[ARM]     [RUS]     [ENG]

Ապրիլյան քառօրյան ոգու փորձություն

Վան ՆՈՎԻԿՈՎ

 Ապրիլյան Քառօրյա պատերազմ...կորուստների մորմոք ու  Հայոց անկոտրում ոգու փորձություն…

Մարդկանց հայացքները սառել էին  ցուրտ երկնքի պես: Պատերազմի եղանակ էր: Միտքս ձգվում է մանկության տարիները, երբ հարևան ազատամարտիկ Հակոբն ասում էր` ադրբեջանցիները նենգ են: Մենք խաղաղություն չենք կնքել ու ամեն ակնթարթ կհարձակվեն: Հետո ինքն էլ, երբ արդեն զենքը փոխարինել էր հովվական ցուպով, ընկավ դավադիր թշնամու գնդակից: Միայն այդ նենգությունն ու հանկարծակիությունը կարող էր զորավիգ լինել, թիկունքից, քնած ժամանակ մարդուն կացնահարող խաժամուժին: Դա էլ չփրկեց, որովհետև, երբ թիկունքով չես կանգնում դեպի հակառակորդը, չախկալի պես ճողոպրում է, որովհետև նրա «վրա գալն» էլ է չախկալավարի:

Ռոբերտ Աբաջյանը գիտեր, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամը, Անդրանիկը գիտեին ու թիկունք չդարձրին ոհմակին: Մանկությունից հմայված էի հայոց բերդերի անառիկ վեհությամբ: Հետո, երբ տեսա 116-րդ մարտական դիրքը, հասկացա, որ հայոց բերդը հայ զինվորն է եղել ու կա… որ յուրաքանչյուր թիզ հողակտոր էլ բերդ է, եթե այնտեղ հայ զինվոր է կանգնած: Տղաները չտվեցին հայոց ոգու բերդը: Հետո հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մալոյանը մի բռունցք  զինվորներով 100-ից ավելի թշնամու դեմ մղած անհավասար  մարտով պիտի վերադարձներ սրբավայր-բերդը ու հպարտության բերկրանքը: Երբ խորհում եմ Նրանց մասին՝ հոգիս վեհանում է, մաքրագործվում առօրեական հեղձուկ  խժդժություններից, աթոռակռիվներից: Միլիարդավոր աստղեր են մարել Նրանցից առաջ: Մի այդքան էլ պսպղում են երկնքում: Ես միշտ փնտրում եմ Նրանցը, իմը, որն էլի Նրանք են վառել երկնքում: Ու չեմ մոլորվում: Որովհետև միշտ վերադառնում եմ այնտեղ, որտեղ նրանք լույս են գծել  հետոյի համար: Այդ հետոն արդեն ի՜մ բաժին պատերազմն է, որը ստվերի պես հետևելու է ու գտնելու էինձ անգամ Հյուսիսային բևեռում կամ Սահարայում: Անկասկած: Նրանք վերադարձրին այդ անխուսափելիության գիտակցումը: Արմենակը, Ռոբերտը, Քյարամը, Անդրանիկը: Հետո` Մալոյանը: Հասկացա, որ բերդեր ու ամրոցակերպ կառույցներ ուրիշ տեղ չպետք է փնտրեմ և  բավարարվեմ միայն նկարահանելով կամ հիանալով: Արդեն ունեմ իմը, որը հարկ եղած դեպքում ինձնով է բերդ ու ամրոց դառնալու: Ես միշտ Նրանցից մեկն եմ: Ռոբերտի հետ, քնքշորեն շոյում եմ նռնակի  սառը խորանարդիկները, Քյարամի հետ՝  զայրույթից ու ատելությունից ատամներս սեղմած պայքարում,  Արմենակի հետ ցնցվում՝ գնդակների ծակծկոցներից: Այսպես՝ մի ամբողջ հավերժություն ձգվում է Քառօրյան: Մեր պատերազմն ուրիշ է: Ցեղասպանության կրկնություն չթույլատրելու կռիվ է: Մի բուռ հողի վրա արժանավայել  ապրելու կռիվ է: Ու եթե աշխարհում դեռ էլի զինվոր կա, որ կռվում է հանուն գաղափարի ու արժանապատվության, էլի մեր զինվորն է: Ով, անկախ քաղաքական, հասարակական համոզմունքներից, գիտի, որ միայն զենքն ու փամփուշտն  իր տունը կփրկենցեղասպան թշնամուց:

Քառօրյա  պատերազմի  իրականությունն առավել քան խոսուն է՝  հայ զինվորի ոգու և սխրանքի մասին. «Տեսա գալիս է, կրակում է մեր վրա, ես էլ իրա վրա կրակեցի»:  Բավականին հուզիչ, մի քիչ էլ հայրենասիրական ճառի նմանվող լրագրողական իմ  հարցին պատասխանում է Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը, ով նռնականետով ոչնչացրել էր  թշնամական ուղղաթիռը: Դե թող անփորձ փորձագետները սեփական գլուխները ջարդեն, որ մի օր կարողանան աշխարհին մոտավորապես ռեմբոյակերպ ինչ-որ երևույթ մատուցել: Բայց դե փաստն այն է, որ հայ զինվորն անգամ աչք թարթելու ժամանակ չի ունեցել և կոպիտ ասած՝ «քարով»  խփելու ոտքերի տակ պառկացրել է յուր ժամանակի հզոր մարտավարատեխնիկական հնարավորություններով հագեցած ռազմական ուղղաթիռ կոչվածը:

Ազատամարտիկների միությունում էր: Հոսպիտալից էր եկել: Վիրավորվել էր մարտի ընթացքում: Նարեկ Մալխասյան: Պատմում է, որ թշնամու ուղղաթիռը դիրքերին մոտեցել է այն ժամանակ, երբ իր հանգստի ժամն է եղել: Մահասփյուռ ձայնը լսելուն պես դուրս է եկել և առանց հապաղելու կրակել ուղղաթիռի վրա: «Ամեն ինչ մենք արել ենք մեր հայրենիքի համար: Ուրախ եմ, որ բացի իմ ընտանիքից իմ արածով կարողացել եմ ուրախացնել և հպարտանալու տեղիք տալ մեր ժողովրդին: Հպարտ եմ դրա համար, հպարտ եմ իմ ընկերների համար և խոնարհվում եմ նահատակված մարտական ընկերներիս հիշատակի առաջ…»

Հերոսությունը կերտելու և զարդարելու կարիք չունի: Պարզապես ժամանակն է, որ աշխարհի հոմանիշների բոլոր բառարաններում այդ բառի փոխարեն նշվի ՝ Հայ զինվոր:

Թշնամու ուղղաթիռներից մեկն էլ շարքային Գևորգ Մանուկյանի ոտքերի տակ թավալվելու, այսպես կոչված՝ «մարտական» խնդիրն է հասցրել իրականացնել:

Իր զինակից ընկերոջ նման Ճակատ-ճակատի մենամարտի էր բռնվել զինագործական հազարամյա, արյունոտ մտքի արգասիք այդ մահասփյուռ, ահեղ գիշատչի հետ ու ծնկի բերել: «Ինչ կարողացել ենք՝ արել ենք հանուն հայրենիքի, հանուն մեր ծնողների ու հայ ազգի», ասում է զինվորն ու համեստորեն մի կողմ կանգնում:

Եվ իրոք, անիմաստ է խոսելիս օգտագործել հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանություն, հերոսություն բառերը կամ ունենալ հազարումի փայլփլուն զինատեսակներ, եթե չունես Մարատ Պետրոսյան: Հայ ռազմարվեստի պատմությունը հարստացավ ՊԲ ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի անունով. ադրբեջանական ապրիլյան ագրեսիա: հակառակորդի ոչնչացված 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա:

«Առաջին անգամ էի կրակում ինձ կցված հակատանկային զենքից: Առաջին կրակոցը վրիպեցի, երկրորդից կրկնակի ոգևորություն ապրեցի թշնամու ծխացող տանկից: Այդպես սկսեցինք մեր գործը: Երբ խոցում էի հակառակորդի տանկերը, այդ պահին մտածում էի՝ թշնամուն թույլ չտալ թեկուզ մեկ մետր առաջ գալ: Ես իմ պարտքն եմ կատարել: Այսօր էլ պատրաստ եմ պաշտպանել իմ հայրենիքն ու ամուր պահել մեր սահմանները: Հիմա ավելի փորձառու եմ դարձել: Ուզում եմ բոլոր հայ մայրերին կոչ անել, որ նրանք միշտ հանգիստ ու անհոգ լինեն, որովհետև մենք ամուր կանգնած ենք դիրքերում»:

Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել զինվորի խոսքը:

 

Վերջաբանի փոխարեն.

ՊԲ զինծառայող Էդուարդ Մաթևոսյանը ձեռքի բեկորային վիրավորում է ստացել ապրիլի 3-ին.

«Հենց զգամ, որ կարող եմ զենք բռնել՝ կգնամ: Այնտեղ՝ առաջնագծում, երբ մտածում ես, որ այս հողի վրա մեր հերոսների արյունն է թափվել,  լցվում ես անհուն ցասումով ու մտածում  միայն առաջ գնալու մասին..

Եվ Հայի գենը կրողի համար եթե կա մի կուսակցություն, որին  պետք  է աներկբա միանալ, դա Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու նրանց զինակիցների հիմնածն է: Այլընտրանք չկա: Մեր պատերազմն անգամ դժոխքում է մեզ գտնելու՝  քնած ժամանակ, աշխատանքի ժամին, ծովում, ջրում, ցամաքում, օտար ափերում… Հայի պատերազմն ու կռիվն ուրիշ է: Միայն մեր բաժին բերդը Աբաջյանիանձնազոհությամբ պահելով ու հարկ եղած դեպքում՝ Մալոյանների սխրանքով վերադարձնելով է  մեր արժանապատիվ ապրելու կերպը:

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 03 Ապրիլի 2020 12:53