comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՎՍ ՄԵԿ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ-ՍՐԲԱՏԵՂԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՍ ՄԵԿ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ-ՍՐԲԱՏԵՂԻ

Արցախյան մերօրյա գոյամարտի պատմության մեջ առանձնակի տեղ ունի Բերդաձորի ինքնապաշտպանությունը:

Շուշիի այս ենթաշրջանը, որն ընկած է Հակարի գետի ձախակողմյան սարալանջերին, այն ժամանակ ուներ ընդամենը չորս հայկական փոքր գյուղ՝ ընդհանուր հազարի չհասնող բնակչությամբ՝ չորս կողմից շրջապատված ադրբեջանական բնակավայրերով: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, առաջացավ նաև Բերդաձորի հայության պաշտպանության անհրաժեշտությունը, և ստեղծվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ)՝ Անդրանիկ Հարությունյանի (Բերդաձորի Անդոյի) նախագահությամբ: Մայր հայրենիքում և Արցախում կազմավորվեցին ջոկատներ, որոնք հիմնականում ուղղաթիռներով, երբեմն՝ ավտոբուսով (այդ ժամանակ գործում էր նաև Ստեփանակերտ-Բերդաձոր մարդատար ավտոբուսը՝ խորհրդային զինվորների ուղեկցությամբ) անցնում էին Բերդաձոր և հսկում դիրքերը՝ ապահովելով բնակչության անվտանգությունը: 1989-90 թվականներին մի քանի անգամ տարբեր ջոկատների կազմում (սկզբում ՀՀ Մարտունու ՙՀայ Դատ՚-ի կառույցի տղաների հետ) մասնակցել եմ տարածքի ինքնապաշտպանությանը: 1990 թվականի աշնանը թշնամին հաճախ էր փորձում հայաթափել Բերդաձորը՝ համագործակցելով խորհրդային զինվորականների հետ: Այդ օրերին մեծացել էր անասնագողությունը: Տարածքի միակ ադրբեջանաբնակ Կանաչ Թալա գյուղը վերածվել էր ռազմական հենակետի թուրք օմօնականների ու թալանչիների համար: Նոյեմբերի սկզբին թուրքերը տարան Եղցահողի խորհրդային տնտեսության 300-ից ավելի կովերը: Այս անգամ, բարեբախտաբար, չէին սպանել անասնապահներին, բավարարվել էին ծեծով: Իսկ նոյեմբերի 17-ին տարան նույն գյուղի ոչխարները՝ սպանելով հովիվ Եղիշե Ծատրյանին: Ավարառուներին էին միացել Շուշիի թուրք ոստիկանները և հարձակվել ճանապարհի վրա գտնվող Տասը Վերստ (մենք կոչում էինք Ծաղկաձոր) գյուղի վրա և վառել մի քանի տներ: Իր տան մեջ այրվել էր 90-ամյա Նանաշ Չոբանյանը: Նրա թոռը՝ Շիրակ Չոբանյանը, ով մշտապես տարածքի պահապանների շարքերում էր, փորձել էր օգնության հասնել տատին, սակայն թուրքերը կրակել էին նրա ուղղությամբ: Շիրակին հաջողվել էր դիրքավորվել, դիմադրել և վիրավորել թուրքերի հրամանատարին: 8-9-հոգանոց ասկյարների ջոկատը հեռացել էր՝ տանելով վիրավոր հրամանատարին: Պաշտպանությունն ավելի ուժեղացնելու նպատակով այդ օրերին Վազգեն Սարգսյանի հրամանով Հայաստանից մի քանի ջոկատներ եկան Բերդաձոր: Թշնամին նույնպես մեծ ուժեր էր կուտակել այս ուղղությամբ: Նոյեմբերի 21-ին Լաչինի շրջանի Աղանուս գյուղի կողմից կեսօրին հարձակում գործեցին Բերդաձորի Հին Շեն գյուղի վրա: Երեկոյան, գրավելով Քումին քար կոչվող բարձունքում մեր դիրքերից մեկը, թուրքերը գնդացրային կրակ բացեցին գյուղի վրա: Նույն պահին պաշտպանության շտաբում էին ԲԻԽ-ի փոխնախագահ Առնո Մկրտչյանը, ով ղեկավարում էր տարածքի պաշտպանությունը, Իգոր Մուրադյանը, Ժաննա Գալստյանը: Առնոյի հետ փորձում էին գործի գցել ինքնաշեն գնդացիրը, բայց ինչ-որ պակաս մասեր կային: Վերևում մարտը տևեց մի քանի ժամ, և վերջապես թշնամին նահանջեց: Մարտից հետո տղաներն իջան բարձունքից, հավաքվեցին շտաբում, սակայն չկային երկու հոգի՝ Երևանից եկած հատուկ ջոկատի մարտիկ Վաղինակ Զաքարյանը և Հին Շեն գյուղի նախկին բնակիչ Սամվել Խաչատրյանը: Իսկությունը պարզվեց որոշ ժամանակ անց. տղաները զարկվել էին դարանակալ թշնամու գնդակներից։ Բարձունքն այդ օրից վերածվել է ուխտավայրի: Սեպտեմբերի 27-ին մարդաշատ էր նույն այդ վայրը, քաջերի նահատակված վայրում կանգնեցվեց խաչքար, որին ներկա էին մարտիրոսների մայրերը, հարազատները, մարտական ընկերները, Հին Շեն գյուղի բնակչությունը: Շուշիի շրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպը Տերունական աղոթքով սկսեց խաչքարի օրհնումն ու օծումը: Հայոց հողում ավելացավ ևս մեկ հուշակոթող, որի տեղադրումն իրականություն դարձավ զոհված ազատամարտիկ Վաղինակ Զաքարյանի մորաքրոջ որդի Արմենի ու եղբոր՝ Սամվելի նախաձեռնությամբ, մարտական ընկերների, նաև Սամվել Խաչատրյանի եղբայրների աջակցությամբ: Այստեղ էին նաև Հին Շենի Առնո Մկրտչյանի անվան դպրոցի սաները։ Արարողությունից հետո դպրոցի բակում կայացավ հիշատակի միջոցառում։ Ապա իրենց վարպետությունը ցուցադրեցին Երևանից ժամանած արևելյան մարտարվեստի խմբի ներկայացուցիչները և պարի խմբի երիտասարդները: Հին Շենի հանդիսությունների տանը, որը նախկինում եղել է եկեղեցի, տեր Մեսրոպը մկրտեց Վաղինակ Զաքարյանի հրամանատար Վովա Վարդանովի որդուն՝ պատանի Վաղինակին: 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 Բերձոր-Հին Շեն