ՆԱ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿՐԵՑ ԻՐ ԾԱՆՐ ԽԱՉԸ...

Մեր կողքին ապրում են մարդիկ` անտարբեր ճոխության ու շքեղության հանդեպ։ Նրանք ապրում են իրենց ապրած տարիների ծանր ու թեթև հիշողություններով, և նրանց ՙհարստությունը՚ դառնանուշ հուշերն են...Մեր քաղաքում շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր չեն ճանաչում կամ չեն լսել Լյուբով Տեր-Սահակովայի կյանքի պատմությունը։

 Այսօր էլ, երբ տիկին Լյուբան ժպտում է, տարիների քողը ետ է քաշվում նրա դեմքից, ու նրա ապրած դառն օրերի կծիկը բացվում է, և թել առ թել ընկնում են հիշողությունները` բացելով ժամանակի ծիրը... Ծնվել է 1952 թվականին, Մինգեչաուր քաղաքում, հաճախել է տեղի թիվ 4 հայկական դպրոցը, նաև ազգությամբ ադրբեջանցի ընկերուհիներ է ունեցել և մտքով անգամ չի անցել, թե մի օր կանգնելու են բարիկադների տարբեր կողմերում ու, դեռ ավելին, չէր էլ կարող պատկերացնել, որ իր վեց արու զավակները (նա 8 երեխա է լույս աշխարհ բերել) մի օր կանգնելու են առաջնագծում, իսկ հակառակորդի ճամբարում իր մանկապատանեկան տարիների ընկերուհիների զավակները սուր են բարձրացնելու իր որդիների վրա։ Առ այսօր ձեռքը չի գնում ադրբեջանցի ընկերուհիների լուսանկարները պատռել։ 

Մարտադաշտում երեք որդի կորցրած տիկին Լյուբան աշխարհին նայում է անքեն մոր հոգով ու հայացքով: Ոչ մի մայր, հաստատ, պատերազմ չէր ցանկանա, ինչ ազգության էլ որ պատկանի։ Որդեկորույս մոր ցավն ազգություն չունի։ Նրանք որդի են ծնել խաղաղ, երջանիկ ապրելու՜ ակնկալիքով, սակայն նրանց զավակները պարտադրված էին սուր վերցնելու։ Բազմազավակ ընտանիքում է մեծացել Լյուբան, ինը երեխա էին, այդ տարիներին բազմազավակությունը հարգի էր։ Մարտակերտի շրջանից Մինգեչաուր տեղափոխված ընտանիքը 1968թ. կրկին բռնեց տունդարձի ճանապարհը։ 16 տարին նոր էր լրացել, երբ տեղափոխվեցին Ստեփանակերտ։ Սովորեց տեղի գյուղատնտեսական տեխնիկումի հաշվապահական բաժնում։ Ավարտեց, աշխատանքի անցավ, ամուսնացավ, ընտանիքավորվեց։
Բազմանդամ ընտանիքի հոգսն ուսած մայրը ամուսնու՝ Բորիսի (հոգևորականների ընտանիքից սերված) հետ ձեռք ձեռքի աշխատում էին, որ հասցնեն։ Ղարաբաղյան շարժման տարիներին որդիներն արդեն չափահաս էին ու հերթով մտան պայքարի հորձանուտ։
Տիկին Լյուբան երկու անգամ զույգ երեխաներ է ունեցել: Տուն չունեին, դժվար էին ապրում, մի օր էլ Կրեմլ նամակ գրեց, Վալենտինա Տերեշկովայի միջամտությունից հետո հինգսենյականոց բնակարան ստացավ, հոգսերը մի փոքր թեթևացան։
Մեծ որդին՝ Աշոտը, զոհվեց Կրկժանում 1992 թվականի հունվարին, նրան հողին հանձնեցին եղբոր` Արսենի ծննդյան օրը։ Աշոտն ընդամենը 23 տարեկան էր։ Եղբայրը՝ 16-ամյա Արսենը, եղբոր վրեժը սրտում, ծառայության անցավ Ասկոլկայի (Աշոտ Ղուլյան) մոտ։ Շատ արագ աչքի ընկավ, հետախույզ էր, գնդացրորդ, բարդ առաջադրանքներ էր կատարում, բազմաթիվ մարտական գործողությունների մասնակցեց, շրջափակման մեջ ընկավ և հնարամտությամբ մի կերպ դուրս եկավ, արժանացավ մայորի զինվորական կոչման։ Իսկական հետախույզ էր՝ ՙբողոքում՚ է մայրը, երբ մի բան էի հարցնում, կարճ էր կապում. ՙզինվորական գաղտնիք է՚, ասում էր։ Լյուբա մայրիկը հոսպիտալ ու հիվանդանոց էր գնում, դոնորական արյուն հանձնում վիրավորների համար ու սրտի դողով հետևում, թե այս անգամ էլ որ մի զոհին ու վիրավորին կբերեն։ Արսենը երկու անգամ ծանր վիրավորվում է, բայց, դեռ կարգին չապաքինված, կրկին շարք է վերադառնում, երկրորդ վիրավորման ժամանակ բժշկին սպառնում է ու փախչում հիվանդանոցից, արդեն փոխհրամանատար էր և չէր կարող իր մարտիկներին բախտի քմահաճույքին թողնել։ Արսենը զոհվեց 1994թ. Գյուլիջայում, ընկավ մարտական ընկերոջ՝ Վաչագանի հետ միասին։ 94-ի ապրիլի 13-ն էր, փոքր որդու՝ Վլադիմիրի ծննդյան օրը բերեցին երրորդ որդուն` Արսենին։ Մինչ այդ Վլադիմիրը ծանր վիրավորվել էր Ջանհասանի ազատագրման օրը, երկրորդ խմբի հաշմանդամ է, բժիշկները մի կերպ են փրկել նրա կյանքը։ Տիկին Լյուբան իր ծանր խաչը արժանապատվությամբ կրեց, սա նրա վերջին փորձությունը չէր. 1994 թվականին բանակ զորակոչված Արտակը 1996 թվականի մարտի 8-ին, երբ արդեն հարաբերական խաղաղություն էր, ՙԵղնիկներում՚ ականի պայթյունից զոհվեց։ Արտակի զորացրվելուն երկու ամիս էր մնացել, մայրը որդուն դիմավորելու պատրաստություն էր տեսնում, բայց, ավա՛ղ... մորը լուր էր ուղարկել` մարտի ութին տուն եմ գալու, ապսպրել էր, չեկավ...բերեցին։ Հարազատներից ոչ մեկը չէր համարձակվում լուրը հայտնել մորը, ամենավերջում իմացավ, դրան էլ դիմացավ, դիմացավ սևը ներս արած՝ սպիտակը դուրս։ Տիկին Լյուբան խոստովանում է, որ երբեք մարդկանց ներկայությամբ արցունք չի թափում, իր դարդը մենակ է լացում, գիշերները, իսկ մարդկանց բաժանում է իր ժպիտը, իսկ այն նրան շա՛տ է սազում։ Նրա ոչ միայն սիրտը, այլև ձեռքն է բաց, դատարկ ձեռքով դուռ չի բացում, իսկ շուրթերին բոլորի համար բարի խոսք ու բարեմաղթանք ունի։
Ամանորյա տոների առիթով նա շատ ասելիք ունի, բայց գլխավոր խոսքը խաղաղության բարեմաղթանքն է։ Նա նոր տարին մենակ է դիմավորում ինքն իր ու հուշերի հետ` ամուսնու ծննդյան օրն է, իր օջախից դուրս չի գալիս, զավակները գիտեն, էլ չեն ստիպում, հարմարվել են. մայրն իր ասածի տերն է, նրան համոզելն այնքան էլ հեշտ չէ։ Իսկ արդեն հաջորդ օրերին նա շատ հյուրեր է ունենում ու շատ շնորհավորողներ: Որդիների մարտական ընկերներին զավակների չափ սիրում ու հարգում է, իսկ նրանք էլ` իրենց հերթին, պաշտում են տիկին Լյուբային: Ստեփանակերտի զինվորական կոմիսար գնդապետ Գրիգորի Գասպարյանին տիկին Լյուբան իր իններորդ զավակն է համարում և նրա պես շա՛տ-շատերին։ Ութ զավակ լույս աշխարհ բերած մայրն ու 14 թոռնիկների տատիկը յոթը աղոթք ունի, յոթն էլ սահմանում կանգնած զինվորների համար։ Թող ոչ մեկի մատը փուշ չմտնի, ծառայեն խաղաղության մեջ,-ասում է ու ավելացնում,-թող այլևս պատերազմ չլինի:

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 14 Հունվարի 2019 10:37