comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՅՈՒՂԱԲՆԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ ՍԱՏԱՐԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱԲՆԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ ՍԱՏԱՐԵԼ

ԼՂՀ կառավարության՝ հունիսի 3-ի որոշմամբ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվեց Կարեն Թովմասյանը:

Սեպտեմբերի 10-ին լրացավ վարչատարածքային այս միավորի նորանշանակ ղեկավարի պաշտոնավարման 100 օրը: Այդ կապակցությամբ հարցազրույց շրջանի ղեկավարի հետ: -Պարոն Թովմասյան, Ձեր գիտակցական կյանքի գերակշիռ մասը զինվորական ծառայության մեջ անցկացնելուց հետո մի որոշ ժամանակահատված ղեկավարեցիք ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ-ն, որից հետո նշանակվեցիք շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնում: Դժվար չէ՞ր զինվորական երկարատև ծառայությունից հետո քաղաքացիական կյանքում բավականին պատասխանատու այդ աշխատանքը կատարելը: -Իհարկե, աշխատանքի բնույթի փոփոխությունն իր հետ բերում է տվյալ բնագավառին յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք ստիպում են վերանայել տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու մոտեցումները, ինչը հատկապես առավել ընդգծված դրսևորվում է զինվորական ծառայությունից քաղաքացիական աշխատանքի անցնելու պարագայում: Ես չէի ասի` դժվար է, քանզի զինվորական ծառայությունն ինձ չի մեկուսացրել քաղաքացիական բնագավառում աշխատողներից: Զինվորական ծառայությունն իր բնույթով առանձնանում է մյուս պետական ծառայություններից և առանձնահատուկ տեղ է գրավում իր առջև դրված խնդիրների կատարումով։ Կոնկրետ իմ պարագայում` մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր աշխատանք, լինի զինվորական, թե քաղաքացիական, պետք է կատարել սիրով ու նվիրումով, շուրջդ ստեղծելով օրինապաշտ աշխատակիցների կոլեկտիվ, իհարկե, որոշակի ժամանակահատվածում: - Ինչպե՞ս եք տեսնում շրջանի համամասնական զարգացումը: - Ընդհանրապես զարգացումն անընդհատ գործընթաց է, անկախ նրանից, թե ինչ միջոցներով ես միջամտում նրա դրսևորումներին: Շրջանի զարգացումը տեսնում եմ երկու` սոցիալական և տնտեսական բաղադրիչների համընթաց զարգացմամբ: Սրանք երկուսն էլ փոխկապակցված են իրար ու առանց մեկի զարգացման, մյուսի զարգացումը չի կարող իրականանալ: Սոցիալական առումով` շրջանում գործում են և կգործեն բոլոր այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում հանրապետությունում, ըստ տարբեր սոցիալական խմբերի ցուցաբերվում է բնակարանների ձեռքբերման, վերանորոգման, շինանյութերի տրամադրման և պետական այլաբնույթ աջակցություն: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել գյուղական համայնքներում երիտասարդ ընտանիքներին բնակարանների շինարարության համար տրամադրվող, բազմազավակ ընտանիքներին բազմազավակության խթանման համար հատկացվող ֆինանսական աջակցությունը: Տնտեսության զարգացման առումով սուբսիդիաների տեսքով պետական աջակցություն է ցուցաբերվում բոլոր հողօգտագործողներին` սկսած ցանքսի նախապատրաստման աշխատանքներից մինչև բերքահավաքի, բերքի իրացման կազմակերպումը, ինչպես և նոր գյուղտեխնիկայի, պահեստամասերի ձեռքբերումը: Ի դեպ, դրանք իրենց առավելագույն արդյունքը կտան միայն այն դեպքում, եթե քաղաքացիների կողմից այդ խթանիչների օգնությամբ ստեղծված միջոցներն օգտագործվեն նպատակային: Կարևորում եմ ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ստեղծման գործընթացը. օրինակները կան հանրապետության տարբեր շրջաններում: Նման կոոպերատիվ ստեղծելու ծրագիր կա Ճարտար քաղաքում: Շրջանի զարգացումը տեսնում եմ հենց նշված և այլ պետական նշանակության ծրագրերի հնարավորինս արդյունավետ և ժամանակին իրականացնելու մեջ: - Ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: - Ես եղել եմ շրջանի բոլոր համայնքներում, տեղում հանդիպել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, համայնքների ակտիվի հետ, մանրամասն ծանոթացել ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ առկա խնդիրներին, ու նշեմ, որ կան ընդհանուր բնույթի և առանձին` միայն տվյալ համայնքին բնութագրական խնդիրներ: Չնայած բավականին լուրջ աշխատանք է տարվել, ու կառուցվել և վերանորոգվել են բավականին մեծ թվով դպրոցներ, մանկապատեզներ, համայնքային կենտրոնների և համայնքային նշանակության այլ շինություններ, այնուամենայնիվ, առայժմ որոշ համայնքների համար դրանք մնում են հրատապ: Զգալի անելիքներ ունենք համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Լուրջ խնդիրներ են գյուղտեխնիկայի բարելավումը, ոռոգման ջրի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը: - Ձեր կարծիքով` ո՞րն է այսօր շրջանի համար ամենաառաջնային խնդիրը: Ինչո՞վ դա կբացատրեք և ինչպե՞ս եք տեսնում դրա լուծումը: - Ես կասեի՝ գյուղերի պահպանման խնդիրը։ Տեսանելի ու զգալի են մեր երկրի ղեկավարության, կառավարության և սփյուռքի կողմից գյուղերի պահպանմանը, գյուղում ապրողի բարեկեցությանն ուղղված ծրագրերն ու միջոցների ներդրումը: Չնայած դրան, առայժմ անելիքներ շատ ունենք: Որոշ գյուղերի դատարկման հիմնական պատճառներից մեկն աշխատատեղերի բացակայությունն ու բնակիչների սոցիալական պայմանների ոչ բավարար վիճակն է: Խնդրի լուծումը ես տեսնում եմ պետական ծրագրերի ժամանակին իրականացման ու գյուղում ապրողներին հավուր պատշաճի սատարելու մեջ: Կարծում եմ, եթե գյուղացին սոցիալապես ապահով լինի` մնացած ամեն ինչ լուծելի է: Ներկա դրությամբ` պատրաստվում ենք 2016թ. բերքի տակ աշնանացանի աշխատանքներին: Անհրաժեշտ է ժամանակին իրականացնել գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրները և ագրոժամկետներում իրականացնել հողի հետ տարվող աշխատանքները, որոնցից շատ են կախված շրջանի բնակչության սոցիալական և այլ հարցերի լուծումներ: -Արցախն ագրարային երկիր է, այդ թվում և մեր շրջանը: Գյուղատնտեսության զարգացմանը խթանող ի՞նչ ծրագրեր կան, ինչը նաև կնշանակի շրջանի զարգացման երաշխիք: - Ծրագրեր շատ կան: Ես կնշեմ մի քանիսի մասին: Կան խաղողագործության, անասնապահության զարգացմանը, տեխնիկայի ձեռքբերման և տրակտորային պարկի թարմացմանն ուղղված աջակցության ծրագրեր: Աշնանացանի իրականացման համար հողօգտագործողներին տրամադրվում են սեփականաշնորհված հողի համար անտոկոս, վարձակալների համար` 6 տոկոսով վարկեր: Հողօգտագործողներին աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքսի համար տրամադրվում են սուբսիդավորված սերմացու, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, մատչելի գներով՝ դիզվառելիք: Գյուղտեխնիկայի վերանորոգման համար տրամադրվում են արտոնյալ վարկեր: Շարունակական է դարձել պետական պահուստային ֆոնդի հողերում մկների ու մկնանման կրծողների դեմ պայքարը պետական միջոցների հաշվին: 2013թ.-ից շրջանի անասնապահության զարգացմանը խթանելու համար տրամադրվում են ՙֆլեգվի՚, ՙշվից՚, ՙջեյսեր՚ ցեղի ցուլեր, ինչը կնպաստի ֆերմերային տնտեսություններում հոտի բարելավմանը: Ծրագրեր կան շրջանում թթենու այգիների ընդարձակման համար` հողօգտագործողներին անվճար տրամադրվում են երկու տարեկան թթենու տնկիներ: Անասնապահությունը սպիտակուցային կերերով ապահովելու համար արդեն երեք տարի է գործում է վերին ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, որի շրջանակում հողօգտագործողներին են տրամադրվում բազմամյա խոտաբույսերի սերմեր, անհրաժեշտ գումար հողի մշակության և ցանքի աշխատանքների կազմակերպման համար: Աշխատանքներ են տարվում ոռոգովի տարածքների ընդլայնման ուղղությամբ: - Ուրիշ ի՞նչ ծրագրեր կան, որոնք կյանքի կոչելով` կապահովվի շրջանի զարգացումը: - Ծրագրեր կան առկա ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակին օգտագործման` ինչպես ինքնահոս, այնպես էլ մեխանիկական ոռոգման համար, ոռոգման ժամանակակից կաթիլային և անձրևային եղանակների կիրառմամբ, որը թույլ կտա անցնել ոչ ավանդական մշակաբույսերի մշակությանը, հաշվի առնելով ներկայիս շուկայական պահանջները, որով, համոզված եմ, որոշակիորեն կլուծվի աշխատատեղերի ստեղծման հարցը: Այդ ուղղությամբ կատարված է որոշակի աշխատանք: Տարվա ընթացքում մշակվել է 90հա ծխախոտ, ՙԻնտերնեյշնըլ Մասիս Տաբակ՚ ընկերության կողմից կառուցվել է ծխախոտի չորանոց, որտեղ արդեն կատարվում են ծխախոտի մթերման աշխատանքներ: Նշեմ, որ հաշվի առնելով ոռոգման ջրի պաշարների սակավությունը, աշխատանքներ են տարվում հնարավորինս դրանք ընդլայնելու ուղղությամբ: Ներկայումս 200-250հա ոռոգվում է Խաթունարխից` Բերդաշենի ենթաշրջանում, 100-150հա՝ Խոնաշենի հովտում, որտեղ նախատեսվում է 3 ջրհոր ևս գործարկել, ինչը հնարավորություն կտա կրկնապատկելու հովտի ոռոգվող տարածքները: Սա նոր լիցք կհաղորդի այգեգործության զարգացմանը, հացահատիկային և այլ մշակաբույսերի ցանքատարածքների ավելացմանը: - Երիտասարդությունը միշտ էլ համարվել է առաջընթացի շարժիչ ուժ: Բնական է, որ նրա բարեկեցությունը լուրջ դերակատարություն ունի շրջանի ընդհանուր բարեկեցության համար: Կա՞ն ծրագրեր, որոնք կնպաստեն երիտասարդության առջև ծառացած խնդիրների լուծմանը: -Հանրապետությունում, այդ թվում և շրջանում, գործող սոցիալական ծրագրերի մեծ մասն ուղղված է հենց երիտասարդության սատարմանը: ԼՂՀ կառավարության սոցիալական ծրագրերի շրջանակներում գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքների բնակարանաշինության համար նախատեսված է և արդեն տրամադրվում է 3 մլն դրամի չափով աջակցություն, ինչը լուրջ նշանակություն կունենա գյուղաբնակ երիտասարդների բնակարանային խնդրի լուծման համար: Քաղաքային համայնքներում սուբսիդավորված հիպոթեքային վարկերի տրամադրումը, բիզնես ծրագրերի երկարաժամկետ վարկավորումը ևս լուրջ աջակցություն են: Համայնքներում օրեցօր ավելանում է նորակառույց և կապիտալ վերանորոգված դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների, մարզադահլիճների քանակը, բարեկարգվում են գյուղնշանակության ճանապարհները, համայնքներն ապահովվում են համացանցային կապով, ջրագծեր են անցկացվում բնակարանները, դրանք գազիֆիկացվում են, իրականացվում շատ աշխատանքներ, որոնք առաջին հերթին միտված են երիտասարդների բարեկեցությանը: Կան նաև այլ ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում կավելանան նոր աշխատատեղեր, կլուծվեն շատ խնդիրներ: Այս ամենը դրական ազդեցություն կունենա երիտասարդների, ասել է թե` շրջանի բարեկեցության վրա: Չեմ ժխտում, խնդիրներ շատ ունենք, բայց կատարվածն էլ հարկ է տեսնել ու գնահատել: -Գյուղմթերքների իրացման համար կարևոր է համապատասխան շուկայի առկայությունը: Շուկա ասելով՝ ես նկատի ունեմ նաև կոնկրետ վայր, շինություն: Այսօր հաճախակի կարելի է հանդիպել շրջանի բնակչության, ինչպես նաև Հայաստանից ներկրողների կողմից մթերքների փողոցային առք ու վաճառքին: Երևույթն ինքնին շատ բացասական կողմեր ունի: Շրջկենտրոնում առկա է շուկայի տարածք: Կա՞ ծրագիր այն նպատակին ծառայեցնելու համար, ինչը երկուստեք շահավետ կլինի վաճառողի և սպառողի համար: -Նախկինում շրջկենտրոնում գործում էր շուկա, բայց սեփականաշնորհման արդյունքում նրա տարբեր մասեր տարբեր քաղաքացիների սեփականություն դարձան: Մնացել է ընդամենը մի փոքր մաս, որն էլ, ցավոք, նպատակին ծառայեցնել չենք կարող: Իհարկե, հարցն արդիական է, ուստի և այդ ուղղությամբ մտածում ենք: Առայժմ կոնկրետ ծրագիր չկա, բայց, կարծում եմ, մոտ ապագայում դրա լուծումը կգտնենք: -Պարոն Թովմասյան, մեր հարցազրույցի վերջում ցանկալի է լսել շրջանի բնակչությանն ուղղված Ձեր խոսքը: - Կուզենայի մեր բնակչությանը տեսնել միշտ զգոն, աշխատասեր ու համախմբված: Այս հատկանիշների շնորհիվ մարտունեցին կարողացավ հերոսանալ, իսկ Մարտունին մնաց անառիկ: Մենք բազում դժվարություններ ենք հաղթահարել և այսօր պատրաստ պետք է լինենք մեր ձեռքբերումներն աշխատասիրությամբ, հզոր կամքով ու հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրով ամրագրել: Ավարտվել են ՏԻՄ ընտրությունները, ու պետք է նորընտիր համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, մեր բնակչության հետ միասնական ուժերի գերլարումով ստեղծենք մեր և մեր նահատակ տղաների երազած երկիրը: 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ ք. Մարտունի