comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՐԱՆ ՀԻՇԵԼԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱՆ ՀԻՇԵԼԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Մեզանում շատ չեն կանայք, ովքեր իրենց կենսակերպով, գործունեությամբ, համարձակությամբ և հասարակության առջև ունեցած պատասխանատվությամբ նպաստել են քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու կայացմանը, մեծ ու անգնահատելի դերակատարում ունեցել ոչ միայն Արցախյան շարժման, այլև նախորդած ստորագրահավաքի և շրջաններից Մոսկվա հղվող նամակների կազմման գործում: Այդ փոքրաթիվ կանանցից էր Նելլի ԿԱՍՊԱՐՈՎԱՆ, ում հադրութցիները վերջին հրաժեշտն են տվել նախորդ տարվա վերջին օրը: Թերևս նաև Ամանորի թոհուբոհն էր պատճառը, որ մի տեսակ աննկատ մնացին հերոսական այդ կնոջ անժամանակ մահն ու թաղումը: 

Նրա մասին խոսելիս տարեց հադրութցիները շատ հաճախ ասում էին ՙհերոսի աղջիկը՚. հայրը` Աշոտ Կասպարովը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին աչքի էր ընկել որպես խիզախ օդաչու և Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման արժանացել:
Ն. Կասպարովան ծնվել է 1953թ. Բաքվում, երրորդ դասարանում էր, երբ հայրն ընտանիքով որոշում է տեղափոխվել հարազատ շրջան: Միջնակարգն ավարտել է Հադրութում, հետո գերազանցությամբ ավարտել ԵրՊՀ բանասիրական ֆակուլտետը: Կյանքի մեծ մասը նվիրել է հարազատ դպրոցին: Մինչ այդ նաև Հադրութի կոմերիտմիության շրջկոմում է աշխատել, եղել է շրջկենտրոնի պիոներական տան տնօրենը: Ամենուր, ուր աշխատել է, կյանքն ասես ինքնաբերաբար ավելի հագեցած ընթացք է ձեռքբերել՝ հարստանալով հետաքրքիր միջոցառումներով ու մշակութային իրադարձություններով: Հադրութի ՙՈւրախների և հնարամիտների ակումբը, որը 80-ականներին ոչ միայն մարզում էր անմրցելի, շատ դեպքերում նաև նրա սուր հումորի շնորհիվ էր առանձնացել: Բոլորի համար, ովքեր աշակերտել են նրան, Ն. Կասպարովան ոչ միայն ուսուցչուհի էր, այլև կենդանի ուղենիշ, մեկը բացարձակ անկաշառ այն եզակիներից, ովքեր պատրաստ են ապրել՝ առանց զոհելու սեփական սկզբունքների հյուլե անգամ: Երբեմն թվում էր, թե նա ոչ այս դարից է, ոչ այս աշխարհից` նման 19-րդ դարի ազատասեր դեկաբրիստներին, որոնց մասին սիրում էր պատմել աշակերտներին: Նրա համար նեղանձնականն ու կենցաղայինը միշտ պակաս կարևոր էին, քան իր հայրենիքի ազատությունը, ավելի ճիշտ՝ հայրենիքի ազատությունն ու արդար աշխարհակարգը հենց նրա անձնական տարածքն էին:
ՙՌուսաց լեզու և գրականություն էր դասավանդում, սակայն նրա դասերին մենք աշխարհն էինք ճանաչում: Տաղանդավոր էր ամեն ինչում, նկարում էր հիանալի, կարող էր ժամերով խոսել համաշխարհային մշակույթից, ճարտարապետությունից: Իսկական մանկավարժ էր և իր դասարանի յուրաքանչյուր երեխայի ծնողներից լավ էր ճանաչում: Ազգասեր էր, դեռ մինչև Շարժումն էր այդպիսին, դպրոցից դուրս պիտի գրական հայերենով բարևեինք, թե չէ` կկանգնեցներ, ամոթանք կտար՚-պատմում է նախկին աշակերտուհին` Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Նադեժդա Սարգսյանը: Արցախյան շարժումը սուրբ գործ դարձավ Ն. Կասպարովայի համար, ընտանիքը` ամուսինն ու երկու որդիները մեքենայորեն մղվեցին երկրորդ պլան, ու դա շատ բնական ու հասկանալի էր բոլորի համար: 88-ի փետրվարին` շրջանի համար պատմական այդ օրերին կոչերից խզված ձայնով օր ու գիշեր փողոցում էր, իր ձեռքով պլակատներ էր գրում, տալիս ցուցարարների ձեռքը, համախմբելու, հույս ներշնչելու զարմանալի ձիրք ուներ, շրջանի գրեթե բոլոր կանայք, ավագ դպրոցականները միշտ իր կողքին էին: 1988-89թթ. երբ շրջանի ամենավտանգավոր` օրեցօր լկտիացող ադրբեջանցիներով բնակեցված Տողի միջնակարգ դպրոցի հայկական բաժինը ռուսերենի ուսուցչուհի չէր գտնում, կես տարով նրա դպրոցում հայտնվելն իսկական մարտահրավեր էր ադրբեջանցի տնօրենին ու հանկարծահաս նվեր բաժնի մանկավարժական կոլեկտիվին ու երեխաներին:
Պատմում է Շարժումը Հադրութում նախապատրաստողներից մեկը` Գագիկ Ավանեսյանը. ՙՆելլին իսկապես եզակի կին էր: Նա մեզ հետ էր դեռ 1986-ի սկզբին, երբ ստորագրահավաք էինք իրականացնում Հայաստանի հեռուստահաղորդումները դիտելու հնարավորություն ստանալու համար: Ասեմ, որ 1976թ. նա նաև դասավանդել է ինձ: Մի քանի ամսով, փոխարինել է մեր հիմնական ուսուցչին, փոխարինել է այնպես, որ ամբողջ դասարանով հետո խնդրում էինք տնօրենին, որ նա շարունակի մեզ դասավանդել: Կարող եմ ասել, որ շատերիս աշխարհայացքի ձևավորման, սեփական դիրքորոշումն անվարան արտահայտելու գործում մեծ է նրա մասնակցության բաժինը: Նելլիի մեջ վախ ասվածը բացակայում էր: Իսկապես այդպիսին էր: Կարող էր նահանջել, բայց երբեք գործարքի չգնալ: Փետրվարյան առաջին ցույցի օրը, երբ Ստեփանակերտից եկել էին ՙհանգստացնելու՚ հադրութցիներին, դարձյալ ամենահամարձակն էր, շատերին էր ՙտեղը դնում՚ իր կոշտ գնահատականներով: Չէր վախենում իր կարծիքն արտահայտելուց, ամեն պնդումին միշտ հակափաստարկներ ուներ:
Երբ խաղաղ ցույցերին հաջորդեցին ինքնապաշտպանական մարտերը, նորից առաջին շարքում էր, առաջին ջոկատին անդամագրվեց: 1992-ի հունվարի 27-ին շրջկենտրոնի մատույցներում ընթացող մարտերում երեք վիրավոր ունեինք, ինքն էր առաջին բժշկական օգնություն ցուցաբերում: Ասեմ, որ այդ օրը Նելլին կարող էր զոհվել: Բուժակի հետ բլինդաժում վիրավորին էին վիրակապում, ես հեռվից ճանապարհն էի հսկում, հանկարծ նկատեցի, որ թիկունքից ադրբեջանցի է դարանակալել ու նշանառության է վերցրել վիրակապողին, իմ անկանոն կրակահերթից դա խուճապահար նահանջում է: Պատերազմը կնոջ տեղ չէ, իհարկե, բայց Նելլիի ներկայությունն ամեն տեղ բնական էր ընկալվում՚:
ՙԵրբեք որևէ պաշտոնի չհավակնեց, մնաց որպես քաղաքացիական հասարակության ակտիվիստ՚,- ասում է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը: - Շրջանի յուրաքանչյուր խնդիր իր հոգսն էր, յուրաքանչյուր կարիքավորի համար պատրաստ էր դռներ բախել, նա ակտիվ մարդու սեփական չափանիշն ուներ, շատ էր գնահատում հետաքրքրվածության, կամավորության ու մասնակցության կարևորությունը հասարակական հիմնախնդիրների լուծման գործում: Զինվորական հոր հզոր գենետիկ ջիղը փոխանցվել էր. չէր խուսափում կոշտ արտահայտություններից, անգամ հարազատների հանդեպ խիստ էր, պահանջկոտ ու արդարացի՚:
Անշրջահայացության հասնող համարձակություն ունեցող անհատներին սովորաբար շատերը չեն սիրում: Նմաններին հոդվածներ, հաղորդումներ նվիրելը ևս դժվար գործ է: Պատահում է, որ նրանց չլինելուց հետո անգամ երբեմնի ընկերները այնքան էլ մեծ սիրով չեն անդրադառնում այդ մարդկանց ապրած կյանքին: Ցավոք, այսպես էր նաև Ն. Կասպարովայի պարագայում. Հադրութում եղան նախկին ընկերներ, ովքեր պարզապես հրաժարվեցին խոսել նրա մասին:
Նելլի Կասպարովան կյանքին հրաժեշտ տվեց տարեմուտին. ամանորյա եռուզեռի մեջ ՙթաղում՚ բառը դժվար է տեղավորվում, և շատերը ուշք չդարձրին, որ կորցրել են բացառիկ մարդու, և կորցրել է ոչ միայն Հադրութը, այլև ողջ քաղաքացիական հանրույթ կոչվող հատվածը: Մինչդեռ Նելլի Աշոտովնային (այսպես էին նրան դիմում բոլոր հադրութցիները) հիշելը բոլորիս պարտքն է, որովհետև նա իր ողջ կյանքով մեզ սովորեցրել է ոչնչի հետ չփոխանակել սեփական ազատության զգացումը, իսկ դա շատ կարևոր ուղերձ է:

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 18 Ապրիլի 2019 14:48