K2_PRINT_THIS_PAGE
Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017 12:22

ԲԱՔՎԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Ադրբեջանում սեփական աղետները վերագրում են  Մինսկի խմբին

 ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ Ադրբեջանի իշխանությունների մշտական դժգոհությունը, կարծում ենք, արդեն շատ է հոգնեցրել բոլորին էլ, և բացառված չէ, որ առաջին հերթին հենց համանախագահներին։ Սակայն, կաշկանդված լինելով դիվանագիտական էթիկայի կանոններով, նրանք հաճախ նախընտրում են լռություն պահպանել` միայն ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին հիշեցնելով, որ հիմնախնդրի լուծումը կախված է հենց հակամարտության կողմերից, որոնցից պահանջվում է ցուցաբերել քաղաքական կամք ու փոխզիջումների գնալու պատրաստակամություն։ Մինչդեռ նման դիվանագիտական նրբանկատությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, ի վիճակի չէ զսպել պաշտոնական Բաքվին, որը պարբերաբար միջազգային տարբեր ամբիոններից օբստրուկցիայի է ենթարկում Մինսկի խմբին՝ նրան մեղադրելով անգործության մեջ։ 

Բոլորովին թարմ օրինակ է ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության գրոհները։ Օրերս ԵԱՀԿ Մշտական խորհրդի հերթական նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ, թե Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործուն քայլեր է սպասում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացման համար։ Երկուշաբթի օրը Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան Բաքվի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ արդյունք չկա, ապա, բնականաբար, Ադրբեջանը դժգոհ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից։ ՙԿողքից թվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է իր առաքելության կատարմամբ, քանի որ հակամարտության մասին շատ է խոսվում, բազմաթիվ այցեր են կատարվում, կազմակերպվում են հանդիպումներ, բայց եթե գնահատենք այդ գործունեության արդյունքները, ապա, անկասկած, այն չի կարելի բավարար համարել՚,- ասել է նա։ 

Ուշագրավ է, որ Ադրբեջանի մեղադրանքների պատասխանը փաստորեն հնչեց հենց այնտեղ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ընդ որում, ինչը կարևոր է՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների շուրթերից։ ՙՄինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության համար անհրաժեշտ պայման է ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը՚,- սա մեջբերում է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի ելույթից։ Ընդ որում, ինչը չափազանց կարևոր է, նա ընդգծել է, որ շփման գծում լարվածության և ռազմական ռիսկերի նվազեցման նպատակին կծառայեր 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններին ձեռքբերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը։ Նույն այդ նիստին նրան երկրորդեց ԱՄՆ առաքելության գործերով ժամանակավոր հավատարմատար Գարի Կամիանը, ով կողմերին հորդորել է կյանքի կոչել այն միջոցները, որոնք համաձայնեցվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում։ Հիշեցնենք, որ վիեննյան և սանկտպետերբուրգյան համաձայնությունները նախատեսում են շփման գծում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում ու ԵԱՀԿ դիտորդների քանակի ընդլայնում, և տվյալ հրամայականը հաստատվել է նաև ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Միջնորդներն արդարացիորեն համարում են, որ այդ սկզբունքային պայմանավորվածությունների իրագործումը թույլ կտար դրական մթնոլորտ ստեղծել կողմերի երկխոսության մեջ և ազդակ կհաղորդեր բանակցային գործընթացին։ 

Օրինաչափ հարց է ծագում. արդյո՞ք Ադրբեջանը հետևում է Ալեքսանդր Լուկաշևիչի հիշատակած անհրաժեշտ պայմաններին։ Նրա բոլոր քայլերն ամենայն ակնհայտությամբ վկայում են, որ ոչ։ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու միջնորդների կոչերն ադրբեջանցիներն ականջի հետև են գցում։ Ինչպես հայտնի է, Բաքուն ի սկզբանե դեմ է հանդես գալիս հնարավոր միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանն ու ներդրմանը։ Սակայն Մինսկի խմբի գործունեության նրա սաբոտաժը սոսկ դրանով չի սահմանափակվում. դա և՜ Մինսկի խմբի գործող ձևաչափը փոխելու չդադարող փորձերն են, և՜ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր իսկ պարտավորությունից Ադրբեջանի հետ կանգնելը՝ սպառազինության խոշոր գնումներով հանդերձ, և՜ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, և՜ առաջնագծից դիպուկահարներին հեռացնելուց հրաժարվելը և այլն։ Կարծում ենք, հարցը, թե հակամարտության կարգավորման գործընթացում արդյունքների բացակայության մեջ ով է իրականում մեղավոր, ինքնըստինքյան վերանում է։ Այլ խոսքով՝ եթե Ադրբեջանը, տվյալ պարագայում ի դեմս Բահար Մուրադովայի, ինչ-որ մեկին մեղադրելու տեղ էլ ունենա, ապա միայն ու միայն իրեն:

Այստեղ և հիմա անհնար է շրջանցել և Մուրադովայի մյուս թեզիսը, որ հնչեց նրա մեկնաբանության մեջ։ Ադրբեջանցի փոխխոսնակի խոսքով՝ Իրաքի քրդական ինքնավարության, ինչպես նաև  Կատալոնիայի հետ կապված իրադարձությունների առնչությամբ, որոնք անկախություն են հռչակել, համանախագահները պետք է ՙվերջ տան հակամարտությունները երկակի չափորոշիչների դիրքից լուծելու մոտեցմանը, և վերաբերմունքը պետք է դրսևորվի միջազգային իրավունքի շրջանակներում` անկախ նրանից, թե որ երկրում է գլուխ բարձրացրել անջատողականությունը՚։

Սա ոչ այլ ինչ է, քան` փաստերի բացահայտ խեղաթյուրում ադրբեջանական ձևով, քանի որ քրդական ու կատալոնական իրավիճակների հետ զուգահեռներ անցկացնելը ու, առավել ևս, անջատողականության մասին պնդումը, մեղմ ասած, ոչ կոռեկտ են։ Մուրադովային ու նրա բարձրաստիճան հովանավորներին ստիպված ենք հիշեցնել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի փլուզման համատեքստում, և Լեռնային Ղարաբաղը, լինելով ինքնավար պետական կազմավորում, Խորհրդային Միությունից դուրս է եկել որպես նրա սուբյեկտ` 1990թ. ապրիլի 3-ի օրենքի հիման վրա, որը նման նորմ նախատեսում էր։ Ավելորդ չէր լինի նշել, որ ԽՍՀՄ-ից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու գործընթացը շատ ավելի օրինական էր, քան Ադրբեջանինը: Այս ամենը, սակայն, արդեն հեռավոր, խորհրդային անցյալում է, որին վերադառնալ հնարավոր չէ։ 

Լեոնիդ Մարտիրոսյան

 

 

 

Դիտվել է 948 անգամ

Ավելին

Մուտք գործեք մեկնաբանելու համար