K2_PRINT_THIS_PAGE

ՙԱՐԵԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ՚

Հրապարակի վրա է ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասեր¬թատերագետ Կարինե Ալավերդյանի ՙԱրեգա Պետրոսյան՚ գիրքը, որը կարելի է համարել հաճելի նվեր բոլոր նրանց, ովքեր սերտորեն կապված են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հետ, հասցրել են դիտել բազմավաստակ արտիստուհու, թեկուզ ոչ լրիվ, դերակատարումները, որոնց թիվը  ութսունից ավելի է։

Այդ դերակատարումները` իրականացված 45 տարիների ընթացքում, իրենց մեջ ներառում են քրտնաջան աշխատանքի, հոգեկան ալեկոծումների, մասնագիտական պատասխանատվության, հեղինակության պահպանման այնպիսի երանգներ, առանց որոնց դժվար է պատկերացնել ո՜չ լուրջ դերասան, ո՜չ էլ կայացած թատրոն։ 

Նման լուրջ դերասաններից է ԼՂՀ վաստակավոր արտիստուհի Արեգա Պետրոսյանը, որի անունն արդարացիորեն հոլովվում է մեր թատրոնի տաղանդավոր արտիստների շարքում, ընդգծվում նրա ինքնատիպ ու անմիջական խաղը։ Եվ պատահական չէ սույն պատկերագրքի կազմումն ու հրապարակումը, որը գալիս է ավելացնելու Կարինե Ալավերդյանի բազմաբովանդակ աշխատությունների թիվը, ասել է թե` մեր թատրոնի հարուստ տարեգրությունը։

Գիրքը բացվում է հեղինակի ՙԲեմարվեստը որպես ճակատագիր՚ ուղենիշային խոսքով։ Ինչպես հատուկ է Կ. Ալավերդյանի ոճին, այստեղ ևս համառոտ ու պատկերավոր բնութագրումներով ներկայացվում են ճանաչված դերասանուհու կենսագրությունը, նվիրումը բեմարվեստին, այն վարպետ¬ուսուցիչներին, ովքեր անմիջապես նկատել են նրա դերասանական շնորհքը, հանձնարարել դերեր, խրախուսել իրենց թևավորող գնահատականներով։

Ինչպես նշում է թատերագետը, Արեգայի առաջին ներկայանալի դերը Կարինեն էր` Ա.Պապայանի ՙԱրտասահմանյան փեսացու՚ կատակերգության մեջ։ Բեմադրող Տ.Վարդազարյանի ջանքերի շնորհիվ նա այնպես կերպավորեց հնարամիտ, համարձակ, խիզախ ու քաղքենիության դեմ ըմբոստացած իր հերոսուհուն, որ թատերախոսը գրեց. ՙՈւրախությամբ պետք է նշենք, որ ընդունակ այդ աղջնակը այնպիսի եռանդով է մտել դերի մեջ, որ մի պահ թվում է, թե մեր աչքի առաջ ոչ թե սկսնակ դերասանուհի է, այլ թատերական կրթությամբ և տարիների փորձի  տեր մի արտիստուհի՚։

Հասկանալի է, որ նման հաջող մուտքը և բարձր գնահատականը չէին կարող չթևավորել դերասանուհուն։ Ինչպես ընդգծվում է գրքում, տարիների ընթացքում միմյանց հաջորդեցին դերակատարումներ` կատակերգական, դրամատիկական և նույնիսկ ողբերգական։ Բայց կարևորն այն էր, որ դերասանուհին տքնում էր, աշխատում եռանդով, սովորում ու ձեռք բերում բեմական փորձ ու վարպետություն։

Որպես թատերական կյանքին քաջածանոթ ու բեմարվեստի գիտակ մասնագետ` Կ.Ալավերդյանը նրբանկատորեն նշում է այն միջավայրն ու մթնոլորտը, որտեղ Արեգան քայլ առ քայլ գտել է սեփական ուղին ու դարձել հանդիսատեսների երազած դերասանուհիներից մեկը։ ՙԽորին ակնածանք տածելով ավագ գործընկերների նկատմամբ,¬ գրում է Կ.Ալավերդյանը,¬ Արեգան նրանցից ընդօրինակեց հատկանիշներ, որոնք ոչ մի դասագրքով չես սովորի։ Մարգո Բալասանյանից փոխառեց երկյուղած վերաբերմունք դեպի թատրոնը, պարտաճանաչություն և աշխատասիրություն, կարգապահություն բեմում և ստույգություն կատարման մեջ, Միքայել Կորգանյանից` խաղընկերոջ հետ շփվելու արվեստ և կուլտուրա, Թամարա Մելքումյանից` անկեղծություն ու անմիջականություն կատարման մեջ։

Այս խոսուն դիտարկումից հետո հեղինակը բնութագրում է Արեգային որպես նուրբ ու ռոմանտիկ անձնավորություն, որի շնորհիվ որդեգրել է մեղմ ու փափուկ խաղաոճ, ինչը նրա բնատուր հուզականության, անկեղծության ու անմիջականության պարագայում անչափ ճիշտ էր և առանձնահատուկ հմայք էր հաղորդում նրա դերակատարումներին ու մնում հանդիսատեսի հիշողության մեջ՚։

 Կ. Ալավերդյանն իրեն դրսևորում է որպես նրբանկատ հոգեբան։ Այսպես, նա, թվարկելով Արեգայի հաջողությունները, միաժամանակ անմիջական հրճվանքով ընդգծում է նաև փոքրիկ տղաների ու աղջիկների կերպարներ անձնավորելու նրա շնորհքը: Արեգայի նուրբ ու ճապուկ մարմինը, թեթև ու պլաստիկ շարժուձևը, ձայնի տեմբրը լիովին ընձեռում էին այդ հնարավորությունը։ Եվ որպեսզի դիտարկումը լինի շոշափելի, թատերագետը գրքում բերում է փոքրիկ տղաների և աղջիկների դերակատարումները` նկարներով։ Նշվում է նաև, որ այս առումով Արեգայի համար առաջին փորձաքարը եղավ Դավիթ Կոպերֆիլդը` Չ.Դիկկենսի համանուն պիեսի բեմադրության մեջ, ապա Գիքորը` ՙՄեծ լոռեցին՚, Արմիկը` ՙԱղջիկը փեսացու է փնտրում՚, Գեղամը` ՙԱրցախյան բալլադ՚, Ալյոնուշկան` ՙԱլվան ծաղիկ՚, Բուրատինոն` ՙԲուրատինոյի նոր արկածները՚, Ծիծեռնակը` ՙԵրջանիկ արքայազնը՚ և այլն։ 

Պատկերագրքում չի շրջանցվել Արցախյան գոյամարտում թատրոնի դերը, ինչպես նաև Արեգայի ակտիվ  մասնակցությունը կազմակերպված միջոցառումներին։ Նշվում է, որ դերասանուհին իր մինուճար աղջկա հետ ոչ միայն չհեռացավ Արցախից, այլև գործընկերների հետ ելույթներ էր ունենում, հանդիպումներ ու զրույցներ էր անցկացնում նկուղներում պատսպարված քաղաքացիների հետ։ Բացի այդ, Արեգա Պետրոսյանը պատմահայրենասիրական և արդիական պիեսների բեմադրություններում մարմնավորեց մի շարք կերպարներ։ Հնարավոր չէ մոռանալ նրա մարմնավորած Գայանեն` Յու. Սումբատովի ՙԴավաճանություն՚, Նուարդը` Ն. Զարյանի ՙԱրա Գեղեցիկ՚, Նազլուն` Գ. Թավրիզյանի ՙՄելիքի աղջիկը՚  պիեսների բեմադրություններում։ Գրքում բերվում են նաև Արեգայի հաջող կատակերգական դերակատարումները: Կ. Ալավերդյանը նպատակահարմար է գտել պատկերագրքում բերելու հայ մշակույթի ճանաչված ներկայացուցիչներից Ի.Ալավերդյանի, Գ. Գաբրիելյանի, Վ. Շահվերդյանի, Ա. Մխիթարյանի, Ա. Սարգսյանի  գնահատանքի խոսքերը, որոնք հաճելի երանգ են հաղորդում Արեգայի դերասանական գործունեությանն ու ապրելու բանաձևին։

Պատկերագրքի հուզիչ էջերից է Արեգայի մենախոսությունը, որն առաջին անգամ տպագրվել է 1993թ. որպես ՙԱրցախ՚ թերթի մշակութային հավելված։ Այն հայրենասեր դերասանուհու սրտի ջերմ ճիչ է ոչ միայն իր, այլև գործընկերների պատվաբեր գործունեության մասին` Արցախյան գոյամարտի ծանր օրերին։

Արժեքավոր սույն պատկերագիրքը հրատարակվել է Արեգայի դստեր` Նարինե Պետրոսյանի հովանավորությամբ, որի համար երախտագիտության իրենց զգացումներն են արտահայտում սիրված դերասանուհու երկրպագու հանդիսատեսները։

Պատկերագիրքը եզրափակվում է Արեգա Պետրոսյանի  դերակատարումների տարեգրությամբ։ Միայն այդ բաժինը, որն ընդգրկում է 82  դեր` պիեսների և դրանց հեղինակների անուններով ու ներկայացումների տարեթվերի նշումով, խոսում է այն մասին, որ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը` հանձինս Կարինե Ալավերդյանի, ունի տաղանդավոր ու սրտացավ տարեգիր, որն արժանի է սրտագին շնորհակալության, որի յուրաքանչյուր աշխատություն կարևոր ներդրում է հայոց թատերական արվեստի հարուստ գանձարանում։ 

Տեղին ենք համարում ընդգծել, որ պատկերագրքի շոյող որակին մեծապես նպաստել է դիզայներ Ա. Բաղդասարյանը` տեղադրելով ավելի քան 80 լուսանկար` հասցված գեղանկարչական արվեստի բարձր մակարդակի։ 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ 

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր