K2_PRINT_THIS_PAGE

ՄՆՋԱԽԱՂԸ` ԱՐՎԵՍՏԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿ

Ինչպես տեղեկացրել ենք, փետրվարի առաջին տասնօրյակում մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցավ հետաքրքիր ու անսովոր մի ներկայացում, որը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ  գերմանացի մնջախաղի մասնագետ Արթուր Բլոխի մի քանի ամսվա աշխատանքի արդյունք էր:

Ներկայացումը, ինչպես նշել ենք, կառուցված էր երկու մասից: Առաջին մասում հանդես եկան լսողության խնդիրներ ունեցող մասնակիցներ՝ ներկայացնելով տարբեր թեմաներով փոքրիկ էտյուդներ: Իսկ երկրորդ մասում հանդես եկավ ինքը` Արթուր Բլոխն իր արցախցի գործընկեր` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գենադի Առուշանյանի հետ: Գերմանացի ու արցախցի միմ-դերասանները բեմադրել են մեծն Սերվանտեսի ՙԴոն Քիշոտ՚ անմահ վեպը` կանգ առնելով ամենախոսուն ու խորհրդավոր դրվագների վրա: Նախորդ հոդվածում մեր զրուցակիցներն էին Արթուր Բլոխը, լսողության խնդիր ունեցող ներկայացման մասնակից Նունե Իսախանյանը: Իսկ այս հոդվածում Արցախի մայրթատրոնի դերասան Գենադի ԱՌՈՒՇԱՆՅԱՆի հետ զրույցն է. խոսեցինք Արցախում մնջախաղի հիմնման, ընդհանրապես արվեստի այդ ճյուղի յուրահատկության, մեր մշակութային կյանքի զարգացումների, Արթուրի հետ համագործակցության հեռանկարի մասին:-Վերջին մի քանի ամսվա ընթացքում շատ է խոսվել Արցախում մնջախաղի` որպես արվեստի յուրահատուկ մի ճյուղի, հիմնման մասին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք արվեստի այս ճյուղի ստեղծման պահը եկել է:

-Գիտեք, համընդհանուր համաշխարհայնացման արդյունքում արվեստի մարդիկ եկել են այն եզրակացության, որ լեզուն կարծես թե տարածաշրջանները նեղացնում է: Եվ ամբողջ մեր երկրագնդի, այսպես ասենք, վառ անհատականություններն այն կարծիքին են, որ ամենադիպուկ կրակոցը հենց մարմնի ու մտքի միջոցով է ստացվում: Եթե բացենք համացանցը, կտեսնենք, որ շատ երկրներից կան անհատներ, ովքեր քարոզում են արվեստի այս ճյուղը: Այո, ոչ թե խոսքն է կարևորվում` մի քանի գործողություններում համակցված, այլ միտքը` կոնկրետ մեկ կամ երկու դերասանի մարմնի միջոցով արտահայտված:

-Մնջախաղի արդիականացումը մեր ժամանակների՞ պահանջ է, թե՞ մոռացված հնի վերակենդանացում:

-Ասեմ, որ քաղաքակրթության պատմության մեջ կային որոշակի ժամանակաշրջաններ, որոնցում հարգի էր արվեստի այս ճյուղը: Որոշ չափով դա կլոունադան էր: Եվ ինչն է հետաքրքիր. դա հատուկ էր շատ ժողովուրդների: Հանդես էին գալիս անհատներ` մեկ հոգով, երկուսով, երեքով: Հայ իրականության մեջ թե՜ արդի շրջանում և թե՜ հնում կային նման անհատներ, օրինակ, Լեոնիդ Ենգիբարովը: Ճիշտ է, նրանց ստեղծած արվեստի ծագումնաբանությունը գալիս էր կրկեսային արվեստից, և հանդիսատեսը նրանց համարում էր  ծաղրածուներ: Բայց նրանք ծաղրածուներ չեն: Նրանք մեծ դերասաններ են` միմոսներ: Իմ փափագներից մեկն այն է, որ նման դպրոցի բացման համար լուրջ հիմքեր ստեղծվեն:

-Որքան տեղյակ եմ, Դուք որոշ ժամանակ կատարելագործվել եք Երևանի մնջախաղի թատրոնում` Ժիրայր Դադասյանի ղեկավարությամբ: Որպես դերասան` ի՞նչ է տվել դա Ձեզ:

-Ժամանակին պարապել եմ աճպարարությամբ, ձեռնածությամբ, բայց կիսատ թողեցի: Հետո որոշ ժամանակ պարապել եմ մնջախաղի թատրոնում: Շատ բան տվեցին ինձ այդ պարապմունքները` մարմնի և մտքի ազատություն, իմ մարմնավորած կերպարների ավելի հետաքրքիր ու համոզիչ լուծումներ:

-Այսինքն, գտնում եք, որ իսկապե՞ս ժամանակը եկել է...

-Այո, արվեստի այս ճյուղը պետք է վերակենդանանա: Իսկ դրա համար ներդրումներ են պետք: Տեսեք, գյուղատնտեսության մեջ լուրջ ներդրումներ են արվում` ոլորտը վերակենդանացնելու նպատակով: Նույնն էլ պետք է անել մշակույթի, արվեստի ոլորտում: Լավ մասնագետների պետք է ներգրավել, հարստացնել մշակութային ուսումնական հաստատությունների և ստեղծագործական հիմնարկների տեխնիկական բազան: Նորից համեմատություն բերեմ գյուղատնտեսությունից: Տեսեք, ցորենի համար, որպեսզի չհիվանդանա զանազան սնկայիններից, տեսակ-տեսակ թունաքիմիկատներ են ներմուծում` ակնկալելով լավ բերք: Իսկ ի՞նչ ենք անում մեր երեխաների համար, որպեսզի այդ ՙսնկայինները՚ չարմատակալվեն նրանց մեջ և չխանգարեն նրանց մտքի և հոգու առողջ զարգացմանը: Երեխան մեծանում և իր շուրջն ի՞նչ է տեսնում: Տեսնում է, որ տնտեսագետ, իրավաբան, բժիշկ լինելը եկամտաբեր է, և նա անվերապահորեն կողմնորոշվում, ընտրություն է կատարում: Բայց շատ ավելի կարևոր բաներ կան կյանքում, որ նրանք մեծերից չեն ստանում: Մենք պետք է նրանց մեջ ինքնուրույն մտածելակերպ պատվաստենք: Միայն դպրոցում կամ հետագայում բարձրագույն հաստատություններում գիտելիքներ ստանալը քիչ է: Նրանց չենք սովորեցնում, որ ինքնակրթությամբ զբաղվելով կարելի է ինքնակատարելագործվել: Պետք է ներդրում անել ոչ թե ինչ-որ կոնկրետ բան սովորելու և դրանով եզրափակվել: Պետք է սովորել` առաջ ընթանալու նպատակով: Այդպես միայն անհատը կարող է զարգացում ապրել, իր ՙես՚-ը առաջ տանել և իր հետ առաջ տանել և՜ ընտանիքը, և՜ պետությունը:

-Գտնում եք, որ արվե՞ստն է ի զորու մարդու առաջ լիարժեք բացել ինքնակատարելագործման ճանապարհը:

-Այո, և ես նոր բան չեմ ասում: Ասելիքս երկու կարևոր հանգամանքների մասին է: Այո, լավ բժիշկ, լավ իրավաբան, լավ տնտեսագետ լինելը դեռ չի նշանակում ինքնուրույն լինել: Նա պետք է նաև իր ազգի, իսկ ավելի լայն` համաշխարհային մշակույթը կրողը լինի: Եվ երկրոդ` տեսնում եմ, օրինակ, որ մեր երկրի առողջապահության ոլորտն անընդհատ հագեցվում է նոր` ամենաարդիական սարքավորումներով, համալրվում նոր մասնագետներով, իսկ տեղի մասնագետներն էլ ուղարկվում են Հայաստան, արտերկիր` կատարելագործվելու: Ուզում եմ, որ նաև արվեստի ոլորտում նույնպիսի ներդրումներ կատարվեն, որպեսզի երկու ոլորտները համարժեք մրցակցության մեջ լինեն: Երբ Գերմանիան պատերազմից հետո պարտված, տնտեսապես, հոգեպես ցնցված, քանդված վիճակում էր, ամբողջ հույսը դրվել էր արվեստի վրա, որպեսզի նորից արթնացվի ժողովրդի ոգին: Եվ հիմա Գերմանիան աշխարհի հզոր պետություններից է` իր կամքը թե՜ տնտեսապես, թե՜ մշակույթով թելադրող: 

-Ուրեմն, արվեստն է հզոր այն ուժը, որ կարող է մարդուն, ողջ ժողովրդին հանել հոգեբանական ճգնաժամից, նոր նվաճումներ ձեռք բերելու լիցք հաղորդել` ինքնուրույն լինելու, ինքնակատարելագործվելու անսպառ աղբյուր հանդիսանալ: Ստացվում է, որ պայմանները կան, կրթության բոլոր օղակները գործում են, բայց մտքի շարժ չկա, նոր գաղափարներ չեն ծնվում: Ի՞նչ եք կարծում, գուցե այդ օղակների միջև կապի, շփման բացակայությունն է, որ նման իրավիճակի պատճառ է դառնում: 

-Նույն այդ խնդիրը տեսնում եմ իմ ու Արթուրի կապի մեջ: Երբ նա եկավ, մենք խորհրդակցեցինք շատ բաների շուրջ: Քննարկեցինք շատ պիեսներ և կանգ առանք ՙԴոն Քիշոտի՚ վրա: Տեսեք, այս նախագծում ոչ մի ֆինանսական ակնկալիք չունեինք, բայց գործն արեցինք: Մեր ակնկալիքներն ինչ-որ նոր բան անելն էր, այն էլ` լավ անելը: Հիմա այս կամ այն հաստատությունում սովորող երիտասարդին ի՞նչն է խանգարում  միանալ մյուսի հետ մի նոր գաղափարի իրականացման նպատակով, և դա անել առանց ֆինանսական ակնկալիքի, ինչպես դա արեցինք Արթուրի հետ: Այսպիսով կծնվեն երաժշտական եռյակներ, քառյակներ, երկու-երեք աչքի ընկնող նկարիչների միացյալ ցուցահանդեսներ, դերասանների, պարողների փոքրիկ միավորումներ: Հետո այլ կազմով համախմբվել մեկ այլ մտահղացման շուրջ: Դա կարող ենք չէ՞ անել, բայց իրականում տեղի չի ունենում: Իսկ ամենացավալին այն է, որ դա ոչ մեկին չի անհանգստացնում, չի մտահոգում:

-Գուցե բոլորիս անտարբերությունից է ստացվում այդպես ու դրանից էլ ոչ մի բան չի փոխվում, չնայած պետությունը, անաչառ լինենք, քիչ չի անում, որպեսզի մշակույթի ոլորտը զարգացում ապրի:

-Ճիշտ եք նկատել: Շատ բան մեզանից յուրաքանչյուրից է կախված, մեր ակտիվ դիրքորոշումից: Եկեք Երևանից օրինակ վերցնենք, որտեղ նորարարական գործընթացներ քիչ թե շատ տեղի են ունենում: Եկեք երկու, երեք, չորս-հոգանոց խմբերով, նոր գաղափարներով, մտահղացումներով աշխուժացնենք մեր մշակութային կյանքը, առաջ շարժվենք:

-Ասվածի համատեքստում պատմեք, խնդրեմ, Ձեր ու Արթուրի համագործակցության մասին: Արդյո՞ք ՙԴոն Քիշոտ՚ ներկայացումը շարունակվելու հեռանկար ունի: 

-Ուրախությամբ եմ ասում, որ մեր համագործակցությունը շարունակություն կունենա: Արդեն նկարահանված տեսաշարն ուղարկվել է Վրաստանում անցկացվող մնջախաղի ամենամյա փառատոնին: Եթե հավանեն` կմասնակցենք այնտեղ: Կա նաև Հայաստանում երկու տարին մեկ անցկացվող՝ Լեոնիդ Ենգիբարովի անվան մնջախաղի միջազգային փառատոն, որին մենք նույնպես կուղարկենք մեր տեսահոլովակները:  Լեհաստանում նույնպես մնջախաղի փառատոն է անցկացվում: Հեռանկարներ ունենք: Եվ ի՞նչն է ուշագրավ. մասնակցելով այս կամ փառատոնին, կներկայացնենք երկու պետություն: Իմիջիայլոց, երբ խոսքը գնաց արտերկրում միասին հանդես գալու, այսինքն, երկու մեր պետությունները ներկայացնելու մասին, ես ասացի, որ նա, որպեսզի չընդգրկվի Բաքվի, այսպես ասած, ՙսև ցուցակում՚, հատկապես Բելառուսում տեղի ունեցածի համատեքստում, կարող է մենակ հանդես գալ: Բայց նա ասաց. ՙՈչ, ես դա կանեմ, ինձ համար նշանակություն չունի՝ որտեղ ում հետ ինչ է կատարվում: Սա քաղաքական ենթատեքստեր չունեցող միջոցառում է՚: Անգամ նախարարությունից մարդ եկավ զգուշացնելու ՙսև ցուցակի՚ մասին: Բայց նա հեգնանքով ասաց, որ միայն մարդասպաններն են սև ցուցակ պահում: Համարձակությունն իր կողմից էր, մեր կողմից էլ աշխատասիրությունը, ջանքն ու եռանդը, որպեսզի հասնենք իր մաքրամաքուր տեխնիկային: Ինձ ասում էր` դու զգացմունք շատ ունես, բայց տեխնիկայում դեռ թերանում ես: Եվ այդպես մեր համագործակցությունն ստացվեց:

-Ի՞նչ երազանք ունեք:

-Մնջախաղի դպրոց կամ ստուդիա հիմնելը դժվար գործ է: Բայց փափագում եմ, որ գոնե տարին մեկ այսպիսի մի ներկայացմամբ կարողանանք հանդես գալ: Երևանում արդեն կա նման խումբ: Դադասյանն է պարապում այդ խմբի հետ: Եվ, ասեմ Ձեզ, շատ ուժեղ խումբ է:

-Այսինքն, կուզենայիք նման խումբ ձեւավորել:

-Այո, եթե վստահվի, մեծ սիրով կզբաղվեմ այդ գործով:

 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ