comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԵՐՍ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԵՐՍ...

 

Ամեն բանի ժամանակ կայ, և ժամանակ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։
Քարեր դէն գցելու ժամանակ, և քարեր ժողովելու ժամանակ, գրկելու ժամանակ, և գրկելուց հեռանալու ժամանակ։ Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ, պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ։

Աստվածաշունչ, Ժողովող 3։5

 

Քարերը ժողովելու ժամանակն անցավ...Կասեք` չէ՛...Թե մենք ենք, այդ մտայնությունն էլ հետո դառնալու է բնավորություն, կենսակերպ...Լավ, բա ե՞րբ է գալու քարը քարին դնելու ժամանակը...Հիմա էլ կասեք` չե՞ս տեսնում, ամեն օր քարի վրա քար է դրվում, ակոսին հատիկ է պահ տրվում, սահմանում՝ ծնվում խաղաղության ասքը։ Տեսնում եմ, բայց քիչ է, ասում եմ...պրկված ջղեր, նյարդահույս ներվաթելեր չեմ տեսնում: Ուզում եմ` ոչ թե նախանձենք նրան, ով լավ է ապրում, ով շքեղ մեքենաներ ու առանձնատներ ունի (իհարկե, ազնիվ ճանապարհով ձեռք բերած), այլ նրան, ով ունի ՙՄարտական խաչ՚, ով 30 տարի է ծառայում է առաջնագծում ու ոչինչ չունի, ով վստահ է, որ իր վարձքն այնտեղ է` երկնքում։
Ուզում եմ, որ գա ոչ միայն քարի վրա քար դնելու ժամանակը, այլև մտքի վրա միտք դնելու, խղճի վրա խիղճ դնելու, հոգու ու սրտի վրա սիրտ ու հոգի դնելու ժամանակը։ Ուզում եմ, որ մեզ համար ՙխորհրդանիշ՚ լինի ոչ թե խայթող ու ծուռումուռ գնացող օձը, այլ հզոր ու անպարտելի Առյուծ արքան, որի երևալուն պես բոլորն ինքզինքը հավաքում, իրենց չափն ու կշիռն են ճանաչում ։ Թափենք քարերը փեշերից, իսկ առաջին հերթին` մեր սրտերից, և թող իրավունքի մեջ մտած 2019-ին քար չպոկվի ու չպակասի Արցախի կայունության որմնապատից։ Մեղվի պես լինենք, ոչ թե կկվի, որ տնավորվում է ուրիշի բնում: Պատեհ-անպատեհ Իսրայել ժողովրդին օրինակ ենք բերում, նրանց գործ ու պայքարը մատնանշում, բայց հազարներով տանը նստած զլանում-ալարում ենք մեր քաղաքացիական պարտքը կատարելուց։
Ես նա եմ, ով ուզում է ամեն ինչ փոխել, փոխել աշխարհի ներսն ու դուրսը... Ո՞վ եմ ես իմ հայ տեսակով։ Ես աշխարհին զարմացնող, աշխարհը ՙծնկի բերող՚ Շառլ Ազնավուր եմ:
Ես աստղերի հետ խոսող Վիկտոր Համբարձումյանն եմ, ու աստղերի փիլիսոփայությունը, ՙՆարեկացու աղերս՚-ին խառնած Գրիգոր Գուրզադյանը։ Ես փոթորիկները մի քանի վրձնահարվածով սանձող Հովհաննես Այվազովսկի եմ, բայց իմ երկրի նախշերը չեմ ճանաչում։ Թամանյան եմ, որ մերժեց աշխարհը, հայրենիք վերադարձավ ու կառուցեց... Երևանիս նոր շունչ տվեց իր կյանքի գնով։ Հոգուս մեջ սրբացած Չարենց, Սևակ ու Տերյան ունեմ, հոգուս մեջ օվկիանոսներ կան, բայց վտակներիս ցավը իմը չէ, ու մի ցեց անվերջ քրքրում է արյունս, որովհետև ես ոչ թե պատեհապաշտ եմ, այլև առավելապաշտ: Մասիսի ստորոտ տանող ճանապարհը չեմ տեսնում, ինձ միայն Մասիսի գագաթն է հետաքրքիր։
Վկայություն եք ուզում, խնդրեմ` ԽՍՀՄ և ԱՄՆ միջև սպառազինության սուր մրցավազք կար։ Ի՞նչն է հետաքրքիր. ԽՍՀՄ միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտորն էր Սամվել Քոչարյանցը, իսկ ամերիկյանինը՝ Պոլ Տեր-Կարապետյանը։ Սովետական լուսնագնացը ստեղծել էր Ալեքսանդր Քեմուրջյանը, իսկ ամերիկյան լուսնային ավտոմոբիլի կոնստրուկտորը Ջոն Հայլաջյանն էր, ԽՍՀՄ հիմնական ռազմական ինքնաթիռների ստեղծողը Արտեմ Միկոյանն էր, իսկ ամերիկյան ֆանտոմինը՝ Վահե Քյուլպելյանը՚։ Ուրիշի համար կարող ենք, ինչո՞ւ մեզ համար չի ստացվում։ Ինչո՞ւ, որովհետև սիրում եմ իմ երկիրը, բայց հեռվից, սիրում եմ մորս, բայց նրան միայն դեպքից դեպք եմ հիշում։ Ես աշխարհում առաջին քրիստոնյա ազգն եմ, բայց իմ փոխարեն գյուղիս լքված եկեղեցիներում մայրս է աղոթում, որ իր աշխարհացիր զավակներին Աստված յոթը ձեռքով պահի-պահպանի։ Սիրում եմ երկրիս զինվորին, սիրում եմ նրա սխրանքը, բայց ամեն հնար գործադրում եմ, որ որդիս գոնե մի օր սահմանին չկանգնի։ Ո՞վ եմ ես, վերջապես, օր ու գիշեր ո՞ւմ ջրաղացին եմ ջուր լցնում, երբ ունկերիս մեջ մեր գյուղի ջրաղացի միալար բզզոցն է։ Իմ անունն է խիղճ, պատիվ, արժանապատվություն, սեր, սակայն ո՞վ եմ ես, տեր Աստված, դու ներս նայելու շնորհ արա բազմամեղիս, գոնե մեկ անգամ լսիր աղաչանքս, բոլոր քարերը թափիր փեշերիցս, ձեռքս տուր Խաչդ ու օրհնիր ճանապարհս՝ նախ դեպի Էրգիր, հետո նոր տար ինձ սահմանապահներիս մոտ (այնտեղ ինձ ճանաչողներ դեռ կան), ու զորություն տուր բազկիս կառուցելու զավակներիս քարակուռ Արքայանիստ Դղյակը, որի չորսբոլորը չկան ավելորդ քարեր և այլևս անցել է դրանք ժողովելու ժամանակը...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 22 Հունվարի 2019 10:13