comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐԸ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ՀԱՄԵՍՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐԸ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ՀԱՄԵՍՏ

Սեպտեմբերի 26-ին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում իրավիճակի սրման հետևանքով ունեցած ծանր կորուստների պատճառով Ստեփանակերտ քաղաքի օրը նախատեսվածից շատ ավելի համեստ ձևով նշվեց:

Միջոցառումները հիմնականում անցան Ստ. Շահումյանի անվան պուրակում: Առավոտյան ժամը 11-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ, Երևանից ժամանած պատվիրակությունը` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին Ստ. Շահումյանի հուշարձանին: Այնուհետև շրջեցին բացօթյա ցուցահանդեսներով` հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների գործերին: Ցուցադրված էին ինչպես կայացած նկարիչների, մեծապես՝ ԼՂՀ նկարիչների միության անդամների ստեղծագործությունները, այնպես էլ իրենց ուժերն այդ բնագավառում փորձող՝ Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների: Ցուցահանդես-վաճառքի էին հանվել նշված մշակութային կենտրոնների սաների կողմից պատրաստված կիրառական արվեստի գործեր` ձեռագործություն, ասեղնագործություն, կարպետագործություն, ինչպես և երեխաների պատրաստած խաղալիքներ, հուշանվերներ: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել էին նաև Ստեփանակերտի գորգագործարանի՝ ազգային ոճով գործած գորգերը, որոնց նախշերն ու գույներն անտարբեր չէին թողնում ոչ ոքի։ Ազգային ավանդական խաղերով և մենամարտի մարզական ձևերով հանդես եկան մարզիկները: Իրենց հմտությունները ցուցադրեցին Ծաղկաձորում ընտանեկան մրցումներին մասնակցած արցախյան չորս ընտանիքներ: Անշուշտ, ներկաների խանդաղատանքն էին առաջացնում ամենափոքրերը, որոնք իրենց երևակայությանն ազատություն էին տալիս` գորշ ասֆալտը դարձնելով գույների հրավառություն: Հարկ է նշել, որ նախատեսված ցուցահանդես-վաճառքներից զատ՝ այդ ձևաչափում իրենց մասնակցությունն էին բերել սիրիահայ երկու կանայք, ովքեր ներկայացրել էին շատ գեղեցիկ ասեղնագործ սփռոցներ, կիրառական այլ իրեր, և ուկրաինացի մի կին (մեկ տարի է, ինչ ընտանիքով ապրում է Մարտակերտում), ով հանդես էր եկել փայտի վրա հետաքրքիր հրաքանդակներով: Քաղաքի օրվա տոնին Երևանի պատվիրակությունը եկել էր հատուկ նվերներով` նախատեսված նոր բացված թիվ 4 մանկապարտեզի համար, որը գտնվում է Սարոյան 1 նորակառույց շենքի առաջին հարկում: Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ, հյուրերի հետ մեկտեղ այցելեց վերոնշյալ մանկապարտեզը, տնօրեն Սուսաննա Ավշարյանի ուղեկցությամբ այցելուները շրջեցին արդի չափանիշներով կառուցված մանկապարտեզի սենյակներով, լսեցին երեխաների ողջույնի խոսքը, հանձնեցին նվերներ: Մանկապարտեզի տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց հյուրերին, քաղաքապետարանի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են նախադպրոցական այս հիմնարկի բացմանը` ընդգծելով այդ նվիրատվության կարևորությունը, քանի որ հասկանալի պատճառով մանկապարտեզը կարիք ունի խաղալիքների, սպորտային գույքի և այլնի: Երեկոյան Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներն այցելեցին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն և, ավանդույթի համաձայն, նվերներ հանձնեցին այդ օրը ծնված բալիկներին ու նրանց մայրերին: Նշենք, որ Քաղաքի օրը ծնվեցին 3 աղջիկ և 5 տղա: Պատվիրակությունն այցելեց նաև այդ օրը տեղի ունեցող երեք հարսանյաց հանդեսներին, բարեմաղթանքներ ուղղեց, շնորհավորեց բոլորին Քաղաքի օրվա առթիվ և հանձնեց հուշանվերներ: Քաղաքապետարանի ղեկավարությունը դրանով սահմանափակեց տոնակատարությունը` չեղյալ հայտարարելով երեկոյան նախատեսված համերգն ու հրավառությունը: 

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ