Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները, որը հոկտեմբերի 1-ին Իսպանիայից անկախանալու հանրաքվե է անցկացրել, իսկ արդեն հոկտեմբերի 31-ին անկախություն հռչակել, շարունակում են մնալ համաշխարհային հասարակայնության ուշադրության կենտրոնում: Հայտնի պատճառների բերումով թագավորությունում դրա հետ կապված գործընթացները հետաքրքրություն են ներկայացնում նաև մեզ համար Արցախում: Նախևառաջ, ինչը կարևոր է նշել, դա ինքնորոշման ակտն է, սակայն ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, թե այս ժողովրդական կամարտահայտության քայլի հանդեպ ինչ վերաբերմունք են դրսևորել Իսպանիայի կենտրոնական իշխանությունները և միջազգային հանրակցությունը, մասնավորապես` Եվրոպան, որի տարածքում էլ տեղի են ունենում այդ իրադարձությունները: Բնականաբար, մեզ համար ավելի տրամաբանական է տվյալ հարցերը դիտարկել` շաղկապելով դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հետ` ինչպես հենց այդ գործընթացներում, այնպես էլ դրանց հանդեպ ունեցած արձագանքներում նմանություն ու տարբերություն գտնելու համար:
Ինչպես հայտնի է` պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է Կատալոնիայի անկախության հռչակումը` որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ինքնորոշման իրավունքի իրացման դրսևորում, որն ավելի քան քառորդ դար առաջ կիրառեց նաև Արցախը: Թերևս սա է կատալոնական և արցախյան իրավիճակի հիմնական նմանությունը: Ընդ որում, հարկ է վերապահում անել, որ ԼՂՀ հռչակումը տեղի էր ունենում բացարձակապես այլ քաղաքական պայմաններում, և այն պետք է դիտարկել ԽՍՀՄ փլուզման համատեքստում, որի Սահմանադրության և օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան էլ ձևավորվել է մեր հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և Ադրբեջանական ԽՍՀ-ն, որպես միացյալ միութենական պետության սուբյեկտներ, դուրս են եկել վերջինիս կազմից նույն օրենքների հիման վրա, և նշանակում է` Բաքուն, որը շահարկում է տարածքային ամբողջականության սկզբունքը, Լեռնային Ղարաբաղի հանդեպ հավակնություններ ունենալու համար չունի ոչ մի իրավական հիմքեր:
Եթե, այնուամենայնիվ, խոսելու լինենք ևս մեկ նմանության մասին, ապա դա Մադրիդի և Բաքվի կողմից համապատասխանաբար Կատալոնիայի և Լեռնային Ղարաբաղի անխախությունը չընդունելն է: Սակայն դարձյալ անհրաժեշտ է վերապահում անել, որ Մադրիդի և Բաքվի չընդունելը տարբեր ձև ու բովանդակություն ունի: Ինչպես հայտնի է, Իսպանիայի կենտրոնական իշխանությունները չեն ճանաչել Կատալոնիայի անկախությունը` հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի արդյունքներն անվանելով անօրինական, իսկ հոկտեմբերի 31-ի անկախության հռչակումը որակելով որպես խռովություն: Իսպանիայի Ազգային դատական պալատը թագավորության դատախազության միջնորդությամբ վճռել է կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնին և շրջանի կառավարության նախկին մի շարք անդամների: Հանրաքվեի ընթացքում Քաղաքացիական գվարդիան և ազգային ոստիկանությունը` քվեարկությանը խոչընդոտելու նպատակով, բռնություն են կիրառել, մեր պարագայում հանրաքվեի օրը` 1991թ. դեկտեմբերի 10-ին, Ադրբեջանը հրետանային արկակոծության է ենթարկել Արցախի մայրաքաղաքը և բնակավայրերը, ինչի արդյունքում միայն Ստեփանակարտում զոհվեցին 10 հոգի և վիրավորում ստացան տասնյակ մարդիկ: Բաքվի իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմը գործնականում շարունակվում է առայսօր:
Ուշադրության է արժանի Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ Մադրիդի ունեցած վերաբերմունքի նկատմամբ եվրոպական հանրակցության արձագանքը: Պետք է ասել` Կատալոնիայի անկախության հռչակմանը չեն սատարել Եվրոպայի բազմաթիվ երկրներ, սակայն դա չի խանգարել նրանց, ինչպես նաև նրա միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԽԽՎ-ին, խստորեն դատապարտել իսպանական իշխանությունների բռնի գործողությունները: Մի շարք եվրապատգամավորներ քննադատել են Մադրիդին իրենց հիմնարար իրավունքները կիրառող քաղաքացիների հետ դաժան վերաբերմունքի համար: Այլ խոսքով, հիշեցրել են նրան Եվրոպայի համար ժողովրդավարական արժեքների` քաղաքացիների իրավունքների և ազատությունների անանց նշանակությունը: Ոչ պակաս կարևոր է այս կապակցությամբ նշել մի պերճախոս մանրամասնություն` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչները սատարել են Իսպանիայի կենտրոնական իշխանությունների պատժիչ գործողությունները: Ինչպես ասվում է նման դեպքերում` մեկնաբանություններն ավելորդ են:
Պետք է նշել, որ բազմաթիվ երկրների կողմից Իսպանիայի տարածքային ամբողջականությանը սատարելը պաշտոնական Բաքվի մոտ որոշակի խանդավառություն է հարուցել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փորձելով զուգահեռներ անցկացնել Կատալոնիայի և Արցախի միջև, ըստ էության, գծել է... կորագծեր: Այն իմաստով, որ Ադրբեջանի համար սովորական դարձած վարվելաձևով խեղաթյուրեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու բնույթը` սովորության համաձայն ամեն ինչ շրջելով գլխիվայր: Հանդես գալով Իսպանիայում իրավիճակի խաղաղ կարգավորման օգտին` Հաջիևը, չգիտես ինչու, ՙմոռացել է՚, որ իր երկրի իշխանությունները գործում են բացարձակապես այլ եղանակով` հույսեր կապելով ռազմական ուժի հետ: Այսօր Ադրբեջանն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում բանակցություններ է վարում` Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիր ստորագրելու նպատակով, սակայն եվրոպական արժեքները նրան միանգամայն խորթ են: Սա հաստատում են Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում խաղաղ հայ ազգաբնակչության ցեղասպանությունը` սպանության միջնադարյան դաժան եղանակների կիրառմամբ, ռազմական հանցագործությունները, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության հանդեպ, որոնք իրականացվել են 1991-1994թթ. պատերազմի և անցյալ տարվա ապրիլյան ագրեսիայի ընթացքում: Դրա մասին են վկայում նաև կոռուպցիոն բնույթի սկանդալային փաստերը` կապված, այսպես կոչված, խավիարային դիվանագիտության և ՙԱդրբեջանական լվացքատան՚ հետ: Ադրբեջանին եվրոպական արժեքները հարգել ստիպելու փոխարեն Եվրոպան ինքը` ի դեմս ԵԽԽՎ-ի, գրեթե հայտնվել է Ադրբեջանի ենթակայության տակ` խոշոր կաշառքների դիմաց սպասարկելով նրա կեղտոտ շահերը: Ցանկանում ենք հուսալ, որ եվրոպական հանրակցության աչքերը, վերջիվերջո, կբացվեն և նա կհասկանա, թե ինչ հանցավոր և ագրեսիվ վարչակարգի է դիմակայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` պաշտպանելով այդ նույն եվրոպական արժեքների վրա հիմնված իր պետականությունը: