comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆ ԵՎ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆ ԵՎ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔ

 

 

 

 Սեպտեմբերի 27-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա հոգևոր և ազգային-եկեղեցական տեսանկյունից առանցքային նշանակություն ներկայացնող Մյուռոնօրհնեքի արարողությունը:

ՙՄյուռոն՚ բառը, որը մեր ժողովուրդն ավելի հաճախ գործածում է ՙմեռոն՚ ձևով, հունական ծագում ունի և նշանակում է ՙանուշահոտ հեղուկ՚, ՙհոտավետ յուղ՚ կամ ՙբույսից հոսող հյութ՚: Բուրավետ յուղով օծումը հինավուրց սովորություն է, որը մեծ տարածում ուներ հատկապես արևելյան ժողովուրդների մեջ և գործածվում էր սրբազան արարողությունների ու տոնական իրադարձությունների ժամանակ: Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ (ի դեպ` հունարեն ՙՔրիստոս՚ բառը նշանակում է հենց ՙՕծյալ՚), և արդեն Նախնի Եկեղեցում հանդիպում ենք յուղով օծելու զանազան դեպքերի: Քրիստոնեության արշալույսին արդեն, ինչպես ակնարկվում են առաքելական թղթերում, Մկրտության ժամանակ յուղերով օծելու սովորույթը որոշ համայնքներում սկսեց կենցաղավարվել որպես Սուրբ Հոգին ընդունելու նվիրական նշան: Եթե ջրով Մկրտությունը սրբում է հին մարդու ադամական տկարությունները, ապա սուրբ յուղով օծումը նրան դարձնում է Սուրբ Հոգու շնորհներով վահանավորված և քրիստոնեական օծումով բարեզարդված Աստծո զավակ: Հայ Առաքելական Եկեղեցում Մյուռոնի կիրարկումը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային մի հին ավանդության` Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Ս. Թադեոս առաքյալը: Գալով Հայաստան` նա իր հետ բերած այս յուղով օծեց Աբգար թագավորին ու բժշկեց հիվանդությունից: Հետագայում, գնալով Տարոնի կողմերը, այն տեղում, ուր հետագայում Լուսավորիչը կառուցելու էր Ս. Հովհաննես վանքը, մշտադալար մի եղերդենու տակ առաքյալը թաղում է շշով բերված այս յուղը, որի համար Ս. Հովհաննես վանքը կոչվում է նաև Եղրդուտի վանք կամ ՙՍ. Շիշ իւղոյ վանք՚: Նույն վայրում իջած լույսով և Լուսավորչին երևացած տեսիլքով հայոց քահանայապետը գտնում է այն և խառնում իր օրհնած Մյուռոնին: Քանի որ օրհնվող յուրաքանչյուր նոր Մյուռոն իրենում ունի մասնիկը հին Մյուռոնի, ապա մերօրյա Մյուռոնն իր մեջ ունի առաքյալի կողմից բերված յուղի մասնիկը: Հայոց Եկեղեցում Մյուռոն գործածվում է մի շարք ծեսերի և արարողությունների ժամանակ, որոնցից է, մասնավորապես, Դրոշմի խորհուրդը, որն անմիջապես հաջորդում է Մկրտությանը: Մեր Եկեղեցում օծվում է նաև Հայոց Հայրապետը: Մյուռոնը հեղվում է նրա գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` օծված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները: Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր: Մյուռոնով են օծվում նաև սրբապատկերները, խաչքարերը և այլն: Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի: Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ յուղն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն կամ ավելի տեսակ տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին և ծածկվում է նրբահյուս շղարշով: Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգևոր արարողություն է կատարվում` շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով: Մյուռոնօրհնեքի նախատոնակին` գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորաբաշխությունը: Վեհափառին շրջպատած հոգևոր դասը Վեհարանից ուղղվում է դեպի Ս. Տրդատա բաց խորան, որտեղ 2001թ. սկսյալ կատարվում է Մյուռոնօրհնեքը: Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնի օրհնությունը կատարում է մեր Եկեղեցու երեք գլխավոր մասունքներով` Ս. Գեղարդով, Խաչափայտի մասունքը կրող Ս. Խաչով և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով: Մյուռոնօրհնեքի հաջորդ օրը հատուկ անձինք` նվիրակները (թեմակալ առաջնորդներ և համայնքների հոգևոր պատասխանատուներ), Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսից ստանում են իրենց հասանելիք Մյուռոնի բաժինը և տանում իրենց հետ դեպի աշխարհի բոլոր կողմերը, որտեղ հայ կա և որտեղ գործում է Հայ Առաքելական Եկեղեցին:

Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն