comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շնորհավորական խոսքի փորձ

Խոստովանեմ, միշտ էլ դժվարությամբ եմ գրել կանանց մասին, մի տեսակ անհամարձակ, երկյուղելով։ Ինչ-որ բան կարծես խանգարել է ամբողջանալ, անվնաս, ողջ ու առողջ տեղ հասցնել ասելիքս։ Հաճախ անկեղծության պակասն է խանգարել, մեկ-մեկ էլ՝ ավելցուկը։ Պատահել է` դիմել եմ փախուստի, թաքնվել եմ, տարիներով չեմ երևացել։ Թվում է` տարիները կարգին գործ են արել ինձ հետ, բայց ամեն ինչ մնացել է նույնը։ Ուզում եմ ասել` էլի համարձակությունս չի բավարարում, էլի էն հին շիլաշփոթն է, նույն, կարելի է ասել, անորոշությունը։ Բայց դե, թաքցնելու բան չկա, չգրել էլ չի լինում։ Իսկ չարտահայտվելը և՜ ինձ համար է վիրավորական, և՜, կարծում եմ, կանանց համար։ Գարունն էլ մի կողմից է տակնուվրա անում, բեկանում վաղուց կայացրած որոշումները, համարյա ձեռ առնում ու ծիծաղում...
Լավ չէ, ամենևին էլ լավ չէ։ Հիշում եմ` պատանեկության տարիներին իմ ՙպոետ՚ ընկերները համարյա ամեն օր (իմ խորին համոզմամբ` բավականին թույլ ու անիմաստ) ոտանավորներ էին նվիրում աղջիկներին՝ դառնալով նրանց աչքի լույսը, իսկ ես գրում էի սարերի, ձորերի, չարչարանքի ու կորուստների մասին, հետո էլ զարմանում, որ ինձ սիրող չկար, որ ինձ հետ բոլորն էլ ձանձրանում էին։
Ի՞նչ ասեմ, հիմա էլ է այդպես։ Ճիշտ է, մեկ-մեկ համարձակությունս բռնում է, և մի քանի տող իրար ետևից շարում եմ, անգամ փառաբանում կին արարածին, մեծարում տեղը տեղին, բայց հետո էլ ինքս ինձ խոստովանում եմ, որ ինչ-որ բան կիսատ է, խախուտ, անհամարձակ... պատկերացնո՞ւմ եք, տխուր էլ։
Հետաքրքիրն այն է, որ մինչև հիմա չգիտենք` ով է ում առաջնորդում, ով է կայացնում վճռական որոշումը, ում է պատկանում իրական իշխանությունը... Ավելի ազնիվ կլիներ ասել՝ գիտենք, բայց դժվար է խոստովանելը, տղամարդկային արժանապատվությունից դուրս, անհարմար, անհարիր մեր տեսակին... Հետո էլ բերել խառնել ենք ուժեղ սեռ, թույլ սեռ հասկացություններն ու ավելի շփոթվել ու շվարել։ Չնայած, երբ էլի մի քիչ լուրջ մտածում ես, ոչ մի անպատասխան հարց էլ չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է ու տեսանելի։ Կարելի է նաև ենթադրել, որ մենք (խոսքը, բնականաբար, տղամարդկանց մասին է) այնքան էլ վատ չենք կատարում մեզ վստահված գործը, կարելի է նաև ասել՝ պարտականությունները։ Այդպես չլիներ, մեզ չէին հանդուրժի, մեր հանդեպ այսքան ներողամիտ չէին լինի, մեզ ուղղակի կզրկեին օր ու գիշեր բանելու, որսի ետևից վազելու, մեզ թագավոր երևակայելու հաճույքից ու երանությունից...
Չգիտեմ` սա լավ է, թե՝ վատ, բայց միշտ էլ այդպես է եղել, եթե կուզեք՝ աշխարհաստեղծման օրվանից, երբ միակ տղամարդու կողոսկրից արարված կնոջ ոտքը կպավ հողին։ Այդ օրվանից Ադամը ինքնուրույն, լավ, ավելի մեղմ բան ասեմ, մենակ ո՜չ որոշում է կայացնում, ո՜չ էլ գործ է անում... Կայացնի էլ, հաստատ, սխալ է դուրս գալու, տապալելու է, նորից է փորձելու... Եթե դուք, (խոսքս, բնականաբար, էլի միայն տղամարդկանց է վերաբերում), ուրիշ բան ունեք ասելու, ասեք, համոզեք, փոխեք վերաբերմունքս, մեղադրեք դավաճանության մեջ... Չեմ կարծում, թե ինչ-որ բան կստացվի... Այսպես եմ խոսում, որովհետև ես նման փորձեր արել եմ, այն էլ մի քանի անգամ, համոզված, որ հաջողելու եմ, որ ամենուր տարածելու եմ տեսակիս կարևորությունը... Հետո՞... ոչինչ... ընդամենը ծիծաղելի, միամիտ, խեղճ ու կրակ վիճակ...
Երևի լա՛վ եք հիշում, ինչպիսի՛ արհամարհանքով էինք խոսում մայրիշխանության ժամանակների մասին... Կյանքից ու արարչագործությունից ինչ-որ բան հասկանայինք, ընդհանրապես ձեն ու ծպտուն չէինք հանի։ Բայց չէ, պարտադիր պիտի ընդգծեինք, որ պատմության գիրկն են անցել մեր կենսագրության (խոսքը կրկին ու կրկին ցեղակիցներիս մասին է) այդ ամոթալի, այդ անընդունելի, այդ անհասկանալի էջերը... մեկը լիներ, կողքից ասեր՝ չէ՛ մի...
Կեցցե՛ արդարությունը...
Չէ, հազար անգամ՝ չէ։ Այդ ես եմ դարեր շարունակ, հենց ինքս ինձ մխիթարելու համար, հորինել Երկիր մոլորակի ամենամեծ սուտը։ Եվ հիմա ինքս ինձ իրավունք եմ վերապահում ասել, եթե, իհարկե, ընդունում եք, որ չի եղել նման բան ու երբեք չի լինելու, և ես պետք է պայքարեմ իմ ամենասովորական իրավունքների ու ազատության համար, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար Տիրոջ օգնությամբ հաջողվեց վերացնել անարդարությունը և , վերջապես, հաստատել լիակատար հավասարություն...
Բայց այսպես էլ վատ չէ, օրինակի համար, ինձ հաճելի է իմ կարգավիճակը։ Արժե հանուն ժպտերես, քնքուշ, խոհեմ, մշտահաս, երբեք չուշացող կողակցի զոհաբերվել, անիմաստ չքննարկել, չդժգոհել ու չընդվզել։ Մեկ է, ոչինչ չի փոխվելու, նոր դերաբախշում չի լինելու, վարագույրներն էլ մեկը միշտ իջեցնելու է, մյուսն էլ երբեք չի մոռանալու բարձրացնել... Եվ ամենա, ամենա... էականն ու վճռորոշը... մեզանից այդ ո՞վ է, որ կարող է մենակ ելնել հոգսի, չարչարանքի, ցավի ու խավարի դեմ, որ ի վիճակի է տուն շինել ու ջերմացնել այդ տունը, որ ունակ է երկիր պահել ու շենացնել այդ երկիրը, ծառ տնկել ու հալածել թշնամիներին... Խոստովանենք, միայն նրանց հետ է, որ առատ բերքն ամբարելը խաղ ու պար է, սարը բարձրանալն էլ, ապաշխարելն էլ հետը...
Պապս քսանհինգ տարի համայնական տնտեսություն էր ղեկավարում, դրսերում էր էլի ապրում, ո՜չ քնել կար, ո՜չ էլ, բնականաբար, արթնանալու հաճույք։ Ձյան ու արևի մեջ էր, անընդհատ՝ բեռան տակ, նստելը մեղք էր։ Տանը տատս էր՝ երեխաների հետ։ Ամբողջ օրը՝ ոտքի վրա։ Նստելը մեղք էր։ Եվ պապս, երբ արդեն ծեր էր, տատս էլ չկար, մտմտաց.
-Եթե Անահիտը (Անահիտը տատս էր) տնից մի քանի ժամով դուրս գար, տունը փուլ կգար...
Ինչ խոսք, ծմակից շալակած փայտ բերելը տնից դուրս գալ չէր նշանակում, համայնական դաշտերում արևի տակ խանձվելը, հացը տուն հասցնելը... դրանք տան գործեր էին, տունը ոտքի վրա պահող պարտադիր, կարելի է ասել` արարողակարգային մոտեցումներ։ Ինչքան գիտեմ, Անահիտ տատս կոլխոզի նախագահ պապիս երբեք չասաց, որ փայտի պակաս ունեն, որ ամբարի հատակը երևում է, որ երեխաների կոշիկը ծակ է, տանիքը անձրևներին չի դիմանում, դարպասը ծռվել, հենվել է պատին։ Տատս խոսք չէր խոսում, պապս էլ չէր նկատում... Չէր էլ կարող նկատել, որովհետև տուն եկած ժամանակ վառարանին միշտ եփվող ճաշ կար, սեղանին տաքացրած հաց ու այծի թարմ պանիր, երեխաներն էլ հանգիստ քնած էին...
-Եթե Անահիտը ոտքը տնից հաներ, տունը փուլ կգար...
Սա գուցե ուշացած խոստովանություն էր, ավելի ճիշտ՝ շա՛տ ուշացած ու երևի նույնիսկ անիմաստ... Ախր պապս մի ուրիշ տեսակ կոմունիստ էր, մի ուրիշ տեսակ նախագահ... Պատկերացնո՞ւմ եք, այդ բանը ջահել տարիներին ասեր, այն էլ ոչ թե մեզ, այլ հենց Անահիտին, նայեր աչքերին ու հատ-հատ, բառերն առանձին-առանձին մշակելով, ձևավորելով ասեր.
...Տունը փուլ կգա...
Չէր ասի, ուժը չէր պատի... կարծես կհեղինակազրկվեր... Դա նույնիսկ Անահիտը չէր ընդունի, լսածին չէր հավատա, թաքուն, ինքն իրեն կասեր. նախագահի խելքը պակասել է...
Երանի՛ Աշոտ պապիս։
Եվ հազար երանի Անահիտ տատիս...
Մի բանում էլ էր համոզված տատս, եթե հանկարծ տունը փուլ գար, կկործանվեր դրսերում տքնող ղեկավար մարդը... և նրա հետ հաշվի չէին նստի, նրան չէին ընդունի, նրա ետևից գնացող չէր լինի... Այսքանից հետո ասում ենք իրական իշխանություն... հետո էլ՝ դե ֆակտո, չէ, դե յուրե...
Մի գրամ անգամ չեմ կասկածում, էդ դե յուրեն էլ, դե ֆակտոն էլ Անահիտ տատիս ձեռքին էր։ Դրսերում դրանք ի չիք են դառնում, արժեզրկվում, կորցնում իմաստը...
Դե յուրե, չէ՛ մի... խոնարհում...
Եթե ուզում եք իմանալ, մեր բոլոր փառավոր պատերազմները մեր կանայք են հաղթել, կանայք են մեր բոլոր արարումների հեղինակը, նրանք են արթուն պահում մեր միտքը, երկրի սահմանների անառիկությունն էլ է նրանցից, զինվորի սուր աչքն էլ..., թշնամու վախն էլ...
Ադամը չգիտեր և չէր էլ կարող իմանալ նման հասարակ բանը և... չէր կարող տանուլ չտալ... Իսկ մենք ասում ենք հավասարություն... Ծիծաղելի էլ է նման պարզունակ բանից խոսելը։ Բարեկամներիցս մեկը ասում է՝ կոր-ծա-նա-րար... Տղամարդը համարձակվեց հավասարվել կնոջը, հաշվիր կայացրել է իր մահվան դատավճիռը, հաշվիր էլ գոյություն չունի...
Շնորհավորում եմ... թող հենց միամիտ Ադամի անունից, իմաստուն պապիս անունից էլ և...չէ, ավելի լավ է... դրա համար եմ ասում դժվարությամբ եմ գրում կանանց մասին, միշտ ինչ-որ բան խանգարում է։ Այս անգամ էլ կարծես ոչինչ չստացվեց, էլի կիսատ-պռատությունը մնաց...
Ի՞նչ եք մտածում, գուցե մեկ անգա՞մ էլ փորձեմ... Մեկ էլ տեսար ստացվեց...