ՆՐԱ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Օրինաչափությո՞ւն է, թե՞ պարզապես պատահականություն, ինքներդ դատեք... Իտալիայի Սուրբ Ղազար կղզու գրադարանին (ի դեպ, աշխարհի ամենամեծ հայկական գրադարանին) նվիրելով Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի մասին հեղինակածս գիրքը, վերադարձա Վենետիկ և ՙԱլեքսանդր՚ հյուրանոցում ստացա աղջկաս ուղարկած հաղորդագրությունը. ՙՄայրի՜կ, վերջապես... Լեոնիդն ու Վլադիմիրը Արցախի հերոսներ են՚։ Հուզմունքիս չափ ու սահման չկար, տարիներ ի վեր շյուղ առ շյուղ հավաքելով նրանց մասին պատումները, նրանց պայքարի հերոսական դրվագները, հոգուս բոլոր թելերով կապվել էի նրանց ու նրանց հարազատների հետ։
Քիչ է ասել` ուրախ եմ կրկին անդրադառնալու իմ հերոսներին՝ նրանց ՙԱրցախի հերոս՚ բարձրագույն կոչում շնորհելու կապակցությամբ, հերոսներ, որոնց լուսավոր կերպարն ուղենիշ է սերունդներին...
ՀՀ և ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր, Անկախության բանակի հրամանատար, Ազատագրական բանակի հիմնադիր-հրամանատար և արդեն ՙԱրցախի հերոս՚, ՙՈսկե արծիվ՚ շքանշանակիր, ֆիզիկոս¬գիտնական Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի ապրած կյանքը հայրենասիրության պատգամ է սերունդներին։
Ազգային զարթոնքի ռազմական փուլում արդեն նա հիանալի հասկանում էր, թե ինչ է սպասվում երկրին։ Ի սկզբանե զբաղվում էր զենքի արտադրությամբ, խորապես ուսումնասիրում ռազմական գործը։ 89-ին Մովսես Գորգիսյանը Լեոնիդին առաջարկեց ստանձնել ՙԱնկախության բանակի՚ հրամանատարի պաշտոնը։ Չափազանց խորացած լինելով զենքի ու զինամթերքի արտադրության մեջ՝ Լեոնիդը Գորգիսյանի առաջարկն ընդունեց վերջինիս զոհվելուց հետո՝ հանդիպելով Աշոտ Նավասարդյանին։ Դառնալով զորամիավորման հրամանատար՝ առաջին իսկ պահից Ազգալդյանը լուրջ ու հիմնավոր առաջարկություններով հանդես եկավ։ Հիանալի գիտեր Հայկական լեռնաշխարհը և զինվորական գործին տիրապետում էր հմուտ սպայի վստահությամբ։ Նրանց առաջին ռազմական բազան Վարդենիսի Գյունաշլի գյուղում էր, և այստեղ նա սկսեց իր զինակիցներին վերապատրաստել զինվորի։ Ռազմական գործի կազմակերպումը նրա տարերքն էր։ Երբ սկսվեց Շարդումը, Լեոնիդը չափազանց վստահ էր, որ հաղթանակը գալու է միայն պատերազմի դաշտում, միայն ռազմական հաղթանակներով։ Արցախում նա միավորեց լավագույն մարտիկներին։ ՙԱզատագրության բանակը՚ բարձր մարտական պատրաստվածություն ունեցող կազմավորում էր և ծանրակշիռ հաղթանակներ տանելով, շատ քիչ զոհեր էր տալիս։
Լ. Ազգալդյանը ծնվել է 1942թ. նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում։ 1941թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: Մռավյանի անվան դպրոցն ավարտելուց հետո Լեոնիդն ընդունվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Մոր մահից հետո ուսումը կիսատ թողնելով վերադարձավ` ուսումը շարունակելու Երևանում։ Դարձավ ռադիոֆիզիկոս, գիտնական, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն... Արցախյան հերոսամարտը նոր էջ բացեց շատերի, այդ թվում և Լ. Ազգալդյանի կյանքում։ Ազատագրական պայքարի հիմնադիր¬հրամանատարը մասնակցեց Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Մարաղա, Կիչան, Ծամծոր, Տող, Իմերեթ¬Քերեվենդ, Չայղուվուշան, Աղդաբան, Մանիքլու, Բաշ Գյունեփայա, Օրթա Գլունեփայա, Սրխավենդ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Ազատագրական բանակը, Լ. Ազգալդյանի հրամանատարությամբ, ութ հսկայածավալ ռազմագործողությունների արդյունքում, քսանյոթ բնակավայր ազատագրելով` քիչ վիրավորներ և երեք զոհ ունեցավ։ Մեկուկես տարվա հաղթական մարտերից հետո՝ վեց զոհ։ Ահա այսպիսի ռազմական միավոր էր ստեղծել մտավորականը, գիտնականն ու մեծ հայրենասերը, որի մասին նորանկախ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն ասել է. ՙԱյս աթոռին Լեոնիդ Ազգալդյանը պիտի նստեր՚։
Լեոնիդին պաշտոն պետք չէր, նա այլ մտահոգություններ, նպատակներ ու երազանքներ ուներ... Տեսաժապավենում պահպանված նրա կենդանի խոսքն ասվածի վկայությունների շարքից է. ՙԱյդտեղ (նկատի ունի ողջ Լեռնահայաստանը), փաստորեն, ֆորպոստն է մեր ազգի` Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը՝ Զանգեզուրը։ Դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ, և սրանք դատարկ խոսքեր չեն, դա, իրոք, էդպես է։ Ցանկացած պահի, մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, կատարել հարձակում և կրկնել տասնհինգ թիվը։ Հեշտությամբ՚։ Իսկ երբ իր զոհվելու մասին հերթական լուրերն էին պտտվում, նա հակադարձում էր ասեկոսեներին հետևյալ խոսքերով. ՙՄի հավատացեք, եթե գան ձեզ ասեն, որ ես զոհվել եմ։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու՚... Հայ Դատին մասնակցել երազող հրամանատարն ընկավ դավադիր կրակոցից 1992թ. հունիսի 21-ին։ Հրամանատար Ազգալդյանը բռնեց հավերժի ճանապարհը` իր մշտագո ներկայությամբ ոգի ներարկելով իր զորքին։
-Լեոնիդը մարդ էակի, հողից ծնվածի ոգեղեն դառնալու ապացույցն է Հայաստանում,¬ ասում էր կամավորական Սարգիս Հացպանյանը։
Մարտակերտի ազատամարտիկների տարածքային խորհրդի նախագահ Գրիգորի Միրզոյանի վկայությամբ, հրամանատարի անարատ անունը միշտ իրենց շուրթերին է։ ՙՀիշում եմ,¬ ասում է Գրիգորին,¬ մի անգամ հերթապահում էի, ինձ տղաներ մոտեցան, զրույցի բռնվեցինք։ Ավելի ճիշտ` երկու խոսք փոխանակեցի հետները։ Լեոնիդն ու Վլադիմիրն այդ պահին մոտենում էին: Լեոնիդն ասաց՝ զենքերդ ու շորերդ հանձնիր ու տուն գնա։ Ամոթից քիչ էր մնում գետինը մտնեի։ Բայց ո՞վ կհանդգներ հրամանատարի հրամանը չկատարել, չնայած գիտեի, առանձնակի մեղք չեմ գործել։ Մի խոսքով ենթարկվեցի։ Մեծ վիրավորանք էր դա ինձ համար։ Ամաչում էի տուն գնալ և ասել, որ զենքը ձեռքիցս վերցրել են։ Դա այդ օրերին անպատվություն էր։ Լեոնիդից քաշվում էի, իսկ Վլադիմիրի հետ համագյուղացիներ ենք, ու մի փոքր ավելի արքով էի։ Երեկոյան գնացի նրանց տուն՝ խնդրելու, որ բարեխոսի` զենքս ու շորերս վերադարձնեմ։ Վլադիմիրն ասաց. մի երկու օր հանգստացիր, տեսնեմ ինչ եմ անում։ ՙԲարեբախտաբար՚ երկու օրից Մատաղիսի ուղղությամբ մարտերը վերսկսում են։ Ես շտապում եմ այնտեղ և հանդիպում Լեոնիդին ու Վլադիմիրին։ Նրանք ՙՎիլիսի՚ միջից հանում են գնդացիրս ու ինձ տալիս, ու այդպես կրկին մարտադաշտ եմ վերադառնում։ Նրանց երկաթյա կարգապահությունը ինքնանպատակ չէր, և դա քաջ գիտակցում էինք բոլորս՚։
Միշտ և ամենուր Լեոնիդն առջևից էր գնում... Փոխադարձ հարգանք, նվիրվածություն, անձնական օրինակ. սրանք որակներ էին, որից պատկառում էին տղաները, ձգտելով նմանվել իրենց հրամանատարին։
ՙՆա բացառիկ նվիրվածությամբ, բացառիկ քաջությամբ օժտված մարտիկ էր,¬ ասում է Մարտակերտի ճակատի ռազմական խորհրդի անդամ Ներսես Օհանջանյանը,¬ Լեոնիդը լուրջ, գիտակ մարդ էր, մտավորական և ռազմական արվեստի համաշխարհային փորձին տիրապետող մեկը, ով ուսումնասիրել էր Լիբանանի, Իսրայելի, Ռուսաստանի ռազմական փորձը և այդ սինթեզից ուզում էր ստանալ հայկական մենթալիտետին համապատասխան միավոր։ Լեոնիդի նպատակն էր մեր տղաներից պատրաստել ռազմիկներ (ՉՏՌվ)։ Ռազմիկը պիտի լինի նվիրված, իր անձը դնի զոհասեղանին ու պատերազմի պատմական հայրենիքի բոլոր ծիրերում, իսկ Լեոնիդը հեռագնա նպատակներ ուներ։ Զինվորի մի տիպ էր առաջացել, որը փաստորեն օրինակ էր ծառայում... չխմել, չծխել, բացառապես նվիրված լինել զինարվեստին, ռազմական գործին։ Լեոնիդի տղաներն ամեն ինչով տարբերվում էին մնացած ջոկատների մարտիկներից։ Լեոնիդն ու Վլադիմիրն ստեղծեցին այդ դպրոցը, և դա վարակիչ դարձավ ամբողջ շրջանի, անգամ Արցախի համար։ Նրանք դողում էին յուրաքանչյուր փամփուշտի համար, որ ավելորդ կորուստ չտային, որովհետև այն շատ սուղ միջոցներով էր ձեռք բերվում, մեծ դժվարությամբ։ Լեոնիդն ասում էր՝ մենք փոքրաթիվ ենք և պիտի ունենանք մոդել և ռազմիկներ, մեր յուրաքանչյուր զինվոր պիտի կռվի 20-ի դեմ։ Մենք խորհրդային բանակ չենք, որ մեծաթիվ զոհեր տանք, ամեն հարցում պիտի լինենք խնայող՚։
Լինելով գիտնական, հասուն տարիքում զինվորագրվեց հայրենիքին ու իր անձնական օրինակով մարդկանց ոգեշնչում էր։ Լեոնիդը տեսաբան էր, բայց երբեք երիտասարդ զինվորներից հետ չէր մնում մարտական գործողությունների ժամանակ։ Նման ինտելեկտի, նման ռազմական գործի գիտակը բացառիկ երևույթ էր։ Ինձ միշտ զարմացրել է նրա մասշտաբային մտածողությունը։ Իրենից առաջին անգամ լսեցի, որ պիտի ամուր թիկունք լինի, պիտի ազատագրվի Քարվաճառը, որ մեր թիկունքից վտանգ չզգանք։ Շատ ծրագրեր նրա կողմից էին առաջադրվում, և միշտ մեզ պարտադրում էր, որ արագացնենք այս կամ այն գործընթացը։
Պահպանվում է Լեոնիդի ձայնագրված խոսքը՝ ուղղված ազգին։ Նա պահանջում էր լինել զգոն, պատրաստ մեծ մարտերի, նոր Ավարայրի ու Սարդարապատի։ Մենք պետք է կռվելով ու հաղթելով ապրենք, ասում էր։
Նրա գաղափարակից ու մարտական ընկերոջ` Հովսեփ Հովսեփյանի խոսքով, Լեոնիդը չափազանց պահանջկոտ էր, չկարդալու, չիմանալու իրավունք ոչ ոք չուներ։
ՙՆրա հետ հանդիպելուց հետո,¬ վերհիշում Հովսեփը,-մեր զրույցների հիմնական թեման դարձավ Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Նա միշտ կրկնում էր, որ այս կռիվը պայքարի առաջին փուլն է։ Պետք է ազգը միավորվի, ուժեղ բանակ ստեղծի, որ կարողանանք մեր ազգային խնդիրները ներկայացնել աշխարհին։ Միայն ցեղասպանության ճանաչումը չէր, որ կարևորում էր, այլև մեր ազգի իրավունքների պաշտպանությունն իր պատմական հողերի վրա։ Սա էր նրա նպատակը։ Դրա համար էր Արցախյան ազատամարտը համարում մեր պայքարի առաջին փուլը։ Եվ երբեք չէր ընդունում, որ Արցախը պետք է լինի առանձին հանրապետություն, այլ դա Հայաստանն է, և վերջ։ Նրա համար և՜ Արցախ, և՜ Նախիջևան, և՜ Գանձակ, և՝ Արևմտյան Հայաստան, դրանք ամբողջը Հայաստան են, և՝ վերջ...