comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՎԵՐՎԱԾ, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՂԱԶԱՆՉԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԵՐՎԱԾ, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՂԱԶԱՆՉԻ

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Հորինված ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող Ադրբեջանում երբեք չեն խոսում Ղազանչիում կատարվածի մասին։ Այն մասին, թե ինչպես 1992թ. մարտի 5-ին ադրբեջանական զինուժը ողջակիզեց գյուղում մնացած ծերերին՝ մի մասին հետո բռնարարքների ենթարկելով Աղդամից ոչ հեռու։ Եվ սա այն դեպքում, երբ դրանից օրեր առաջ Արցախի ինքնապաշտպանության ուժերը մարդասիրական միջանցք են ապահովել Խոջալուում՝ պատերազմի ընթացքում առաջնորդվելով խաղաղ բնակիչներին չթիրախավորելու սկզբունքով։

Ղազանչեցիները Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության զավթողական նպատակներին ծանոթ էին դեռ Արցախյան շարժումից առաջ։ Այն ժամանակ, երբ գյուղի հարևանությամբ սնկի պես աճում էին ադրբեջանաբնակ գյուղերը՝ սկզբում լուրջ վտանգ ներկայացնելով գյուղացիների երթևեկությանը, այնուհետև` գյուղատնտեսական աշխատանքներին, հետո՝ նաև կյանքին։ Մարտին Եսայանը հիշում է՝ անգամ մարզական խաղերի վերջում ադրբեջանցիները պարտադիր պետք է վիճեին. ՙՍովորույթ կար երբեմն ադրբեջանական գյուղերի մեր հասակակիցների հետ ֆուտբոլ խաղալ։ Ինչպես միշտ, խաղն ավարտվում էր մեր օգտին, որին հաջորդում էր նրանց կողմից հրահրված կռիվը։ Վերջնարդյունքում պարտություն կրած, ծեծ կերած վերադառնում էին իրենց գյուղը։ Ինչ ոտնձգություն մեր հանդեպ կատարել են, կարող եմ ասել, տասնապատիկը ստացել են ղազանչեցիներից՚։
Ղազանչեցիները պատմում են, որ հարևան ադրբեջանաբնակ 13 գյուղերից վտանգն ավելի մեծ էր Արցախյան շարժման տարիներին, երբ գյուղ տանող ճանապարհով երթևեկելն այլևս անհնարին էր կամ էլ հղի սպանություններով։ Այս գիտակցումով 1990 թվականին բացվում է Ղազանչի տանող երկրորդ ճանապարհը։ Թեմուր Առուստամյանի խոսքով՝ ճանապարհի բացմանը նպաստել են ինչպես ղազանչեցիները, այնպես էլ Շարժման առաջամարտիկները. ՙԱրդեն 1990 թվականին մենք գրեթե շրջափակման մեջ էինք՝ կային դիրքային հրաձգություններ, փոքր խմբերով հարձակումներ։ Այդ օրերին Ղազանչիից մեկնողներն ստիպված էին ձեռքի տակ զենք ունենալ և պարտադիր երթևեկել տղամարդկանց ուղեկցությամբ։ Կանխազգալով սպասվող իրադարձությունները՝ կարճ ժամանակահատվածում մենք ձեռնամուխ եղանք այլընտրանքային ճանապարհի կառուցմանը՚,-հիշում է նա:
1992 թվականի մարտի 4-ին տեղի ունեցավ այն, ինչ ղազանչեցիները սպասում էին։ Դրանից առաջ գյուղացիները կազմավորել էին ինքնապաշտպանական ջոկատ և աշխարհազոր։ Աշխարհազորում ընդգրկված էին տարեց տղամարդիկ՝ այդ թվում նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, ովքեր հերթապահում էին ցերեկային ժամերին, իսկ ինքնապաշտպանական ջոկատում գյուղի երիտասարդներն էին, և Ղազանչիի պաշտպանությունը ստանձնել էին որսորդական հրացաններով ու հատուկենտ ինքնաձիգներով։ Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Թեմուր Առուստամյանը պատմում է, որ առավոտյան ժամը 9-ին Կիրովաբադից բերված գումարտակն ու հարևան ադրբեջանական գյուղերի խաժամուժը հարձակվում են Ղազանչիի վրա՝ դիրքերում աշխարհազորն էր, ջոկատի տղաներն իջել էին տներում փոքր-ինչ հանգստանալու: ՙԻնքնապաշտպանական ջոկատում ունեինք 28 հոգի, որոնցից 5-ն այդ օրը բացակայում էին։ Օղակի մեջ գցելով մեր գյուղը՝ ադրբեջանական զինուժը սկսում է թիրախավորել նաև խաղաղ բնակիչներին. միայն մարտի 4-ին 9 զոհ ենք ունեցել։ Ամբողջ օրը մարտ վարելով՝ մեզ հաջողվեց պահել այն դիրքը, որի ուղղությամբ կարող էինք նորակառույց ճանապարհով կապ հաստատել Կիչան գյուղի հետ՚,-ասում է Թ. Առուստամյանը:

Արդեն երեկոյան ադրբեջանական ուժերը հետ են քաշվում։ Ստեղծված իրավիճակում ջոկատի հրամանատարը հրավիրում է կարճատև խորհրդակցություն, որտեղ որոշվում է օգնություն չստանալու դեպքում հանել խաղաղ բնակչությանը։ Ղազանչիի պաշտպանության մասնակից Մարտին Եսայանի խոսքով՝ երջանկահիշատակ Վլադիմիր Բալայանը փորձել էր աջակցել Ղազանչիին. ՙՕգնության գալու փորձերն ապարդուն էին, որովհետև գյուղ բերող ճանապարհը տրակտորով փորված էր՝ շրջանաձև ականապատված։ Հետո էլ, առանց կապի միջոցների ինչպե՞ս իմանայինք, թե ովքեր են եկողները՝ անգամ հնարավոր էր փոխհրաձգությունը յուրայինների միջև։ Ստեղծված իրավիճակում մնացինք 23 հոգով, կյանքի և մահվան գոտեմարտում հարյուրավոր ադրբեջանցիների դեմ՚։
1992թ. մարտի 5-ին ադրբեջանական զինուժը նորից հարձակվում է Ղազանչիի ուղղությամբ։ Առանց արտաքին աշխարհի հետ կապի, ջոկատի տղաները շարունակում են պայքարել։ Մարտին Եսայանի խոսքով՝ Ղազանչիի պաշտպանությունը հերոսամարտ էր առանց չափազանցության, որն առայժմ ամբողջությամբ չի ուսումնասիրվել. ՙԱնհավասար մարտում ջոկատի տղաներն արել են անհնարինը։ Նրանք համարձակվել են կռվել հակառակորդի պատրաստված զինուժի դեմ, որը քանակով ու զինամթերքով գերազանցում էր մի քանի անգամ՚։
Ծանոթ լինելով հակառակորդի ձեռագրին՝ Ղազանչիի ինքնապաշտպանական ջոկատն սկսում է դուրս բերել Ղազանչիի խաղաղ բնակչությանը։ Նրանց ուղեկցող դասակի հրամանատար Բ. Ալավերդյանն ասում է՝ ընտրել էին դժվար, բայց համեմատաբար անվտանգ ուղղությունը. ՙՄորեխի նման հարձակվել էին մեզ վրա։ Մեր ձեռքում մնացել էր մեկ դիրք ու այն արահետը, որով պետք է տեղափոխեինք անզեն մարդկանց։ Տեսնելով, որ այլևս հնարավոր չէ դիմադրել, մենք որոշեցինք գնալ այդ քայլին՚։
Մարտի 5-ին Ղազանչին ընկնում է։ Գյուղում մնացած անշարժունակ տարեցներին ադրբեջանցիները ողջակիզել են՝ հրդեհելով տները։ Գյուլխաս Հայրապետյանի մասունքները հարազատները մի կերպ են գտել։ 15-ամյա թոռը կռվում էր։ ՙԳյուղի ազատագրումից հետո մեր հրդեհված տանը հայտնաբերել ենք տատիս ոսկորները։ Նա անկողնային վիճակում էր և շարժվել չէր կարող։ Իսկ մենք կռվում էինք։ Թողնել դիրքերն ու գալ տատին օգնության, կնշանակեր դիմել ռիսկի և չփրկել ժողովրդին՚,-պատմում է Սերգեյ Հայրապետյանը։
Գերեվարված ղազանչեցիներին ադրբեջանցիները տեղափոխել են Աղդամից ոչ հեռու։ Նրանցից Ասյա Ավագիմյանը հրաժարվել է քայլել ու սպանվել է գյուղում։ Որդին՝ Վլադիմիր Ավագիմյանը, մոր դիակը դուրս է բերել, երբ դեռ գյուղը գերության մեջ էր։ Նրան հաջողվել էր բանակցությունների միջոցով գնալ Ղազանչի. ՙԿրակել էին մորս սրտին՝ նա բերանքսիվայր ընկած էր աղբյուրի մոտ, որտեղ ես գտել եմ նրան մարտի 18-ին։ Մինչ այդ ինձ հաջողվել է լինել ՙՇաղբուլաղ՚ կոչված տեղամասում, որտեղ պահում էին մեր գյուղից 5 հոգու՝ մնացածին սպանել էին՚։
Գերեվարված ղազանչեցիներին ադրբեջանցիները ենթարկել են բռնարարքների։ Վլադիմիր Ավագիմյանը պատմում է, որ գերեվարված համագյուղացիներին ադրբեջանցիները ենթարկել են կտտանքների, ողջակիզել կրահորերի մեջ։ Ղազանչիի խաղաղ բնակչության կոտորածի, հայրենի գյուղի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և Ղազանչիի հերոսամարտի մասին է նրա ՙՂազանչի՝ դրախտի և դժոխքի միջով՚ գիրքը. ՙՙՇաղբուլաղում՚ տեղի է ունեցել իսկական բարբարոսություն։ Ինձ պատմել են, որ բոլորին մերկացրել են և բանտարկել մեկ խցի մեջ՝ անկախ սեռից ու տարիքից։ Վայրագություններն այն աստիճանի էին, որ ամուսնու աչքի առաջ բռնաբարել են կնոջը, որդու աչքի առաջ՝ մորը։ Եվ սա այն դեպքում, երբ գերիները տարեց մարդիկ էին՚։
Ղազանչին ազատագրվել է 1992 թվականի մարտի 22-ին՝ գրեթե առանց կրակոցների։ Այդ օրվանից գյուղացիները հաճախ են այցելում հարազատների շիրիմներին։
1995 թվականից ղազանչեցիներն ապրում են իրենց իսկ հիմնած Նոր Ղազանչիում։ Պատերազմի դառնությունը ճաշակած գյուղում առավոտները կրկին խաղաղ են։ Հպարտությամբ են ասում՝ Մարտակերտի շրջանի այս հատվածում ադրբեջանական զավթողական նպատակները ձախողել է Ղազանչին՝ դիմակայելով հարևան 13 ադրբեջանաբնակ գյուղերի բոլոր սադրանքներին։

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 14 Մարտի 2019 16:10