comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՍ ՈՒ ԵՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ ՈՒ ԵՍ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Տարօրինակ բան է, վերջերս, չգիտես ինչու, սկսել եմ հաճախակի համեմատել 2019-ի հային 1988-ի հայի հետ։ Ավելի պարզ ու հասկանալի խոսեմ. ոչ թե երկու տարբեր մարդու եմ բերում, դնում իրար կողքի, այլ, պատկերացնո՞ւմ եք, նույն մարդուն կանգնեցնում եմ նույն մարդու կողքին, սակայն մեկը քսան-քսանհինգ տարեկան, մյուսը՝ հիսուն-հիսունհինգ, վաթսուն էլ։ Եվ մի քիչ անհասկանալի, բայց բավականին գեղեցիկ պատկեր է ստացվում, ժամանակակից կտավ` ցանկացած ՙիզմ՚-ի մեջ էլ հանգիստ տեղավորվող։

Այդպես դնում եմ իրար կողքի ու համեմատում եմ, զարմանում եմ, հիանում, հիասթափվում, ուրախանում... երկուսն էլ լավն են, իմն են, բայց, ներողություն եմ խնդրում, ութսունութինն ինձ ավելի հարազատ է, մի տեսակ, ի՞նչ ասեմ, ավելի մտերիմ ու վճռական, իմաստուն էլ, միամիտ էլ, աննահանջ... գաղափարին ձույլ...փոխել չես կարող, շեղելն ուղղակի անհնար է, անտրամաբանական... Աչքերը շողշողում են, ձայնը զրնգում է, քայլքը՝ հազար մարտ շահած զորավարի, անընդհատ արթուն...անձնականից դուրս, ամբոխից հեռու... մաքրամաքուր... Տեսած կա՞ս նման մեկին... չասես հա, մեկ է, չեմ հավատա։ Կծիծաղեմ էլ քո այդ չիմացածության վրա։
Այս մեկը, ուզում եմ ասել, հիսունհինգ տարեկանը, ուրիշ է։ Չէ, բան չունեմ ասելու, նույն մարդն է, բայց, թողեք ասեմ, այն քսանհինգ տարեկանը չէ։ Զարմանալի է, բայց ընդհանրությունը քիչ է, հուշող գործը քիչ է, մտածումն էլ։ Էլի եմ ասում, փոխվել է մարդը, տարիներն արել են իրենց գործը, մարդն էլ, հասկանում եմ, միշտ չէ, որ դիմացել է փառքին, հաղթանակին, գովերգությանը, և մեկ-մեկ կորցրել է իրականության զգացումը՝ հաճախ իրարից չտարբերելով կեղծն ու ազնիվը, ճիշտն ու սխալը։
Հարցնում եմ՝ կարո՞ղ էր այդպես չլինել... կասկածում եմ... համոզված չեմ...թեպետ շատ կցանկանայի, որ այդպես լիներ, որ կարողանար դիմանալ, հաղթահարել, եթե փոխվեր էլ` քիչ, աննկատ...
Ի՞նչ ասեմ, լավ չէ, ուզում եմ ասել, այդ փոփոխությունը, այդ հեռացումը, այդ տարբերությունը, այն, էլի, որ մարդ իր տանը չի տեղավորվում, բակում չի տեղավորվում, քաղաքում էլ, երկրում էլ... չի տեղավորվում... Նեղվածք է... միշտ ինչ-որ բան չի հերիքում, ինչ-որ բան պակաս է... ինչ-որ բան խանգարում է...
Իսկ ահա 88-ին ոչինչ էլ չկար, բայց ամեն ինչ հերիքում էր, տուն չկար, հյուրն անպակաս էր, միասին ուրախանում էինք, միասին տխրում, նյութը մեր կողմերում անելիք չուներ, և հավաքված, ամբողջացած, ձույլ հարյուր հազար մարդն ամբոխ չէր։ Ու պայքարն էլ երկրի համար էր, անցյալի համար, արժանապատվության, իրավունքի, երկիր մոլորակում մեր հաստատուն, աստվածատուր տեղի համար։ Ուրիշ ոչինչ մեզ չէր հետաքրքրում, մնացածն ուղղակի խաղ էր, անընդունելի, ծիծաղելի էլ։
Իսկապես, չվախենամ ասել՝ վերջին մի քանի հարյուր տարում մեզ թվում էր, հայը երբեք այդքան գեղեցիկ չի եղել, երկրին այդքան կիպ, ինքն իրեն գնահատող, ինքն իրեն ճանաչող, ինքն իր արժեքն իմացող։ Ինքնասիրությունը` տեղը, միտքը` տեղը, թույլ տվեք ասել՝ ամեն ինչն էլ տեղը։ Անհնարին բան է այդ հային սեր չխոստովանելը, ճակատը չհամբուրելը, արածի առաջ չխոնարհվելը։ Չասեմ, ճիշտ չի լինի, ազնիվ չի լինի, եթե ավելի անկեղծ, երկնայինը մեզ ո՜չ կհասկանա, ո՜չ էլ կուղեկցի ապագա պատերազմներում։
Քանի տեղն է՝ ասեմ, ես անցյալապաշտ չեմ, անցյալի հերոսապատումն ինձ ոգևորելու ունակությունը վաղուց է կորցրել, թեպետ այնտեղ ճամփորդելու պարտադիր հնարավորությունից ինձ չեմ զրկում, չեմ խուսափում անգամ ամենածանր հանդիպումներից, և ամեն անգամ էլ ինձ հետ ինչ-որ բան բերում եմ, անպայման նոր, չբացահայտված, չկարդացած։ Բայց, թողեք ասեմ, նրան թույլ չեմ տալիս անընդհատ խառնվել նոր մտահղացումներիս ու գործերիս, լինել կողքիս, հետևել ամեն քայլափոխի... որովհետև, չեմ կասկածում, ներկայիս մեջ անցյալս էլ, ապագաս էլ...ուզում եմ ասել, իմ դաշնակիցը ներկան է, զինակիցս էլ, ամենահարազատս, ամենավստահելիս, ամենամոտը... 88-ին էլ էի այդպես, գուցե հենց 88-ին։ Զենքի, ուժի պաշտամունքն էլ էր 88-ից։ Կուռքից հրաժարվելն էլ... Իմ կուռքը իմ ես-ն էր, հետո էլ՝ Մենք-ը, ավելի ճիշտ, Մենք-ի մեջ՝ հազարավոր Ես։ Թե չէ տանուլ կտայինք՝ կրկին անցյալին պահ տալով արցունք, սուգ, հող, արդարության ճակատին թքելու միամիտ ու անհասկանալի ցանկություն։
Հիմա...
Երեսունմեկ տարի անց։
Ով ինչ էլ ասի, այդ հայի խիզախությունը տեղն է, չենք դժգոհում։ Գժությունը չի տեղը։ Թաքցնելու բան չունեմ, հիշողության կորուստ էլ ունենք, ուզում եմ ասել՝ սկսել ենք մոռանալ ինքներս մեզ, մեր անցածը, մեր ճիշտն ու սխալը, մեր պարտությունն ու հաղթանակը, մեր արածն ու չարածը, բայց ավելի հաճախ՝ մեր սխալը, մեր պարտությունը, մեր չարածը...
Չե՞ք վախենում ապրածն արժեզրկելուց։
Ես սարսափում եմ, ավելի շատ, քան պատերազմից...
Գիտե՞ք ինչու եմ այսպես խոսում, որովհետև պատերազմը կարելի է նաև հաղթել... թեպետ բոլոր պատերազմները հաճախ ավարտվում են նոր կուռքաշինությամբ, նոր, այսպես կոչված, արժեհամակարգով ու ձոն-կեցցեներով...
Մի բան էլ ասեմ։ Երևի ամենակարևորը:
88-ի հայը կիսատ հայ չէր։ Այդ հայի մեջ ծովից ծով Հայաստանն էր, կորցրածը, ունեցածը: Ուզում եմ ասել` 88-ի հայի մեջ երկրի ամեն ծագից մի բան կար։ Մենակ ստեփանակերտցի լիներ՝ էլի կկորցներ, մենակ երևանցի էլ, մենակ գյումրեցի, մենակ սասունցի... նա ուղղակի հայ էր, եղբայրության, բարեկամության, սովետական գաղափարախոսության խորքերում իր ազատությունը թողած հային զորավարի ու տիրոջ աստիճանի բարձրացրած ՀԱՅ։
Որտե՞ղ ես, Հրանտ Մաթևոսյան...
Ես գժվում եմ այդ հայի համար։ Բայց կա՞ մեկը, որ չի գժվում, որ նրան չի ուզում ճանաչել...
Այս մեկը, թվում է, մի քիչ շատ չէ, մի քիչ փոխվել է։ Սրա միջի երկիրը մեկ ամբողջական է. մեկ՝ քաղաք- քաղաք, մեկ ծովից ծով է, մեկ՝ միայն ունեցած...լավ է, գոնե, էն 88-ինը կարողանում է այս մեկին համոզել, որ միայն մայրաքաղաքով երկիր չի լինում, ոչ էլ միայն սահմանն իր ուսերին պահող գյուղով և, որ այդ երկիրն էլ մի օր սահմանից է սկսում, մի օր մանկության թաղամասից, մեկ՝ հեռավոր, երկնքի կռնատակին ապրող մի շենից... որ մաս-մասը երկիր չէ, քաղաք-քաղաքը պետություն չէ, ոչ էլ գյուղ-գյուղն է զորություն... Եվ սա անցյալ չէ։ Անցյալն անհասկանալի է. անշոշափելի, կարծես ուրիշինը... Ինչ-որ տեղ խնամքով պահած... ով էլ գնում է նրա ետևից, չի կարողանում վերադառնալ... Մի քանիսն էլ մնում են կես ճանապարհին՝ հաճախ հիասթափված ու դատարկ...
Ես, ինչ էլ անեք, ինչ էլ ասեք, ո՜չ մեկից կարող եմ հրաժարվել, ո՜չ էլ մյուսից։ Երկուսն էլ իմն են, իմ ամենահարազատը, իմ ամենալավը և, ամենակարևորը, ո՜չ 88-ինը կարող է ապրել առանց այսօրվա իր ցեղակցի, ո՜չ էլ այսօրվանն է ի վիճակի ուսած բեռը տեղ հասցնել առանց այն մեկի...
Հետո էլ, երկուսի երկիրն էլ մեկն է, երկինքն էլ, արևն էլ, ծառը, դաշտը, կորցրած ծովերն էլ...արժանապատվությունը... ազատությունը... Եվ երբեք, ուզում եմ ասել, ո՜չ այսօր, ո՜չ վաղը, ո՜չ էլ մյուս օրը, մեկը մյուսին իրավունք չի տալու սխալվել...