comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐԸ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐԸ...

 

 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Հայաստանի և Արցախի Ազգային հերոս, ՙՀայրենիք՚ և ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին մարտի 5-ին նրա անունը կրող զորամասում։ Ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Վ. Սարգսյանի հարազատներ, պետական այրեր, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին զորամասում տեղադրված հերոսի կիսանդրու պատվանդանին։

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում նշեց, որ օրը հիշարժան է բոլորի համար: Նշվում է հոբելյանը մի մարդու, ով ապրեց որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ և արեց հնարավորը հանուն հայրենիքի ազատության ու պաշտպանության, անկախության ու բարօրության, դառնալով Հայոց նորագույն պատմության կերտողներից մեկը` անունը հավերժ թողնելով մեր հերոսական տարեգրության մեջ։
Ըստ Հանրապետության նախագահի` Վ. Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներից է, ում կհիշեն և՜ սերնդակիցները, և՜ հետագա սերունդները։ Կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ ու հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի։ Նա իր կատարած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը, ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, նրանց կտանի դեպի նոր հաղթանակներ։ Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը` որպես հայրենիքի հավերժ զինվոր։
Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին։ Նրա անմիջական և գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց Պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը։
Նա իր կյանքն անմնացորդ նվիրեց հայրենիքն հզոր ու ծաղկուն, զարգացած ու բարեկեցիկ դարձնելու գաղափարի իրականացմանը։ Սերունդները պետք է շարունակեն այդ ճանապարհը, շարունակեն արժանապատվորեն, ինչպես պատգամել է Վազգենը, միշտ պատրաստ լինելով պաշտպանել հայրենիքն ու նրա ապագան։ Դա է Սպարապետի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը, դա է հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու հզորացման ճիշտ ուղին։
Ելույթի վերջում նախագահ Բ. Սահակյանը շնորհավորեց բոլորին Սպարապետի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ասելով. ՙՆա միշտ կենդանի է, միշտ մեզ հետ է, մեր կողքին։ Դա է ամեն օր ու ամեն ժամ ապացուցում մեր հերոսական բանակը, մեր երիտասարդ խիզախ զինվորները, ովքեր, շարունակելով նախնիների ավանդույթները, հուսալիորեն պաշտպանում են հարազատ ժողովրդի անդորրը և անառիկ պահում հայրենի երկրի սահմանները։ Նրանք դաստիարակվել են Վազգեն Սարգսյանի ու մեր քաջ հերոսների օրինակով և այսօր էլ պատվով են շարունակում նրանց գործը՚։
Վ. Սարգսյանի անունը կրող, ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր զորամասի հրամանատար, գնդապետ Արտյոմ Առաքելյանի խոսքով` Վազգեն Սարգսյանը, իրավամբ, համարվում է մեր ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկը։ Արցախը երբեք չի մոռանա ճակատագրական 1992 թվականի ամառը, երբ Սպարապետի մարտակոչով հարյուրավոր մահապարտներ շտապեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Գնդապետ Առաքելյանը երախտիքի խոսքեր հղեց բոլոր խոնարհ հերոսներին՝ երդվելով ու վստահեցնելով նրանց, որ իրենց բաժին կռիվը մինչև վերջ կտանեն։
Ն զորամասի զինծառայող, սերժանտ Գագիկ Հարությունյանի սրտաբուխ խոսքը հնչում էր երդումի պես:
Նույն օրվա երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցած հուշ-երեկոյին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Արկադի Ղուկասյանը, Վ. Սարգսյանի հարազատները, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, իմաստավորելով մեծ անհատի՝ Վ. Սարգսյանի պատմական դերը, ասաց, որ Սպարապետը` որպես ռազմական ու պետական գործիչ, ձևավորվել է Արցախյան շարժման ընթացքում։ 1989-1992թթ. լինելով ինքնապաշտպանության կամավորական ջոկատների հրամանատարը, նա հսկայական ավանդ է ներդրել ռազմական հաջողությունների ձեռքբերման, ՀՀ սահմանամերձ շրջանների, Արցախի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման գործում։
Պաշտպանության նախարարի դիտարկմամբ` ջոկատների միավորումը նույնպես միշտ չէ, որ հարթ էր ընթանում։ Այստեղ ևս դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ էր աներեր կամք ու համառություն։ Այդ խնդիրների կատարումն արդեն բավական էր, որ Վազգենը համարվի պատմական մասշտաբի պետական ու ռազմական գործիչ։
ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը բարձր գնահատեց Վ. Սարգսյանի գրողական տաղանդը, նրան, ով ընտրել էր բառը, սակայն այնպես եղավ, որ դարձավ զորական, զենքի մարդ։
Նա, ինչպես Հրանտ Մաթևոսյանն է ասել, դարձավ ՙիր ժամանակի ու տարածության տիրակալը՚ և ազգի հերոսության առասպելականությունը դարձրեց իրական։ Ապա գրողների միության նախագահը վերհիշեց Վազգենի հետ ունեցած հանդիպումներից մանրամասներ Հայաստանի գրողների միությունում, Ստեփանակերտում և այլուր: Վազգենը մի անգամ Ծաղկաձորում, գրական խորհրդակցության ընթացքում, ելույթ ունեցավ ու այսպիսի մի միտք ասաց՝ շատ հակիրճ. ՙԻսկական գրողը նա է, ով կարողանում է գրել իր ՙԱլպիական մանուշակը՚։ Նա իր ՙԱլպիական մանուշակը՚ ստեղծեց ոչ թե սպիտակ թղթի վրա՝ գրչով, այլ արյամբ հեղեղված ռազմադաշտում։
ՊԲ զինծառայող Նորայր Քամալյանը, չնայած մարմնավորում է նոր սերնդի ներկայացուցիչներին ու անձնապես չի ճանաչել Սպարապետին, բայց հասակ է առել նրա և մեծերի կտակած դասերով, քաջ գիտակցելով, որ հայրենիքի փրկությունն ու ազատությունը կախված է հայ զինվորի բազկից ու ոգուց։
Վ. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, շնորհակալություն հայտնեց ասված խոսքերի, հնչեցրած գնահատականների համար, որոնք, նրա գնահատմամբ, գեղեցիկ էին ու տեղին։ Հանպատրաստից ու անկեղծ խոսքում Ա. Սարգսյանը: Ասաց նաև, որ Վազգենի կենդանության ժամանակ երբեք նրան չեն գովել, հակառակը` և՜ ինքը, և՜ շրջապատը հազար ու մի մանրուքներով ծանրաբեռնել են Սպարապետին: Ա. Սարգսյանը համոզված է, որ Վազգենի գործունեության ամենագլխավոր գրավականն ազատագրված, անկախ ու պաշտպանված Արցախն է։
Օրհնանքի խոսք ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա հետաքրքիր դրվագներ պատմեց իրենց հանդիպումներից, որոնցից յուրաքանչյուրը մի պատգամ էր, իսկ վերջում ասաց, որ Սպարապետի լավագույն հուշակոթողը նրա անկատար երազանքները կյանքի կոչելը կլիներ, իսկ Վազգենի համար հայոց խրամատը Արցախով է անցնում։

 

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 06 Մարտի 2019 17:17