comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՐԲՈ ԽԱՉԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՐԲՈ ԽԱՉԻ

 

 

 

  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 27-ին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը:

Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի նշում են Խաչին նվիրված մի շարք տոներ, սակայն այս տոնը զուտ ազգային երանգ ունի և տոնակատարվում է միայն Հայ Եկեղեցու կողմից: Վարագա Ս. Խաչի տոնը միշտ նշվում է Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ագաթանգեղոսի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն, մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Ս. Հռիփսիմեն իր կրծքից կախված Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Եկեղեցական ավանդության համաձայն` սուրբ մասունքն այդպես թաքնված մնում է մինչև 7-րդ դարը: 653թ.-ին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Ս. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Հռիփսիմյանց կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: Ներսես Գ Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետը, իմանալով այս մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ Հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ, ի վկայություն կատարված հրաշքի, անվանում է Ս. Նշան: Ներսես Գ Հայրապետը գրում է նաև ՙՆշանաւ ամենայաղթ՚ անզուգական շարականը, որը երգվում է տոնի օրը: Սրբազան այդ մասունքը մինչև 1021թ. մնում է Վարագա վանքում, ապա Սենեքերիմ Արծրունին այն տեղափոխում է Սեբաստիա: Վերջինիս մահից հետո Խաչը նորից փոխադրվում է հին տեղը և այդպես մնում մինչև 1651թ., երբ ավարտվում է և գերի տարվում Խոշաբ: Սակայն 1655թ. վերադարձվում է և զետեղվում Վանի Ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Ս. Նշան: Վարագա Ս. Խաչի տոնը նաև առանձնահատուկ արժեք է ձեռք բերել Արցախի թեմի համար, քանի որ 1989թ., երբ երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի կողմից վերաբացվեց Արցախի պատմական թեմը, նորանշանակ թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանը հենց Վարագա Ս. Խաչի տոնի օրը Գանձասարում մատուցեց անդրանիկ Ս. Պատարագը: Շուրջ վաթսունամյա հարկադիր լռությունից հետո Արցախում կրկին հնչեց Պատարագի սրբազան արարողության երգեցողությունը, իսկ Գանձասարի զանգերի ղողանջն ավետեց Արցախ աշխարհի հոգևոր կյանքի վերածնունդը: Բացի վերոնշյալից` Վարագա Ս. Խաչի տոնն այս տարի կնշանավորվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի արարողությամբ: 

 

Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ