K2_PRINT_THIS_PAGE

ԱՄՐՈՑ-ԲՆԱԿԱՏԵՂԻ ՙԳԱՌՆԱՔԱՐ՚ (ԾԻՐԱՆԱՔԱՐ)

Ամրոց-բնակատեղիի մնացորդները գտնվում են Մարտակերտի շրջանի համանուն գյուղից 2,5 կմ հարավ, զույգ լեռնային բարձունքների գլխին:

Պատմական աղբյուրներից ամրոցի կամ ամրոցի  մասին հիշատակվում է  Կ. Գանձակեցու պատմության մեջ: Ըստ նրա, մոնղոլ զորապետ Բուղան, ընդհարվելով Հասան Բարեպաշտ իշխանի հետ, քանդում է նրա ամրոցները` Խոխանաբերդը, Դեդը, Ծիրանաքարը:  Ի դեպ, Մեսրոպ Թաղիադյանի տեղեկություններից պարզվում է, որ Ծիրանաքար է կոչվել նաեւ Գառնաքար գյուղը: Նույն պատմիչը Ծիրանաքարը ներկայացնում է նաեւ ՙԾառաքար՚ անվամբ, համարելով ՙկալուած Մէլիք Վանւոյ՚:  

Ամրոցը հայտնի է  է նաեւ ՙԵռաքար՚ եւ ՙԿռայքար՚ անուններով, իսկ ներկայում կրում է ՙՄեծ հարթեն քար՚ անվանումը: Այստեղ է եղել Խաչենի իշխանական տոհմի մի ճյուղի նստավայրը: Իսկ այդ ճյուղը կամ ազգատոհմը հայտնի էր ՙԵռաքարեցիք՚ անվամբ: Ըստ Բ. Ուլուբաբյանի, ի թիվս այլ իշխանությունների, XII դ. կեսերին մասնատվել էր նաեւ Խաչենի իշխանությունը` բաժանվելով երեք ճյուղերի: Դրանցից մեկը Խաչենագետի հովտում էր, մյուս երկուսը` Թարթառի միջին եւ վերին հովիտներում: Այդ երեք ճյուղերի հարեւանությամբ գոյություն ունեին նաեւ ավելի փոքր իշխանություններ, ինչպիսիք էին Խաղբակյանք, Դեսումանք, Դլենանք եւ եռաքարեցիք: 

Ստ. Օրբելյանը նշում է, թե Գրիգորը, որ իշխում էր Բաղքում, բերել տվեց Խաչենից եռաքարեցի մի կտրիճի` Հասան անունով, իր դուստր Կատային նրան կնության տվեց եւ դարձրեց իր թագավորության ժառանգ: Երբ սելջուկ-թուրքերը պաշարեցին Բաղաբերդը (1170թ.), Հասանը բերդապահներ նշանակեց, ինքն էլ վերցրեց կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին, գիշերը բերդից դուրս եկավ եւ գնաց Խաչեն` իր գավառն ու տունը: Ըստ Բ. Ուլուբաբյանի մի հաղորդման, եռաքարեցիք տոհմակից էին Խոխանաբերդի տեր Սակառյաններին: Սակայն հարկ է նշել, որ ՙԵռաքարեցիք՚ փաստորեն XIV դ. հետո չեն հիշատակվում: Այդ ազգատոհմը մինչ այդ ամենայն հավանականությամբ ձուլվել էր Խաղբակյանների հետ` հետագայում պահպանելով տեղավայրի անվանումը: Գառնաքարը (Եռաքար) Խաղբակյանների բնակատեղին էր, գրում է Գ. Հովսեփյանը: Բացի այդ, ըստ տեղագրող Մ. Բարխուդարյանցի, ավելի վաղ Խաղբակյանների նախորդ Բակ իշխանի ցեղը բնակվում էր Գառնաքար կոչված տեղում, ընդ որում, նրանց իշխանության տակ էին Խաչենի գրեթե բոլոր նշանավոր ամրոցները (Կաչաղակաբերդ, Խոխանաբերդ, Նատարին, Աղուէն, Քարագլուխ):

Հին Գառնաքարը ժամանակին եղել է տարածքի կարեւոր ամրոց-դիտակետերից մեկը, որը, սակայն, ըստ տեղում կատարված դիտարկումների, գոյատևել է մինչեւ XII-XIII դդ., իր տեղը զիջելով տարածքի ռազմավարական տեսակետից առավել մեծ նշանակություն ունեցող մյուս ամրոցներին: Ամրոցի պաշտպանական շինությունները գրեթե չեն պահպանվում եւ հիմնովին ավերված են: Դրանք տեղակայված են եղել միմյանցից մոտ 300մ հեռավորությամբ երկու լեռնագագաթների կամ քար-ամրոցների վրա, որը, հնարավոր է` հիմք է հանդիսացել ՙԳառնաքար՚ անվան: Այսինքն` երկու քար, ինչպիսին իրականում կա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ անվանումը հիշատակվում է միայն հետմիջնադարյան հեղինակների մոտ, իսկ ավելի վաղ` մասնավորապես մինչեւ XIV դ., ինչպես նաեւ 1667 եւ 1745թթ. տվյալներով՝ հանդես էր գալիս վերը նշված եռաքար (ՙեռաքարեցի՚) եւ ՙԿռայքար՚ անուններով, որոնք կարելի է ստուգաբանել մի քանի տարբերակով. որպես ՙկուռ՚-պինդ, ամուր, դիմացկուն եւ ՙքար՚-ամրոց իմաստով, որպես ՙկռայ՚ (կռա), նաեւ ՙքռայ՚, որ նշանակում է քարքարոտ տեղ, բլուր, որպես ՙկուռն՚-կռնակ-թիկունք, քամակ եւ ՙկուռք՚ նշանակությամբ (օրինակ, կռապաշտ` հեթանոս-կուռք պաշտող, կռատուն-կուռքի տուն եւ այլն):

Քար-ամրոցներից ստորին հյուսիսակողմինն աչքի չի ընկնում հարմարավետ տեղանքով (աշխարհագրական կոորդինատներն են N 40 01 10.5, E 46 34 30.4, բարձրությունը ծովի մակարդակից` 1309մ): Տարածքն ամբողջությամբ խորդուբորդ է, թեք անցուղիներով, տեղ-տեղ նկատելի են երբեմնի ամրոցից մնացած պատերի հետքեր: Զբաղեցնում է մոտ 0,3 հա: Մուտքն ըստ էության բացվում էր հարավ-արեւմտյան կողմից, որտեղ շինված է եղել բրգաձեւ մի ամրություն: Բուն ժայռը արեւմտյան, հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան կողմերից ողորկ է, գրեթե անմատույց:  Դատելով պատերի մնացորդներից, կարծում ենք, որ այն վերաբերում է IX-XII դդ.-ին: 

Նշված ամրոց-դիտակետից հարավ երկրորդ ՙքար՚-ն է՝ իր անհամեմատ բարձր դիրքով, որ իշխում է առաջինի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են N 40 00 53.4, E 46 34 35.7: Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1375մ: Այստեղ կարելի է բարձրանալ հյուսիսային կողմից` մագլցելով ժայռը կամ շրջանցելով արեւելյան ու արեւմտյան կողմերից: Ի տարբերություն առաջինի, երկրորդ լեռնագագաթն աչքի է ընկնում հարթ ու դեպի հարավ թեքադիր ընդարձակ տարածքով եւ, ըստ էության, ծառայել է որպես ամրոց-բնակավայր: Մոտ 2 հա կազմող բարձրավանդակի վրա ուշագրավ է ուղղանկյուն հատակագծով 23x13 մ չափերի մի ապարանքատիպ շինություն, որից ներկայում գրեթե ոչինչ չի պահպանվում: Նկատելի են հյուսիս-հարավ ձգվող պատի հիմքերը միայն: Այն հարավային կողմից ձգվելով 11,4 մ, հարակցվում է արտաքուստ կիսակլոր որմնապատին (չափերը` 2,8x1,5 մ), այնուհետեւ շարունակվում եւս 9 մ: Շինությունը ներքուստ ունեցել է թվով չորս տարբեր չափերի սենյակներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ծածկված են խիտ բուսականությամբ եւ արտահայտվում են փոսորակների տեսքով: Արեւելյան, հյուսիսային եւ հարավային կողմերից պատերի հետքեր չեն նկատվում: Ըստ տեղում կատարված նախնական ուսումնասիրության` այն կարելի է վերագրել XII-XIII դդ.-ին: Շինության մերձակայքում երբեմնի գերեզմանոցն է, որտեղ ներկայումս պահպանվում է երկու խաչքար (բնորոշ նշված ժամանակահատվածին), իսկ հյուսիս-արեւելք` հնագիտական հուշարձանների (դամբանաբլրի) մնացորդներ:

ՙԾիրանաքար՚(Գառնաքար) ամրոցից արեւմուտք ՙՍռնոցեն պատ՚ (Սրանոցեն պատ) կոչվող վայրում համանուն բնակատեղին է` իր ամրոցատիպ շինությամբ (չափերը` 11x9 մ), որի պատերը պահպանվում են մինչեւ 3,5մ բարձրությամբ: Աշխարհագրական կոորդինատներն են N 40 01 07.4, E 46 34 11.4: Ծովի մակարդակից բարձրությունը 1121 մ է: Մուտքը հյուսիսարեւմտյան կողմից է: Ներքուստ` արեւելակողմ պատի վրա կա մեկ խաչքար` բնորոշ XII-XIII դդ.-ին: Շինությանը հարավարեւմտյան կողմից կից է բավականին մեծ չափերի, 7մ տրամագծով կլոր աշտարակ, որը ներկայումս ամբողջությամբ ավերված է: Առայժմ ստույգ դժվար է ասել այս ինքնատիպ կառույցի բուն նշանակությունը: Այն ծառայել է որպես ամրոց-ապարա՞նք, թե՞ ունեցել է մեկ այլ (տնտեսական) նշանակություն:

Ամրոցից  հյուսիս` ստորին ամրոցակալ ժայռի ստորոտում, տարածվում է IX-XIII դդ. բնորոշ ընդարձակ գերեզմանոցը` խաչքարերով:

Սլավա  ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, ԼՂՀ մշակույթի 

վաստակավոր գործիչ