comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԸ

ՙՄարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է՚

Գարեգին ՆԺԴԵՀ

 1960թ. սեպտեմբերի 28-ին տոն էր հինավուրց Շուշի քաղաքում ապրող Աղաջանյանների հարկի տակ։ Երջանիկ հոր՝ Սերգեյի ուրախությանը չափ ու սահման չկար, արու զավակ էր ունեցել, այսինքն` թև ու թիկունք։ 

Երբ եկավ դպրոց հաճախելու ժամանակը, ծնողներն Էդիկին (այդպես էին կոչել նորածնին) տարան հայկական դպրոց։ ՙՄեր երեխան պիտի մայրենիով ուսում ստանա՚,-այս էր նրանց համոզմունքը։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Էդիկն ընդունվեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, ուր ուսումնառության չորս տարիների ընթացքում ստացավ տեխնիկ-մեխանիկի որակավորում։ Այնուհետև ծառայեց Գերմանիայում տեղակայված խորհրդային բանակի զորախմբի տանկային ստորաբաժանումներից մեկում և ձեռք բերեց խիստ անհրաժեշտ զինվորական մասնագիտություն։ Արցախյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ բարեբախտություն էր, որ այն ժամանակ դա եղավ, և ձեռք բերած զինվորական մասնագիտությունները հետագայում պետք եղան Արցախյան պատերազմում։
Իսկ մինչ այդ, զորացրվելուց հետո, 1982թ. Էդիկն աշխատանքի անցավ Ղարմետաքսկոմբինատի՝ Շուշիի դ 3 ոլորման արտադրամասում՝ որպես վարպետի օգնական, մեկ տարի անց՝ նաև բրիգադավար։
Հանգամանքների բերումով 1984թ. ընտանիքով նա տեղափոխվեց հայրենի Սզնեք գյուղ, ուր և մինչև 1988թ. աշխատեց որպես տրակտորիստ։
Բազում հայրենակիցների պես Էդիկը ոգևորությամբ ընդունեց Արցախյան շարժումը, անմիջական մասնակցություն ունեցավ համազգային պայքարին։ Իսկ երբ պարզ դարձավ, որ անկախությունն ու պետականությունը նվաճվում են սոսկ զենքի ուժով, նա անվարան զինվորագրվեց Սզնեքի ինքնապաշտպանության ջոկատին։ Այնուհետև դասակի վերակազմավորված և Շոշի վաշտի մեջ մտած այդ ջոկատի կազմում նա մասնակցեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։
Արյան կանչով հայրենյաց պաշտպան դարձած Էդիկ Աղաջանյանի առաջին լուրջ մարտը 1992թ. հունվարի 26-ին էր, երբ Սզնեքի դասակը Գրիշա Միքայելյանի գլխավորությամբ օգնության էր շտապում Քարինտակի պաշտպաններին։ Նրանք գնում էին Սղնախից Քարինտակ տանող կարճ ճանապարհով, ուր, սակայն, թշնամին վաղօրոք դարանակալել էր և կատաղի կրակի տակ առել սզնեքցի մարտիկներին։ Մարտում զոհվեց հրամանատար Գրիշան։
Կամավորական ազատամարտիկ Էդիկ Աղաջանյանն անթաքույց խանդավառությամբ մասնակցեց իր ծննդավայրի՝ Շուշի քաղաքի ազատագրմանը։ Նա գրոհող այն խմբի կազմում էր, որը Ջրաղացի ձոր կոչվող տեղանքով առաջանալով, շարժվեց Շուշիի ավտոբազայի ուղղությամբ։ Ալբերտ Գյուրջյանի դասակի կազմում Էդիկը Շուշի մտավ մայիսի 9-ի առավոտյան։ Նա մեծ բերկրանք ապրեց, որովհետև նրան բախտ էր վիճակվել մասնակցելու հայրենի քաղաքի ազատագրմանը։
Ինչպես հիշում են նրա մարտական ընկերները, երբ մայիսի 10-ին հակառակորդը ներխուժեց Սառնաղբյուր-Դահրազ ռազմավարական ուղղությամբ, իրենց վաշտը տագնապով հանվեց և ուղարկվեց Դահրազ, սակայն գյուղում արդեն ադրբեջանցի զինյալներն էին։ Էդիկն իր զինակիցների հետ դիրքավորվեց ՙԶառավոր ծառ՚ կոչվող բարձունքում՝ հակառակորդի հետագա առաջխաղացմանը դիմագրավելու համար։ Հայ մարտիկները, հարևան ստորաբաժանումների հետ համագործակցելով, մի քանի անգամ փորձեցին ազատագրել Դահրազը, սակայն, մարտական տեխնիկայի բացակայության պատճառով դա չէր հաջողվում։ Այդ հանդուգն մարտական գործողություններին մասնակցում էր նաև Էդիկը։ Շոշի վաշտի հրամանատար Արգամ Հարությունյանը Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանից զրահատեխնիկա է խնդրում և ստանում մեկ Տ-72 տանկ, որը նախատեսված էր առաջիկա ռազմագործողության և վաշտի հարվածային հզորությունը մեծացնելու համար։
Արցախի Ինքնապաշտպանության ուժերը ձեռնարկեցին աշնանային ռազմարշավի առաջին հարձակողական ռազմագործողությունը։ Էդիկը մասնակցեց 1992թ. սեպտեմբերի 4-ի նշանավոր գործողությանը, որի արդյունքում ազատագրվեցին Նախիջևանիկ, Փրջամալ, Արանզամին, Սառնաղբյուր, Դահրազ, Ավդալ և Գյուլափլու գյուղերը։ Ալբերտ Մարգարյանի հրամանատարությամբ հայ մարտիկները, այդ թվում և Էդիկը, մտան Դահրազ։ Այս մարտը Էդիկի համար շրջադարձային էր նաև այն առումով, որ հենց դրա ընթացքում նա զգաց, որ տանկով ավելի շատ օգուտ կարող է բերել յուրայիններին: Որպես մեխանիկ-վարորդ` նա կարճ ժամանակամիջոցում վերհիշեց խորհրդային բանակում ծառայելու տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հնարքները, դարձավ հմտավարժ տանկիստ։
1993թ. փետրվարից Էդիկը ծառայությունը շարունակեց տանկային գումարտակում, մասնակցեց Ասկերանի ու Մարտակերտի պաշտպանական շրջանների հիմնական մարտերին: Նա մասնակցեց Աղդամի պատմական ռազմագործողությանը։ Հակառակորդի հենակետերից մեկի՝ Շելլիի կողմից մտնելիս, Էդիկի տանկը թեև գետակում ՙպայթեց՚ ականի վրա, բայց անձնակազմը բարեհաջող ազատվեց այդ փորձանքից։ Մարտից հետո տանկը հանեցին ու նորոգեցին, ինչին անմիջապես հետևեց մարտական հերթապահությունը Սարիջանլուի տեղամասում։
Աղդամի շրջանում, Գյուլուջա-Սումմա-Ղարբանդ ճակատային գծով Պաշտպանության բանակի հակահարձակման ժամանակ Էդիկ Աղաջանյանի վարած տանկի անձնակազմը մարտական առաջադրանք էր իրականացնում կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի առաջխաղացման ուղղությունում։ Նա մարտերին մասնակցում էր անմնացորդ նվիրումով` հավատացած, որ հեռու չէ հաղթանակը:
1994թ. հունվարի 6-ին, երբ մութն արդեն վրա էր հասել, հոգնած անձնակազմը՝ Սերգեյ Բալայանի հրամանատարությամբ, ուզում էր տանկը մտցնել թաքստոց, սակայն անսպասելի խփվեց դարանակալ թշնամու կողմից։ Այն բոցավառվեց միանգամից։ Կտրվեց Էդիկ Աղաջանյանի կյանքի թելը։ Եվս մի քաջորդի գնաց ձուլվելու հայրենիքի նվիրյալ նահատակների աստղաբույլին:


Նանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 29 Հունվարի 2019 10:43