comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ՆՐԱ ՍԽՐԱՆՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ՆՐԱ ՍԽՐԱՆՔԸ

Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում նշել են զոհված ազատամարտիկ, ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր Լևոն Հարությունյանի ծննդյան 55-րդ տարեդարձը:

Լևոնը ծնվել է 1963թ. Քոլատակում, սովորել Ստեփանակերտի համար 1 միջնակարգ դպրոցում: Արցախյան գոյամարտի տարիներին նրա գլխավորած ջոկատը մասնակցել է Շուշիի, Ղարադաղլուի, Կարագյավի, Քյոսալարի և Լեսնոյեի ռազմագործողություններին: 

Ժամանակի մեծ մասն ազատամարտիկը տրամադրում էր ավելի շատ հայրենիքին: Հենց սա է պատճառը, որ զավակներն առայսօր ուղղորդվում են հերոս հոր պատգամներով: Որդու՝ Սամվել Հարությունյանի հուշերում երիտասարդ հայրը մտահոգ էր Արցախի ճակատագրով. ՙՀայրս 28 տարեկանում իր կյանքը զոհաբերել է հանուն Արցախի: Եթե նա կենդանի լիներ, կարծում եմ, անպայման կասեր՝ մենք ամեն ինչ արել ենք, որ մեր երեխաները, մեր ազգն ապահով ապրեն: Ես 7 տարեկան էի, երբ հայրս հրաժեշտ տվեց երկրային կյանքին. ուշ երեկոյան երբեմն գալիս էր տուն, մեզ համբուրում և վաղ առավոտյան նորից մեկնում այնտեղ, ուր զենքի ուժով վճռվում էր մեր երկրի ճակատագիրը՚:

Քոլատակի միջնակարգ դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթին մասնակցել են հերոսի հարազատները, մարտական ընկերներն ու համագյուղացիները: Դպրոցականները հերթական անգամ արժևորել են Լևոն Հարությունյանի վաստակն Արցախյան պատերազմում՝ նշելով, որ իրենք դաստիարակվում ու քայլում են Լևոնի պես հայրենասերների հետքերով: Կրթօջախի զինղեկ Թաթուլ Եսայանի խոսքով՝ նոր սերունդն արդեն իսկ ապացուցել է, որ հայրենիքի պաշտպանությունն ամուր ձեռքերում է. ՙԱյսօրվա սերունդն ուզում է իմանալ մեր հերոսների, նրանց սխրագործությունների մասին: Այդ օրինակներն են, որ նրանց ոգևորում ու դաստիարակում են հայրենասիրությամբ: Պատահական չէ, որ ապրիլյան պատերազմում մեր երիտասարդներն ապացուցեցին, որ իրենց հայրերի ու պապերի քաջագործություններով ոգեշնչված` սեփական կյանքն անգամ չեն խնայում հայրենիքի ազատագրման վեհ գործին՚:

Պապիկի ծննդյան 55-րդ տարեդարձին ասմունքով ելույթ ունեցավ նաև հերոսի թոռը՝ Յուստինան: Ասում է, որ պապի մասին շատերից է լսել, և  կարծում է, որ հայրենիքը պետք է սիրել ամենօրյա աշխատանքով, իր տարիքում թեկուզ դպրոցում լավ սովորելով: Ուսում է ստանում այն կրթօջախում, որտեղ ժամանակին պապն էր հաճախել: 

1992 թվականի հունիսի 13-ին, լսելով հայրենի գյուղին սպառնացող վտանգի մասին, Լևոն Հարությունյանը 6 ընկերների հետ ուղղաթիռով շտապում է օգնության: Սրխավենդ գյուղից ոչ հեռու խոցվում է ուղղաթիռը: Նրա դին տեղափոխում ու ամփոփում են ծննդավայրում: Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար Լևոն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով: Հերոսի հիշատակը հավերժացնում է նաև նրա հիշատակին Քոլատակում կանգնեցված խաչքարը:

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 15 Հունվարի 2019 12:12