comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 ՙՖոտոլուր՚-ի լուսանկարչի՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերի այս լուսանկարը մեծ արձագանք ու լայն տարածում գտավ սոցցանցերում և հայ իրականության մեջ։ Սերունդների եռամիասնությունից բացի, այն դարձավ քառօրյա պատերազմի խորհրդանշական ու սիրված լուսանկարներից մեկը։

ՙԵրեք սերունդ՝ մեկ ընտանիք՚ այսպես էր վերնագրվել լուսանկարը՝ սոցկայքերում։ Երկար փնտրտուքից հետո ինձ հաջողվեց հանդիպել լուսանկարի հերոսներից մեկի՝ ավագ լեյտենանտ Արմեն Գաբրիելյանի հետ։ Պարզվեց, որ լուսանկարի հերոսներն ամենևին էլ ազգականներ չեն, մինչ այդ մտերիմ չեն եղել, պարզապես պատրաստվում էին միասին դիրքեր գնալ։ Նրանցից ամենաերիտասարդը՝ Արմենը, հակատանկային դասակի հրամանատար էր, ով համագործակցում էր նաև հետախուզական վաշտի հետ:
Ապրիլյան պատերազմը նրա համար սկսվել է ՙԵղնիկներից՚, որտեղ նա ծառայում էր: Այնուհետև տեղափոխվել է Թալիշ ու մասնակցել մարտական գործողություններին։
Ապրիլյան իրադարձություններից անցել է ուղիղ երեք տարի։ Ինձ հետաքրքրեց, թե ինչպես է ընթացել լուսանկարի հերոսների կյանքը պատերազմից հետո, արդյո ՞ք շարունակվում է խրամատում ու մարտադաշտում ծնված ընկերությունը, ինչ փոխեց նրանց կյանքում քառօրյան. այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցն Արմեն Գաբրիելյանի հետ։
-Արմեն, ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը, երբ գիտակցեցիք, որ թշնամին ոչ թե սոսկ դիվերսիա, այլ՝ լայնածավալ մարտական գործողություններ է սկսել:
- Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հյուսիսային հատվածի զորամասում էի։ Առավոտյան պետք է զորավարժությունների պատրաստվեինք։ Գիշերվա ժամը 3-ի կողմերն էր, երբ, արկերի պայթյուններից արթնանալով, հասկացանք, որ մարտական իրավիճակ է։ Հաղթահարելով զորամասում մի կարճ պահ տևած շփոթմունքը, արդեն կազմ ու պատրաստ սպասում էինք առաջադրանքի։
Առավոտյան ժամը վեցն էր, երբ ճանապարհվեցինք Թալիշ։ Մեր առջև բացված տեսարաներն ինձ համոզեցին, որ պատերազմի մասին ուրիշներից լսելն ու ականատես-մասնակիցը լինելը բոլորովին տարբեր բաներ են...
...Ամենուր արկեր ու պայթյուն, ծխացող գյուղ, կիսավեր տներ, խոցված մեքենաներ, պարանից կախված մանկան հագուստներ, տարեցների սպանություն ... նկուղներում և հրետակոծության տակ այս ու այն կողմ վազող ահաբեկ մանկան ճիչ ... Ցավ ու կսկիծ: Կռիվ ու պայքար՝ ապրելու համար:
Մարտադաշտում աղոթքի հետ միասին ինձ չէր լքում այն բանի գիտակցումը, որը կոչում էր զգոնության, համարձակության՝ հանուն մայր հողի պաշտպանության։ Տիրոջից ուժ և հմտություն էի խնդրում, որովհետև ոչ միայն պիտի զգոն լինեի: Նաև ինձ էր վստահված տղաների կյանքը, որոնց նույնպես պիտի ոգևորեի իմ օրինակով։ Գուցեև հենց այդ պատասխանատվության գիտակցումն էր ինձ մղում մի կողմ թողնել վախի զգացողությունը։
-Ինչպես ընթացավ կյանքն ապրիլյան պատերազմից հետո: Ի՞նչ փոխվեց։ Ո՞ րն էր այդ օրերի գլխավոր դասը Ձեզ համար:
-Այդ օրերին ես հասկացա` ինչպես տարբերել կարևորն ու անկարևորը... Պատերազմն, իսկապես, փոխում է մարդուն, նրա բնավորությունը, ապրելակերպը։ Կյանքում ցանկացած դժվարություն հաղթահարելի է, միայն թե ողջ լինես... Մարտական ընկերներ կորցրի... Այնտեղ բոլորս եղբայրներ, ընկերներ էինք՝ անկախ աստիճանից ու տարիքից։
Զինվորներիցս մեկի ծննդյան օրն էր։ Անգամ մարտի դաշտում, պահը որսալով, անակնկալ մատուցեցի նրա տարեդարձի կապակցությամբ։ Նշեցինք, շնորհավորեցինք։
Ապրիլյանի ծանր հարվածներից էր նաև ամենամտերիմ ընկերոջս ու զինվորիս՝ Ռաֆիկի մահը։
Ծառայության և մարտի ընթացքում բազում փորձությունների միջով ենք անցել, բայց մեզ երբեք չենք կորցրել, միասին ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները և ամեն իրավիճակից ելք գտել։ Այդպես էր և երեք տարի առաջ՝ ապրիլին։ Այդ օրերին մեզ շատ է ոգևորել նաև ավագ սերնդի ներկայությունը։ Նրանք էլ մեզ էին ասում.
-Դուք եք մեզ դուխ տալիս, տղե՜րք։
Հենց այդ օրերին հայտնի դարձավ այս լուսանկարը՝ ՙԵրեք սերունդ՝ մեկ ընտանիք՚ խորագրով։
Ավագ սերնդի ազատամարտիկների հետ այս լուսանկարը ՙՖոտոլուր՚-ի խմբագրության լուսանկարիչն էր նկարել։ Խորագիրն ու լուսանկարն, իսկապես, համոզիչ համադրություն են։ Երևի դրա շնորհիվ են շատերը սկզբում կարծում, թե, իսկապես, մեկ ընտանիքի մարտիկներ են։ Այո, ինչպես միշտ, հայրենիքի օրհասական պահերին բռունցքվում է հայ ժողովուրդը և դառնում մեկ ընտանիք։
-Ի՞նչ հիշողություններ է արթնացնում այդ լուսանկարը: Հանդիպո՞ ւմ եք իրար, շարունակո՞ւմ եք դիրքերում ծնված ընկերությունը:
-Այդ օրերի, ընդհանրապես` դիրքերում տարվող աշխատանքների, մարդկային հարաբերությունների մասին է հիշեցնում լուսանկարը։ Բազմիցս հանդիպել եմ լուսանկարի հերոսների հետ, շարունակվում են շփումները թե՜ նրանց, և թե՜ մեր մարտական մյուս ընկերների հետ։ Ասեմ, որ կողքիս Վաչագան Պետրոսյանն է՝ պռոշյանցի Վաչոն և պապիկը՝ Զարզանդ Զաքարյանը:
-Արմեն, այդ օրերն անհետևանք չանցան Ձեր առողջության համար:
-Այո, դիրքերում` վրանների մեջ, խոնավ ու ցուրտ պայմաններում քնելու հետևանքով հոդերի բորբոքում առաջացավ: Զինվորական հոսպիտալից տեղափոխվեցի Զեյթունի հիվանդանոց: Որոշ ժամանակ անց, կրկին ծառայության անցա զորամասում՝ միաժամանակ շարունակելով բուժման կուրսը։ Սակայն այդպես հնարավոր չեղավ լիարժեք բուժվել: Զորացրվեցի։
Ընտանիքիս միակ զավակն եմ։ Փոքր տարիքից մեծ սեր ունեի զինվորական համազգեստի, ինչպես նաև սպորտի հանդեպ։ Սպորտով զբաղվում եմ չորս տարեկանից։ Վերջին երկու տարիներին, առողջական խնդրի պատճառով, բժիշկները արգելել էին նաև սպորտով հաճախակի զբաղվել։ Այսօր փորձում եմ կամա՛ց-կամաց վերադառնալ մարզումների նախկին հաճախականությանը։ Մասնակցում եմ նաև սպորտային պարապմունքների։

 

 

 

Last modified onՈւրբաթ, 12 Ապրիլի 2019 14:46