comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի ներդաշնակության ապահովման խնդիրը միշտ գտնվում է հասարակության ուշադրության ներքո:

Այդ և հարակից այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

¬Պարոն Սաֆարյան, հասարակությունը հետաքրքրված է մայրաքաղաքի զարգացման, ինչպես հասարակական և բնակելի շենքերի, այնպես էլ կանաչ գոտիների, մայթերի անվտանգության ապահովման հարցերով: Որքանով տեղեկացված ենք, նման հարցերի լուծումը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի իրավասության ներքո է, իսկ այդ հաստիքը թափուր է: Դրանից կարելի՞ է ենթադրել, որ գործընթացը բարձիթողի վիճակում է։

-Ինչպես նշեցիք, այդ պաշտոնը թափուր է, բայց ճարտարապետի պարտականությունները կատարում է մեր բաժինը: Հարկ է նշել, որ բոլոր նախագծերը քննարկվում են քաղաքապետարանին կից գործող քաղաքաշինական և ճարտարապետական խորհրդում, որում ընդգրկված են մայրաքաղաքի լավագույն ճարտարապետները: Փորձաքննություն անցնելուց հետո դրանք հաստատվում են, որից հետո ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է համապատասխան շինարարական աշխատանքները: Վերջերս Ստեփանակերտում կյանքի են կոչվել բազմաթիվ քաղաքաշինական ձեռնարկումներ: Կառուցվել են բնակելի ու հասարակական շենքեր, նոր դպրոցներ և մանկապարտեզ, առողջապահական համալիր, հյուրանոցներ և այլն: Կատարվել է բնակելի թաղամասերի, մշակութային և առևտրի կենտրոնների կառուցապատում: Ձեռնարկվել են նաև ճանապարհային շինարարություն, քաղաքի ինժեներական կահավորման, տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Պարբերական բնույթ են ստանում բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի հարդարման և սալիկների վերականգման, վթարային պատշգամբների, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները: Հաշվի առնելով ֆինանսական սուղ հնարավորությունները՝ նախապատվությունը դեռևս տրվում է կենտրոնական փողոցների և բակերի բարեկարգմանը: Վերանորոգման են ենթարկվել նաև տարբեր թաղամասերում տեղադրված ցայտաղբյուրները: Ինչ վերաբերում է մայթերի անվտանգության ապահովմանը, քաղաքապետի հանձնարարությամբ բաժինը խստորեն վերահսկում և արգելում է մայթերից հողհատկացումների պրակտիկան, ինչը թույլ կտա այլևս մայթերի հաշվին կառուցապատումներ չիրականացնել: Ուշադրության կենտրոնում է նաև մայրաքաղաքի կանաչ գոտիների հավասարաչափ ստեղծման հարցը: Տարեցտարի ավելանում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, հատկապես՝ ծաղկային մակերեսը: Այսօրվա դրությամբ նման տարածքները մայրաքաղաքում կազմում են շուրջ 380000 քառ. մ: Սակայն, ինչպես նկատելի է, կենտրոնական փողոցներում պակասել է ծառերի քանակը: Խնդրի լուծումը կտրվի 2016 թվականին. կտնկվեն նոր ծառատեսակներ:

-Ճարտարապետության և քաղաքաշինության բաժինն ի՞նչ իրավասություններ և պարտականություններ ունի:

-Բաժինն օժանդակում է Ստեփանակերտի քաղաքապետին՝ քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային քաղաքականության իրականացմանը, ներկայացնում է առաջարկություններ քաղաքաշինական գործունեության կանոնակարգման վերաբերյալ, կատարում է շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի, դիմումների, գրությունների ուսումնասիրություն, տալիս դրանց մասին եզրակացություն և պատրաստում Ստեփանակերտի քաղաքապետի որոշման նախագծերը, դրանց մշակման համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքները, համաձայնեցնում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակված նախագծերը, իր իրավասության շրջանակներում ապահովում է քաղաքապետի կողմից իր լիազորությունների իրականացումը ճարտարապետության, քաղաքաշինության բնագավառներում: Բացի դրանից, մասնակցում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի մշակմանը, կազմակերպում է բնակարանային և սոցիալական նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների կառուցման, վերակառուցման, ամրացման, հիմնանորոգման և բարեկարգման նախագծային աշխատանքներ: Քաղաքապետի քննարկմանն է ներկայացնում նախագծեր համայնքի տարածքում գտնվող բնակելի տների, առևտրային և հասարակական օբյեկտների շինարարության նպատակով սահմանված կարգով դրանց հատկացումների վերաբերյալ, ապահովում բաժնի իրավասությանն առնչվող՝ Ստեփանակերտի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությունների կատարումը: Ստեփանակերտի քաղաքապետի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը: Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պատասխանատուների, փորձագետների:

-Հանրությունը տեղեկացված է, որ Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների համագործակցության շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների օգնությամբ պետք է նախագծվի մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը: Ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը:

-Տեղեկացնեմ` ԼՂՀ և ՀՀ քաղաքաշինության նախարարություններն արդեն սկսել են Ստեփանակերտի գլխավոր հատակագծի և կառուցապատման ու գոտիավորման նախագծերի աշխատանքները, նախագծումը հանձնարարված է ՙՀայնախագիծ՚ ճարտարապետական արվեստանոցին: Այժմ արդեն պատրաստ է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ճարտարապետական խորհրդում քննարկվելուց և համապատասխան մարմինների կողմից հաստատվելուց հետո կսկսվեն բուն նախագծային աշխատանքները: Հուսով ենք, որ հաջորդ տարի կունենանք գլխավոր հատակագծի և կառուցապատման ու գոտիավորման հատակագծերի ամբողջական փաթեթը:

-Ի՞նչ խնդիրների հետ է առնչվում բաժինն առօրյա գործառույթներն իրականացնելիս:

-Ներկայում դեռևս իրենց լուծումն են պահանջում բազմաթիվ քաղաքաշինական խնդիրներ: Քաղաքի թե՜ ամբողջական, թե՜ առանձին հատվածներում ծագող քաղաքաշինական հարցերի օպերատիվ լուծման համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պահանջներին համահունչ, համալրված և տարածական պլամավորման (քաղաքի գլխավոր հատակագիծ) և տարածքների գոտիավորման նախագծային փաստաթղթեր:

-Ներկայացրեք, խնդրեմ, ինչպիսի՞ն է խախտումների վիճակագրությունը: Օրինազանցներին օրինական դաշտ բերելու ի՞նչ լծակներ եք կիրառում:

-Ճարտարապետական և շինարարական գործունեության վերահսկողությունն իրականացնում են քաղաքաշինության պետական տեսչությունը և Ստեփանակերտի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժինը: Խախտումների հայտնաբերման դեպքում կառուցողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, այնուհետև հարցը դրվում է ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակը որոշող հանձնաժողովի քննարկմանը: Կառուցապատվող օբյեկտների հսկողությունն ապահովելու պարտավորությունը դրված է կառուցապատողի վրա: Նախատեսվում է 2016թ. ՙՔաղաքաշինության մասին՚ օրենքը կիրառել ամբողջովին (սոցիալական խնդիրներից ելնելով՝ այն մասնակի էր կիրառվում): Դա թույլ կտա լուծել հեղինակ¬ճարտարապետի կատարած աշխատանքի դիմաց ֆինանսական փոխհատուցման հարցը, ինչը կկարգավորի հեղինակի և կառուցապատողի միջև պայմանագրով կնքված իրավասությունները, որն էլ կնպաստի կառուցվող օբյեկտի շինարարության որակի բարձրացմանը: 

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ