comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱՐԵ՜Վ, ՆՈՐԱԿՈՉԻԿ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵ՜Վ, ՆՈՐԱԿՈՉԻԿ...

Շնորհավորում եմ քեզ` Պաշտպանության բանակ ոտք դնելու կապակցությամբ... Դե ի՞նչ, Հայկ Նահապետի հաղթական զարկը փառավորելու հերթը քոնն է։

 Ես գիտեմ, որ դու հպարտ զինվոր ես լինելու, նվիրված, անձնազոհ, ընկերոջդ համար հոգի ու շունչ չխնայող։ Համոզված եմ, որ ինքդ էլ քաջ գիտակցում ես. այն սահմանահատվածը, որ երկու տարի քո պահպանության տակ է լինելու, քո ողջախոհության ու աչալրջության ՙթիրախը՚, քեզ համար սահմանադրական պարտքի կատարման պարտականություն չէ սոսկ։ Այն քո երկրի անցյալի, ներկայի ու գալիքի անվերջանալի սահմանն է... Հենց այդտեղով անցել ու անցնում են քո արիական ծագման ողջ նախապատմությունը, պատմությունն ու ուղին։ Ինքնահաստատման ճանապարհի դեգերումների ողջ ընթացքում դու ժողովում էիր գոյությանդ ավիշը, որ արյանդ որդան կարմիրով գծես քո հոգևոր ու մարմնավոր Հայրենիքը։

Ես համոզված եմ, որ քո գենետիկ կենսահոսքում տիրականորեն նստած է խաղաղության երաշխավոր-պահապանը, և որ դու արժանի հետնորդն ես հորդ, եղբորդ, նրանց մարտական ընկերների, ովքեր ազատ ու անկախ Արցախի համար վճարեցին արյամբ... Դու նրանց գործի աներեր ժառանգորդն ես։ Նրանց, որ երկրի, պայքարի ու ճակատագրի տեր էին, ամենակարևորը՝ հաղթանակների տեր էին ու այդ ամենը նրանք քեզ են փոխանցում։ Եվ հիմա դու հաղթանակած բանակի զինվոր ես, քո ներսի կենսածիլը ինքնահաստատվելու ու հաղթելու վճռով է շոշ ու սաղարթ արձակելու։
Հպարտ եղի՜ր, որ հաղթողի իրավունքը պատիվ արվեց քեզ, քո հարազատները պարտության մատնեցին մահվանը` իրենց արյունը շաղախելով Երկրի բռաչափ հատվածին։ Հպարտ եղի՜ր, վճռական ու անսասան, վասնզի հաղթանակներն առավել շատ տղամարդու մենաշնորհ են։ Այժմ տղամարդ դառնալու քո փորձաշրջանն է: Գիտեմ` դու այն պատվով կհաղթահարես, ծնողներիդ ու հրամանատարներիդ ամոթով չես թողնի։ Դու ինքդ ես իմաստավորելու քո ծառայությունը։ Հայ զորականն իր խոսքի, իր պայքարի տերն է, իր երկրի, նրա ճակատագրի տերը, և ոչ մի մոգական ուժ չի շեղելու նրան իր ընտրած ուղուց։ Ոչ մի չար ուժ ի զորու չի լինելու հետ պահել նրա հաղթաբազուկ ու անվրեպ ձեռքը, և վա՛յ նրան, ով կփորձի խաթարել խաղաղության երաշխավորի պահպանելիք սահմանը, ազգային ոգորումների, ազգային անպարտելիության, հպարտության սահմանը, որը տիրականորեն նստած է նրանցից յուրաքանչյուրի կենսահոսքում... Իսկ այդ կենսատարածքը բազմագույն է ու բազմաշերտ, սկիզբ է առնում հայի առաջին հաղթանակներից ու հասնում մինչև մեր օրեր։
...Քո նախահայրը, նախապապն իր ճակատագրի տուտը միշտ էլ պինդ են բռնել, չեն նվնվացել, չեն բողոքել ու չեն դժգոհել, իրենց Խաչին տեր են կանգնել տղամարդավարի, ու թե փորձել են Խաչն առնել ձեռքից՝ ըմբոստացել են արցախցուն վայել ժայռակողությամբ։ Եթե մի պահ հետ նայենք ու հարցնենք ինքներս մեզ, թե որն է մեր հարատևության գաղտնիքը, ապա պատասխանը պարզ օրվա պես կկանխի հարցդ. ՙՊարզապես Դավիթն այստեղ է կռվել, պարզապես Նարեկն այստեղ է գրվել...՚:
Մեզ վիճակված, մեզ պարտադրված մաքառումների ճանապարհին թե ծնկել ու ընկել ենք, ընկել ենք կաղնու պես միայն։ Կաղնու այդ շիվերից մեկն էլ դու ես։ Այն տարածքը, որ պահպանելու ես երկու տարի, միայն սահմանահատված չէ, այն դեպի Ամարաս,Գանձասար, Ղազանչեցոց տանող դուռ է... Բանն ի սկզբանե էր, նախաստեղծ, ահա թե ինչու դու առաջին հերթին պիտի ականջիդ օղ անես քո հրամանատարների ու ավագ ընկերների խոսք ու խորհուրդները։ Դու դեռ նրանց կենսափորձը չունես, ու երբ արդեն ինքդ էլ նրանց պես հոգով-մտքով ասպազեն լինես, այնժամ միայն իրավունք կունենաս զեկուցել Հայրենիքիդ, որ պատրաստ ես մեկընդմիշտ նրա ճակատագիր կերտող զինվորը լինել։ Համոզված եմ, որ քեզ տրված երկամյա փորձաշրջանը պատվախնդրությամբ, արժանապատվությամբ կհաղթահարես...

Մենք դատապարտված ենք ազգովին Երկրապահ լինել, պահել Երկիրը, որ ինքն էլ մեզ պահի, տիրություն անի մեզ, որ մեր ապրելու ու ապրումների շերտածալքերն ադամանդվեն ոչ թե շատ սեղմվելուց, այլ ներքին կենսաերակի հաշվին, այն կենսաերակի, որը, չնայած փոքր ածու լինելուն, աղբյուր է եղել և ոչ թե հեղեղ... Եվ իր վերքն ու ցավը ՙՀորովել՚ է դարձրել, պանդխտության կսկիծը` ՙԿռունկ՚, մեղվի նման թույնից նեկտար է հավաքել՝ մեղր քամել դառնությունից ու հավերժել է... Դու այդ տեսակի ժառանգորդն ես ու պետք է հպարտ լինես. այն մեծ նժարին, ժողովրդի բախտի նժարին` ՙորտեղ ապագան ու պատմությունն են դարձել կշռաքար, հպարտ եղիր քո պանծալի, քո լուսավոր այս ներկայով, որ... գալիք է այլոց համար՚։

 Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Last modified onՈւրբաթ, 18 Հունվարի 2019 11:07