comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com Tue, 23 Apr 2019 23:53:35 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26400-2019-04-05-15-23-45 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26400-2019-04-05-15-23-45 ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շնորհավորական խոսքի փորձ

Խոստովանեմ, միշտ էլ դժվարությամբ եմ գրել կանանց մասին, մի տեսակ անհամարձակ, երկյուղելով։ Ինչ-որ բան կարծես խանգարել է ամբողջանալ, անվնաս, ողջ ու առողջ տեղ հասցնել ասելիքս։ Հաճախ անկեղծության պակասն է խանգարել, մեկ-մեկ էլ՝ ավելցուկը։ Պատահել է` դիմել եմ փախուստի, թաքնվել եմ, տարիներով չեմ երևացել։ Թվում է` տարիները կարգին գործ են արել ինձ հետ, բայց ամեն ինչ մնացել է նույնը։ Ուզում եմ ասել` էլի համարձակությունս չի բավարարում, էլի էն հին շիլաշփոթն է, նույն, կարելի է ասել, անորոշությունը։ Բայց դե, թաքցնելու բան չկա, չգրել էլ չի լինում։ Իսկ չարտահայտվելը և՜ ինձ համար է վիրավորական, և՜, կարծում եմ, կանանց համար։ Գարունն էլ մի կողմից է տակնուվրա անում, բեկանում վաղուց կայացրած որոշումները, համարյա ձեռ առնում ու ծիծաղում...
Լավ չէ, ամենևին էլ լավ չէ։ Հիշում եմ` պատանեկության տարիներին իմ ՙպոետ՚ ընկերները համարյա ամեն օր (իմ խորին համոզմամբ` բավականին թույլ ու անիմաստ) ոտանավորներ էին նվիրում աղջիկներին՝ դառնալով նրանց աչքի լույսը, իսկ ես գրում էի սարերի, ձորերի, չարչարանքի ու կորուստների մասին, հետո էլ զարմանում, որ ինձ սիրող չկար, որ ինձ հետ բոլորն էլ ձանձրանում էին։
Ի՞նչ ասեմ, հիմա էլ է այդպես։ Ճիշտ է, մեկ-մեկ համարձակությունս բռնում է, և մի քանի տող իրար ետևից շարում եմ, անգամ փառաբանում կին արարածին, մեծարում տեղը տեղին, բայց հետո էլ ինքս ինձ խոստովանում եմ, որ ինչ-որ բան կիսատ է, խախուտ, անհամարձակ... պատկերացնո՞ւմ եք, տխուր էլ։
Հետաքրքիրն այն է, որ մինչև հիմա չգիտենք` ով է ում առաջնորդում, ով է կայացնում վճռական որոշումը, ում է պատկանում իրական իշխանությունը... Ավելի ազնիվ կլիներ ասել՝ գիտենք, բայց դժվար է խոստովանելը, տղամարդկային արժանապատվությունից դուրս, անհարմար, անհարիր մեր տեսակին... Հետո էլ բերել խառնել ենք ուժեղ սեռ, թույլ սեռ հասկացություններն ու ավելի շփոթվել ու շվարել։ Չնայած, երբ էլի մի քիչ լուրջ մտածում ես, ոչ մի անպատասխան հարց էլ չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է ու տեսանելի։ Կարելի է նաև ենթադրել, որ մենք (խոսքը, բնականաբար, տղամարդկանց մասին է) այնքան էլ վատ չենք կատարում մեզ վստահված գործը, կարելի է նաև ասել՝ պարտականությունները։ Այդպես չլիներ, մեզ չէին հանդուրժի, մեր հանդեպ այսքան ներողամիտ չէին լինի, մեզ ուղղակի կզրկեին օր ու գիշեր բանելու, որսի ետևից վազելու, մեզ թագավոր երևակայելու հաճույքից ու երանությունից...
Չգիտեմ` սա լավ է, թե՝ վատ, բայց միշտ էլ այդպես է եղել, եթե կուզեք՝ աշխարհաստեղծման օրվանից, երբ միակ տղամարդու կողոսկրից արարված կնոջ ոտքը կպավ հողին։ Այդ օրվանից Ադամը ինքնուրույն, լավ, ավելի մեղմ բան ասեմ, մենակ ո՜չ որոշում է կայացնում, ո՜չ էլ գործ է անում... Կայացնի էլ, հաստատ, սխալ է դուրս գալու, տապալելու է, նորից է փորձելու... Եթե դուք, (խոսքս, բնականաբար, էլի միայն տղամարդկանց է վերաբերում), ուրիշ բան ունեք ասելու, ասեք, համոզեք, փոխեք վերաբերմունքս, մեղադրեք դավաճանության մեջ... Չեմ կարծում, թե ինչ-որ բան կստացվի... Այսպես եմ խոսում, որովհետև ես նման փորձեր արել եմ, այն էլ մի քանի անգամ, համոզված, որ հաջողելու եմ, որ ամենուր տարածելու եմ տեսակիս կարևորությունը... Հետո՞... ոչինչ... ընդամենը ծիծաղելի, միամիտ, խեղճ ու կրակ վիճակ...
Երևի լա՛վ եք հիշում, ինչպիսի՛ արհամարհանքով էինք խոսում մայրիշխանության ժամանակների մասին... Կյանքից ու արարչագործությունից ինչ-որ բան հասկանայինք, ընդհանրապես ձեն ու ծպտուն չէինք հանի։ Բայց չէ, պարտադիր պիտի ընդգծեինք, որ պատմության գիրկն են անցել մեր կենսագրության (խոսքը կրկին ու կրկին ցեղակիցներիս մասին է) այդ ամոթալի, այդ անընդունելի, այդ անհասկանալի էջերը... մեկը լիներ, կողքից ասեր՝ չէ՛ մի...
Կեցցե՛ արդարությունը...
Չէ, հազար անգամ՝ չէ։ Այդ ես եմ դարեր շարունակ, հենց ինքս ինձ մխիթարելու համար, հորինել Երկիր մոլորակի ամենամեծ սուտը։ Եվ հիմա ինքս ինձ իրավունք եմ վերապահում ասել, եթե, իհարկե, ընդունում եք, որ չի եղել նման բան ու երբեք չի լինելու, և ես պետք է պայքարեմ իմ ամենասովորական իրավունքների ու ազատության համար, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար Տիրոջ օգնությամբ հաջողվեց վերացնել անարդարությունը և , վերջապես, հաստատել լիակատար հավասարություն...
Բայց այսպես էլ վատ չէ, օրինակի համար, ինձ հաճելի է իմ կարգավիճակը։ Արժե հանուն ժպտերես, քնքուշ, խոհեմ, մշտահաս, երբեք չուշացող կողակցի զոհաբերվել, անիմաստ չքննարկել, չդժգոհել ու չընդվզել։ Մեկ է, ոչինչ չի փոխվելու, նոր դերաբախշում չի լինելու, վարագույրներն էլ մեկը միշտ իջեցնելու է, մյուսն էլ երբեք չի մոռանալու բարձրացնել... Եվ ամենա, ամենա... էականն ու վճռորոշը... մեզանից այդ ո՞վ է, որ կարող է մենակ ելնել հոգսի, չարչարանքի, ցավի ու խավարի դեմ, որ ի վիճակի է տուն շինել ու ջերմացնել այդ տունը, որ ունակ է երկիր պահել ու շենացնել այդ երկիրը, ծառ տնկել ու հալածել թշնամիներին... Խոստովանենք, միայն նրանց հետ է, որ առատ բերքն ամբարելը խաղ ու պար է, սարը բարձրանալն էլ, ապաշխարելն էլ հետը...
Պապս քսանհինգ տարի համայնական տնտեսություն էր ղեկավարում, դրսերում էր էլի ապրում, ո՜չ քնել կար, ո՜չ էլ, բնականաբար, արթնանալու հաճույք։ Ձյան ու արևի մեջ էր, անընդհատ՝ բեռան տակ, նստելը մեղք էր։ Տանը տատս էր՝ երեխաների հետ։ Ամբողջ օրը՝ ոտքի վրա։ Նստելը մեղք էր։ Եվ պապս, երբ արդեն ծեր էր, տատս էլ չկար, մտմտաց.
-Եթե Անահիտը (Անահիտը տատս էր) տնից մի քանի ժամով դուրս գար, տունը փուլ կգար...
Ինչ խոսք, ծմակից շալակած փայտ բերելը տնից դուրս գալ չէր նշանակում, համայնական դաշտերում արևի տակ խանձվելը, հացը տուն հասցնելը... դրանք տան գործեր էին, տունը ոտքի վրա պահող պարտադիր, կարելի է ասել` արարողակարգային մոտեցումներ։ Ինչքան գիտեմ, Անահիտ տատս կոլխոզի նախագահ պապիս երբեք չասաց, որ փայտի պակաս ունեն, որ ամբարի հատակը երևում է, որ երեխաների կոշիկը ծակ է, տանիքը անձրևներին չի դիմանում, դարպասը ծռվել, հենվել է պատին։ Տատս խոսք չէր խոսում, պապս էլ չէր նկատում... Չէր էլ կարող նկատել, որովհետև տուն եկած ժամանակ վառարանին միշտ եփվող ճաշ կար, սեղանին տաքացրած հաց ու այծի թարմ պանիր, երեխաներն էլ հանգիստ քնած էին...
-Եթե Անահիտը ոտքը տնից հաներ, տունը փուլ կգար...
Սա գուցե ուշացած խոստովանություն էր, ավելի ճիշտ՝ շա՛տ ուշացած ու երևի նույնիսկ անիմաստ... Ախր պապս մի ուրիշ տեսակ կոմունիստ էր, մի ուրիշ տեսակ նախագահ... Պատկերացնո՞ւմ եք, այդ բանը ջահել տարիներին ասեր, այն էլ ոչ թե մեզ, այլ հենց Անահիտին, նայեր աչքերին ու հատ-հատ, բառերն առանձին-առանձին մշակելով, ձևավորելով ասեր.
...Տունը փուլ կգա...
Չէր ասի, ուժը չէր պատի... կարծես կհեղինակազրկվեր... Դա նույնիսկ Անահիտը չէր ընդունի, լսածին չէր հավատա, թաքուն, ինքն իրեն կասեր. նախագահի խելքը պակասել է...
Երանի՛ Աշոտ պապիս։
Եվ հազար երանի Անահիտ տատիս...
Մի բանում էլ էր համոզված տատս, եթե հանկարծ տունը փուլ գար, կկործանվեր դրսերում տքնող ղեկավար մարդը... և նրա հետ հաշվի չէին նստի, նրան չէին ընդունի, նրա ետևից գնացող չէր լինի... Այսքանից հետո ասում ենք իրական իշխանություն... հետո էլ՝ դե ֆակտո, չէ, դե յուրե...
Մի գրամ անգամ չեմ կասկածում, էդ դե յուրեն էլ, դե ֆակտոն էլ Անահիտ տատիս ձեռքին էր։ Դրսերում դրանք ի չիք են դառնում, արժեզրկվում, կորցնում իմաստը...
Դե յուրե, չէ՛ մի... խոնարհում...
Եթե ուզում եք իմանալ, մեր բոլոր փառավոր պատերազմները մեր կանայք են հաղթել, կանայք են մեր բոլոր արարումների հեղինակը, նրանք են արթուն պահում մեր միտքը, երկրի սահմանների անառիկությունն էլ է նրանցից, զինվորի սուր աչքն էլ..., թշնամու վախն էլ...
Ադամը չգիտեր և չէր էլ կարող իմանալ նման հասարակ բանը և... չէր կարող տանուլ չտալ... Իսկ մենք ասում ենք հավասարություն... Ծիծաղելի էլ է նման պարզունակ բանից խոսելը։ Բարեկամներիցս մեկը ասում է՝ կոր-ծա-նա-րար... Տղամարդը համարձակվեց հավասարվել կնոջը, հաշվիր կայացրել է իր մահվան դատավճիռը, հաշվիր էլ գոյություն չունի...
Շնորհավորում եմ... թող հենց միամիտ Ադամի անունից, իմաստուն պապիս անունից էլ և...չէ, ավելի լավ է... դրա համար եմ ասում դժվարությամբ եմ գրում կանանց մասին, միշտ ինչ-որ բան խանգարում է։ Այս անգամ էլ կարծես ոչինչ չստացվեց, էլի կիսատ-պռատությունը մնաց...
Ի՞նչ եք մտածում, գուցե մեկ անգա՞մ էլ փորձեմ... Մեկ էլ տեսար ստացվեց...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 05 Apr 2019 15:22:46 +0000
ԿՌԻՎ-ԿՌԻՎ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26234-2019-03-11-17-08-12 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26234-2019-03-11-17-08-12 ԿՌԻՎ-ԿՌԻՎ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 -Պատերազմը շուն-շանորդի է, ու սա ես չեմ ասել, սա արդեն Մեծ Հայրենականից հենակների մեջ մարմինը ճոճելով վերադարձած Հարությունի կարծիքն է աշխարհի բոլոր պատերազմների մասին։

-Էդ շուն-շանորդու հերն եմ անիծել,-սա էլ էլի Մեծ Հայրենականից եկածի հստակ ձևավորված փիլիսոփայությունն է, այդ Մեծ Հայրենականից ամենաքիչը մի 50 տարի անց,-երբ էդ կատաղած անասունը գալիս է քեզ կծոտելու, ախպեր ջան, պիտի առանց աչք թարթելու տաս սատկացնես...
Սրանք, նորից եմ ասում, իմ ասածները չեն, բայց հաշվեք ես եմ ասել, որովհետև ես էլ եմ այդպես մտածում։ Չեմ ժխտում, չեմ սիրում ամեն օր, տեղի-անտեղի, առավոտից իրիկուն պատերազմից խոսել, մարդկանց էլ անընդհատ հիշեցնել, որ վաղը պատերազմ է լինելու, և որ միշտ էլ պետք է պատրաստ լինել դրան, բայց ամեն օր էլ կազմ ու պատրաստ սպասում եմ։ Ինչ մնում է ինձնով հետաքրքրվող միջազգային կազմակերպություններին, նրանց խաղաղասիրական կոչերին, որոշների, այսպես կոչված, երկակի ստանդարտ-դրսևորումներին, չեմ արհամարհում։ Բոլորի հետ էլ իմ հարաբերությունները կառուցում եմ հարաբերությունների քաղաքակիրթ տարածքներում... ինչքան ինձ թույլ են տալիս հազարամյա կենսագրությունս, տեսածս ու լսածս...
Հիմա էլ հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելն է։ Մի տեսակ ծիծաղելի էլ է հնչում, ոչ տեղին, ուղղակի` ավելորդ։ Այ, եթե էդ խաղաղության պատրաստելը վերաբերվեր միայն ադրբեջանցիներին, էլի կարելի է ընդունել ու հասկանալ։ Թե չէ մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Հա, բան չունեմ ասելու, կռվելու պատրաստ, ամեն տեսակի զենք էլ ունեմ, ոգի էլ, անհավատալի խիզախումի ունակ զորական էլ, բայց էդ պատերազմ կոչվող, Հարությունի ասած, շուն-շանորդուն նախ պիտի փորձես համոզել, որ մեր կողմերում ինքն անելիք չունի, հետո արդեն, երբ դա քո խաղաղասիրական մոտեցումներից ու գաղափարներից ոչինչ չհասկանա, բռնես, քո ուզածն անես՝ դրա հերն էլ անիծես, դրա ստեղծողի հերն էլ...
-Այ մարդ, պատերազմից վախեցողը հաստատ կին արարածից էլ կվախենա, ասողն էլի ես չեմ, էլի Հարությունի փիլիսոփայական մտքերից է։
Ընդհանրապես, էդ Հարությունը պատերազմից այնքան պատմություններ էր հետը բերել գյուղ, որ մոտ հիսուն տարի բաժանում էր նաև հարևան գյուղերի բնակիչներին, չէր պրծնում, պատահում էր, քաղաք էլ էր տանում դրանցից, էլի տակը մի բան մնում էր։ Չնայած, թաքցնելու բան չկա, ոչ մեկը չէր հավատում, որ էդ Հարությունը ոտքը համարյա Բեռլինի տակ էր թողել, ձեռքի մատները՝ մի ուրիշ ֆրոնտում... Իսկ էն մյուս ոտքի թաթն էլ, բնականաբար, մինչև էդ մի ոտքն ամբողջությամբ մատաղ անելը, մի ուրիշ տեղ։ Բայց, մեկ է, մարդը հենակներին հենված ինչ էլ պատմում էր, ասում էին սուտ է, հնարավոր բան չէ։ Իբր էդ Հարությունը ի՞նչ է դառել, որ մինչև Բեռլին հասներ, էն էլ՝ ոտքերից մեկի թաթը կորցրած։ Ճիշտն ասած, հաճույքով լսում էին, բայց իբր չէին հավատում։ Հարությունն էլ այդքանը գիտեր, սակայն շարունակում էր շեներում ու քաղաքներում առատորեն բաժանել ֆրոնտից բերած մեկը մեկից անհավատալի պատմությունները։
Իմ ասածը, եթե, իհարկե, շատ եք ուզում իմանալ, մի քանի շատ սովորական բառով ներկայացնեմ։ Ես, 94-ի մայիսից սկսած, երբեք չեմ մտածել, որ էդ պատերազմ կոչվածը պրծել է։ Եվ դա չեմ կարծում, որ վատ է։ Չնայած, եթե ճիշտը խոսելու լինենք, դա կարծես խանգարում էլ է մարդավարի, մինչև վերջ ուրախանալ, սրտանց ծիծաղել, հանգիստ քնել, երկրից մի քանի օրով բացակայել, կողքիդ ապրողին, ինչպես պետքն է, մեղադրել։ Այսպես շատ բան։ Ի՞նչ արած, միշտ էլ այդպես է եղել։ Իսկ երբ մոռացել ենք էդ շուն-շանորդու գոյության մասին, կորցրել ենք, զրկվել ենք, եթե կուզեք, անիմաստ նահատակվել ենք։ Իսկ ես, մեկ էլ եմ ասում, 94-ից այս կողմ իմ պատերազմից մի թիզ անգամ չեմ հեռացել, նրա հետ պառկում եմ, նրա հետ վեր կենում, հետը սեղան եմ նստում, մտածածս երեսին ասում։ Հրաժարվել չկա, ոչ էլ արհամարհել, ոչ էլ թերագնահատել։ Եթե այսպես շարունակվի, ես նրան, ձեր թույլտվությամբ, իհարկե, սեփականաշնորհելու եմ...
Չէ, չէ՜, ես կռվի մարդ չեմ, սրա մասին Միացյալ Նահանգներում էլ գիտեն, ամենասիբիրի խորքերում էլ, հին աշխարհամասի ամենաքիչ բնակիչ ունեցող բնակավայրերում էլ, կարող եմ հանգիստ ավելացնել նաև չինական պարիսպները, Ճապոնիայի փոքրիկ, նեղվածք, ընդամենը մեկ-երկու ճապոնացի տեղավորող տնակները... Եվ, պատկերացնո՞ւմ եք, ես իմ այս խաղաղասիրության մասին միշտ էլ հպարտորեն էի խոսում, նույնիսկ միջազգային կոչվող ամբիոններից, անգամ երկրիս վրա եկողների հետ...
Մի՞թե ծիծաղելի չէ... արտասվելու, ամոթի աստիճան ծիծաղելի է։
Չասեք` չէ։ Չեմ հավատա, չեմ ընդունի։ Անկեղծ չեք լինի։
Իսկ նման խաղաղասեր մեկ ուրիշը չկա Երկրիս երեսին։ Սպանել չեմ կարող, թալանել, ավերել, հալածել էլ... Իմ գենետիկ համակարգը նման բաներից կաթվածահար է լինում։ Եվ մինչև հիմա, ուզում եմ ասել, իմ ստեղծման օրից, չգիտեմ դա լա՞վ է, թե՝ վատ... ճի՞շտ է, թե՝ սխալ... աստվածահաճո՞ է, թե...
Բայց լավ հասկացել ու համոզվել եմ, որ խաղաղասիրությունը երկրիդ վրա եկողի առաջ դարպասները բացել չի նշանակում, արժանապատվությունդ ուրիշների ոտքերի տակ փռել, ինքնահրաժարում ու հեռացում...
Հիշո՞ւմ եք, մի վախեցիր քեզ վրա եկողների քանակից, որովհետև քո հայր Աստվածն է քո ուղեկիցը...
Ես լռում եմ։ Հաշվեք՝ ոչինչ էլ չեմ ասել։ Ուղղակի խորհուրդ եմ տալիս չչարաշահել իմ խաղաղասիրությունը։ Որովհետև երբեք չեմ վախեցել իմ վրա եկողների... գլխաքանակից, կոչերից, հիստերիկ ճղճղոցից ու սպառնալիքներից... Որովհետև, ուզում եմ ասել, ես մի այլ տեսակի կռվող եմ, որովհետև ոչ մեկի կռվի մեջ այսքան խաղաղասիրություն չկա, այսքան սեր, այսքան խիզախում, բարություն էլ... որովհետև, էս մի բանն էլ հատուկ ասեմ, ոչ մեկի կռիվը իմ կռվի նման չէ... ոչ էլ խփածն է իմ խփածի նման, ոչ էլ Երկնայինն է որևէ մեկին այսքան ընդունում իր կացարանում և ճանապարհում առատ ու զարմանալի շնորհներով... թաքցնելու բան չունեմ, նաև նոր զինատեսակներով։
Հիմա, քանի տեղն է, հազար պատերազմ տեսածի իրավունքով մի խորհուրդ տամ, չնայած երբեք ոչ մի խորհուրդ չեմ ընդունել և աշխատել եմ մերձավորիս անիմաստ չծանրաբեռնել դրանցով։
Էլի եմ ասում, չեմ կարծում, որ ամեն օր պատերազմից խոսելը ճիշտ է։ Ասում ենք, չէ՞, գարնանը պատերազմ է լինելու, ամռանը պատերազմ է լինելու... աշնանը պատերազմ է լինելու... Ասողներն էլ՝ կին, տղամարդ, ահել ու ջահել, ուսանող ու դպրոցական... Չասողներն էլ հաստատում են՝ եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն... հիմա ո՞վ է հենց այնպես, ստից բան ասում...
Հարցնում եմ՝ որ ի՞նչ... մեկ է, իմ կռիվը միշտ ես եմ արել, ես եմ անում և ես էլ անելու եմ... Եվ, էլի եմ ասում, էդ ե՞րբ է իմ կռիվը պրծել, որ նորից սկսի... Ես էլ եմ կռվել, պապս էլ է կռվել, պապիս հայրն էլ, նրա պապն էլ... Եվ հիմա, որ կամ այս արևի տակ, դրանից է, ուզում եմ ասել, զենքից հրաժարվողը չեմ, եթե իմ այդ զենքը գոնե մի վատ բան արած լիներ իմ ու ուրիշների հանդեպ, ուրիշ բան, էլի կարելի էր մտածել։ Բայց այսօր ինչ ունեմ՝ նրա շնորհիվ է` հող մշակելը, ծառ տնկելը, զրուցակիցների աչքերին նայելը, վաղվա մասին մտածելը, տուն շինելը...
Ինչ մնում է իմ թշնամիներին, կարծում եմ, արդեն համոզվել են, որ իրենց բախտն ուղղակի բերել է, որ ես այսքան խաղաղասեր եմ, որ ինձ նման քաղաքակիրթ հարևան ունեն...
Բայց լինում է, չէ՞, որ ժամանակներն ամեն ինչ էլ փոխում են, մարդուն էլ՝ հետը։ Ասելս այն է, որ ես էլ կարող եմ փոխվել ու խաղաղասերից դառնալ ոչ խաղաղասեր։ Հետաքրքիր է, ո՞վ է առաջս առնելու... Չնայած էլի ուրիշից ոչինչ չեմ վերցնելու, էլի ունեցածիս եմ տիրություն անելու, մի հարյուր տարի առաջ ինձնից խլածին... իմ երկրին, որի մի ծայրը գնում է, հասնում Մանթաշովների նավթահորեր... Մի անգամ էլ եմ հարցնում, ո՞վ է առաջս առնելու... չկա այդպիսի մեկը... բայց հաշվեք ոչինչ էլ չեմ ասել, որովհետև ինձնից խաղաղասերը չկա աշխարհիս երեսին, և մի շա՛տ կարևոր բան էլ, պատերազմի մասին խոսելիս (խոսքս, բնականաբար, իմ ոչ խաղաղասեր հարևանիս մասին է), հա, պատերազմից խոսելիս չէր խանգարի ասածներիս մասին գոնե մի քիչ մտածել, ձեր լեզվով՝ ֆիքիր անել... Փրկությունդ, ինչքան մանրամասնորեն ուսումնասիրում եմ մեկ ոտքը համարյա Բեռլինի տակ թողած Հարությունի ասածը, էլի դրա մեջ է...

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 11 Mar 2019 17:06:43 +0000
ԵՍ ՈՒ ԵՍ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26150-2019-02-25-17-02-21 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26150-2019-02-25-17-02-21 ԵՍ ՈՒ ԵՍ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Տարօրինակ բան է, վերջերս, չգիտես ինչու, սկսել եմ հաճախակի համեմատել 2019-ի հային 1988-ի հայի հետ։ Ավելի պարզ ու հասկանալի խոսեմ. ոչ թե երկու տարբեր մարդու եմ բերում, դնում իրար կողքի, այլ, պատկերացնո՞ւմ եք, նույն մարդուն կանգնեցնում եմ նույն մարդու կողքին, սակայն մեկը քսան-քսանհինգ տարեկան, մյուսը՝ հիսուն-հիսունհինգ, վաթսուն էլ։ Եվ մի քիչ անհասկանալի, բայց բավականին գեղեցիկ պատկեր է ստացվում, ժամանակակից կտավ` ցանկացած ՙիզմ՚-ի մեջ էլ հանգիստ տեղավորվող։

Այդպես դնում եմ իրար կողքի ու համեմատում եմ, զարմանում եմ, հիանում, հիասթափվում, ուրախանում... երկուսն էլ լավն են, իմն են, բայց, ներողություն եմ խնդրում, ութսունութինն ինձ ավելի հարազատ է, մի տեսակ, ի՞նչ ասեմ, ավելի մտերիմ ու վճռական, իմաստուն էլ, միամիտ էլ, աննահանջ... գաղափարին ձույլ...փոխել չես կարող, շեղելն ուղղակի անհնար է, անտրամաբանական... Աչքերը շողշողում են, ձայնը զրնգում է, քայլքը՝ հազար մարտ շահած զորավարի, անընդհատ արթուն...անձնականից դուրս, ամբոխից հեռու... մաքրամաքուր... Տեսած կա՞ս նման մեկին... չասես հա, մեկ է, չեմ հավատա։ Կծիծաղեմ էլ քո այդ չիմացածության վրա։
Այս մեկը, ուզում եմ ասել, հիսունհինգ տարեկանը, ուրիշ է։ Չէ, բան չունեմ ասելու, նույն մարդն է, բայց, թողեք ասեմ, այն քսանհինգ տարեկանը չէ։ Զարմանալի է, բայց ընդհանրությունը քիչ է, հուշող գործը քիչ է, մտածումն էլ։ Էլի եմ ասում, փոխվել է մարդը, տարիներն արել են իրենց գործը, մարդն էլ, հասկանում եմ, միշտ չէ, որ դիմացել է փառքին, հաղթանակին, գովերգությանը, և մեկ-մեկ կորցրել է իրականության զգացումը՝ հաճախ իրարից չտարբերելով կեղծն ու ազնիվը, ճիշտն ու սխալը։
Հարցնում եմ՝ կարո՞ղ էր այդպես չլինել... կասկածում եմ... համոզված չեմ...թեպետ շատ կցանկանայի, որ այդպես լիներ, որ կարողանար դիմանալ, հաղթահարել, եթե փոխվեր էլ` քիչ, աննկատ...
Ի՞նչ ասեմ, լավ չէ, ուզում եմ ասել, այդ փոփոխությունը, այդ հեռացումը, այդ տարբերությունը, այն, էլի, որ մարդ իր տանը չի տեղավորվում, բակում չի տեղավորվում, քաղաքում էլ, երկրում էլ... չի տեղավորվում... Նեղվածք է... միշտ ինչ-որ բան չի հերիքում, ինչ-որ բան պակաս է... ինչ-որ բան խանգարում է...
Իսկ ահա 88-ին ոչինչ էլ չկար, բայց ամեն ինչ հերիքում էր, տուն չկար, հյուրն անպակաս էր, միասին ուրախանում էինք, միասին տխրում, նյութը մեր կողմերում անելիք չուներ, և հավաքված, ամբողջացած, ձույլ հարյուր հազար մարդն ամբոխ չէր։ Ու պայքարն էլ երկրի համար էր, անցյալի համար, արժանապատվության, իրավունքի, երկիր մոլորակում մեր հաստատուն, աստվածատուր տեղի համար։ Ուրիշ ոչինչ մեզ չէր հետաքրքրում, մնացածն ուղղակի խաղ էր, անընդունելի, ծիծաղելի էլ։
Իսկապես, չվախենամ ասել՝ վերջին մի քանի հարյուր տարում մեզ թվում էր, հայը երբեք այդքան գեղեցիկ չի եղել, երկրին այդքան կիպ, ինքն իրեն գնահատող, ինքն իրեն ճանաչող, ինքն իր արժեքն իմացող։ Ինքնասիրությունը` տեղը, միտքը` տեղը, թույլ տվեք ասել՝ ամեն ինչն էլ տեղը։ Անհնարին բան է այդ հային սեր չխոստովանելը, ճակատը չհամբուրելը, արածի առաջ չխոնարհվելը։ Չասեմ, ճիշտ չի լինի, ազնիվ չի լինի, եթե ավելի անկեղծ, երկնայինը մեզ ո՜չ կհասկանա, ո՜չ էլ կուղեկցի ապագա պատերազմներում։
Քանի տեղն է՝ ասեմ, ես անցյալապաշտ չեմ, անցյալի հերոսապատումն ինձ ոգևորելու ունակությունը վաղուց է կորցրել, թեպետ այնտեղ ճամփորդելու պարտադիր հնարավորությունից ինձ չեմ զրկում, չեմ խուսափում անգամ ամենածանր հանդիպումներից, և ամեն անգամ էլ ինձ հետ ինչ-որ բան բերում եմ, անպայման նոր, չբացահայտված, չկարդացած։ Բայց, թողեք ասեմ, նրան թույլ չեմ տալիս անընդհատ խառնվել նոր մտահղացումներիս ու գործերիս, լինել կողքիս, հետևել ամեն քայլափոխի... որովհետև, չեմ կասկածում, ներկայիս մեջ անցյալս էլ, ապագաս էլ...ուզում եմ ասել, իմ դաշնակիցը ներկան է, զինակիցս էլ, ամենահարազատս, ամենավստահելիս, ամենամոտը... 88-ին էլ էի այդպես, գուցե հենց 88-ին։ Զենքի, ուժի պաշտամունքն էլ էր 88-ից։ Կուռքից հրաժարվելն էլ... Իմ կուռքը իմ ես-ն էր, հետո էլ՝ Մենք-ը, ավելի ճիշտ, Մենք-ի մեջ՝ հազարավոր Ես։ Թե չէ տանուլ կտայինք՝ կրկին անցյալին պահ տալով արցունք, սուգ, հող, արդարության ճակատին թքելու միամիտ ու անհասկանալի ցանկություն։
Հիմա...
Երեսունմեկ տարի անց։
Ով ինչ էլ ասի, այդ հայի խիզախությունը տեղն է, չենք դժգոհում։ Գժությունը չի տեղը։ Թաքցնելու բան չունեմ, հիշողության կորուստ էլ ունենք, ուզում եմ ասել՝ սկսել ենք մոռանալ ինքներս մեզ, մեր անցածը, մեր ճիշտն ու սխալը, մեր պարտությունն ու հաղթանակը, մեր արածն ու չարածը, բայց ավելի հաճախ՝ մեր սխալը, մեր պարտությունը, մեր չարածը...
Չե՞ք վախենում ապրածն արժեզրկելուց։
Ես սարսափում եմ, ավելի շատ, քան պատերազմից...
Գիտե՞ք ինչու եմ այսպես խոսում, որովհետև պատերազմը կարելի է նաև հաղթել... թեպետ բոլոր պատերազմները հաճախ ավարտվում են նոր կուռքաշինությամբ, նոր, այսպես կոչված, արժեհամակարգով ու ձոն-կեցցեներով...
Մի բան էլ ասեմ։ Երևի ամենակարևորը:
88-ի հայը կիսատ հայ չէր։ Այդ հայի մեջ ծովից ծով Հայաստանն էր, կորցրածը, ունեցածը: Ուզում եմ ասել` 88-ի հայի մեջ երկրի ամեն ծագից մի բան կար։ Մենակ ստեփանակերտցի լիներ՝ էլի կկորցներ, մենակ երևանցի էլ, մենակ գյումրեցի, մենակ սասունցի... նա ուղղակի հայ էր, եղբայրության, բարեկամության, սովետական գաղափարախոսության խորքերում իր ազատությունը թողած հային զորավարի ու տիրոջ աստիճանի բարձրացրած ՀԱՅ։
Որտե՞ղ ես, Հրանտ Մաթևոսյան...
Ես գժվում եմ այդ հայի համար։ Բայց կա՞ մեկը, որ չի գժվում, որ նրան չի ուզում ճանաչել...
Այս մեկը, թվում է, մի քիչ շատ չէ, մի քիչ փոխվել է։ Սրա միջի երկիրը մեկ ամբողջական է. մեկ՝ քաղաք- քաղաք, մեկ ծովից ծով է, մեկ՝ միայն ունեցած...լավ է, գոնե, էն 88-ինը կարողանում է այս մեկին համոզել, որ միայն մայրաքաղաքով երկիր չի լինում, ոչ էլ միայն սահմանն իր ուսերին պահող գյուղով և, որ այդ երկիրն էլ մի օր սահմանից է սկսում, մի օր մանկության թաղամասից, մեկ՝ հեռավոր, երկնքի կռնատակին ապրող մի շենից... որ մաս-մասը երկիր չէ, քաղաք-քաղաքը պետություն չէ, ոչ էլ գյուղ-գյուղն է զորություն... Եվ սա անցյալ չէ։ Անցյալն անհասկանալի է. անշոշափելի, կարծես ուրիշինը... Ինչ-որ տեղ խնամքով պահած... ով էլ գնում է նրա ետևից, չի կարողանում վերադառնալ... Մի քանիսն էլ մնում են կես ճանապարհին՝ հաճախ հիասթափված ու դատարկ...
Ես, ինչ էլ անեք, ինչ էլ ասեք, ո՜չ մեկից կարող եմ հրաժարվել, ո՜չ էլ մյուսից։ Երկուսն էլ իմն են, իմ ամենահարազատը, իմ ամենալավը և, ամենակարևորը, ո՜չ 88-ինը կարող է ապրել առանց այսօրվա իր ցեղակցի, ո՜չ էլ այսօրվանն է ի վիճակի ուսած բեռը տեղ հասցնել առանց այն մեկի...
Հետո էլ, երկուսի երկիրն էլ մեկն է, երկինքն էլ, արևն էլ, ծառը, դաշտը, կորցրած ծովերն էլ...արժանապատվությունը... ազատությունը... Եվ երբեք, ուզում եմ ասել, ո՜չ այսօր, ո՜չ վաղը, ո՜չ էլ մյուս օրը, մեկը մյուսին իրավունք չի տալու սխալվել...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 25 Feb 2019 17:00:44 +0000
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆ ԿԱՄ ՄԻ ՔԻՉ ԱՆՑՅԱԼ, ՄԻ ՔԻՉ ՆԵՐԿԱ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26023-2019-02-06-17-06-08 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26023-2019-02-06-17-06-08 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆ ԿԱՄ ՄԻ ՔԻՉ ԱՆՑՅԱԼ, ՄԻ ՔԻՉ ՆԵՐԿԱ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Չգիտեմ ինչու՞, իսկապես` չգիտեմ ինչու, մենք ամեն օր մեր քաղաքին սեր ենք խոստովանում, առիթ-անառիթ, սեղանների շուրջ, մշակութային միջոցառումներին, հարցազրույցներում ու նույնիսկ դպրոցական շարադրություններում...

 Հուզված, լացակումած...ավելի շատ՝ հեռուներում... Մենք ուղղակի գժվում ենք մեր եզակի, մեր անփոխարինելի, մեր ամենաքաղաքի համար։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ ասել Ստեփանակերտ։ Պարտադիր չէ, որովհետև կարող ենք նաև ասել քաղաք։ Իսկ երբ ասում ենք քաղաք, այդ քաղաքը միայն ու միայն Ստեփանակերտը կարող է լինել։ Ուզում եմ ասել` Ստեփանակերտն ու քաղաքը համարյա հոմանիշներ են։ Ուրեմն, մենք, ավելի ճիշտ կլիներ ասել՝ բոլորս (խոսքը, բնականաբար, ստեփանակերտցիների մասին է) այդ Ստեփանակերտ քաղաքի համար պատրաստ ենք ամեն ինչի։ Եսակենտրոն մոտեցումներով ընդգծվում են հատկապես Ստեփանակերտում ծնված-մեծացածները՝ բուն ստեփանակերտցիները։ Այդ նրանք են, որ Ստեփանակերտից բացի ուրիշ քաղաք չեն ընդունում։ ։ Եվ նրանց կարծիքով աշխարհի ամենահյուրասեր մարդիկ Ստեփանակերտում են ապրում, ամենախելոք մարդիկ էլ, ամենաքաջ, ամենաժամանակակից... Եվ դրա բացատրությունը մեկն է, որովհետև ուրիշ տեղ չեն կարող ապրել։ Հենց այդպես։ Պարզ ու հասարակ։

Հա, աշխարհի ամենամաքուր քաղաքն էլ է Ստեփանակերտը, ամենախաղաղն էլ, ամենաանվտանգը։ Փորձեք հակաճառել։ Չի ստացվի։ Կհամոզեն։ Մի բան էլ ասեմ, հանգիստ ընդունեք, տարիներ առաջ, երբ ընդամենը մեկ փողոց ուներ քաղաքը, մեկ-երկու ինքնաշարժ, ուզում եմ ասել` ավտոմեքենա, բոլորին գիտեին անուն առ անուն, խանութներն էլ մատների վրա հանգիստ կարելի էր հաշվել, փողոցներից բարձրացող փոշին էլ հաճախ ծանր վարագույրի նման նստում էր փոքրիկ տների վրա, Ստեփանակերտն էլի մեծ քաղաք էր, իսկական քաղաքին հատուկ մտածողությամբ, բնավորությամբ ու փիլիսոփայությամբ։ Եթե փողոցում հանդիպած տղամարդու կոշիկները չէին փայլում, հաստատ, ստեփանակերտցի չէր, եթե թատրոնի ճեմասրահում տեսած կանանց հագուկապից չէր երևում, որ առնվազն մի երկու ժամ կանգնել են հայելու առաջ, էլի քաղաքից չէին... Եվ, քիչ էր մնում մոռանայի, ամենագլխավորը, եթե արտաբերած մեկ նախադասության մեջ չկար, ռուսերեն գոնե մի քանի բառ, կնշանակի այդ մարդը բացարձակապես կապ չուներ Ստեփանակերտի հետ։
Ավելի անկեղծ, չնայած ես բուն ստեփանակերտցի չեմ, ինձ թույլ եմ տալիս ասել, որ Ստեփանակերտը իրեն հարգող քաղաք է, արժանապատվության տեղն իմացող, ինքն իրեն չափի մեջ գնահատող, ուրիշների կողքին չխեղճացող։
Բայց քանի որ ես բուն ստեփանակերտցի չեմ, այսինքն` համարձակվել եմ ծնվել, Ստեփանակերտից քիչ հեռու մի ուրիշ բնակավայրում, ինձ թույլ եմ տալիս խոսել նաև քաղաքի ոչ այնքան հաճելի բաների մասին։ Օրինակ, քաղաքը կեղտոտելը։ Չհակաճառեք, համոզելու եմ։ Եթե, անհարմար էլ է ասել, հա, եթե ամեն օր մեր փողոցներն ու բակերը անընդհատ մաքրող, մեր ետևից հավաքող այդ հիսուն, վաթսուն, յոթանասուն տարեկան կանայք ու տղամարդիկ չլինեին, եթե աղբահավաք մեքենաները ամեն օր չդատարկեին աղբամանները, եթե այդ տարիքն առած մարդիկ այդպես ծաղիկներով չզարդարեին մեր քաղաքը, շնչելը դժվար կլիներ, քայլելն էլ... արդարանալն էլ...
Մի օրինակ էլ, չասեմ, չի լինի։ Ինչո՞ւ ենք անխնա կեղտոտում ՙՄենք ենք, մեր լեռները՚ խորհրդանիշ- հուշարձանի ամբողջ տարածքը, հենց հուշարձանին էլ փորագրում մեր անունն ու սիրո խոստովանությունը, ինչո՞ւ ենք այդպես չարչարում մեր պապիկին ու տատիկին, ի՞նչ է կատարվում մեզ հետ...

Ասեմ, չեք հավատա, ես չեմ զարմանա, եթե վաղը մենք այդ նույն տարածքում խնձոր ու տանձ վաճառենք, կարտոֆիլ, կանաչեղեն, ինչ պատահի...Գիտե՞ք ինչու եմ այսպես խոսում։ Ասեմ, որովհետև, մի ժամանակ այնտեղ վաճառվող մի քանի հուշանվերների կողքին հաճույքով հայտնվել են տարբեր ոճի ու ձևի զարդեղեն, սփռոցներ, վերնաշապիկներ, դրոշներ, հազար ու մի բան...և այնքան են շատացել կարմիր-կապույտ, գունավոր տաղավարները, որ ներքևից մեր տատն ու պապը արդեն չեն երևում... Եվ տարօրինակն այն է, որ ոչ մեկը չի փորձում այդ լավ էլ շուկա հիշեցնող միջավայրը տեղափոխել, ասենք, քիչ ներքև, որպեսզի կարգավորվի մեր նախնիների շնչառությունը...
Հետո էլ ՝ թե մենք սիրում ենք մեր քաղաքը, խելքահան ենք լինում, առանց Ստեփանակերտի չենք կարող... Ասում ենք ու մեր, այսպես ասած, թեթև դուքանները շարում հենց մայթերին՝ զավթելով ինչ հնարավոր է, ինչ չի կարելի... համաձայն եմ, մարդիկ գործ են անում, տուն ու երեխա են պահում, բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին...Եվ այդպես շենքերի առաջ հայտնվում են նոր շենքեր, դուքանների առաջ` նոր դուքաններ, տների առաջ` նոր տներ...խորովածանոցներ, կրպակներ։ Եվ Ստեփանակերտը չի տեղավորվում իր փողոցներում...Ստեփանակերտը շնչահեղձ է լինում...
Դե, եթե կարող եք, ինձ համոզեք, որ սխալ եմ, որ, եթե բուն ստեփանակերտցի լինեի, այսպես չէի բարբաջի, տեսեք ինչ է կատարվում ՙՀաղթանակի՚ հրապարակի հարակից տարածքում նույնիսկ բարեկարգման կարգին աշխատանքներից հետ...ոչ մի գեղեցիկ պատկեր, և ասֆալտի վրա Ստեփանակերտցի՝ փոշոտ ու ցեխոտ կոշիկներով, փնթի, անտարբեր...
Ճիշտ է, ես Ստեփանակերտում չեմ ծնվել, բայց ամեն ինչ այստեղ իմն եմ համարում և դրա իրավունքն էլ ունեմ, ինչպես ստեփանակերտցիներից յուրաքանչյուրը։
Այստեղ ոճս մի քիչ փոխեմ ու ասեմ. տեսեք մի քանի տարում ինչեր ունեցանք՝ էլ գերժամանակակից հիվանդանոցներ, էլ դպրոցներ ու մանկապարտեզներ, բա մշտական ջուրը (ո՞վ էր հավատում), բա լուսավորված ու ասֆալտապատված փողոցներն ու բակերը...հուշահամալիրն ու համարյա ավարտկական տեսքի եկած տաճարը, ամբողջությամբ վերանորոգված մարզադաշտը, նոր թաղամասերն ու խաղահրապարակները...Լավ է, չէ՞, իհարկե, լավ է, հրաշալի է, գերազանց, բայց... դուքաններն էլ գրավում են մայթերը, շենքերը՝ փողոցներն ու խաղահրապարակները...
Նորից փոխեմ ոճս ու մեկ-երկու նախադասություն էլ մեր բակից ասեմ։ Այն համարձակվում են, անհարմար էլ է ասել, կեղտոտել միայն ծառերը և միայն աշնանը` իրենց դեղնակարմիրը ամբողջությամբ ցրելով բակով մեկ։ Օրինակ, ինձ համար բակն այդպես ավելի էր գեղեցկանում։ Բայց, ամեն առավոտ, երբ արևը գաղտագողի մտնում է բակ, ոչ մի տերև այնտեղ չի տեսնում։ Ես ինչքան փորձում էի ՙբռնել՚ հանցագործին, չէր ստացվում։ Եվ ստիպված միայն երեկայան ժամերին էի հասցնում վայելել այդ դեղնակարմիր համանվագը։
Բայց մի օր ՙբռնվեց հանցագործը՚։ Յոթանասունին մոտ տղամարդ էր։ Նախանձելի մաքուր կոշիկներով, ժպիտը` դեմքը ողողած։ Հսկայական, հատուկ պատրաստած դույլ ուներ, ցախավել ....
Եվ, պատկերացնո՞ւմ եք, ինչ ասաց այդ յոթանասունամյա տղամարդը, ոչինչ, ուղղակի, չգիտեմ ինչու, ներողություն խնդրեց, որ մի քիչ ուշացել է... Ես միայն հետո իմացա, որ մարդը հիվանդ պառկած էր և, երևի ամենակարևորը, նա բուն ստեփանակերտցի չէր...

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Wed, 06 Feb 2019 17:01:37 +0000
ԳՅՈՒՂԱՐԱՆՔ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/25963-2019-01-25-16-20-46 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/25963-2019-01-25-16-20-46 ԳՅՈՒՂԱՐԱՆՔ
Մեր աշխարհում գյուղին…

Ընդամենը մի անգամ, արդեն մոռացել եմ, որ գյուղում, ութսունհինգամյա մի արևախանձ տղամարդու հարցրել եմ և, պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ է ասել.

-Իսկ դու, կարելի՞ է իմանալ, ի՞նչ ես առաջարկում։
Եվ դա՝ քմծիծաղով, զարմացած, մի տեսակ, նույնիսկ վիրավորված։ Այսինքն՝ ուրիշ ի՞նչ, որ ավելի լավը լինի, ավելի համապատասխան, ավելի, ո՞նց ասեմ, տաք, էլի՝ տան նման։ Օրինակ, ինչքան փորձում եմ ասել մեր քաղաքը, մեր շենի նման չի ստացվում։ Ջերմությունը պակասում է, անձնականը պռատ է, տերը անընդհատ ներկա չէ, ավելի ճիշտ՝ հաճախ բացակայում է։ Զարմանալի՞ է։ Չեմ կարծում։
Մեր Շենը։ Ինչքան իմը, այնքան էլ՝ քոնը։ Հավասար։ Ավել բաժին չկա։ Քարաշեն, երկհարկանի, դռները՝ բարձրահասակ, պատուհանները` նախշուն։ Փայտե առաստաղ։ Պինդ, ամուր, ազնիվ, կենսախինդ։ Բայց ամեն օր ծերացող, ծռվող, ծանրաքայլ։ Նոր ժամանակներում մի տեսակ, մոլորված, իրեն կորցրած, տեղը չիմացող, հորինովի արժեհամակարգից դուրս։
Մերը՛...
Գյուղամիջում նստոտած ծերունիներ։ Հարյուր տարի առաջ արարված կտավ։ Նույն տերողորմյան, նույն շորը... նույն, անփոփոխ, հառաչանքախառը խոսքը։
-Էս աշխարհքը էսպես եկել է, էսպես էլ գնալու է...
Եվ ծխնելույզներից բարձրացող, գյուղի վրա տարածվող հացաբույր ծուխը՝ տարվա բոլոր եղանակներին, օրվա բոլոր ժամերին...Էլի գեղանկարի նման, արված վաղուց...էլի անհիշելի ժամանակներից...
Էս 21-րդ դարն էլ չգիտես որտեղից եկել, մնացել է փողոցում, դռների առաջ։ Տուն մտնելու ցանկություն էլ չունի։ Տեսնում է, լավ երևում է, չի տեղավորվելու։
Համաձա՞յն եք, որ տխուր է, որ ետ ենք մնացել, որ դանդաղում ենք։ Մեր տանն ամեն ինչ այնպես է, ինչպես ամենաքիչը մի հիսուն տարի առաջ, կենցաղավարության անփոփոխ, չերկմտենք ասել, ՙգյուղ տեղ՚-ի փիլիսոփայությամբ։
Չեմ ընդունում այդ ՙգյուղ տեղ՚, ՙքաղաք տեղ՚ բնորոշումները։ Կա ապրելու տեղ, արարելու, աշխարհի հետ զրույցի բռնվելու տեղ և՝ վերջ։ ՙԳյուղ տեղ՚-ը հետընթացն է, մեզ անցյալին անիմաստ կապող շղթա։ Չազատվեցինք դրանից, մնալու ենք եսակենտրոն, ինքնասիրահարված անցյալում։
Մարդը մի տաս-տասնհինգ խոշոր ունի, մի քանի տասնյակ մանր, անհաշիվ հավ ու հնդկահավ, բայց ժանգոտ դարպասը ծռվել, հենվել է ծառին։ Երկրորդ հարկ տանող փայտե աստիճանները չեն դիմանում իջնող-բարձրացողների ծանրությանը, ցեխը փողոցից անարգել մտնում է տուն... թվում է, այլ կերպ չի էլ կարող լինել, այլ կերպ ուղղակի կխաթարվի գյուղ տեղի դարերով արարված համայնապատկերը։ Գյուղը կկորցնի իր հմայքն ու ինքնատիպությունը։ Մի՞թե տխուր չէ։
Հա, մեկն էլ կա, երկու-երեք կովը մի քանի տարում դարձրել է քսան-երեսուն։ Էլ մնացած մանր-մունր բաներից չեմ խոսում։ Տանը դատարկ տարածք չկա։ Սակայն...անհարմար էլ է ասելը, կաթող տանիքը չի նորոգում, դուռը չի ներկում, փողոցից տուն տանող մի քանի մետրը չի սալահատակում։ Սպասում է...ո՞նց ասեմ` պետության օգնությանը...
Խորհրդային ժամանակներում թոշակի անցած քսանհինգ տարվա կոլտնտեսության վարչության նախագահ պապս սկսեց կարգի բերել հոր շինած տունը։ Դուռ ու լուսամուտ էր փոխում, ջրի առաջն էր առնում, այգի մտնող մոլախոտի հերն էր անիծում, դարպասն էր պինդ պահում։ Եվ այդ ամենը` չնչին թոշակով, սեփական ձեռքերով, առանց օգնության, մենակ... ինքն էր ու ինքը...Չաներ, տունը փուլ կգար, կծիծաղեին, ամոթանք կտային...Եվ միայն պապս չէր այդպես։ Ուրիշի օգնությանը սպասող մարդ չկար գյուղ տեղը։ Տներն էլ պինդ էին, ջահել, բերկրանքով ողող։
Ես իմ ծերունազարդ պապին երբեք պարապ չեմ տեսել, գյուղամիջում նստած, բազմոցին պառկած։ Ամեն օր հանդ էր գնում, այգին ու բանջարանոցն էր մշակում, իր նախագահ տեղով բակն էր ավլում, փայտ էր ջարդում...Պարզ երևում էր, որ նա սարսափում էր պարապությունից.
-Օրը ցերեկով պառկեցի բազմոցին, էլ վեր կենողը չեմ...
Երվանդն էլ էր այդպես, Արմենակն էլ, Գրիգորը, Հարությունը... Առաքելը...մութը մտնում էր տուն, իրենք էլ՝ հետը։
Բան չունեմ ասելու, վերջին տարիներին պետության ու համահայկականի միջոցներով շատ բան է կառուցվել այդ շեն տեղը։ Էլ համայնքապետարան, էլ մանկապարտեզ, էլ դպրոց, էլ հանդիսությունների տուն, առանձնատներ էլ, խաղահրապարակ ու գրադարան, ջուրն են հեռուներից բերել-հասցրել տուն, բնական գազն էլ փոխարինել է փայտին, բայց...էլի անհարմար է ասել, ծռված դարպասները ուղիղ կանգնելու մտադրություն չունեն, փողոցների ցեխը չի պակասում, պատերի ճաքերը չեն կարճանում, ջուրն էլ է մտնում տունը, փոշին էլ, մոլախոտն էլ...բոլորը սպասում են օգնության...գյուղամիջի ծռված նստարանին, հալումաշ բազմոցին...
Մի բան էլ ասեմ։ 92-ին էր, Ասկերանում։ Կռիվ տարի։ Տարիքն առած, հաշմանդամ մի մարդ, ռմբակոծությունից քարուքանդ տան կողքին նոր տան հիմքերն էր փորում։ Էլի մենակ, ինքն էր ու ինքը։ Չասեք, որ նման բան հնարավոր չէ, չասեք, որ չեք հավատում։
-Մարդ ինչ անում է, մենակ պիտի անի, հույսը դրեց ուրիշի վրա, կորած է,-նկատելով զարմանքս, գործից չկտրվելով ասում է,- հետո էլ, մարդ արարածը եթե կա, շնչում է, գործ պիտի անի, չարեց, մեռնելու է... կապ չունի` այսօր, վաղը, մյուս օրը, տարիներ անց...դա չէ կարևորը...
Չէ, իսկապես, անհարմար էլ է ասել, նոր ժամանակները վաղուց անհանգիստ ծեծում են մեր դռներն ու պատուհանները, և մենք, ուզենք-չուզենք, պիտի բացենք մեր դռներն այդ նոր ժամանակների առաջ։ Այդպես չեղավ, քաղաքակրթության քառուղիներում մեր երբեմնի խիզախումը ներկայացվելու է իբրև միֆ, հորինվածք, ինքնամխիթարանք։ Ժամանակակից բնակավայրը` կապ չունի, քանի բնակիչ ու տուն ունի, ուղղակի պարտավոր է լինել մաքուր, կանաչապատ, կենցաղի ժամանակակից պայմաններին համապատասխան... Այդպես մեր յուրաքանչյուր շեն՝ փոքրիկ մի քաղաք, մտածողությամբ, շինությամբ, ընթացքով՝ ժամանակի փորձությունը հաղթահարած արժեքներին հենված, անցյալապաշտությունից դուրս։
Ինչքան մտածում եմ, տեսածս ու ապրածս էլ բերում, դնում եմ իրար կողքի, էլի ամեն ինչ մի առանձին վերցրած մարդուց է, սկիզբն էլ, շարունակությունն էլ։ Ով ինչ էլ խոսի, որոշողը նա է։
Ինչ մնում է ինձ, ես այսքան բանն ասելուց հետո էլ չեմ ուզում բացատրել, թե ինչու ենք մենք Արցախ աշխարհում գյուղին ասում շեն, իսկ գյուղերին՝ գյուղարանք։
Բայց չեմ կարող չխոստովանել, որ ծռված տներից սկսել եմ վախենալ...


Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 25 Jan 2019 16:18:51 +0000
ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄՈՒԼ Է... http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/25891-2019-01-11-16-58-00 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/25891-2019-01-11-16-58-00 ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄՈՒԼ Է...
Մի քիչ էլ…

Ուղղակի չվախենանք ասել, որ մենք ենք թերացել, մենք ենք սայթաքել, ծուլացել կամ ավելորդ ջանացել։ Ուղղակի մեկ-մեկ կարողանանք, մեղմ ասած, ապաշխարել։ Մտածում եմ, որ դա այնքան էլ սխալ չէր լինի։ Եթե դա միշտ էլ չստացվի, կարելի է, գոնե, մի քանի անգամ փորձել։ Կստացվի՝ շա՛տ լավ, չի ստացվի, հերն էլ անիծած, կնշանակի սխալ ենք ապրում և ինչ-որ բան ինչ-որ մի տեղ էլի, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։ 

Չգիտեմ, գուցե տեսողության խնդիր էլ ունենք։ Այսինքն, այն, ինչ պարտավոր ենք տեսնել, պատկերացնո՞ւմ եք, չենք տեսնում, բայց տեսնում ենք այն, ինչ կարող ենք նաև չտեսնել։ Կարծում եմ, համաձայն եք, որ դա ամենևին էլ լավ չէ, որ դա մեզ խանգարում է ապրել...
Ի՞նչ է ստացվում...ո՞վ է մեզ հուշելու...ո՞վ է բռնելու մեր ձեռքը...Տագնապ կա մեջս...մի տեսակ անշոշափելի, բայց հարազատի նման, մտերիմ...անընդհատ ներկա, ամենուր հետևող...
Սարը բարձրացող չկա... Բարձրացածներն էլ չունեն իջնելու ցանկություն...Անձնականից դուրս ամեն ինչ սուտ է, անգույն, կարելի է ասել՝ մեռած...իմը իմ տնկածն է, իմ շինածը, իմ տեսածը...ՙԻնձնից հետո՚-ն իմը չէ, ՙինձնից հետո՚-ն սիրողական բեմադրություն է, թույլերի կերակուր, անտեսանելի հիմարություն, երբեք չիմաստավորվող հորինվածք...Կարող է լինել, կարող է նաև չլինել...ոչ մի տարբերություն...
Ուրիշի ծառը կարելի է հաճույքով կտրել, ուրիշի շինածը՝ առանց ցավ ապրելու քանդել, ուրիշի տեսածին՝ չհավատալ։ Եղածն իբր ինչ է։ Հիշո՞ւմ եք. ՙՀնձածդ խոտ չի՞...՚։
Շարունակենք. ՙՇինածդ տուն չի՞... անունդ դերասան չի՞... գրածդ ոտանավոր չի՞... մաքրածդ փողոց չի՞...ղեկավարածդ գյուղ չի՞...ստեղծածդ օրենք չի՞՚...
Այսպես բոլորին... քամահրանքով, մեկ-մեկ էլ՝ ծաղրելով...
Բոլորը տակառի մեջ գինու փոխարեն ջուր են լցնում... և ոչ մեկը չի մտածում, որ հետո իր խմածը նույն ջուրն է լինելու...
Տխուր բան եմ ասում, բայց ամեն մեկին թվում է ազնվության, նվիրվածության, հայրենիքի ու դարերով ստեղծված արժեքների միակ ու եզակի, հավերժ արթուն պահապանը հենց ինքն է, միայն ու միայն ինքը արևի տակ, ինչու չէ, երկնքում ու երկրի վրա..., և իրենից հետո ամեն ինչ կործանվելու է...
...Որովհետև ինձ չճանաչեցիք, երբ ձեզ հետ էի...
Հենց այդպես...ոչ մի կասկած, ոչ մի տարբերություն...երկյուղածության համատարած բացակայություն...
Պապիս հայրը՝ Մարտիրոսը, երբեք ոչ մեկից չդժգոհեց, չմեղադրեց, ուշունց չտվեց, Աստծոն իզուր օգնության չկանչեց, պարզապես գյուղում իր համար ծառ տնկելուց մի քիչ ձանձրացավ ու գնաց Ամարասի հովիտ, պապիս ասելով, իր սահմանը իր տնից, ծառից պոկեց ու տարավ, հասցրեց Ամարաս, մեծացրեց իր ապրելու տարածքը։ Եվ այնտեղ ուրիշ բան չէր անում այդ յոթանասունն անց այրը, գործն էլի ծառ տնկելն էր՝ թթենի, բայց արդեն ոչ իր համար։
Այդպես մի քանի տարի...անընդհատ...մենակ...աշխարհի հետ հաշտ... տնկեց վերջին ծառը, վերադարձավ գյուղ ու անտրտունջ մահացավ։ Իսկ ծառերն այսօր անմնացորդ պտղավորվում են, և երկրի ամենաքաղցր ու հյութեղ թութը հենց այդ ծառերին է...
Զարմանալի ու տարօրինակ ոչինչ ...մարդն ուղղակի սովորական, ծառ տնկող, գյուղացուն բարձրացրել, հասցրել է երկրի տիրոջ կարգավիճակի, ով ապրում էր հյուղականման տնակում, ու համարձակվում էր աշխարհի ու ժամանակի հարցերին պատասխանել ծառի անունից...
ո՞նց չասես երանի քեզ... Խոնարհումն ավելորդ է...մենք հաճախ դուրս ենք այդ երկխոսությունից...
Մեզանից յուրաքանչյուրը թագավոր է, զորավար, վարչապետ, նախարար, ծայրահեղ դեպքում՝ վարչության պետ...ծառ տնկողը քիչ է, հող մշակողը քիչ է, քարը քարին դնողը, չարչարանքի սահմաններն իր շեմից անընդհատ հեռացնողը, բանողը՝ ոտքերը հողի մեջ, գլխին՝ արևի պսակ...
Իսկ ահա ճառ ասողի պակաս երբեք չենք ունեցել ու չունենք...և չենք ուզում խոստովանել, լավ, հասկանալ, որ խոսելը մի բան է, օր ու գիշեր գործ անելը, երկիր պահելը, անձնականի տարածքները անվերադարձ թողնելը մի այլ բան...Եվ այդ գործ անողները քիչ են, շատ են քիչ, մատների վրա հաշվելիք, եզակի տեսակ...չթաքցնենք, մեկ-մեկ էլ ուշադրության ու հոգատարության արժան...
Նոր հիշեցի, պապս ասում էր, որ հայրը՝ Մարտիրոսը, հազվադեպ էր խոսում, երբ բան կար ասելու, երբ սպասում էին իր խոսքին, նույնիսկ կարոտում... Ասում էր` մարդիկ էլ են ափսոս, բառերն էլ...Ասում էր` խոսք ասողն ուրիշ պիտի լինի, գործ անողը՝ ուրիշ...Մի մարդը ինչքան էլ իրեն չարչարի, պարտադրի, չի կարող և՜ գործ անել, և՜ խոսել...չի լինի...
Ինչ մնում է ինձ, ես այսօր կարծես շատ խոսեցի և գործս մնաց...Թեպետ մինչ հիմա մեկը չի ասել, որ իմ գործն էլ, հնարավոր է, հենց խոսելն է... Եվ իմ տնկած ոչ մի ծառ չի պտղավորվելու...


Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 11 Jan 2019 16:54:12 +0000
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/25863-2019-01-08-12-57-41 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/25863-2019-01-08-12-57-41 ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ
...Ի՞նչ փոխվեց...ին՞չ ավելացավ,…

Հատկապես որ տարին էլ ավելի քան անհանգիստ էր, շնչարգելության որոշակի դրսևորումներով, ինքնատիպ, սովորական ընթացքից դուրս։ Թեպետ ավելի ազնիվ կլիներ ասել՝ շեղված։ Մի խոսքով` շատ բան տեսանք։ Զարմացանք, հրճվեցինք, հիասթափվեցինք, կորուստներ ունեցանք, մրսեցինք-մոլորվեցինք անտարբերության ու ինքնահավանության գույների առատությունից։ Հասկացանք, բացահայտեցինք, որ հայրենասերներն ամենևին էլ հայրենասեր չեն, իսկ անհայրենասերներն ուղղակի գժվում-խելագարվում են ափի մեջ հազիվ տեղավորվող հայրենիքի համար։ 

Քաղաքական անպտուղ սյուժեներով ու ծլնգոցներով փորձեցինք զարմացնել նույնիսկ իր այգին ու դաշտը մշակող, երկրի ամենածայրին ապրող, հայրենասիրությունից էլ համարյա չխոսող, բայց երբեք երկրի ձեռքը բաց չթողած մեր հայրենակիցներին։
Միայն այդքանը չէր, այսպես ասած, նորությունը, ցավոք սրտի։ Այդ հազարամյա ՙթատրոնում՚ խաղերն էլ շատացան 2018-ին, դերասանական նոր կազմով, բայց հազար անգամ խաղացված սցենար-ներկայացումներով՝ կարգին հնացած բառապաշարի, ինչպես ընդունված է ասել, նորովի մեկնաբանությամբ։ Եվ ոչ մեկին չէր մտահոգում, որ դահլիճը դատարկ էր ու ծափահարող չկար։ Այդ խաղերն էլ ոչինչ չփոխեցին թատերասերների կյանքում, չնայած ամենաշատ օգտագործվածը ՙժողովուրդ՚ բառն էր։
Ժողովուրդը չի ուզում...դա ժողովրդի ցանկությունն է...ժողովրդինն է օրենքը...իշխանությունը պատկանում է ժողովրդին...Որոշողը ժողովուրդն է...այնքան, որ այդ ՙժողովուրդ՚-ը դարձավ վերացական հասկացություն, անշոշափելի, մեզնից հեռու, մեզ հետ ոչ մի կապ չունեցող, նույնիսկ՝ օտար...
Եվ մենք միայն 2018-ին նոր գլխի ընկանք, համոզվեցինք, որ ժողովրդի մի մասը ժողովուրդ է, մյուս մասը` չէ։ Պատկերացնո՞ւմ եք, երկրի ամենածայրին ապրող, գիշեր-ցերեկ բանող Գրիգորյան Վարդանը ժողովուրդ չէ...Գիտե՞ք ինչու, որովհետև թքած ունի քաղաքական նորանոր բեմականացումների վրա... Օրինակ, եթե թքած չունենար, լավ էլ ժողովուրդ կլիներ, բայց քանի որ թքած ունի, չի կարող, անթույլատրելի է, ուղղակի բացառվում է։
Բա ո՛նց... այդպես էլ է լինում...դիալեկտիկա, ժամանակի պահանջ....Հերն էլ անիծած...
Կարևորը երկիրն է, որ կա, ապրում է...որ մերն է...իմը, քոնը...ամենաշատը հենց մոլորյալինը...Երևի լա՛վ ես հիշում մորթված եզը...միակ մատանին... Ի՞նչ է փոխվել դրանից հետո։ Եթե ասեմ՝ ոչինչ, էլի ազնիվ չէր լինի, որովհետև դրանից հետո անընդհատ ավելացել է մոլորյալների թիվը... Առաքյալները շատացել են...
Բայց, նորից եմ ասում, կարևորը Երկիրն է։ Դիմացող, հաղթահարող, ներող։ Այնքա՛ն լավը, այնքա՛ն, ոնց ասեմ, այնքան անձնական...Մի բան էլ, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, էդ երկրի ձեռքը պինդ բռնած ցորենաբույր Գրիգորյան Վարդանը չի սիրում, երբ իրեն փորձում են կյանք սովորեցնել, երեսին ճառ ասել, երբ խաբում են... Այ էդ մեկը Վարդանը, ինչքան էլ ցանկանա, ինչքան էլ փորձի ինքն իրեն համոզել, որ ներելուց երանելի բան չկա աշխարհում, չի կարող ներել...
Նրան գործից գցելն էլ համարյա հանցագործություն է...ինչքան էլ բացատրես, արդարացնես, որ դերասանը, վարորդը, հող մշակողը կամ բժիշկը կարող է և իրավունք ունի իր ուժերը փորձել սովորական քաղաքականության բեմահարթակին, մի լավ կծիծաղի... Եվ, կարծում եմ, ճիշտ էլ կանի, որովհետև համոզված է, որ ամեն մարդ այս արևի տակ իր գործով պիտի զբաղվի, այդպես չեղավ, կնշանակի ամեն բան քանդվում է...
Ճիշն ասած, ես էլ եմ այդպես մտածում։
Իսկ տարին արդեն լավ, վատ, հաջող, անհաջող, անաղմուկ պրծնում է, հավաքում է եղած-չեղածը։ Ասեմ, որ ես չեմ սիրում, ու երբեք էլ չեմ սիրել նրան ճանապարհելու այս արարողությունը։ Երբ նորն էլ առեղծված է, մեզնից անջատ ու հեռու, չերևացող... Եվ, կարծում եմ, ամենևին էլ մեղավոր չեմ, որ հաճախ մոռանում եմ ասելիքս, մի տեսակ տխրում եմ, որ ինչ-որ բան կորցրածի անհանգստությունն ինձ օրեր շարունակ չի թողնում, ուղղակի արգելում է մոտենալ մտածումի խաղաղ ու հանգիստ տարածքներին։
Ինչ ասեմ, գործ շատ ունենք։ Իրար չսիրեցինք, իրար անընդհատ մեղադրեցինք, շինածն ամեն օր քանդեցինք, մնալու է։ Ցավը մեր շեմից չի հեռանալու։ Մեր տուն եկող չի լինելու։ Լինելու ենք մենակ։ Եվ մի օր Գրիգորյան Վարդանն է լինելու ժողովուրդ, մի օր էլ՝ մեկ ուրիշը...կամ Վարդանն, ընդհանրապես, երբեք ժողովուրդ չի լինելու...
Բայց քանի որ Նորն արդեն կարգին ներկա է, և բերած խորհուրդներն էլ մեկը մեկից գայթակղիչ ու շողշողուն, ինձ մնում է միայն բոլորին հավաքել մեկտեղ ու, ինչքան հնարավոր է, առանց ավելորդ հուզականության մտմտալ` շնորհավորում եմ...


Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Tue, 08 Jan 2019 12:57:12 +0000