս օրերին էլ Ա. Խաչատրյանը քարոզչական աշխատանքներ է կատարում զանգվածների գիտակցությանը հասցնելու սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը:
Վաստակաշատ մանկավարժն ու հասարակական գործիչն իր ներդրումն ունի նաև այդ ժամանակաշրջանի Շուշիի կրթագիտական ժառանգությունը սերունդներին պահ տալու գործում: Հեղինակ է ՙՀավերժի ճամփորդը՚. ՙՇուշիի մանկավարժական ուսումնարան-85՚ և նորերս լույս տեսած ՙԱնվանի շուշեցիներ՚ գրքերի:
Տիկնոջ` ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Լարիսա Ղազարյանի հետ, Ա. Խաչատրյանը ստեղծել է արցախյան ավանդապաշտ, օրինակելի ընտանիք: Պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ պետական, ՙԼՂՀ արհմիություններ՚ մեդալներով, արժանացել ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման:
Իր բոլոր գործողությունների հիմքում Ալբերտ Խաչատրյանը դնում է հորից ժառանգած ամենամեծ հարստությունը` բարությունն ու սերը` հոգում ունենալով ՙԲարի հայրիկ, խորհուդներդ լսել եմ, սրտիս բոլոր մուրազներին հասել եմ՚ երգի տողերի պատճառած զգացողությունը:
Շնորհավորում ենք Ալբերտ Խաչատրյանին` հոբելյանի առթիվ, մաղթում, որ եռանդն ու կորովը երբեք չլքեն նրան։
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ