comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը՝ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը՝ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐ

1991 թվականին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ դեկտեմբերից՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։

 1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց ՙՀայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ՚՝ այդ կերպ հայտնելով Հայկական ազգային բանակի ստեղծման մասին։ Ինչպես 27 տարի առաջ, այնպես էլ այսօր, Հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ ու հուսալի երաշխավորը: Հայոց բանակի կազմավորման բեկումնային տարիները 1992-1994 թվականներն էին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղան նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացվեցին ազգային բանակի ստեղծման հարցում:

Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիսը: Այս ժամանակաշրջանում Ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
Երկրորդ փուլը 1992թ. հունիսից մինչև 1994թ. մայիսն էր։ Այս շրջանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները գտնվում էին Ադրբեջանի ագրեսիայի թիրախում։ Երրորդ փուլն սկսվել է 1994թ. հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։
1990թ.-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեց հինգ վաշտ։ 1991-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-ից 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՙՀՀ զինապարտության մասին՚ օրենքով։ Հայաստանի Հանրապետությունը, 1992թ.-ի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի համագործակցությունը նույնպես տարեցտարի խորանում է, ընդլայնում են համագործակցության ոլորտները:
Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարեւորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները: Նաեւ նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը: Մի շարք երկրներում խաղաղապահ առաքելությանը միանալով՝ Հայաստանն ապացուցեց, որ համաշխարհային անվտանգության պահպանման և երկարատև խաղաղության կողմնակիցն է։ Սա գաղափարախոսություն է, որի կրողը չի կարող լինել ագրեսոր։ Հայկական բանակը նաև տարածաշրջանում անվտանգության պահպանման երաշխավորն է։ Հենց սահմանին կանգնած զինվորի քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթյունավտանգ չի դառնում և սահմանապահ հայորդին կարողանում է թշնամուն խաղաղություն պարտադրել։
Արցախի Հանրապետությունում, սկսած 2001 թվականից, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ՙՏոների և հիշատակի օրերի մասին՚ ԼՂՀ օրենքի հոդված 3-ով Հայրենիքի պաշտպանի օրը նշվում էր փետրվարի 23-ին։ Սակայն 2018թ. դեկտեմբերին ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին՚ ԼՂՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Նույն օրենքի հոդված 3-ով այսուհետ Հայրենյաց պաշտպանի օրը նշվելու է հունվարի 28-ին և լինելու է ոչ աշխատանքային։ Այս և մի շարք այլ հոդվածների մասով փոփոխություններ մտցնելու համար պատգամավորական նախաձեռնությամբ ու առաջարկությամբ հանդես էին եկել ԱՀ ԱԺ պատգամավորներ Ռոմելա Դադայանը և Ռիտա Մնացականյանը։ Մեզ հետ զրույցի ընթացքում տիկին Դադայանն ասաց, որ հարցն իրենց վաղուց էր հուզում և ոչ միայն դա, այլև վերոնշյալ մի շարք հոդվածներ փոփոխության կարիք էին զգում։ Սկսել են հոդված 1-ից, այն էր` Ամանորյա և Ծննդյան տոները, նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)` ոչ աշխատանքային օրեր։

Կարիք եղավ ՙնախածննդյան տոներ՚ արտահայտությունը փոխել ՙնախածննդյան օրեր՚ արտահայտությամբ, իսկ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չի առնչվում ոչ մի տոնի հետ։ Դրանք սովորական հետամանորյա, նախածննդյան օրեր են։ Այս և մի շարք հոդվածների փոփոխության հետ կապված սկզբնական շրջանում կային տարաձայնություններ, բայց քննարկումների փուլում ամեն ինչ հարթվեց, և հոդվածներն արդեն փոխվել և օրենքի ուժ են ստացել։
Ինչ վերաբերում է Հայրենյաց պաշտպանի օրվան, ըստ տիկին Դադայանի, այն ևս փոփոխության կարիք էր զգում։ ԱԺ պատգամավորի փաստարկմամբ` հունվարի 28-ին ՀՀ-ում արդեն քանի տարի նշվում է Հայկական բանակի օրը, իսկ մեր բանակը նրա բաղկացուցիչն է, հայոց բանակը մեկն է, ընդհանուր է։ Մեր սպայակազմի համար այն ոչ աշխատանքային է, իսկ արցախցիների համար՝ աշխատանքային։ Հարկ է, որ սպաների ընտանիքների համար ևս լինի ոչ աշխատանքային, և նրանք կարողանան տոն օրը նշել ընտանիքի անդամների հետ։ Ըստ Ռ. Դադայանի` փետրվարի 23-ն արդեն հնացած է, այն խորհրդային ժամանակներից մնացած հուշ է, ուստի որոշվեց այդ օրն այլևս չնշել և Հայրենյաց պաշտպանի օր համարել հունվարի 28-ը։ Դրա կարիքը նոր և աճող սերունդն էլ է զգում, և ովքեր բանակի շարքերն են համալրելու, պիտի իմանան, որ իրենք հայրենիքի անվտանգության երաշխավորն են, մեր սահմանների պաշտպանները։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 29 Հունվարի 2019 11:04