comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՒՂԵՑՈՒՅՑԸ` ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԻՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՂԵՑՈՒՅՑԸ` ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԻՔ

 Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում կայացավ Արցախի զբոսաշրջային ուղեցույցի շնորհանդեսը:

Ամբողջ աշխարհում Սեպտեմբերի 27-ի՝ Զբոսաշրջության միջազգային օրվա կարգախոսն այս տարի ՙՄեկ միլիարդ զբոսաշրջիկ, մեկ միլիարդ հնարավորություն՚ կոչն էր, և շնորհանդեսը, բնականաբար, առանձնացավ տոնական օրվա հետ կապված միջոցառումների շարքում: Միջոցառման սկզբում ցուցադրվեց նախարարության կողմից պատրաստված ՙԶբոսաշրջության դրական ազդեցությունը ԼՂՀ տնտեսության վրա՚ մեկ րոպեանոց տեսանյութը, որից հետո սլայդների միջոցով ներկաները ծանոթացան Արցախի զբոսաշրջային 120-էջանոց գիրք-ուղեցույցին: Ներկայացնելով նոր լույս տեսնող ուղեցույցը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը նշեց, որ այն պարունակում է համապարփակ տեղեկատվություն հանրապետության տեսարժան վայրերի մասին՝ ծառայելով որպես յուրատիպ օգնական հատկապես այն զբոսաշրջիկների համար, ովքեր առաջին անգամ են այցելում Արցախ: Ուղեցույցն ընդգրկում է Արցախին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում է տնտեսության տարբեր ճյուղերի և արդի այլ թեմաների: Լինելով իր տեսակի մեջ առաջինը՝ ուղեցույցը հնարավորություն կընձեռի Արցախ այցելած հյուրերին կազմել նաև անհատական շրջագայության պլան: Գրքի առաջին բաժնում համառոտ ներկայացված են հատվածներ Արցախի պատմությունից՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը: Երկրորդ բաժինն ընդգրկում է ընդհանուր տեղեկություններ մեր հանրապետության աշխարհագրական դիրքի, բուսական և կենդանական աշխարհի մասին: Ուղեցույցում մեծ տեղ է հատկացված զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող վայրերի լուսանկարներին: Տեղեկատվություն կա նաև Արցախ հասնելու և մուտքի արտոնագիր ստանալու մասին: Ուղեցույցի երրորդ մասն անդրադառնում է Արցախ աշխարհի հարուստ ավանդույթներին ու սովորություններին: Զբոսաշրջիկների շրջագայությունն ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար ներգրավվել են նաև ՀՀ հարավ-արևելյան շրջանները՝ Ստեփանակերտ հասնելու ճանապարհին զբոսաշրջային հետաքրքիր վայրերի այցելություն ապահովելու, մեր պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու համար: Մայրաքաղաքից ուղեցույցում ներառված են բոլոր տեսարժան վայրերը: Համապատասխան հասցեներով ու հեռախոսահամարներով տեղեկատվություն կա գործող թանգարանների ու ցուցասրահների մասին: Ուղեցույցում ներառված են նաև հանրապետությունում գործող հիմնական երթուղիները: Հատուկ կարևորություն է տրված հյուսիսային զբոսաշրջային երթուղուն, որն սկսվում է Ստեփանակերտում և ավարտվում Զոդքի անցակետում: Այդ երթուղու ընդգրկումը պատահականություն չէ. այդտեղ են գտնվում աշխարհին հայտնի պատմամշակութային հուշարձաններ: Ուղեցույցում ցույց են տրված նաև Ստեփանակերտը շրջկենտրոններին կապող ճանապարհները, որոնք չեն մտնում ՙՀյուսիս-հարավ՚ մայրուղու մեջ, սակայն ոչ պակաս կարևոր են: Թեմատիկ լուսանկարներով ներկայացված են Արցախում գործող մշակութային և արհեստագործական կենտրոնները: Նշելով, որ այդ ուղեցույցը շահեկանորեն տարբերվում է մինչ այդ լույս ընծայված բոլոր գրքույկներից և տարբեր զբոսաշրջային երթուղիների ուղեցույցներից, Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ այն մշակված է ըստ երթուղիների։ ՙՍա առաջին փորձն է, ուղեցույց, որը համապատասխանում է միջազգային զբոսաշրջիկի այսօրվա ընկալումներին ու սպասելիքներին՚։ Ուղեցույցում ներկայացված են հանրապետության ոչ հայտնի տեսարժան վայրերը և տեղեկատվություն տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, տեղի զբոսավարների վերաբերյալ, ներառված են պետական պատմամշակութային, բնապատմական արգելոցները, էկոգյուղերը: Այստեղ նաև տեղ են գտել վիճակագրական տվյալներ ԼՂՀ-ի մասին: Ուղեցույցը հրատարակվելու է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, պատասխանատուները նպատակ ունեն հետագայում այն հրատարակել աշխարհի բոլոր լեզուներով, որը նախատեսված է անվճար սպառման համար:

 

Նունե Հայրապետյան