comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙ1000 ԴՐԱՄՆԵՐԻ՚ ՎԵՐԱԴԱՐՁԸ. Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ՄՈՒԾԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙ1000 ԴՐԱՄՆԵՐԻ՚ ՎԵՐԱԴԱՐՁԸ. Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ՄՈՒԾԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԸ

Ովքե՞ր եւ ի՞նչ չափով են կարող հետ ստանալ պարտադիր դրոշմանիշային վճարները, ի՞նչ պետք է անել դրա համար: Խոսքը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող պարտադիր 1000 դրամների մասին է: Մի շարք դեպքերում դրանք ենթակա են լրիվ կամ մասնակի վերադարձման: Ինչպե՞ս է դա կատարվում եւ ի՞նչ ժամկետներում. մանրամասնել են Ֆինանսների նախարարությունում:

 Հունվարի 18-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը բաշխել է շուրջ 822 միլիոն դրամ: Մուտքերը կազմել են ավելի քան 13 միլիարդ 171 միլիոն դրամ, որից նվիրատվությունը կազմել է մոտ 193 միլիոն, պարտադիր բաղադրիչը` մոտ 13 միլիարդ դրամ: Դրանից 429 միլիոն դրամը 2018 թվականին Արցախից են փոխանցել: Թիվը կարող է փոխվել: ՙԴեկտեմբեր ամսվա համար դրոշմանիշային վճարների վճարման ժամկետը գործատուների համար սահմանված է մինչեւ հունվարի 20-ը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` մինչեւ մայիսի 1-ը: Հետեւաբար, այս գումարները վերջնական չեն, ավելանալու են՚,- ընդգծում է ՖՆ հարկային վարչարարության մեթոդաբանության եւ հարկ վճարողների իրազեկման բաժի պետ Արմինե Մուսայելյանը: Օրենքով նախատեսված բացառություններից բացի դրոշմանիշային վճար մուծում են աշխատող բոլոր քաղաքացիներն ու անհատ ձեռնարկատերերը: Նրանց մի մասն իրավունք ունի ամբողջությամբ հետ ստանալ կատարած վճարումները: ՙՊարտադիր դրոշմանիշային վճարներն ամբողջությամբ կարող են հետ ստանալ զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը եւ զավակը, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց ծնողները եւ ամուսինը՚,- թվարկում է Ա. Մուսայելյանը: Կատարած վճարումերի մասնակի վերադարձի հնարավորություն ունեն այդ կատեգորիաների մեջ չներառվողները: Խոսքը նրանց մասին է, ովքեր դրոշմանիշային վճար են կատարել 1-ից ավելի հիմքով: ՙԱսենք, եթե տարվա ընթացքում մուծել է ոչ թե 12 հազար դրամ, այլ 24 հազար դրոշմանիշային վճար, այսինքն, գերազանցել է պարտադիր շեմը: Կամ` միաժամանակ ե՜ւ անհատ ձեռնարկատեր է, ե՜ւ վարձու աշխատող, կամ` ե՜ւ վարձու աշխատող է, ե՜ւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ Է մատուցում՚,- մանրամասնում է բաժնի պետը: Պարտադիր բաղադրիչից ավել վճարած գումարները վերադարձնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: Սակայն նախքան հիմնադրամին դիմելը պետք է փաստաթղթերի որոշակի փաթեթ հավաքել, նախ` գործատուներից, ապա` հարկային մարմնից: ՙՆախ տվյալ ֆիզիկական անձինք պետք է տեղեկանք ստանան գործատուից, որ դրոշմանիշային վճարը պահվել է նրանց եկամուտներից: Տեղեկանքը ստանալուց հետո նա դիմում է հարկային մարմին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի եւ հանրային ծառայությունների համարանիշի պատճենները,-մանրամասնում է Ա. Մուսայելյանը:- Եթե անձը հանդիսանում է զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ, պետք է ներկայացնի նաեւ Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված տեղեկանք: Իսկ եթե պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց ծնողները կամ ամուսինն են դիմում, պետք է ներկայացնի համապատասխան զինկոմիսարիատից տեղեկանք՝ տվյալ անձի՝ ծառայության մեջ գտնվելու ամիսների վերաբերյալ՚: Պետք է դիմել հարկային մարմնի տարածքային ստորաբաժանումների սպասարկման բաժիններ: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հարկային մարմինը ստուգում է շահառուի անվամբ կատարված դրոշմանիշային վճարների չափը եւ տալիս համապատասխան տեղեկանք: Դրանից հետո շահառուներն արդեն կարող են դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին անձամբ, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Արցախի պարագայում ամենապրակտիկն էլեկտրոնային եղանակն է: Դրա համար պետք է մուտք գործել հիմնադրամի կայք` 1000plus.am հասցեով: Հիմնադրամին դիմելու հայտը լրացվում է առցանց` պահանջվող պատուհաններում ներբեռնելով սկանավորված փաստաթղթերը, նշելով կարգավիճակը, գումարը ստանալու տարբերակը: Վերջնաժամկետ կա: Վարձու աշխատողները կարող են հիմնադրամին դիմել մինչեւ փետրվարի 28-ը, անհատ ձեռնարկատերերը` մինչեւ ապրիլի 30-ը:


Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 23 Հունվարի 2019 14:59