ԲԱՆԱԿԻ ՀԵՏ, ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱԿԻ
Ալիսա ՍԱՐԳՍՅԱՆ
ք. Շուշի
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելել են Արցախի հյուսիսային սահման և այնտեղ ծառայող դիրքապահներին հանձնել առաջին անհրաժեշտության պարագաներ, քաղցրավենիք։ Նախաձեռնությանն աջակցել են համալսարանի աշխատակիցներն ու պրոֆեսորադասախոսական կազմը։
Զորամասի հրամանատարությունը երախտագիտություն է հայտնել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ դիրքապահներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Համալսարանի կրտսեր գիտաշխատող Անդրեաս Աբաղյանը նշել է, որ այս քայլով նպատակ են հետապնդել ամրապնդել բանակ-հասարակություն կապն ու քաջալերել առաջնագծում հերթապահող տղաներին: ՙՄեր կարգախոսն է՝ ՙԲանակի հետ, հանուն բանակի՚,-ասաց նա:-Կոչ եմ անում բոլորին, որ միշտ ակտիվորեն մասնակցեն նման նախաձեռնությունների և մշտական ուշադրության կենտրոնում պահեն հայկական բանակի զինվորին՚։
Հիշեցնենք, որ նախաձեռնությանն արձագանքել են նաև զգալի թվով բուժաշխատողներ, ովքեր ևս սեփական ներդրումն են ունեցել միջոցների հավաքագրման, նվերների պատրաստման գործում։