comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԸՆՏՐՅԱԼՆԵՐՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԸՆՏՐՅԱԼՆԵՐՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԱՀ ԱԺ պատգամավոր ՙԱրցախ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակի անդամ Սեպտեմբերի 15-ին Արցախում մի խումբ գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ստեղծեցինք Ֆրանսիայի հետ բարեկամության շրջանակը:

Դեռեւս 5-րդ գումարման Ազգային ժողովի ժամանակ Արցախի ԱԺ-ում ձևավորվել էին բարեկամության խմբեր: Դրանք ստեղծվում էին բոլոր այն երկրների հետ, որոնց օրենսդիր մարմիններում կային Արցախի հետ բարեկամության խմբեր: Այդ համարձակ երկրներից առաջինը Լիտվան էր: Բարեկամության խումբ է ստեղծվել նաեւ Եվրոպական խորհրդարանում: Ֆրանսիայի օրենսդիրի և ոչ մի պալատում հնարավոր չեղավ ստեղծել Արցախի հետ բարեկամության խումբ, սակայն մեր բարեկամ պատգամավորները գտան ելքը` 2013թ. կազմավորվեց ՙՂարաբաղ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակ, որը թեեւ արտախորհրդարանական մարմին է, բայց բաղկացած է 40-ից ավելի պատգամավորներից և սենատորներից, ինչպես նաև քաղաքապետերից: Արցախում նույնպես Ֆրանսիայի հետ ստեղծվեց ոչ թե բարեկամության խումբ, այլ` շրջանակ: Կապված 2015թ. մայիսյան ընտրություններում 6-րդ գումարման ԱԺ-ի ձեւավորման հետ բարեկամության խմբերը և շրջանակը վերաձեւավորվեցին: Սեպտեմբերի 17-19-ը Արցախում ֆրանսիական օրեր էին անցկացվում, որին ներկա էր Ֆրանսիայից ժամանած 200-հոգանոց մի մեծ պատվիրակություն` պատգամավորներ, նահանգային պաշտոնյաներ, արցախյան քաղաքների հետ բարեկամության պայմանագրեր ստորագրած հինգ քաղաքների պատվիրակություններ քաղաքապետերի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, կրթական, մշակութային, սպորտային կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ: Արցախում ֆրանսիական օրերը ես կհամարեի բավականին հագեցած ու հաջողված. բացվեցին ֆրանսիական ծրագրերով աշխատող ՙԵզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը՚, ֆրանսահայ քանդակագործ Թորոսի Ֆրանսիա-Արցախ բարեկամությանը նվիրված ՙՀավերժություն՚ հուշարձանը, դրվեց Ստեփանակերտում Ֆրանկոֆոնիայի կենտրոնի շենքի հիմնարկեքը, եղան բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք եզրափակվեցին Ստեփանակերտում Պատրիկ Ֆիորիի համերգով: Ես անձամբ ֆրանսիացի գործընկերներիս և տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ մի շարք գործնական պայմանավորվածություններ ունեցա, որոնց մասին կխոսեմ դրանց հաջող ընթացքի դեպքում: Ադրբեջանը զգալի ջանքեր է գործադրում Արցախի հետ տարբեր մակարդակի համագործակցությունը խոչընդոտելու համար: Հավանաբար, այդ ջանքերի արդյունք է նաև 2015թ. հուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարի ու ներքին գործերի նախարարի համատեղ շրջաբերականը, որն ուղարկվել էր պրեֆեկտներին: Շրջաբերականում նրանց կոչ է արվում հիշեցնել ՏԻՄ-երին՝ հավատարիմ մնալ Ֆրանսիայի վերցրած արտաքին պարտավորություններին և հարաբերություններ չհաստատել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի վարչատարածքային միավորների հետ: Այս շրջաբերականը պարտավորեցնող ոչինչ չուներ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների համար, ինչի վկայություն էր ֆրանսիական մեծ պատվիրակության սեպտեմբերյան այցն Արցախ: Ավելին, ՙՖրանսիա-Արցախ՚ եւ ՙԱրցախ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակների համատեղ նիստի ընթացքում մեր գործընկերների հետ համատեղ ընդունեցինք մի հայտարարություն, որի մեջ նաև ասվում էր. ՙ...Աջակցություն հայտնել Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանը, որն ուղղված է համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ տնտեսության, Հաստատել Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու մտադրությունը... ՚: Սա յուրօրինակ պատասխան էր Ֆրանսիայի երկու նախարարությունների շրջաբերականներին, ինչպես նաեւ այն համոզմունքի հաստատումը, որ Ադրբեջանի ջանքերը չեն կարող փոխել ֆրանսիական ՏԻՄ-երի կամ խորհրդարանականների սկզբունքները: 

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ