comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲՈ­ԼՈՐ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԻ ՀԵ­ՐՈ­ՍԸ. ՀՐԱՆՏ ԹՈՒ­ՄԱ­ՍՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈ­ԼՈՐ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԻ ՀԵ­ՐՈ­ՍԸ. ՀՐԱՆՏ ԹՈՒ­ՄԱ­ՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Աշ­խար­հի բո­լոր պա­տե­րազմ­նե­րի պատ­մու­թյու­նը հա­րուստ է դեպ­քե­րով, երբ զին­վո­րը կեն­դա­նի է մնա­ցել ոչ այն­քան շնոր­հիվ, որ­քան ի հե­ճուկս հան­գա­մանք­նե­րի ու ճա­կա­տագ­րի:

Ա­հա 27 տա­րի է` հե­րո­սա­կան ու­ղի ան­ցած ՙՆի­կոլ Դու­ման՚ ջո­կա­տի ա­զա­տա­մար­տիկ, ՀՀ ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Հրանտ ԹՈՒՄԱՍՅԱՆՆ ան­բա­ժան է իր ան­վա­սայ­լա­կից, սա­կայն ՙսայ­լա­կին գամ­ված՚ ար­տա­հայ­տու­թյամբ նրա մա­սին ոչ մի կերպ չես կա­րող խո­սել: ՙԻմ մա­սին ին­չո՞ւ ես գրում, Հրան­տի մա­սին գրիր, իս­կա­կան հե­րոս է, ա­մեն տա­րի Հա­յաս­տան ու Ղա­րա­բաղ է գա­լիս ու ա­մեն ան­գամ մի կարևոր բան է ա­նում մեր կռ­ված տղա­նե­րի հա­մար: Ես ի՞նչ, ես ար­դեն բու­սա­կան կյան­քով եմ ապ­րում՚,- մեր նա­խորդ հոդ­ված­նե­րից մե­կի հե­րո­սի` հա­րա­զատ Մա­րա­ղա­յի կորս­տի հետ եր­բեք չհաշտ­ված Է­դիկ Աբ­րա­հա­մյա­նի օգ­նու­թյամբ ՙհայտ­նա­գոր­ծե­ցինք՚ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի իս­կա­կան հե­րոս­նե­րից մե­կին:

Ստե­փա­նա­կերտ-Գլեն­դել մեր զրույ­ցը սպաս­վա­ծից ա­վե­լի եր­կար է ձգ­վում. Հրան­տը, սա­կայն, իր մա­սին շատ քիչ է խոո­սում. ա­վե­լի շատ իր հա­րա­զատ ջո­կա­տի հրա­մա­նա­տար­նե­րի ու զին­վոր­նե­րի մա­սին է պատ­մում` խու­սա­փե­լով կոնկ­րետ մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­ներ հի­շե­լուց. զին­վո­րի հա­մար ռազ­մա­կան գաղտ­նիք­ներն ան­ցյալ ժա­մա­նակ չու­նեն, հա­մոզ­ված է նա:
Հրան­տը ծն­վել է 1971թ. Երևա­նում: Ա­վար­տել է Պա­րույր Սևա­կի ան­վան դպ­րո­ցը: 1990թ. ան­դա­մագր­վե­լով նո­րաս­տեղծ ՙՆի­կոլ Դու­ման՚ կա­մա­վո­րա­կան­նե­րի ջո­կա­տին` մաս­նակ­ցել է Ա­րա­րա­տի շր­ջա­նի գյու­ղե­րի և Ե­րաս­խի, ա­պա նաև Ար­ցա­խի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի հա­մար մղ­ված մար­տե­րին: 1991-1992 թվա­կան­նե­րին մար­տն­չել է Նո­յեմ­բե­րյա­նի շր­ջա­նի Ոս­կե­պար, Տա­վու­շի շր­ջա­նի Մով­սես և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի գյու­ղե­րի հա­մար: ՙՆի­կոլ Դու­ման՚ ջո­կա­տի կազ­մում հիմ­նա­կա­նում Երևա­նի բու­հե­րի ու­սա­նող­ներն էին, իս­կա­կան գա­ղա­փա­րի զին­վոր­ներ, ով­քեր մշ­տա­պես Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ա­մե­նավ­տան­գա­վոր հատ­ված­նե­րում էին հայ­տն­վում: Հե­տա­գա­յում նրանց մեծ մա­սը ներգ­րավ­վել է Հա­տուկ գն­դի կազ­մում: Ջո­կա­տի մի դա­սակ հա­մալ­րել է ՙԱր­ծիվ-մա­հա­պարտ­նե­րի՚ գու­մար­տա­կը։ Հրան­տը Գյու­ղինս­տի­տու­տում էր սո­վո­րում, ո­րո­շել էր հիդ­րոին­ժե­ներ դառ­նալ: Հա­զիվ էր սկս­վել ե­րի­տա­սար­դու­թյու­նը, առջևում հե­տաքր­քիր ու ե­ռուն տա­րի­ներն էին, սա­կայն նա ան­վա­րան հե­րոս­նե­րի սերն­դից էր ու չէր կա­րող ան­տար­բեր մնալ երկ­րում փո­թորկ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հան­դեպ: Ար­ցա­խում օր օ­րի սաստ­կա­նում էին մար­տե­րը, իս­կա­կան պա­տե­րազմ էր սկս­վել: Ջո­կա­տը զո­հեր ու­ներ: Սր­խա­վեն­դի մար­տե­րից մե­կը ճա­կա­տագ­րա­կան դար­ձավ Հրան­տի հա­մար: Պա­տե­րազ­մից վեր­ջին հի­շո­ղու­թյունն ի­րեն Քո­լա­տակ տա­նող դա­րու­փո­սե­րով ճա­նա­պարհն է ու ան­վերջ տա­րու­բեր­վող մե­քե­նան: ՙՑն­ցում­նե­րից ցավս ա­վե­լի ու­ժեղ էի զգում: Մտա­ծում էի` տես­նես մի օր Ղա­րա­բա­ղի գյու­ղե­րը կար­գին ճա­նա­պահ­ներ կու­նե­նա՞ն՚,- հի­շում է նա: Հե­տո ուղ­ղա­թի­ռով հասց­րին Երևան, սա­կայն բժիշկ­նե­րի՝ վեր­ջույթ­նե­րի զգայ­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու փոր­ձե­րը հա­ջո­ղու­թյուն չու­նե­ցան: Հե­տա­գա­յում մոր և քրոջ հետ տե­ղա­փոխ­վեց ԱՄՆ` Գլեն­դել: Բու­ժու­մը շա­րու­նա­կում էր այն­տեղ: ՙՄար­դու անց­նե­լիք ճա­նա­պարհ­ներն ան­կան­խա­տե­սե­լի են: Ինչ-որ խաչ­մե­րու­կում հան­կարծ քեզ հետ կա­րող է այն­պի­սի մի բան լի­նել, ո­րը կտ­րուկ կփո­խի կյան­քիդ ըն­թաց­քը, քեզ: ժա­մա­նակ էր պետք, որ­պես­զի հա­մո­զեի ինձ, որ սայ­լա­կը դա­տավ­ճիռ չէ, այլ փո­խադ­րա­մի­ջոց, ո­րը նաև սո­վո­րեց­նում է լի­նել ու­ժեղ՚,-ա­սում է նա:
Հրան­տը միշտ էլ տա­րե­կից­նե­րից ա­ռանձ­նա­նում էր կամ­քի մեծ լա­րու­մով ու տո­կու­նու­թյամբ: Գու­մար­վեց նաև հաշ­ման­դամ ըն­կեր­նե­րին նե­ցուկ լի­նե­լու մեծ ցան­կու­թյու­նը: Նա նո­րից սկ­սեց ակ­տիվ կյանք վա­րել, հաղ­թա­հա­րել սե­փա­կան ցավն ու մտա­ծել զի­նա­կից և ճա­կա­տագ­րա­կից ըն­կեր­նե­րին օգ­նու­թյան ձեռք մեկ­նե­լու մա­սին: Կարճ ժա­մա­նակ անց հայ­կա­կան հա­մայն­քում ձեռք բե­րեց շատ ըն­կեր­ներ, ով­քեր պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­ցին օգ­նել Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում ապ­րող վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րին: Հա­վա­քե­ցին մեծ քա­նա­կու­թյամբ բժշ­կա­կան սար­քա­վո­րում­ներ, հաշ­ման­դամ­նե­րին խնա­մե­լու հա­մար անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ և ու­ղար­կե­ցին հայ­րե­նիք:
Մեծ էր ըն­կեր­նե­րի զար­մանքն ու հիաց­մուն­քը, երբ տա­րի­ներ ա­ռաջ ե­կավ Հա­յաս­տան. ան­ձամբ էր օգ­նու­թյու­նը տեղ հասց­րել: Հե­տո նաև դե­պի Ար­ցախ այ­ցե­լու­թյուն­նե­րը դար­ձան պար­բե­րա­կան: Ար­դեն հին­գե­րորդ տա­րին է` նրան ա­ջակ­ցում է ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մը: Նախ­կին ա­զա­տա­մար­տիկն ա­վե­լի լավ է հաս­կա­նում բախ­տա­կից ըն­կեր­նե­րին, ու նրա ա­ռա­ջար­կած ծրագ­րե­րը միշտ ֆի­նան­սա­վոր­վում են Հիմ­նադ­րա­մի կող­մից: Մեր հան­րա­պե­տու­թյան տար­բեր բնա­կա­վայ­րե­րում ապ­րող ա­ռա­ջին խմ­բի չորս զին­հաշ­ման­դամ­ներ ար­դեն Հրան­տի շնոր­հիվ յու­րա­քան­չյու­րին հա­տուկ հար­մա­րեց­ված տրանս­պոր­տա­յին մի­ջոց` մե­քե­նա­ներ ու­նեն: Հրան­տի խոս­քով` նման մե­քե­նա­ներ ոչ միայն մեր տա­րա­ծաշր­ջա­նի, այլև ՌԴ որևէ քա­ղա­քում դեռևս չկան:
Հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ա­զա­տա­մար­տիկ­նե­րին է­լեկտ­րա­կան մահ­ճա­կալ­ներ, հա­կա­պառ­կե­լա­խո­ցա­յին ներք­նակ­ներ, թան­կար­ժեք ան­վա­սայ­լակ­ներ, բժշ­կա­կան և սա­նի­տա­րա­կան մե­ծա­քա­նակ պա­րա­գա­ներ, բաղ­նիք-ա­թո­ռակ­ներ, ան­վա­վոր քայ­լակ­ներ, ձեռ­նա­փայ­տեր, սի­լի­կո­նե գուլ­պա­ներ, սն­վե­լու պա­րա­գա­ներ և այլն. սա մար­տա­կան ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում հաշմ­ված մար­տիկ­նե­րին օդ ու ջրի չափ անհ­րա­ժեշտ օգ­նու­թյան մի մասն է միայն, որն ա­մեն ան­գամ տեղ է հասց­նում Հրան­տը:
Տա­րեց­տա­րի օգ­նու­թյան ծրա­գիրն ընդ­լայն­վել է: Այ­սօր շա­հա­ռու­նե­րի թվում են ոչ միայն զին­վո­րա­կան­նե­րը, այլև քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք ու­նեն հաշ­ման­դա­մու­թյուն: Այժմ Հրան­տը զբաղ­ված է հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հա­մար հա­տուկ ան­վա­սայ­լակ­ներ ու­ղար­կե­լու գոր­ծով: Հա­ջորդ այ­ցին ա­ռա­ջին խմ­բի հաշ­ման­դամ­նե­րի հա­մար նաև ստո­րին վեր­ջույթ­նե­րի ժա­մա­նա­կա­կա­կից, շարժ­վող թա­թե­րով պրո­թեզ­ներ պի­տի բե­րի: Նրա նպա­տակն է Ար­ցա­խից մաս­նա­գետ տա­նել ԱՄՆ` հա­տուկ դա­սըն­թաց անց­նե­լու և տե­ղում հաշ­ման­դամ­նե­րին անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար: Հրան­տի հա­մոզ­մամբ` Ար­ցա­խում միայն մեկ վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն ու­նե­նա­լով անհ­նար է այդ ուղ­ղու­թյամբ մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նե­նալ: Մար­տա­կան ըն­կեր­նե­րի հոգ­սու­ցա­վով ապ­րող հե­րո­սը նաև իր նման ան­վա­սայ­լա­կով տե­ղա­շարժ­վող­նե­րի ի­րա­վունք­ներն ու խն­դիր­ներ է բարձ­րա­ձայ­նում: Ցա­վով է նշում, որ Ար­ցա­խում դեռևս ան­վա­սայ­լա­կի օգ­նու­թյամբ տե­ղա­շարժ­վող­նե­րի հա­մար հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներ չկան. նույ­նիսկ նո­րա­կա­ռույց շեն­քերն ու դրանց բա­կե­րը հար­մա­րեց­ված են ոչ պատ­շաճ ձևով, մայ­թերն ու փո­ղոց­նե­րը ևս խիստ ան­հար­մար են այս ի­մաս­տով:
Ար­ժե՞ ար­դյոք ա­սել, որ 2016-ի ապ­րի­լայն սրաց­ման օ­րե­րին Հրան­տը ողջ էու­թյամբ սահ­մա­նին կանգ­նած զին­վո­րի կող­քին էր: Այդ օ­րե­րին իր նա­խա­ձեռ­նու­թյամբ և ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գում հե­ռար­ձակ­վող ՙԲարև՚ հե­ռուս­տած­րագ­րի հե­ղի­նակ Նու­նե Ա­վե­տի­սյա­նի ա­ջակ­ցու­թյամբ հե­ռուս­տա­մա­րա­թոն կազ­մա­կերպ­վեց, ու հա­վաք­ված դրա­մա­կան մի­ջոց­նե­րը հա­սան վի­րա­վոր­նե­րին: Խան­դա­վառ­վում է սահ­մա­նին կանգ­նած զին­վո­րի ամ­րու­թյամբ ու հա­վա­տով: Ա­մեն ան­գամ Ար­ցախ այ­ցե­լու­թյունն ա­վարտ­վում է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի այն գյու­ղե­րում, որ­տեղ մար­տն­չել ու ա­ռող­ջու­թյունն է կորց­րել: Կի­չա­նի ու Քո­լա­տա­կի դպ­րո­ցա­կան­ներն ար­դեն գի­տեն, որ ի­րենց հե­րո­սը հեր­թա­կան ան­գամ նվեր­ներ պի­տի բե­րի ի­րենց:
Մար­դու հա­մար ա­մե­նա­թանկն իր կյանքն ու ա­ռող­ջու­թյունն է, կյան­քի ար­շա­լույ­սին ան­վա­րան կրա­կի մեջ նետ­ված ա­զա­տա­մար­տի­կը կորց­րել է ա­ռող­ջու­թյու­նը, սա­կայն երբևէ չի զղ­ջա­ցել դրա հա­մար: Նման մար­տիկ­նե­րի օ­րի­նակն է ա­ռաջ տա­նում մե­րօ­րյա հե­րոս­նե­րին

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 29 Ապրիլի 2019 16:51