comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՈՒՍԱՎՈՐ ԱԴԱՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՍԱՎՈՐ ԱԴԱՄԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Քառօրյա պատերազմի լրահոսից: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 2:30-ի սահմաններում, թշնամին հանկարծակի սկսել է հրետակոծել Ջեբրայիլի Վարազաթումբ (Լյալյա Իլյագի) կոչվող բարձունքի վրա տեղակայված և կարևոր նշանակություն ունեցող 112-րդ դիրքը: Շուրջ 20 րոպե սաստիկ հրետակոծությունից հետո դիրքի ավագ Ադամ Սահակյանի հմուտ ղեկավարությամբ անձնակազմն անցել է շրջանաձեւ պաշտպանության: Կարճ դադարից հետո դիրքի վրա հարձակվել են ադրբեջանցի հարյուրավոր գրոհայիններ, որոնց դեմ Ադամի դիրքի անձնակազմը, առանց խուճապի մատնվելու, համառ մարտ է վարել` ջարդելով թշնամու ողնաշարը եւ թույլ չտալով առաջխաղացումը, ինչը կարող էր հանգեցնել անդառնալի հետեւանքների: Թշնամու դեմ ժամեր տևած ՙհրեշտակների ջոկատի՚ պայքարը Ջեբրայիլի գնդին հնարավորություն է տվել տեղակայվել և ամրանալ ռազմաճակատի 2-րդ գծում, ինչը կանխել է թշնամու առաջխաղացումը դեպի երկրի խորքը, դրանով իսկ տապալել հակառակորդի մշակած` կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:

Միշտ ժպտերես Ադամը սիրելի էր բոլորի կողմից: Շատ խելացի ու նպատակասլաց երեխա էր: Մայրը` տիկին Գայանեն, վերհիշում է. ՙ6 տարեկանից հաճախել է գիմնաստիկայի, ապա գեղասահքի, հետո կարատեի ու բռնցքամարտի: Այսինքն` նա սիրել է այն բոլոր սպորտաձևերը, որ երիտասարդին հաղորդում են ներդաշնակություն, առնականություն: Հրաշալի նկարում էր, սիրում էր ազգային, դասական և արդի լավ երաժշտություն՚:
Դպրոցն ավարտելով` Ադամն ընդունվել է Երևանի պետական Ճարտարապետա-շինարարական համալսարանի Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետը: Երազում էր ավելի գեղեցկացնել սիրելի Երևանը: Ի դեպ, նա ծնվել ու մեծացել էր մայրաքաղաքի սրտում` Աբովյան փողոցի սկզբնամասում, Հանրապետության հրապարակի մերձակա տարածքում` երեւանյան հին բակերից մեկում, որտեղ տիրում էր երևանյան հին, բարի մթնոլորտը` մեկը մյուսին հասնող, ուրախությունն ու ցավն իրար հետ կիսող, մի խոսքով` ջերմության ու սիրո: Ջերմությունն ու սերը տիրում էր նաև ընտանիքում: Անշուշտ, նման էներգետիկ դաշտում մեծացած երեխան հասուն ժամանակ ինքն է շուրջբոլորը սեր ու ջերմություն սփռում, ինչի մասին է վկայում Ադամի կարճ, բայց բովանդակալից կյանքը:
Նրանից ճառագայթող դրական լիցքերի մասին շեշտում են ուսուցիչները, դասախոսները, հրամանատարները և, իհարկե, ընկերները, հարազատները: Սկսնակ ճարտարապետ-դիզայների աշխատանքների ներուժը, երևի, իսկապես տեսանելի է, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ՙԹամանյան՚ սրահում հետմահու բացվել էր Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, ինչը մասնագետների կողմից նույնպես արժանացել էր բարձր գնահատանքի:
Նա 2-րդ կուրսից գնաց ծառայելու Հայրենիքին. նրա ծառայությունն անցավ Ջեբրայիլում: Ծառայության մասին երբեք ոչինչ չէր պատմում: Երբ սերժանտական դպրոցն ավարտել է, առաջարկել են մնալ ծառայության տեղում, սակայն նա հրաժարվել է` ասելով, որ իր տեղը դիրքերում է, իր զինակից ընկերների կողքին: Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով դիրքի ավագը, գլխավորել է մարտը: Հինգ ժամ քաջաբար մարտնչելուց հետո զինամթերքը սպառվել է: Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը նահանջի հրաման է տվել, բայց ոչ մի զինվոր գիտակցաբար չի թողել դիրքն ու չի նահանջել: Պայքարել են մինչև արյան վերջին կաթիլը, թշնամուն հասցրել զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատայիններ): Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ է հաստատել ժամը 08:00-ին, հաղորդել, որ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են, ինքը մնացել է միայնակ: Հիշենք նաև անձնակազմի զինվորների անունները. Կարեն ՆԵՐՍԻՍՅԱՆ, Բագրատ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, Տիգրան ԲԵՐԱՔՉՅԱՆ, Անդրանիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ժորա ԵՍԱՅԱՆ, Բորիս ՕԶՄԱՆՅԱՆ:
Ադամ Սահակյանը 2016թ. ապրիլի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ՙՄարտական ծառայություն՚ մեդալով, իսկ մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` ՀՀ ՙԱրիություն՚ մեդալով:
Ադամ Սահակյանի մարմինն ապրիլի 13-ին ամփոփվել է Եռաբլուրում` Հայաստանի զինվորական փառքի պանթեոնում: Ծնողները Եռաբլուր այցելելիս, գրեթե ամեն անգամ որդու շիրմաքարի մոտ գտնում են գրություններ, երբեմն էլ՝ նամակներ, որտեղ գրված են լինում շնորհակալական խոսքեր Ադամին: Բերում և պահում են տանը, կարդում և սփոփանքի զգացում ապրում՚:
Այսօր բազում դպրոցներում, բարձրագույն հաստատություններում Ադամ Սահակյանի անունով կոչված են դասարաններ, գրվում են երգեր: Երիտասարդ քադակագործ Հովհաննես Բաղդասարյանն իր աշխատանքը՝ Ադամ Սահակյանի մարմարե քանդակը, նվիրել է հերոսի ընտանիքին: Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ է տրվում: Բակի բնակիչները ծիրանենի են տնկել ու անվանել հերոսի անունով, որ նրան հիշեն նաև հետագա սերունդները:

 

 

 

 

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 12 Ապրիլի 2019 14:54