comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂԱՔՍ, ՀԱՐԱԶԱՏՍ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔՍ, ՀԱՐԱԶԱՏՍ...

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Խոստովանություն երկնքում կառուցված քաղաքին կամ  Նոյյան տապանի ու անընդհատ թռչելու ցանկության մասին

Ինձ, գոնե այսօր, բան ասող չլինի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես թագավոր տղա եմ, անասելի հպարտ տղա, աշխարհի ամենագեղեցիկ, հազար ու մի փորձության ենթարկված քաղաքն ազատագրած տղա։ Այն էլ` Աստծո օգնությամբ։ Իսկ դա, ինչքան գիտեմ, հանաք բան չէ, ուզում եմ ասել, Տերը հենց այնպես ոչ մեկի կողքին չի կանգնում, ոչ մեկին չի ուղեկցում, այն էլ՝ մարտադաշտում, թշնամու մեծաքանակ զորքերի վրա գնալիս... Տղա ես` դիմացիր... Չի լինի, հնարավոր բան չէ։ Ժայռը, որ ժայռ է, էլի ամենաքիչը մի հազար տեղից ճաք կտա։
Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս. այսօր ինձ բան ասող չլինի։ Իմ քաղաքում դա ընդունված չէ, ավելին՝ անթույլատրելի է։ Չի՜ կարելի։ Իսկ ահա, եթե ցանկություն ունեք, կարող եմ ձեզ տանել այնտեղ, որտեղ երբեք չեք եղել, որտեղ, ասենք, մի հարյուր¬երկու հարյուր, երեք հարյուր տարի առաջ էլի թագավոր տղերք են ապրել, կարգին, երկիր սիրող տղերք: Գործի ու խոսքի հարգն իմացող, Աստծո հետ էլ մարդկային, բարեկամական հարաբերություններ ստեղծող։
Համաձայնեք-չհամաձայնեք, պիտի ասեմ՝ այս քաղաքում ամեն ինչ ուրիշ է։ Քարը, ծառը, երկինքը, ցնծությունը, ցավը... գույնն էլ, ձայնն էլ... Տունը... Մարդը... Սովորական ոչինչ չկա... Ասեմ, չզարմանաք, դա այն եզակի քաղաքներից է, որտեղ խորհրդայինը չկարողացավ սպանել կամարն ու քիվը, նախշն ու տրամադրությունը, հսկայական դարպասներն ու արևաողող տները։ Եվ երևի ոչ մի քաղաքում մարդ այնքան թռչելու ցանկություն չէր ունենում, որքան այստեղ...
Շուշի է անունը։ Կրկնում եմ՝ Շուշի։ Գեղեցիկն իր նմանների մեջ։ Երանի՛ տեսնողներին...
Կարծում եմ` ոչ մեկը չի փորձի հակաճառել, եթե ասեմ, որ մերոնք արժանապատվորեն են կառուցել քաղաքը, տրամաբանված, հիմնավոր, սիրով՝ եվրոպաներից բերածը խառնելով հայկականին ու ավանդականին։ Ամեն ինչ մշակված է, հղկված, զուրկ ավելորդ շքեղությունից ու ճոխությունից, համարյա կատարյալ, չհնացող մտածողությամբ, ամենաքիչը մի քանի հարյուր տարվա համար։ Ամենուր ներդաշնակություն է, լույսի առատություն, շարԺում: Եվ, ամենահետաքրքիրը, այնտեղ քարը չի դրված քարին, քարը քարի մեջ է, քարը քարի շարունակությունն է: Բաժանել հնարավոր չէ:
Հիշում եմ, երբ դեռ շատ փոքր էի ու խնդրում էի, պահանջում էի ինձ թռչել սովորեցնել, չգիտեմ ինչու, բոլորը ծիծաղում էին։ Իսկ ես մինչև հիմա համոզված եմ, որ հնարավոր չէ ապրել այդ քաղաքում ու թռչել չիմանալ... Ծիծաղե՞լի է։ Գուցե։ Բայց երբ թռչելու ցանկություն եմ ունենում, բարձրանում եմ Շուշի... Հենց այդպես, ինչպես ուզում եք հասկացեք։
Երանի՛ բերդաքաղաքն ազատագրողներին...
Դա մեր փառավոր անցյալի ազատագրումն էր, մեր մանկության ազատագրումը, մեր վերադարձը... Եվ խառնվել էր իրականն ու անիրականը... հավատա՞լ, թե՞...
Զինավար տերը` եկեղեցու շեմին... նեղլիկ նրբանցքներում... տարիներ առաջ իրենից խլված տան առաջ... Չհավատա՞լ...
Ինձ խոսեցնող չլինի։ Էլ նահանջ չկա։ Ով չի վերադարձել, թող վերադառնա, ով արդեն վերադարձել է, թող վայելի, ով վայելում է, թող փառք տա Տիրոջը...
Նկարիչ Հովիկը Շուշեցի է։ 92-ից այս կողմ մի գիշեր մայրաքաղաքում չի քնել։ Ինչ նկարում է, վերջում Շուշի է ստացվում, գույնն էլ մանկության տարիներինն է, ձյունն էլ, ծաղիկն էլ, պատն էլ... Շուշիից պրծում չկա։ Շուշիից դուրս շնչահեղձ է լինում։ Օդը չի հերիքում։ Շուշին նկարիչ Հովիկի ծովն է։ Այդ ո՞վ է, որ սարի գլխին ծով է տեսել, այն էլ գույն-գույն, աշխարհներն իրար կապող... օվկիանոսների հետ ոտք գցող... Եվ ես իրավունք ունեմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իմ եղբայր Հովիկը ծովանկարիչ է...
Բան ասող չլինի։ Ես իմ տեսածն եմ ասում... իմ իմացածը... Չասե՞մ, որ այդ Շուշին մտածողություն փոխող քաղաք է։ Հայտնվում ես այնտեղ, աշխարհը փոխվում է, երկինքն էլ, քերծն էլ, տունն էլ, ավելի ճիշտ կլիներ ասել, այդ աշխարհը երևում է առաջին անգամ։ Մարդն էլ։ Կյանքը։ Տերը՛։
Հա՛յր մեր...
Համոզվում ես, որ այդ աշխարհ կոչվածը երբեք իմ քաղաքից դուրս չի ապրել ու անընդհատ պտտվել է նրա շուրջ... և, հաստատ տեսել է, որ փոքրիկ տղեկները դպրոցական գրոտած տետրակների թղթերից պատրաստած հարյուրավոր ծտեր են թռցնում բարձր-բարձր քիրծերից` անդունդների վրա... և այդ թղթե ծտերն էլ երեկոյան վերադառնում, նստոտում են այգիների ծաղկած ծառերին... որ այդ փոքրիկ տղեկներն ամեն օր ետ են մղում իրենց թուրք հասակակիցների բոլոր գրոհները և հերոսանում անհավասար մարտերում, մեծանում Ղազանչեցոցի խոնարհված գմբեթի ծաղկաշատ ստորոտում....
Նորից եմ ասում, Շուշեցի նկարիչ Հովիկը ծովանկարիչ է... լավագույն կտավն էլ թղթե ծտեր թռցնող տղեկներն են, պեծին¬պեծին տվող աչքերով, հենց նոր Աստծո կացարանից վերադարձած...
Ինձ բան ասող չլինի... Չեք հավատում, բարձրացեք Շուշի, հավաքեք մինչև հիմա ծառերին նստոտած թղթե ծտերը և գոնե մեկ անգամ կանգնեք անդունդի վրա կախված ամենասուր քերծին ու... ինչ ուզում եք արեք...
Մի գրամ անգամ կասկած չունեմ, որ ասածս լուրջ չեք ընդունի, եթե ասեմ, որ Նոյյան տապանը հենց Շուշիում է իջել։ Չգիտեմ ինչու ինձ այդպես է թվում։ Եվ խոսքը միայն այսօրվա մասին չէ։ Երբ մի օր իմացա, որ Նոյը սկսել է շինել տապանը, երբ մեծ ջրերը նահանջել են, ու տապանը իջել է Արարատ լեռան վրա, ես զարմացել եմ... Զարմացել եմ, որովհետև համոզված էի, որ Նոյը Շուշին թողած ուրիշ տարածք չէր ընտրի... Եթե ընտրեր էլ, էլի մի օր կվերադառնար Շուշի...
Հիմա ինչպե՞ս չասեմ Շուշին Նոյյան տապան է... Չասեմ, ինքս ինձ չեմ հասկանա, ինքս ինձնից, հնարավոր է, նույնիսկ ամաչեմ էլ։
Եվ թագավոր տղերքը ազատագրեցին մեր այդ ամեն օր քանդվող Նոյյան տապանը։ Հետո պատերը սկսեցին կարգի բերել, դարպասներն ամրացրին, քանդվածը վերծանեցին, շինեցին ինչ պակաս էր ու շարունակում են փայտը փայտի մեջ դնել, միտքը մտքի վրա... Չանեն, սելավներն ու քամիները կավերեն եղածը, հազիվ պահածը, և մեծ ջրերի ժամանակ ոչ մեկին չի հաջողվի փրկվել...
Ինչքան մտածում եմ, ինձ տանում¬հասցնում արևելք ու արևմուտք, այնտեղից էլ հյուսիս ու հարավ, լսում այդ տարածքներում ապրող իմաստուններին, ես փրկվողն եմ, ես ապրողն եմ... գիտե՞ք ինչու, որովհետև ես ճանաչեցի Տիրոջը, երբ նա իմ կողքին էր... որովհետև հավատում եմ առանց տեսնելու... Հենց դրա համար էլ տապանը իմն է, ես եմ տապանի մեջ... և ինձ ոչ ապագա մեծ ջրերն են վախեցնում, ոչ փոքր ու մեծ պատերազմները, ոչ էլ նյութեղեն ու որկրամոլ ժամանակը...
Ես ազատ եմ... ես հաց եմ արարում... Ես քարերով տուն նկարող եմ... Ինձնից ուժեղը միայն ու միայն ես եմ... Աշխարհն առանց ինձ պռատ է, անհամ, ինքն իրեն չճանաչող...
Համը հանեցին, կզրկեմ ինձ տեսնելու, ինձ հետ քայլ անելու, ինձ հետ զրուցելու երանությունից, ինչպես ասում են, կթողնեմ մենակ...
Առանց այն էլ գործից պրծում չկա, ամեն օր, ամեն ժամ, գիշեր, թե՝ ցերեկ, անելիք կա...
Ասել եմ, չէ՞, որ իմ մանկության տարիներին, ում էլ խնդրում էի ինձ թռչել սովորեցնել, ծիծաղում էր։ Եվ հիմա, քանի դեռ ուշ չէ, և մի քիչ էլ ժամանակ ունեմ, պարտադիր պետք է թռչել սովորեմ։ Որովհետև ապրել Շուշիում ու թռչել չիմանալ, նշանակում է չապրել...
Ինձ բան ասող չլինի...