comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՓՈՒԼՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՓՈՒԼՈՒՄ

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժը հրետակոծել է Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Չխնայելով երեխաներին, կանանց ու տարեցներին՝ հակառակորդն արկակոծել է անգամ դպրոցները։ Եթե Թալիշի միջնակարգում դեռ երեխաներ չկային, ապա Մարտունու շրջանի Ներքին Ճարտարում աշակերտների հոսքը դեպի կրթօջախ արդեն սկսված էր։ Հենց դպրոցի դարպասների մոտ հակառակորդի հրետանու հարվածից զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, վիրավորվել են երկու աշակերտ՝ Գևորգ Գրիգորյանն ու Վարդան Ադրեասյանը։ Վաղարշակի մոր՝ Գայանե Գրիգորյանի համոզմամբ՝ դրանք պատահական արկեր չէին. ՙԺամը 8։30-ին հենց դպրոցի դարպասների մոտ միանգամից պայթել է 4 արկ։ Վաղարշակն ավելի մոտ էր, ու փրկել նրան չի հաջողվել։ Իսկ Վարդանն ու Գևորգը համեմատաբար հեռու էին դարպասներից և բեկորային վնասվածքներ են ստացել՚։

Թիրախավորելով խաղաղ բնակչությանը՝ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանն օգտագործել է ծանր հրետանի, հրանոթներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ սրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են. ՙՔաղաքացիականների նկատմամբ կյանքի իրավունք է խախտվել, խոշտանգումներից զերծ լինելու իրավունք է խախտվել, օրինակ, Խալափյանների դեպքը, երբ Թալիշում 3 քաղաքացիական անձանց սպանեցին, խոշտանգեցին, դպրոցի հրետակոծության դեպքը, երբ երեխա սպանվեց ու նաև մի քանի երեխաներ վիրավորվեցին՚։
Ծնողների ու տատիկի հետ կատարվածը Գագիկն ամեն անգամ հիշում է նյարդերի լարումով։ Թալիշի իրենց բնակարանում ադրբեջանցի դիվերսանտները խոշտանգել են ծնողներին՝ Վալերա, Ռազմելա Խալափյաններին ու անկողնուն գամված Մարուսյա տատիկին։ Հոր հորդորով Գագիկը երեխաներին ու կնոջը տեղափոխել էր տնից, երբ վերադարձել է, տեսել է աննկարագրելին. ՙԳնացի ու կանգնեցի հորս մոտ, տեսա, որ կրակել են գլխին։ Մութ էր, չէի տեսել կատարվածը։ Հետո պարզվեց, որ խոշտանգել են ծնողներիս ու տատիկիս՝ կտրել են ականջները։ Երեքն էլ անշունչ պառկած էին՚,-հուզմունքով հիշում է Գագիկ Խալափյանը։
Հակառակորդը նույն ձեռագրով է վարվել զոհված զինվորականների նկատմամբ։ Գլխատման, դիակապտության և այլ հանցագործությունների մասին Արցախի օմբուդսմենի գրասենյակը հենց ապրիլին հայտնել է միջազգային հանրությանը՝ սկզբից միջանկյալ, իսկ տարեվերջին՝ ամփոփ զեկույցով։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ չի բացառվում, որ գլխատման երկու դեպքը տեղի է ունեցել կենդանի ժամանակ. ՙԶինվորականների նկատմամբ հանցագործություններ եղել են։ Օրինակ, հայտնի գլխատման դեպքերը՝ 3 դեպքով գլխատում է կատարվել: Նաև` դիակապտությունների դեպքեր՚։
Սպանված խաղաղ բնակչության, խոշտանգված ու գլխատված հայ զինվորականների հարազատները 2016-ի վերջին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հանցագործությունների ծանրությամբ պայմանավորված հայցերն ընդունվել են արագացված կարգով։ Գիտեն, որ ցանկացած պատիժ չի կարող սփոփել վիշտը, բայց լիահույս են, որ Եվրոպական դատարանը կարող է որոշակիորեն ազդել Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը. ՙՎճիռը թող լինի այնպիսին, որ հետագայում, եթե ասենք կրկնվի էլ նման գործողությունները, խաղաղ բնակավայրերը թող զերծ մնան տուժելուց։ Երեխան, կինը կամ ծերունին պատասխանատու չեն այն երևույթների համար, ինչ որ կատարվում է երկու հակամարտող պետությունների միջև՚,-նշել է զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի մայրը։ Իսկ Թալիշում դաժանաբար սպանված Խալափյանների որդին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից պահանջել է ադրբեջանցի մարդասպաններին ենթարկել ամենախիստ պատժի. ՙՆրանք պետք է կրեն ամենածանր պատիժը։ Նրանց հետ այլ կերպ չի կարող լինել՚։
Ապրիլյան պատերազմի ժամանակ առանձնապես տուժած ընտանիքներում հուսով են, որ ՄԻԵԴ-ը կբավարարի հայցերը։ Դրանք հերթական ազդանշանն են, որ Ադրբեջանում հայատյացությունը համակարգային բնույթ ունի, որը պետք է զսպել։ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրեթե համոզված է, որ վճիռները կլինեն հօգուտ արդարության. ՙՍպանությունների, խոշտանգումների և գլխատումների 23 գործերով որոշումները շատ ավելի արագ են կայացվելու՚,-ասել է Ա. Բեգլարյանը:
;

 

 

 

Last modified onՈւրբաթ, 12 Ապրիլի 2019 14:58