comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՌԻՎ-ԿՌԻՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՌԻՎ-ԿՌԻՎ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 -Պատերազմը շուն-շանորդի է, ու սա ես չեմ ասել, սա արդեն Մեծ Հայրենականից հենակների մեջ մարմինը ճոճելով վերադարձած Հարությունի կարծիքն է աշխարհի բոլոր պատերազմների մասին։

-Էդ շուն-շանորդու հերն եմ անիծել,-սա էլ էլի Մեծ Հայրենականից եկածի հստակ ձևավորված փիլիսոփայությունն է, այդ Մեծ Հայրենականից ամենաքիչը մի 50 տարի անց,-երբ էդ կատաղած անասունը գալիս է քեզ կծոտելու, ախպեր ջան, պիտի առանց աչք թարթելու տաս սատկացնես...
Սրանք, նորից եմ ասում, իմ ասածները չեն, բայց հաշվեք ես եմ ասել, որովհետև ես էլ եմ այդպես մտածում։ Չեմ ժխտում, չեմ սիրում ամեն օր, տեղի-անտեղի, առավոտից իրիկուն պատերազմից խոսել, մարդկանց էլ անընդհատ հիշեցնել, որ վաղը պատերազմ է լինելու, և որ միշտ էլ պետք է պատրաստ լինել դրան, բայց ամեն օր էլ կազմ ու պատրաստ սպասում եմ։ Ինչ մնում է ինձնով հետաքրքրվող միջազգային կազմակերպություններին, նրանց խաղաղասիրական կոչերին, որոշների, այսպես կոչված, երկակի ստանդարտ-դրսևորումներին, չեմ արհամարհում։ Բոլորի հետ էլ իմ հարաբերությունները կառուցում եմ հարաբերությունների քաղաքակիրթ տարածքներում... ինչքան ինձ թույլ են տալիս հազարամյա կենսագրությունս, տեսածս ու լսածս...
Հիմա էլ հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելն է։ Մի տեսակ ծիծաղելի էլ է հնչում, ոչ տեղին, ուղղակի` ավելորդ։ Այ, եթե էդ խաղաղության պատրաստելը վերաբերվեր միայն ադրբեջանցիներին, էլի կարելի է ընդունել ու հասկանալ։ Թե չէ մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Հա, բան չունեմ ասելու, կռվելու պատրաստ, ամեն տեսակի զենք էլ ունեմ, ոգի էլ, անհավատալի խիզախումի ունակ զորական էլ, բայց էդ պատերազմ կոչվող, Հարությունի ասած, շուն-շանորդուն նախ պիտի փորձես համոզել, որ մեր կողմերում ինքն անելիք չունի, հետո արդեն, երբ դա քո խաղաղասիրական մոտեցումներից ու գաղափարներից ոչինչ չհասկանա, բռնես, քո ուզածն անես՝ դրա հերն էլ անիծես, դրա ստեղծողի հերն էլ...
-Այ մարդ, պատերազմից վախեցողը հաստատ կին արարածից էլ կվախենա, ասողն էլի ես չեմ, էլի Հարությունի փիլիսոփայական մտքերից է։
Ընդհանրապես, էդ Հարությունը պատերազմից այնքան պատմություններ էր հետը բերել գյուղ, որ մոտ հիսուն տարի բաժանում էր նաև հարևան գյուղերի բնակիչներին, չէր պրծնում, պատահում էր, քաղաք էլ էր տանում դրանցից, էլի տակը մի բան մնում էր։ Չնայած, թաքցնելու բան չկա, ոչ մեկը չէր հավատում, որ էդ Հարությունը ոտքը համարյա Բեռլինի տակ էր թողել, ձեռքի մատները՝ մի ուրիշ ֆրոնտում... Իսկ էն մյուս ոտքի թաթն էլ, բնականաբար, մինչև էդ մի ոտքն ամբողջությամբ մատաղ անելը, մի ուրիշ տեղ։ Բայց, մեկ է, մարդը հենակներին հենված ինչ էլ պատմում էր, ասում էին սուտ է, հնարավոր բան չէ։ Իբր էդ Հարությունը ի՞նչ է դառել, որ մինչև Բեռլին հասներ, էն էլ՝ ոտքերից մեկի թաթը կորցրած։ Ճիշտն ասած, հաճույքով լսում էին, բայց իբր չէին հավատում։ Հարությունն էլ այդքանը գիտեր, սակայն շարունակում էր շեներում ու քաղաքներում առատորեն բաժանել ֆրոնտից բերած մեկը մեկից անհավատալի պատմությունները։
Իմ ասածը, եթե, իհարկե, շատ եք ուզում իմանալ, մի քանի շատ սովորական բառով ներկայացնեմ։ Ես, 94-ի մայիսից սկսած, երբեք չեմ մտածել, որ էդ պատերազմ կոչվածը պրծել է։ Եվ դա չեմ կարծում, որ վատ է։ Չնայած, եթե ճիշտը խոսելու լինենք, դա կարծես խանգարում էլ է մարդավարի, մինչև վերջ ուրախանալ, սրտանց ծիծաղել, հանգիստ քնել, երկրից մի քանի օրով բացակայել, կողքիդ ապրողին, ինչպես պետքն է, մեղադրել։ Այսպես շատ բան։ Ի՞նչ արած, միշտ էլ այդպես է եղել։ Իսկ երբ մոռացել ենք էդ շուն-շանորդու գոյության մասին, կորցրել ենք, զրկվել ենք, եթե կուզեք, անիմաստ նահատակվել ենք։ Իսկ ես, մեկ էլ եմ ասում, 94-ից այս կողմ իմ պատերազմից մի թիզ անգամ չեմ հեռացել, նրա հետ պառկում եմ, նրա հետ վեր կենում, հետը սեղան եմ նստում, մտածածս երեսին ասում։ Հրաժարվել չկա, ոչ էլ արհամարհել, ոչ էլ թերագնահատել։ Եթե այսպես շարունակվի, ես նրան, ձեր թույլտվությամբ, իհարկե, սեփականաշնորհելու եմ...
Չէ, չէ՜, ես կռվի մարդ չեմ, սրա մասին Միացյալ Նահանգներում էլ գիտեն, ամենասիբիրի խորքերում էլ, հին աշխարհամասի ամենաքիչ բնակիչ ունեցող բնակավայրերում էլ, կարող եմ հանգիստ ավելացնել նաև չինական պարիսպները, Ճապոնիայի փոքրիկ, նեղվածք, ընդամենը մեկ-երկու ճապոնացի տեղավորող տնակները... Եվ, պատկերացնո՞ւմ եք, ես իմ այս խաղաղասիրության մասին միշտ էլ հպարտորեն էի խոսում, նույնիսկ միջազգային կոչվող ամբիոններից, անգամ երկրիս վրա եկողների հետ...
Մի՞թե ծիծաղելի չէ... արտասվելու, ամոթի աստիճան ծիծաղելի է։
Չասեք` չէ։ Չեմ հավատա, չեմ ընդունի։ Անկեղծ չեք լինի։
Իսկ նման խաղաղասեր մեկ ուրիշը չկա Երկրիս երեսին։ Սպանել չեմ կարող, թալանել, ավերել, հալածել էլ... Իմ գենետիկ համակարգը նման բաներից կաթվածահար է լինում։ Եվ մինչև հիմա, ուզում եմ ասել, իմ ստեղծման օրից, չգիտեմ դա լա՞վ է, թե՝ վատ... ճի՞շտ է, թե՝ սխալ... աստվածահաճո՞ է, թե...
Բայց լավ հասկացել ու համոզվել եմ, որ խաղաղասիրությունը երկրիդ վրա եկողի առաջ դարպասները բացել չի նշանակում, արժանապատվությունդ ուրիշների ոտքերի տակ փռել, ինքնահրաժարում ու հեռացում...
Հիշո՞ւմ եք, մի վախեցիր քեզ վրա եկողների քանակից, որովհետև քո հայր Աստվածն է քո ուղեկիցը...
Ես լռում եմ։ Հաշվեք՝ ոչինչ էլ չեմ ասել։ Ուղղակի խորհուրդ եմ տալիս չչարաշահել իմ խաղաղասիրությունը։ Որովհետև երբեք չեմ վախեցել իմ վրա եկողների... գլխաքանակից, կոչերից, հիստերիկ ճղճղոցից ու սպառնալիքներից... Որովհետև, ուզում եմ ասել, ես մի այլ տեսակի կռվող եմ, որովհետև ոչ մեկի կռվի մեջ այսքան խաղաղասիրություն չկա, այսքան սեր, այսքան խիզախում, բարություն էլ... որովհետև, էս մի բանն էլ հատուկ ասեմ, ոչ մեկի կռիվը իմ կռվի նման չէ... ոչ էլ խփածն է իմ խփածի նման, ոչ էլ Երկնայինն է որևէ մեկին այսքան ընդունում իր կացարանում և ճանապարհում առատ ու զարմանալի շնորհներով... թաքցնելու բան չունեմ, նաև նոր զինատեսակներով։
Հիմա, քանի տեղն է, հազար պատերազմ տեսածի իրավունքով մի խորհուրդ տամ, չնայած երբեք ոչ մի խորհուրդ չեմ ընդունել և աշխատել եմ մերձավորիս անիմաստ չծանրաբեռնել դրանցով։
Էլի եմ ասում, չեմ կարծում, որ ամեն օր պատերազմից խոսելը ճիշտ է։ Ասում ենք, չէ՞, գարնանը պատերազմ է լինելու, ամռանը պատերազմ է լինելու... աշնանը պատերազմ է լինելու... Ասողներն էլ՝ կին, տղամարդ, ահել ու ջահել, ուսանող ու դպրոցական... Չասողներն էլ հաստատում են՝ եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն... հիմա ո՞վ է հենց այնպես, ստից բան ասում...
Հարցնում եմ՝ որ ի՞նչ... մեկ է, իմ կռիվը միշտ ես եմ արել, ես եմ անում և ես էլ անելու եմ... Եվ, էլի եմ ասում, էդ ե՞րբ է իմ կռիվը պրծել, որ նորից սկսի... Ես էլ եմ կռվել, պապս էլ է կռվել, պապիս հայրն էլ, նրա պապն էլ... Եվ հիմա, որ կամ այս արևի տակ, դրանից է, ուզում եմ ասել, զենքից հրաժարվողը չեմ, եթե իմ այդ զենքը գոնե մի վատ բան արած լիներ իմ ու ուրիշների հանդեպ, ուրիշ բան, էլի կարելի էր մտածել։ Բայց այսօր ինչ ունեմ՝ նրա շնորհիվ է` հող մշակելը, ծառ տնկելը, զրուցակիցների աչքերին նայելը, վաղվա մասին մտածելը, տուն շինելը...
Ինչ մնում է իմ թշնամիներին, կարծում եմ, արդեն համոզվել են, որ իրենց բախտն ուղղակի բերել է, որ ես այսքան խաղաղասեր եմ, որ ինձ նման քաղաքակիրթ հարևան ունեն...
Բայց լինում է, չէ՞, որ ժամանակներն ամեն ինչ էլ փոխում են, մարդուն էլ՝ հետը։ Ասելս այն է, որ ես էլ կարող եմ փոխվել ու խաղաղասերից դառնալ ոչ խաղաղասեր։ Հետաքրքիր է, ո՞վ է առաջս առնելու... Չնայած էլի ուրիշից ոչինչ չեմ վերցնելու, էլի ունեցածիս եմ տիրություն անելու, մի հարյուր տարի առաջ ինձնից խլածին... իմ երկրին, որի մի ծայրը գնում է, հասնում Մանթաշովների նավթահորեր... Մի անգամ էլ եմ հարցնում, ո՞վ է առաջս առնելու... չկա այդպիսի մեկը... բայց հաշվեք ոչինչ էլ չեմ ասել, որովհետև ինձնից խաղաղասերը չկա աշխարհիս երեսին, և մի շա՛տ կարևոր բան էլ, պատերազմի մասին խոսելիս (խոսքս, բնականաբար, իմ ոչ խաղաղասեր հարևանիս մասին է), հա, պատերազմից խոսելիս չէր խանգարի ասածներիս մասին գոնե մի քիչ մտածել, ձեր լեզվով՝ ֆիքիր անել... Փրկությունդ, ինչքան մանրամասնորեն ուսումնասիրում եմ մեկ ոտքը համարյա Բեռլինի տակ թողած Հարությունի ասածը, էլի դրա մեջ է...

;