K2_PRINT_THIS_PAGE

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

 

 

Մեկ տարի առաջ՝ ապրիլի 2-ին, Արցախը կրկին դարձավ աշխարհի ուշադրության կիզակետը։

Ադրբեջանը, հավատարիմ իր ահաբեկչական ձեռագրին, նորանկախ մեր հանրապետության նկատմամբ ձեռնարկեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները։ Աշխարհի հայությունը բռունցքվեց, և յուրաքանչյուր հայ իր նպաստը բերեց Արցախի հաղթանակին` հաղթանակ, որը ձեռք բերեցինք ծանր գնով,  երիտասարդ զինվորներ  իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի՝ ամեն մեկը կերտելով իր կյանքի սխրանքի պատմությունը։ 

Այս ճակատագրական իրադարձությունը, որը պատմություն մտավ ՙԱպրիլյան քառօրյա պատերազմ՚ անվամբ, չէր կարող վրիպել հայ գրողի տեսադաշտից։ Ապրիլյան օրերին Արցախի գրողները ստեղծեցին գեղարվեստական գործեր, որոնք յուրատիպ ուղերձներ են` հղված մի կողմից սահմանին սխրանքներ գործող զինվորին, մյուս կողմից՝ իրադարձություններին հեռվից հետևող միջազգային հանրությանը և, ընդհանրապես` մարդկությանը։ Քաղաքական, սոցիալական, ռազմական իրավիճակը, արցախցու խոհը, ցավը, հույզերն ու զգացմունքները, զինվորի աննախադեպ սխրանքը, հաղթանակն ու կորստի մրմուռը, անցնելով գրողի գեղագիտական պրիզմայով, գեղարվեստական ուրույն պատկերներով արտացոլվել են Արցախի գրողների գործերում։ 

 Արցախի գրական ընտանիքի նահապետ Սոկրատ Խանյանը գրեց իր ՙՀպարտություն՚ բանաստեղծությունը՝ նվիրված Արցախի հերոս, ապրիլյան քառօրյայում անմահացած Ռոբերտ Աբաջյանին։ Բանաստեղծը Ռոբերտ Աբաջյանի կերպարով կերտում է առհասարակ հայ զինվորի քաջարի կերպարը. ՙԴու հաստատեցիր, որ մարտերի մեջ/ /Մի հայ զինվորը տասի ուժ ունի՚։ 

Ապա բանաստեղծը ներում է հայցում հերոսից, որ իր երգը կոչում է մեծ հպարտություն և բանաձևում հայ զինվորի անպարտելիության խորհուրդը. ՙՀպարտությունս գիտակցված մահդ է,// Քո մահը, որդիս, չունի պարտություն՚։

Հայ զինվորը կռվում էր Վահագնի պես, ոչ թե որպես զինվոր, այլ՝ կռվի աստված, և այս գերբնական ուժին հավասարազոր խիզախումն է, որ ազերի թուրքին սանձեց և թուլ չտվեց Արցախը դարձնել մի նոր Նախիջևան։ Խանյանն այս բանաստեղծության մեջ գեղարվեստական պատկերներով շնչավորում է հերոսի խիզախման պատմությունը, որը դասի ուժ ունի$ և հերոսությունը  համարում է դեպի Նաիրյան արև ձգվող լույս՝ դեպի վերջնական հաղթանակ։  

Արցախի ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը իրադարձություններին արձագանքեց ՙԿենդանի պատ՚ պոեմով, որը հերոսապատում է՝ նվիրված ապրիլյան քառօրյայի նահատակներին։ Պոեմում բանաստեղծը արծարծում է  ազգային, քաղաքական, սոցիալական խնդիրներ։  ՙՀայոց ապրիլի//1-ը// դարձյալ սկսվեց//ապրիլի//24-ով՚,-ահազանգում է պոետը և իր խոսքն ուղղում ՙանականջ աշխարհին՚։ Գեղարվեստական պատկերավորմամբ գրողը ներկայացնում է ապրիլյան արհավիրքները Թալիշում, Մատաղիսում, որտեղ ազերիները գլխատել, խոշտանգել, հոշոտել են հայերին։ Բանաստեղծի ցասումն ուղղվում է նաև դեպի այն երկրները, ովքեր զենք են վաճառում Ադրբեջանին, ապա անդրադառնում  է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կերպարին և մեջբերում նրա խոսքը, որ ՙկրակում է ձեռքը, ոչ թե զենքը...՚։ Ապա հեգնանքը սուր երանգ է ստանում՝. ՙԴու ճիշտ ես,// մուստաֆա Դմիտրի,//ի սեր մեր Աստծո,// ի սեր քո Ալլահի,// դու ճիշտ ես... ՚։  Պոեմում բանաստեղծը առաջ է քաշում  ազգի՝ ինքն իր ուժերին ապավինելու և հայրենիքի փրկության հարցում հույսը օտարների վրա չդնելու գաղափարը.ՙԱրցախը սակայն//Արցախ է մնում՝// իր ուժը//միայն//տեսնելով իր մեջ՚։ Այս գիտակցումով էլ տղաները դարձան կենդանի պատ՝ կերտելով Արցախի հաղթանակը։  Բանաստեղծը մեջբերում է նաև ապրիլյան քառօրյայում նահատակված տղաների վերջին խոսքերը, որ սերունդներին հղված պատգամի պես են հնչում ՝ հայրենիքի սահմաններն անխախտ պահելու և թշնամուն մարտական դիրք չհանձնելու  նրանց հրամայականը։

Նորեկ Գասպարյանի՝ այդ օրերին գրած ՙՎերջին մարտը՚ բանաստեղծությունը սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային կայքերում բազմաթիվ դիտումներ էր արձանագրում։ Սասնա ծռերի հաղթական զարկով, հեթանոս աստվածների՝ ծովից ծով Հայաստանը խորհրդանշող անպարտելիությամբ, Աստծո՝ Տիրոջ  հովանավորությամբ մարտադաշտում հայ զինվորն է՝ ընդդեմ գարշահոտ թշնամու։ Բանաստեղծության մեջ ողբի, կորստի ցավի, նվնվոցի երանգներ չկան։ Բանաստեղծը հաղթական ոգով մարտակոչ է հնչեցնում հայ զինվորին՝ համոզված լինելով, որ հաղթանակը հայինն է։ Վրեժի ու ցասումի հույզերն են խտացված բանաստեղծության յուրաքանչյուր քառատողն ամփոփող հայհոյախոսություն հիշեցնող՝ ՙջնջում ենք, տղերք, ես դրանց մերը...՚ արտահայտությունը։ ՙԵս նորից ծուռ եմ, ձիս էլ Քուռկիկն է, իմն է երկինքը,//Իմ ամեն մի զարկ Աստծո պատվեր է, առաջ է Տերը,//Եկողը սուտ է, եկողը փոշի, մնացած քոչից...՚,-գրում է Գասպարյանը։ Ուշագրավ մի հանգամանք, որ հաճախ է նկատվում պատերազմն արտացոլող նրա գործերում. ճակատագրական մարտում բանաստեղծը դիմում է հեթանոս աստվածների  անպարտելի ուժին` ոչ թե քրիստոնեական հնազանդությանը. վերջին մարտում երկինքն ու երկիրը, ամբողջ բնությունն ու կրոնները համախմբվում են հայ զինվորի շուրջ՝ նպաստելով նրա հաղթանակին։ 

Նվարդ Ավագյանի բանաստեղծության մեջ տեսնում ենք հայության ցավը, ժամանակի, պահի ողբերգական նկարագիրը։ Բացվող օրը հայի  անարատ հացին ՙմրուր ու լեղի՚ է տալիս։ ՙՄեծ բախման շրջանն է իջել`//աղ ցանի ապրիլյան վերքին,//զինվո՜ր իմ, տղա՛յք մեր սիրելի...՚,-գրում է բանաստեղծուհին և մարտիկի նման կոչ անում տղաներին պահի կարգախոսը՝ ՙարիանալ՚ և ՙո՛ չ մի թիզ` անարգ թշնամուն,/ /ում ձեռքից եկածն է լոկ նախճիր...՚։ 

Առանձին դեպքերում կին գրողների մոտ մայրական բնազդն ակնառու է ստեղծագործության ենթատեքստերում։

Բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանի որդին այդ օրերին առաջնագծում էր՝ մարտական ամենաթեժ կետերից մեկում։ Պատերազմի դաշտում կռվող որդի ունեցող մայրը ռազմակոչ չի հնչեցնում իր բանաստեղծության մեջ, ոչ էլ երկրի օրհասական պահը ողբում։ Նրա բանաստեղծությունը  աղոթք է սահմանում կանգնած զինվորի համար, ատելություն է պատերազմ հրահրողների նկատմամբ և հումանիստական արժեքների քարոզում։ ՙՊատերազմ ու  ատելություն քարոզողները//կյանքի գինն ուրացած մանկուրտներ են//և առնչություն չունեն քաղաքակրթության հետ՚,-գրում է նա։ Բանաստեղծուհին ուզում է մարդու նոր տեսակ արարել՝ ՙաչքակուշտ, մեծսիրտ, կյանքամեծար ու սեփական կոչումը չժխտող՚։

Բանաստեղծուհի  Զինաիդա Բալայանը ՙԴարերից են հառել...՚ բանաստեղծությունում ստեղծեց  ապրիլյան անմահացած հերսների՝ Ռոբերտ Աբաջյանի, Ադամ Սահակյանի, Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի... փառավոր ներկայությունը։ ՙՍահմանամերձ գոտիներում, թեժ մարտերում, տղերք,//Լեգենդ դարձաք արիության,//սուրբ նահատակ դարձաք։ Մեն-մենակով դարձաք զորաբանակ անպարտ,//Հետ նահանջել չկար՝ դարձաք հաղթաբանակ...՚։

Արձակագիր Լևոն Խեչոյանը մի առիթով ասել է, որ գրականության դերը կարողանալու հնարավորություն է՝ պատերազմն ատել տալու։ 

Արցախի երիտասարդ սերնդի բանաստեղծները, ապրիլյան քառօրյա ռազմագործողությունների  անմիջական մասնակիցը լինելով, լավ գիտեն պատերազմի և խաղաղության գինը, և նրանց պատկերած պատերազմը խեչոյանական այս դավանանքին է հարում։

Խրամատն ու խրամատային կյանքը ներշնչել են  Հայասեր Հովսեփյանին։ Նա  իր բանաստեղծություններում, խեչոյանական պատգամին հավատարիմ,  պատերազմն ատել է տալիս յուրովի։ Պատերազմները, որտեղ սպանվում, լլկվում են մարդիկ, բանաստեղծի համոզմամբ, չի կարելի կոչել հաղթական։ Մարտընկերոջ զոհվելն ու արյունը տեսնող բանաստեղծ մարտիկը ըմբոստանում է խաղաղության դեմ, այն խաղաղության, որը մարտադաշտում լքում է կռվող զինվորին. ՙԴու վախկոտ ես, խաղաղությո՜ւն։//Տեսել ես կարմիր արյունը//սպանված զինվորի//և անամոթաբար միշտ//լքում ես ինձ,//երբ ես կանգնում եմ//այս արյունոտ խրամատում,//ինչպես հոգին է լքում մարմինը//սպանված իմ ընկերոջ՚։ Զուգորդումների  և մտապատկերների պարադոքսն ակնառու է նրա՝  այս բանաստեղծությունում։ Հայասերը  խաղաղությունն անձնավորում է՝ դիմելով ՙդավաճան՚, ՙանամոթ՚ մակդիրներով, որովհետև լքելով  զինվորին՝ նրան  դարձնում է գնդակի թիրախ, ապա հրամայում կանգ առնել, մնալ իր թիկունքում, որովհետև թիկունքում  ամենաթանկն են՝  մանուկները.ՙՄնա իմ թիկունքում,//այնտեղ մանուկներ կան՝//անմեղ, անհոգ…//Կանգ առ, անամոթ…՚։ Իրականում, սակայն, այս բանաստեղծությունը կարելի է համարել պատերազմները ժխտող և  խաղաղությունը  ներբողող յուրատիպ  մի գործ։ 

Ապրիլյան քառօրյայի մասնակից  երիտասարդ բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի բանաստեղծություններում ևս տեսնում ենք պատերազմը մերժող և խաղաղության ձգտող շեշտադրումներ։ ՙԻնքնաձիգս սահմանապահն է  խավարի ու լույսի՚ ,-գրում է Վիտալին՝ հակադրելով պատերազմը խորհրդանշող խավարն ու լույսը՝ լուսնի գեղեցիկ դեմքը։ Սահմանին ժամանակը առաջ չի գնում.ՙհերթական կրակահերթը,//և վայրկյանները սկսում են հոսել՚։  Բանաստեղծ զինվորի մտապատկերներում, ով պատերազմի մեջ եղել է արդեն մեկ անգամ, պատերազմն այլևս  ավարտ չունի. ՙպատերազմը ավարտ չունի, այն շարունակվում է գերեզմանոցում՚։ 

Երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը ապրիլյան քառօրյային անդրադարձավ ՙՎերադարձածները՚ բանաստեղծությամբ։ Բանաստեղծության մեջ տեսնում ենք երեք սերնդի մղած պատերազմի խորհրդանիշ-պատկերներ։ Երեք սերունդներ՝ պապը, հայրը, եղբայրը, Մեծ Հայրենական, Արցախյան ազտագրական  և ապրիլյան պատերազմներից վերադարձած հաշմված զինվորներ են, ովքեր (պապը՝ չերևացող ձեռքերով, հայրը՝ չերևացող ոտքերով, եղբայրը՝ կույր աչքերով) շարունակում են լուռ հիշեցնել ու պատմել պատերազմի մասին.ՙՊատերազմից վերադարձած երկիրը//Սահմանում անվերադարձ կորուստներ է ունենում՝//Կանխելով վերադարձը//Նոր պատերազմի՚։

Արցախի գրողը, փառաբանելով հայ զինվորի սխրանքն ու հաղթանակը, միաժամանակ ՙո՜չ՚ է ասում պատերազմին ու հաստատում  հայի խաղաղասեր կամքը։ Բայց հայրենիքը պաշտպանելու համար նա նաև հաղթական ռազմակոչ է հնչեցնում և ՙեթե պատերազմ, ապա հաղթանակ ու ոչ մի թիզ հող թշնամուն՚ կարգախոսով շարունակում արարել ու պայքարել։ 

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ ավագ դասախոս