Հոկտեմբերին մենք`առաջին կուրսի ուսանողներս, կուրսղեկ, ԱրՊՀ դոցենտ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելեցինք Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, որը ԼՂՀ պատմամշակութային այն օջախն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Այստեղ հավաքվում և պահպանվում են ազգի դիմագիծը ներկայացնող նյութական ու հոգևոր անգնահատելի արժեքներ՝ սկսած նախնադարյան ժամանակաշրջանից։
Թանգարանի հարուստ նյութերի ցուցադրությունն սկսվում է Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը։ Այստեղ ցուցադրված նյութերի մեջ մասնավորապես ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ, բրոնզե ամենատարբեր իրեր, ուրարտական ժամանակներից պահապանված զարմանահրաշ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագումով ու փորագրություններով արծաթե, պղնձե դրամներ։
Հպարտություն ես ապրում, որ ծնվել ես Արցախ աշխարհում:
Մենք Անկախության սերունդն ենք, սերունդ, որ ավելի անառիկ ու հզոր պիտի դարձնի մեր պապենական հողը` նորանկախ Արցախի Հանրապետությունը։
Մարիամ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի