comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ստեփանակերտի քաղաքապետարանում արդեն ավանդույթ են դարձել քաղաքի օրվա կապակցությամբ հանդիսավոր պայմաններում աշխատանքում աչքի ընկած անձանց պարգևատրումն ու մեծարումը։

Սեպտեմբերի 25-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում հավաքվել էին քաղաքապետարանի ու նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և կառույցների, ամենատարբեր ոլորտների աշխատողներ։ Բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը։ Քաղաքապետարանի ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով ներկաներին՝ Ստեփանակերտի ավանդական օրվա կապակցությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նրանց մաղթեց նորանոր հաջողություններ, ամենայն բարիք։ Նա նշեց, թե տոներն առիթ են վերաարժևորելու քաղաքի անցյալը, գնահատելու ներկան, լավատեսությամբ լցվելու նրա ապագայի նկատմամբ։ ՙԿազմավորման օրվանից, հաճախակի հայտնվելով փորձությունների և դժվարությունների առաջ, մեր քաղաքը, որտեղ դաստիարակվել ու ամենատարբեր ոլորտներում իրենց դրսևորել են բազմաթիվ սերունդներ, մաքառել ու պատվաբեր ուղի է անցել,- ասաց նա։- Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի համար հոգևոր զարթոնքի հզոր ալիք հանդիսացավ, և Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առնելով ազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դարձավ ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված գործընթացների համակարգող կենտրոնակայան։ Հիրավի անգնահատելի է մայրաքաղաքի դերը թշնամու դեմ մարդկանց ուժերը համախմբելու գործում։ Այսօր գրեթե լիովին վերացվել են դաժան պատերազմի հետքերը։ Շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել բարեկարգ և հրապուրիչ։ Լուծվել են առաջնահերթ կենսական նշանակության ոչ քիչ խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ երազում էինք։ Դրա հետ մեկտեղ շատ հարցեր դեռ ևս մնում են չլուծված, որոնց համակարգումը լարված ջանքեր ու ժամանակ է պահանջում՚։ Քաղաքապետի համոզմամբ, ոպեսզի ապահովվի մայրաքաղաքի առաջընթացը, յուրաքանչյուրն իր անձնական օրինակով, տքնաջան աշխատանքով պիտի նպաստի նրա զարգացմանն ու բարգավաճմանը։ Մանավանդ որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է հենց Ստեփանակերտում։ ՙՀետևաբար, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի մեր քաղաքը լինի առավել մաքուր, ավելի գեղեցիկ և ներդաշնակ՚, - ընդգծեց Ս.Գրիգորյանը։ Քաղաքապետը ներկաներին շնորհակալություն հայտնեց այն բարեխիղճ աշխատանքի համար, որ կատարում են նրանք մայրաքաղաքում՝ հանձնարարված տեղամասում, հավելելով, որ այսուհետ իրենց արժանի ավանդը կբերեն մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը։ Վերստին շնորհավորելով հիշարժան իրադարձության կապակցությամբ՝ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի անունից պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց ներկաներին, առօրյա կյանքում մաղթեց հաջողություններ ու անձնական երջանկություն։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, այլ պաշտոնյաներ։ Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն