comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականությունը. ռազմական բյուջեի առավելությունը ոչինչ չի ասում
[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականությունը. ռազմական բյուջեի առավելությունը ոչինչ չի ասում

Զինվորական ստորաբաժանումները սպառազինություններով եւ զինամթերքով հագեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը կարելի է թերահավատորեն վերաբերվել, քանի որ մարտական գործողությունների ելքը միշտ չէ, որ կախված է նորագույն սպառազինություններով բանակի հագեցվածությունից։ Այս երեւույթի մասին ՙՖակտխեբեր՚ կայքում հրապարակված ՙԱդրբեջանի բանակի առասպելներն ու իրականությունը՚ հոդվածում գրում է ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին։

 ՙԵս կուզեի ցրել առասպելն այն մասին, որ, ունենալով 2 միլիարդ դոլարի ռազմական բյուջե, մենք, անկասկած, կջախջախենք Հայաստանը, որի ռազմական բյուջեն ընդամենը 528,7 միլիոն դոլար է։ Այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական բյուջեն, ցավոք, ոչինչ չի ասում։ Օրինակ, Թուրքիայի ռազմական բյուջեն 6 անգամ զիջում է Սաուդյան Արաբիայի սպառազինության ծախսերին, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում կասկածել, թե ում բանակն է ավելի ուժեղ եւ ավելի պրոֆեսիոնալ։ Ուժեղ բանակի գրավականը փողը չէ, այլ՝ պրոֆեսիոնալիզմը, մարտունակությունը, զինվորների որակյալ պատրաստումը եւ նրանց մարտական ոգին։ Ինչը չես ասի Ադրբեջանի բանակի մասին, որտեղ մինչ այժմ թագավորում է ՙդեդովշչինան՚, իսկ զինվորների մարտական ոգին եւ նրանց պատրաստվածությունը գործնականում զրոյի վրա են։ Բանակում սարսափելի պայմանների պատճառով յուրաքանչյուրն ուզում է ցանկացած ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից՚,- ասվում է հոդվածում։

Իսկ ահա ինչ է այդ մասին ժամանակին գրել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան. ՙԴիվանագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում ղարաբաղյան գործընթացը դուրս կգա փակուղուց։ Ադրբեջանն այժմ չի կարող գրավել Ղարաբաղը։ Ռազմական տեսանկյունից նրանք ի վիճակի չեն անել դա։ Ես չեմ կարծում, որ նրանք կարող են գրավել հայերի կողմից վերահսկվող բարձունքները։ Դա շատ դժվար է՚։
Բրայզայի նման է մտածում նաեւ ռազմական փորձագետ Յուսիֆ Աղաեւը, որը նշել է, թե ՙմարտերը կարող են տեւել մեկ կամ երկու ամիս, այսինքն այնքան ժամանակ, որքան որ զինված ուժերը կարողանան պայքարել։ Եթե մարտերը ձգձգվեն, ապա կվերաճեն լայնամասշտաբ պատերազմի, որին մասնակցում են ոչ միայն բանակները, այլեւ հանրությունները։ Չեմ կարծում, որ ադրբեջանական հանրությունն այժմ պատրաստ է պատերազմի՚։
Ինչպես Բրայզայի, այնպես էլ Աղաեւի հայտարարությունները հակառակն են ադրբեջանական ղեկավարության եւ ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարությունների։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները, սկսած նախագահ Ալիեւից մինչեւ վերջին պաշտոնյան, չեն հոգնում կրկնել, որ ադրբեջանական բանակը ՙամենահզոր բանակն՚ է տարածաշրջանում, որի համար դժվարություն չի ներկայացնի գրավել Ղարաբաղը եւ նույնիսկ Հայաստանը։ Սովորաբար շեշտը դրվում է սպառազինությունների այն հսկայական ծավալների վրա, որ գնում եւ արտադրում է Ադրբեջանը, ինչպես նաեւ ադրբեջանական զինվորների ՙպրոֆեսիոնալիզմի՚ վրա։ Ինչպես երեւում է ադրբեջանական ժողովրդի մեծ բարեկամ Բրայզայի խոսքերից, որը լավ ծանոթ է երկրում իրական իրավիճակին, որտեղ նա դեսպան է եղել, իրականում ամեն ինչ այդպես չէ։
Իսկ ահա ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների համաձայն, ադրբեջանական հանրությունը պատրաստ է պատերազմի այնպես, ինչպես ոչ ոք աշխարհում, պատրաստ է, զոհաբերել իրեն, իր հարազատներին, միայն թե հայկական արյուն թափի։ Ինչպես վկայում են Աղաեւի խոսքերը, այստեղ եւս ամեն ինչ բոլորովին էլ այդպես չէ։ Իմիջիայլոց, միջազգային փորձագետները (Լոնդոնում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը՝ The International Institute for Strategic Studies IISS, ռուս ռազմական փորձագետ, ՙԱզգային պաշտպանություն՚ թերթի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն) խոստովանում են, որ տարածաշրջանում ամենամարտունակը, թեեւ ոչ այնքան բազմաթիվ բանակը հենց Հայաստանի Զինված ուժերն են։
Այնուամենայնիվ, ներկայում իր անվտանգության ընդհանուր մակարդակով ադրբեջանական բանակը զիջում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի զինված ուժերին։ Թեեւ պետք է նշել, որ ադրբեջանական բանակն իր թվով եւ ռազմական տեխնիկայի քանակով զգալի չափով գերազանցում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին։ Ադրբեջանական բանակի բոլոր աստիճաններում շատ բարձր է կոռուպցիայի մակարդակը, ինչը, բնականաբար, վատ է անդրադառնում նրա բարոյահոգեբանական վիճակի վրա։ Բացի այդ, բավարար չէ զինվորական կազմի ուսուցումը, դիտարկվում է ձեւական վերաբերմունք մարտական ուսուցման, մանավանդ խոշոր զորանոցներում իրական վարժանքների անցկացման հանդեպ։ Ինչ վերաբերում է ադրբեջանական սպաների կողմից ձեռք բերված արեւմտյան ռազմական փորձին, ապա իրականում այն դեռեւս չի ստացել այնպիսի մեծ տարածում ողջ զինված ուժերում, եւ արդյունքում ադրբեջանական բանակին հատուկ են այն բոլոր թերությունները, որոնք կային Խորհրդային բանակում նրա գոյության վերջին տարիներին։
Միաժամանակ, կարծիք կա, որ սպառազինությունների ժամանակակից տեսակների արտադրության բարդության եւ ադրբեջանական տնտեսության տեխնոլոգիական թերզարգացածության պայմաններում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը իրականում չի զբաղվում հենց Ադրբեջանում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի արտադրությամբ, այլ համակարգում է դրանց գնումը այլ երկրներից։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 22 Ապրիլի 2019 17:43