comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ

Հերմինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ապրիլի 8-ին Խնձրիստանում կազմակերպված հուշ-ցերեկույթը նվիրված էր դպրոցի շրջանավարտ, արցախյան գոյամարտի նվիրյալներից մեկի ՝ ՙՄարտական Խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Դավիթ Զավենի Բեգլարյանի 50-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, Աժ պատգամավոր Ժաննա Գալստյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ՊԲ բարձրաստիճան սպաներ, հասարակության տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ 

Դավիթ Բեգլարյանի կերպարն ու գործունեությունը ներկայացրին նրա ուսուցիչներն ու մարտական ընկերները։ Գյուղի առաջին կամավորներից էր Դավիթը, բոլորի կողմից սիրված ու հարգված մի երիտասարդ, ով մատաղ կյանքն անգամ չխնայեց հայրենի հողի ազատության համար։
Նա մասնակցել է մի շարք ազատագրական ու պաշտպանական մարտագործողությունների։ Հայրենիքը Դավթի համար սրբություն էր, իսկ հայրենիքի ազատությունը՝ կարևորագույն խնդիր։ Մարտընկերոջ՝ Աբել Բեգլարյանի գնահատմամբ, ծառայության ընթացքում փորձում էր ծանոթանալ իրեն կցագրված զենքի տեխնիկական ու մարտավարական բնութագրերին:
Մարտընկերոջ Դավիթ Սարուխանյանի դիտարկմամբ հուշ-ցերեկույթը նվիրյալների հիշատակը հարգելուց բացի ուղերձ է առ այն, որ ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվի նաև շնորհիվ նրանց գործի այսօրվա շարունակողների։
Ելույթ ունեցողները բեկոր առ բեկոր ամբողջացրին Դավիթ Բեգլարյանի մարտական կենսագրությունը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ՝ հետմահու ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին և Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը ներկայացրեց Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը:
Շքանշանը քաջորդու մորը ՝ Լյուբա Բեգլարյանին, հանձնեց Աժ պատգամավոր, ԱԱՄ վարչության անդամ Ժաննա Գալստյանը։
Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից արժեքավոր հուշանվեր հանձնվեց Դավիթ Բեգլարյանի մորը։
Հուշ-ցերեկույթին հնչած ելույթներն ընդմիջվում էին դպրոցի սաների և Պաշտպանության բանակի ՙԱսպետ՚ համույթի գեղարվեստական ու հայրենասիրական կատարումներով։

;

 

 

 

Last modified onՈւրբաթ, 12 Ապրիլի 2019 14:51