comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹԵԹԵՎ ՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՃՏՔԱԿՈՇԻԿՆԵՐ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵԹԵՎ ՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՃՏՔԱԿՈՇԻԿՆԵՐ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայկական բանակում կհագնեն ավելի հարմարավետ ու թեթև ճտքակոշիկներ։ Դրանք արտադրում է նորաբաց ՙԷյ բութս՚ ընկերությունը՝ տեղակայված Ստեփանակերտում։ Բանակին նոր կոշիկներ մատակարարելուց առաջ գործարանը փորձնական նմուշներ է ուղարկել հայկական երկու պետությունների բարձրլեռնային զորամասեր, որտեղ սեփական արտադրանքն, այսպես ասած, քննություն է անցել։

 Ընկերության տնօրեն Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ արձագանքները դրական են, բողոքներ չկան: ՙԱրդեն 4-րդ ամիսն է` փորձարկումները շարունակվում են։ Արձագանքները միայն դրական են, և հույս ունեմ, որ այդպես էլ կլինեն։ Կարող եմ ասել, որ զինվորական կատարյալ կոշիկ կարելը հեշտ գործ չէ, և մեկ փորձով քչերն են կարողանում լավ արտադրանք ստանալ։ Առաջին խմբաքանակն ուղարկելուց հետո ևս կսպասենք արձագանքների, ըստ որոնց կպլանավորենք մեր անելիքները՚,- հավելել է Տ. Պետրոսյանը։

Բանակի դրական արձագանքն ընկերության աշխատակիցներին չի զարմացրել, որովհետև նրանք կոշիկները կարում են խնամքով։ Կանայք գործին մոտենում են մայրական սրտացավությամբ։ Լիանա Սարգսյանն ասում է, որ Պաշտպանության բանակի շարքերում նաև բարեկամներ ունի, և կատարած աշխատանքի առաջին գնահատականը նրանցից է ստանալու: ՙՄեր սիրտը զինվորների համար ցավում է։ Ուզում ենք, որ նրանք հագնեն որակյալ կոշիկներ և բողոքներ չունենան՚,-ասում է նա։
ՙԷյ բութս՚-ում առայժմ արտադրում են միայն զինվորական կոշիկներ։ Սպաների համար կարտադրեն, թե ոչ, կորոշեն բանակում: Պատրաստակամ են շտկել թերությունները, եթե այդպիսիք լինեն: ՙՃտքակոշիկներն ունեն ութ ամիս հետերաշխիքային ժամկետ։ Եթե այդ ժամանակահատվածում մեր մեղքով կոշիկները շարքից դուրս գան, մենք պատրաստ ենք դրանք փոխարինելու նորով։ Բանակի հետ այդ պայմաններով ենք աշխատում՚,-հավաստիացնում է տնօրենը:
Կոշիկների հումքը գործարանը ներկրում է արտերկրից՝ մաքուր սև կաշի, նաև ռետինից ու պոլիուրիտանից պատրաստված տակացուներ, որ քարքարոտ մարտական դիրքերում դիմանան։ Տակացուն ոչ թե կարվում, այլ կոշիկին միանում է ձուլման եղանակով։ Ոլորտում մոտ 20 տարվա փորձ ունեցող Սուրեն Ծատրյանը վստահեցնում է, որ զինուժին առաջարկվող կոշիկները ջրադիմացկուն են ու շատ թեթև:
Տիկին Դոնարան շուտով թոռանը կճանապարհի բանակ։ Ավելի հանգիստ է, որ կհագնի այն նոր կոշիկները, որ նաև ինքն է կարում։ Օրական մոտ 100 զույգ կոշիկ է պատրաստում՝ վստահ, որ նորակոչիկները չեն մրսի ու երկար կհագնեն: ՙԱշխատում ենք, որ և՜ տեմպը պահենք, և՜ որակը։ Շուտով թոռս է զորակոչվելու բանակ։ Ուզում եմ, որ զինվորները ճտքակոշիկները հագնեն երկար, լինի հարմարավետ՚,-ասում է մեր զրուցակիցը:
Նորաբաց ընկերությունը մոտ 90 աշխատակից ունի՝ փորձառու դերձակների հարևանությամբ արդեն աշխատում են երիտասարդները։ Աշխատանքային պայմաններից ու վարձատրությունից գոհ են։ Սերինե Սարգսյանն ափսոսում է, որ նման գործարաններն Արցախում քիչ են. ՙԱշխատանքս սկվում է ժամը 9-ին և ավարտվում 18։00-ին։ Պայմանները գոհացնում են։ Գիտեմ, որ այսօր շատ երիտասարդներ աշխատանքի կարիք ունեն, բայց չեն կարողանում տեղավորվել։ Ցանկանում եմ, որ մեր երկրում այս ուղղությամբ մտածեն՚։
Ընկերությունում նախատեսում են ընդլայնել արտադրության ծավալները։ Չեն բացառում, որ ժամանակ ունենալու դեպքում մտածեն նաև քաղաքացիական կոշիկներ արտադրելու ուղղությամբ։ Իսկ առայժմ Պաշտպանության բանակ են առաքում նոր կոշիկների առաջին խմբաքանակը։

 

 
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 23 Հունվարի 2019 14:51