Logo
Print this page

ԿԻՍՎԱԾ ՀԱՑ

ՙՍլավան շատ հեռատես ու վճռական բնավորություն ուներ: Համոզված էր, որ այս կռիվը արցախցիներիս համար լինելու է հաղթական, ու ոչինչ չէր խնայում,- այսպես է սկսում իր խոսքը ամուսնու մասին Ամալյան:

-Իսկ առաջին փորձությունը եղավ Շարժման առաջին տարում: Մի օր Ստեփանակերտից թռուցիկներ էր բերում գյուղ, երբ Խոջալուում օմօնականները բռնեցին նրան: Դպրոցի տնօրեն Զավեն Բեգլարյանի և կրթօջախում տեղակայված ռուսական բանակի բարձրաստիճան զինվորականի ջանքերով Սլավան տուն է վերադառնում, և մայրը՝ Ժենյան, մինուճար որդու ոտքերի տակ աքլոր է մորթում ու պատվում հյուրերին՚:

Սլավան կանգնած է եղել շարժման ակունքներում: Երբ մարդիկ դեռևս շշուկով էին արտահայտվում ղարաբաղյան խնդրի շուրջ, նա, որ արդեն հայրենի Խնապատ գյուղի դպրոցում էր աշխատում (աշխատանքի ուսուցիչ էր), արհեստանոցը զինանոց էր դարձրել: Համոզված էր՝ զենքն անպայման պետք էր գալու. չէ՞ որ լավ գիտեր մեր ՙհարևաններին՚: Դաստիարակվել էր նաև մեծ Պատմահոր կարևորագույն գաղափարով. ՙՔաջերի սահմանն իրենց զենքն է՚:
Դեռևս Քարագլխի դիրքերում էր (նա եղել է նոր-նոր ձևավորվող ջոկատի առաջին հրամանատարը), որ կանխազգում էր մոտալուտ արհավիրքները:
Շուտով գյուղի վրա արկերի կարկուտ տեղաց: Վտանգն ահագնանում էր, մահն էլ՝ անխուսափելի դառնում: Սլավան հոգում մի անխախտ ուխտ ուներ. ՙՈսոխը չպետք է ոտք դնի մեր սուրբ հողին ու պղծի այն՚: Ու հավատարիմ մնաց իր ուխտին: Կինը փորձում է մանրամասնել Սլավայի մարդկային արժանիքները՝ անընդհատ դեպքեր հիշելով նրա կյանքից. ՙՇատ ընկերասեր էր. հոգատար և ուշադիր բոլորի հանդեպ: Մի օր շտապ ներս մտավ՝ հետևից բերելով իր ջոկատի տղաներին: Բոլորին մեկ-մեկ նստեցրեց աթոռին, սափրեց գլուխները: Դե, պատերազմ էր, վարսավիրանոց չկար, իսկ ինքը ելքը գտել էր՚:
Կինը, մայրն ու երեխաներն առանձին սրբություն էին նրա համար: Շատ էր երազում երկու որդիներին՝ Նվերին և Էրիկին, մեծացած տեսնել: ՙՄի դեպք, սակայն, խոր նստվածք է թողել հոգուս մեջ: Զոհվելուց մի օր առաջ էր: Գիշերը երազում մայրս հաց է մեկնում ինձ, բայց նկատում եմ, որ հացը կիսված է… Արթնանում եմ շատ մտահոգ ու անհանգիստ: Առավոտյան, երբ փորձում եմ թերմոսը վերցնել, ձեռքիցս ընկնում է ու փշրվում: Մտածում եմ` գուցե սա էր խորհրդանշում կիսված հացը, ու փոքր-ինչ խաղաղվում եմ՚:
Օրը կիսվում էր. ժամը 12-ի մոտ էր արդեն, թշնամու հրետանին կրկին գյուղի վրա ՙկարկուտ՚ թափեց: Հերթական զոհը Սլավան էր: Նրան հուղարկավորեցին նույն օրը՝ երեկոյան, հինգ հոգով...
Օրեր անց միայն գյուղի բուժքույր Սվետան պատմեց, թե ինչ էր ասել նրան Սլավան, երբ առաջին օգնությունն էր ցույց տալիս. ՙՍվետա, միևնույն է, ես մեռնելու եմ, բայց ափսո՛ս, ամեն ինչ կիսատ մնաց…՚:
Այսպես 1992թ. հունիսի 23-ին ընդհատվեց Սլավա Մելքումյանի երկրային կյանքը. նա ընդամենը 36 գարուն էր ապրել: Նա զոհվեց իր սիրելի ընկերոջ՝ Արթուրի մահից ընդամենը տասնմեկ օր անց, որի շիրիմի մոտ օրեր առաջ շշնջացել էր, որ հերթն իրենն է: Անկատար մնաց այն մարտական առաջադրանքը, որ այդ օրերին ծրագրել էին տղաներով (պետք է հարձակում ձեռնարկեին Խրամորթի ուղղությումբ), բայց տղաները կատարեցին իրենց ընկերոջ սուրբ ուխտը. թշնամուն թույլ չտվեցին ոտք դնել հայրենի հողին: Գյուղի մերձակա բարձունքում՝ Չոփ աղբյուրի մոտ, որտեղ ջրի էր գնացել ծարավ ընկերների համար և թշնամու արձակած արկից մահացու վիրավորվել, դեռ շրշում են ծառերն ու թփերը խիզախ մարտիկի փառքի երգը: Աղբյուրն էլ խոխոջում ու դարերի հավերժությանն է հանձնում ամեն մի ընդհատված կյանքի փառահեղ պատմությունը: Հայրենիքի աննկուն մարտիկը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով:
-Այդ դաժան օրվանից անցել է 26 տարի,- փորձում է խոսքն ավարտին հասցնել Սլավայի այրին,- բայց այդ ամենն ինձ երազ է թվում: Կարծես թե, ինչպես այն տարիներին էր, հերթական մարտից հետո կարճ ժամանակով կմտնի տուն, կողջագուրվի բոլորիս հետ և հոգնած ժպիտը դեմքին կասի. ՙՈղջո՛ւյն, հարազատներս, ինչպե՞ս եք՚...


Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.