ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երբ գրող, սասունցի Իսրայելյան Վրեժը և գիտնական Ներսիսյան Ալֆրեդը՝ Աֆոն, եկան Արցախ, 1986 թվականն էր, և մենք իրար չէինք ճանաչում։ Հանդիպեցինք ու…էլ չկարողացանք բաժանվել։ Պարզվեց, որ Սասունը ամենևին էլ հեռու չէ, որ Սասունը Արցախին կպած է, ավելին՝ Սասուն տանող ճանապարհը հենց Արցախով էլ անցնում է, ուզում եմ ասել, Սասուն, Մուշ, Վան, Ղարս գնացողները մինչև չհասնեն Արցախ, Էրգրի ճանապարհը չեն գտնի։ 92-ին, խրամատում, իմ ընկեր, մշեցի Մանվելն էր նույն բանը ասում, Անդոն էլ…Մուրադը…Ռոմիկը…Արտաշը…Եվ ես չէի կասկածում, որ տղերքը եկել են էրգիր գնալու…
Եվ երբ մի քանի գյուղ ու բնակավայր ազատագրած Աֆոն գնաց ու մեծ տուն շինեց հարազատ Լեռնարոտ գյուղում, ծերունազարդ հայրը լացակումած ասաց.
-Լաո, դու սպանեցիր Գլեգուզան վերադառնալու իմ վերջին հույսը…
Ի՞նչ աներ Աֆոն, չշինե՞ր այդ տունը։ Գուցե ճիշտը հա՞յրն էր։ Ի՛նչ իմանաս։ Չնայած եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, երկուսն էլ իմաստուն էին, երկուսն էլ տառապյալ, երկուսն էլ վերադառնալու պատրաստ…
Վահեն Ֆրանսիայից եկավ։ Իր ասելով` մի քանի օրով։ Եկավ ու չէր կարողանում գնալ։ Օրերը մթնում, անց էին կենում, Վահեն չէր վերադառնում։ Ասում էր, եթե չգայի Արցախ, Հայաստանը չէի ճանաչի։ Իսկ Զեփյուռը փոքրիկների վերցրած Արգենտինայից հասավ Շուշի, եկավ, մտավ Ղազանչեցոց ս. Ամենափրկիչ եկեղեցի ու մտմտաց՝ զավակներիս բերել եմ մկրտելու… էլի մի քանի օրով էր եկել, բայց…
Զաքար Քեշիշյանն էլ էր այդպես։ 92-ին էր։ Եկավ ու…տղա ես Զաքարին հարցրու՝ ինչու՞ ես եկել։ Առաջինը՝ չէր համարձակվի, երկրորդն էլ՝ իմաստ չունի։ Ուզում եմ ասել, մինչև հիմա գալիս է։ Ուշացավ, ներող չի լինի։ Ամուսնացավ ու կնոջ՝ Կամիլայի հետ է գալիս, հետո էլ ծնվեց Վահագն զավակը, և գալը դարձավ ընտանյոք հանդերձ։
Ես։ Առաջին անգամ Երևանը տեսա տասներորդն ավարտելուց հետո։ Հեքիաթ էր, գունավոր, մի տեսակ ինձնից դուրս, ինձնից, կարծես, նույնիսկ հեռու։ Անծանոթ էին փողոցները, հրապարակները, մարդիկ, բայց` ամբողջությամբ իմը, մտերիմ, հարազատ։ Եվ այնքա՛ն մեծ էր քաղաքը, այնքա՛ն մոլորեցնող, այնքա՛ն անիրական…ո՞վ էի ես, ի՞նչ կապ ունեի այդ լայն-լայն մայթերով քայլողների, կանգառներում կանգնածների հետ։
Տարօրինակ բան է, աշխարհում 78 տարի ապրած պապս երբեք չի եղել այդ քաղաքում, այն տեսել է միայն նկարներում, մեկ-մեկ էլ` հեռուստաէկրանին, բայց, չգիտես ինչու, հաճախ էր տատիս պատմում այն օրերին մեզ համար դեռևս հեռու՜, առեղծվածային քաղաքի մասին.
-Անահիտ, գուդումչըս է՛, հինչ քաղաքա մեր Երևանը…
Եվ այնքա~ն հպարտություն կար պապիս խոսքում, այնքա~ն արժանապատվություն ու բերկրանք, որ ես ամենևին էլ չէի կասկածում, որ նա ամենաքիչը մի հազար անգամ եղել է գույնզգույն ու պոետիկ այդ քաղաքում, և ինքն էլ է այնտեղ պատ շարել, փողոց ու ու հրապարակ կառուցել։ Պարզ երևում էր, որ պապիս Հայաստանը հենց Երևանից էլ սկիզբ էր առնում, որ պապիս Հայաստանի մեջ Սասունն էլ է, Մուշն էլ, Վանը, Էրզրումը, իմ ընկեր Աֆոյի Գլեգուզանն ու Վրեժի Շուշնամերկը …Ինչ կար սովետների գծած սահմանից այն կողմ…
Բաղրամյանցի-մշեցի Մանվելի Հայաստանն էլ էր նույնը, Պետրոս Ղևոնդյանինն էլ, թալինցի Անդրանիկինն էլ, Աֆոյինն էլ, Վրեժինը, Մուրադինը… նաև` իմը… և հենց այդ Հայաստանն է մեր իրավունքը, մեր ազատությունը, մեր արժանապատվությունը… Մասնատեցիր այդ Հայաստանը, ոչինչ չես ունենա, որովհետև իմ ու քո Հայաստան չի լինում, հին ու նոր Հայաստան չի լինում, լինում է Մեկը և Մերը։
Հայրս էլ քառասուն տարեկանում տեսավ Երևանը։ Երկու օր մնաց այնտեղ, բայց մի քանի տարի շարունակ պատմում էր։ Ամենահետաքրքիրը, սակայն, վերադառնալուց անմիջապես հետո ասածն էր մորս.
-Ռազմիկ, գյուդումչըս, է՛, հինչ քաղաքա մեր Երևանը…
Պապիս նման ասաց, նույն բառերով։ Հպարտությունն էլ էր նույնը, բերկրանքն էլ։ Ես, իհարկե, չէի հասկանում, որ հայրս վերջապես գտել էր Հայաստանը, որ հորս Հայաստանը մեծացել-մեծացե՛լ, դարձել էր ծովեր ունեցող Հայաստան, բայց տեսնում էի, որ փոխվել էր նույնիսկ հորս քայլվածքը։ Ուզում եմ ասել, հայրս մինչև Երևան գնալն ուրիշ էր, Երևանից հետո՝ լրիվ ուրիշ, մինչև Երևան գնալն ունեցած Հայաստանը պռատ էր, անշոշափելի, մի տեսակ՝ անհասկանալի։
Իսկ դրսերում ծնված, աշխարհի մի քանի երկրում ապրած Արաբյան Վիգենն էլ իր ամբողջական Հայաստանը չէր գտնի, եթե չգար Արցախ, եկավ կանգնեց Ծար գյուղի կիսավեր եկեղեցու առաջ ու զարմացած ասաց.
-Ի՞նչ է այս երկրի անունը, եթե Հայաստան չէ…
Եվ Վիգենն ինձ համար դրսերից եկած չէր, սփյուռքահայ չէր, Վիգենն ինձ համար հայ էր, ում բախտ է վիճակվել գտնել կորցրածը, շոշափել լսածը, տեսնել չերևացողը… Եվ Վիգենը մնաց Հայաստանում, Վիգենը չվերադարձավ իր ապրած երկրներ։ Իսկ երբ մի անգամ, հենց այնպես, հարցրի` չի՞ կարոտում երկիրը, որտեղ մի ժամանակ ապրել է, պատասխանեց.
-Կարոտեմ ինչի՞ն…
Պետք լինի` օրը հազար անգամ եմ ասելու.
Ես հայ եմ։ Պապս Աշոտն է, հորս պապը՝ Մարտիրոսը, Աշոտ պապիս պապը՝ Առաքելը…հետո՝ Հարությունը, հետո նորից Մարտիրոսը, էլի Առաքելը…
Եվ նույն փիլիսոփայությունը՝ հին ու նոր Հայաստան չի լինում, լինում է Մեկը և Մերը, Մերը և Մեկը…
Ես ասեմ, դուք մի ընդունեք, դուք հակառակը համոզեք, ես հին Հայաստան չունեմ, իմ Հայաստանը միշտ էլ նոր է, գիտե՞ք ինչու, որովհետև ես ամեն օր, անընդհատ գտնում եմ այդ Հայաստանը, այդ Հայաստանի մի բեկորը, մի ծվենը, մի ասքը… թեպետ մեկ-մեկ մոլորվում եմ, չեմ հասկանում` Հայաստանն ավելի շատ անցյալի՞ս մեջ է, թե` ներկայիս, ներկայի՞ս մեջ է, թե` ապագայիս… և չգիտեմ, որ Հայաստանն է ավելի իմը…
Մի բան էլ ասեմ։ 88-ը վերացրեց, ջնջեց մեր կիսատ-պռատությունը։ Հետո էլ մաքրվեցինք պատերազմում և ամբողջացանք խրամատներում։ Չասե՞մ` երանի այն օրերին և երանի մեզ, որ այնքան սիրում էինք իրար, որ վայելում էինք մեր տեսակի եզակիությունը, մեր գենի զորությունը…որ հանդիպել էինք մեր արժանապատվությանը… Եվ յուրաքանչյուրը համոզվել էր, որ իր մեծությունն իր մեջ ապրող Երկրի մեծությունից է…
Ավելի պարզ՝ ինձ զրկիր իմ մեջ ապրող Հայաստանից, քարուքանդ կլինի իմ պաշտպանական համակարգը, ես ծնկի կգամ ինձ վրա եկողի առաջ, ես պաշտպանելու բան չեմ ունենա…
Իսկ ես պատասխանատու եմ պապիս` երբեք չտեսած, բայց միշտ ունեցած Երևանի համար, Իսրայելյան Վրեժի ու Ներսիսյան Ալֆրեդի, Վիգենի Երևանի համար… Եվ աշխարհի յուրաքանչյուր հայ էլ պատասխանատու է երբեմնի մելիքանիստ Ծար գյուղի համար, Գանձակի ու Շուշիի համար…Մեր ներսում ապրող ամբողջական Երկրի համար…
Հիշում եմ Միացյալ Նահանգներից եկած հայ բարերարներից մեկի խոսքը.
-Մենք երեկ պիտի սկսեինք մեր գործը, այսօր արդեն ուշ է…
Ինչո՞ւ թաքցնեմ, տագնապ կա մեջս։ Նոր-նոր ճանապարհ ընկնողի նման եմ։ Իմ ունեցածը թողած, սկսել եմ փնտրել պապիս չտեսած Երևանը, որը, թվում է, ամենագեղեցիկն է, ամենագունավորն ու տեսանելին բոլոր Երևանների մեջ…