[ARM]     [RUS]     [ENG]

ԽԻԶԱԽ ԹԱՄԱՆՑԻՆ

Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հայրենական մեծ պատերազմի մասին տեղյակ եմ պատմության էջերից ու ֆիլմերից, բայց ամենից շատ՝ իմ հորական պապից, ով այդ պատերազմի անմիջական մասնակիցն է եղել։ Պապս՝ սարդարաշենցի ՀԱՄԱՅԱԿ ԱՎԱԳԻՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ , Մեծ հայրենականին մասնակցել է 1941-1945 թվականներին՝ ծառայելով Թամանյան 89-րդ դիվիզիայում։ Նրա հրամանատարն էր լեգենդար Նվեր Սաֆարյանը, ում մասին պապս առանձնակի հպարտությամբ ու ոգևորությամբ էր պատմում։  Հարազատներով հավաքվեիս՝ լինի տոն, թե սովորական օր, միշտ խնդրում էինք պապիս  հիշողություններ պատմել իր և, մասնավորապես, Թամանյան դիվիզիայի մարտական ուղու մասին։Չէր մերժում, պատմում էր մանրամասն։  Պահեր էլ կային, երբ նրա կապույտ աչքերն արցունքով էին լցվում, հատկապես՝ երբ խոսում էր Մայդանեկ և Օսվենցիում ճամբարներում տեսած սարսափելի տեսարանների մասին... Սարի չափ կուտակված մանկական կոշիկ ու հագուստ կային այնտեղ՝ վառարանների մոտ...

Հայրենական պատերազմում մեծ սխրանքներ է կատարել եռակի շքանշանակիր Թամանյան 89-րդ հայկական Հրաձգային դիվիզիան՝ Կովկասյան լեռներից մինչև Բեռլին-էլբա։ Կովկասից մինչև էլբայի ափերն անցնելով 3700 կիլոմետ, ականաձիգ ու գնդացրորդ պապիկիս մասնակցությամբ  դիվիզիան ազատագրել է 900 բնակավայր, այդ թվում՝ Մալգոբեկ, Թաման, Կոշմին, Դլուտով, Կորշով քաղաքները, մասնակցելՆովոոոսիյսկ,  Կերչ, Սևաստոպոլ քաղաքների ազատագրմանը։ Պապիկս պատմում էր, որ Գերագույն գլխավոր հրամանատարության ներկայացուցիչ, Սովետական Միության մարշալ Վորոշիլովը Կերչի  ազատագրումից հետո այսպես է գնահատել 89-րդ դիվիզիայի մարտական գործողությունները. «Ես դիտել եմ հայկական դիվիզիայի մղած մարտերը՝ Կերչ քաղաքի ազատագրման համար։ Դիվիզիան մարտ վարելու լավագույն ձևեր և հերոսական օրինակ ցույց տվեց»։  Ամեն մի քաղաք ազատագրելուց հետո պապիկիս կուրծքը զարդարվում էր ևս մեկ մեդալով ՝ Կերչի, Սևաստոպոլի, Նովոռոսիյսկի, Բրեստի, Ստալինգրադի ազատագրման համար մեդալներին ավելացել են նաև Բեռլինի, Լեհաստանի ազատագրման համար ստացածները, ինչպես նաև՝ <Խիզախության համար> (За отвагу) մեդալն ու <ՙՓառքի 3-րդ աստիճանի> շքանշանը (Орден слава՚)։ 

<Մենք մեր Քոչարին պարեցինք Ռեյխստագի պատերի տակ>,- պատմում էր պապս։ Մարտերում մեծ վնասներ պատճառելով հակառակորդին՝  իրենք ևս ունեցել են ծանր կորուստներ (հրամանատարներ Վասիլյան, Բլբուլյան, որոնց ազգանունները հիշում եմ նրա պատմածներից)։

Պապս պատմել է նաև, թե ինչպես է փրկել իր մարտական ընկերոջ՝ Արսեն Մուքանյանի կյանքը։ Ի դեպ, Արսեն Մուքանյանը Մարտունու շրջանի Սոս գյուղից է և երկար տարիներ եղել է այդ գյուղի կոլտնտեսության նախագահը։ Պատերազմն ավարտվելուց հետո, Ա. Մուքանյանի և պապիս՝ Համայակ Գրիգորյանի ընտանիքների միջև բարեկամական կապ էր ստեղծվել։

Պապս նույնպես վիրավորվել էր պատերազմում, բայց բուժվելուց հետո անմիջապես մարտադաշտ է վերադարձել։

Արդեն քանի տարի է՝ չկա պապս։ Հիշում եմ՝ ամեն տարի Մայիսի 9-ին նա հագնում էր իր զինվորական  կիտելը։ Բազմաթիվ մեդալներն ու Փառքի շքանշանը  հպարտորեն զարդարում էին կուրծքը, գնում և հարգանքի տուրք էր մատուցում Մեծ հայրենականում զոված սարդարաշենցիներին՝ գլուխ խոնարհելով և ծաղիկներ դնելով նրանց հիշատակին կառուցված հուշարձանին։ Հայրենիքը մեծարեց նրան, իսկ ինքն էլ հաղթողի հոգեբանությամբ մեծացրեց ու դաստիարակեց իր զավակներին, այդ թվում՝ Արցախյան պատերազմի մասնակից, <Արիության համար> մեդալի ասպետ հորս...  

Շնորհավո՜ր Եռատոնդ, պապիկ, քո մասին հիշողությունները կուղեկցեն մեզ մեր ամբողջ կյանքում և որպես հայրենասիրական դաս՝ կփոխանցվեն գալիք սերունդներին։

 

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 08 Մայիսի 2020 16:46