comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈԼՈՐՏԸ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈԼՈՐՏԸ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

2013 թվականից Սեպտեմբերի 27-ը՝ որպես Զբոսաշրջության միջազգային օր, նշվում է նաև մեր հանրապետությունում:

Տոնական միջոցառումների ընթացքում ոլորտի նորությունների ու անելիքների շուրջ զրուցել ենք ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ հետ։

- Պարոն Շահվերդյան, վերջին տասնամյակում զբոսաշրջության ոլորտը ԼՂՀ կառավարության կողմից հռչակվել է երկրի տնտեսության զարգացման առանցքային ճյուղերից մեկը: Ձեր գնահատմամբ, այսօր զարգացման ի՞նչ փուլում է այս ոլորտն Արցախում:

- Զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, այսօր այն համարվում է համաշխարհային տնտեսության առաջատար և առավել դինամիկ զարգացող ոլորտ: Իհարկե, մեր հանրապետության մրցունակությունը միայն զբոսաշրջության զարգացման վրա չի կարելի կառուցել, բայց այն մեծ կարևորություն ունի, քանի որ զբոսաշրջությունն իր յուրահատկությամբ միակն է, որն ուղղակի և անուղղակի ազդեցություն ունի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի զարգացման վրա: Բացի այդ, զբոսաշրջությունը ֆինանսական հոսքեր, ներդրումներ է ուղղորդում դեպի գյուղական համայնքներ: Այս առումով ևս զբոսաշրջության զարգացումը շատ կարևոր է. համոզված եմ, որ այսօր Արցախը կարող է ոլորտում մրցունակ լինել: Մեր պատմամշակութային և բնական հարստությունն ինքնին մրցակցային առավելություն է: Անցյալ տարի, ցավոք, զբոսաշրջության համար ծանր տարի էր, ունեցանք անկում 12 տոկոսով, որը տեղիք տվեց մեծ մտահոգության: Չնայած դրան, ընթացիկ տարում եղած միջոցներով շատ լուրջ քայլեր ձեռնարկեցինք՝ նվազման միտումը դադարեցնելու համար, որի արդյունքներն արդեն երևում են. վերջին 8 ամիսների ընթացքում մենք ունենք զբոսաշրջիկների թվի 13 տոկոս աճ: Այս փաստը մեզ պարտավորեցնում է շարունակել այն քաղաքականությունը, որ վարում ենք վերջին տարիների ընթացքում:

- Ըստ Ձեզ՝ որո՞նք էին այդ անկման պատճառները:

- Դժվար է ասել: Իհարկե, ամենամեծ պատճառն օգոստոսին հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունն էր, որը մեծ արձագանք գտավ աշխարհում: Հաջորդ պատճառը կարելի է մեխանիկական համարել: Զբոսաշրջիկ ասելով՝ մենք նկատի ունենք միայն արտասահմանյան երկրների քաղաքացիներին, ովքեր Ղարաբաղ մուտք գործելու վիզա են ստանում, ինչի միջոցով հնարավոր է լինում նրանց հաշվառել: Ներքին զբոսաշրջիկները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են կամ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր, հաշվառման մեջ չեն մտնում, քանի որ առանց վիզայի են այցելում այստեղ: Այնպես որ՝ վիճակագրությունը կազմվում է միայն հաշվառված զբոսաշրջիկների շնորհիվ: Նշենք նաև, որ նախորդ տարում ունեցանք աճ ՀՀ քաղաքացիների մասով, դա՝ շնորհիվ կառավարության որդեգրած սոցիալական փաթեթների քաղաքականության:

- Ընդհանրապես, ի՞նչ ներուժ ունի այսօր մեր հանրապետությունը ոլորտի զարգացման համար:

- Արցախում առկա է զբոսաշրջային հսկա ներուժ, որն իրացնելու խնդիր կա: Բայց պետք է նաև փաստել, որ բավական շատ գործ արվել է: Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որտեղ ներդրումի արդյունքը երևում է տարիներ անց: Մենք այսօր ականատեսն ենք պետության կողմից վարվող քաղաքականության արդյունքի: Ինչպես գիտեք, վերջին հինգ տարիների ընթացքում 40 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների թվաքանակը: Նման տեմպերը շարունակելու համար կարևոր են ներդրումների շարունակականությունը և այդ գործում մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը:

- Այսօր ոլորտի զարգացումը կասեցնող ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում:

- Ես կասեի, որ թիվ մեկ խոչընդոտը հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում է. չկա գիտակցումն այն բանի, որ զբոսաշրջության զարգացումը միայն լիազորված մարմնի խնդիրը չէ, որ իրենք այդ գործում շահագրգիռ կողմ են: Նույնիսկ կարելի է ասել, որ գյուղերի բնակչությունն անգամ ավելի գիտակից է այս հարցում: Մենք ներքին քարոզչական աշխատանքներ ենք տանում, և արդեն նկատելի է, որ աճում է շահագրգռությունն ու հետաքրքրությունը նաև գյուղերում: Իհարկե, մեր հանրապետության չճանաչվածությունը ևս որոշակի խոչընդոտ է: Մյուս կողմից՝ հենց 88-ից ցայսօր ձևավորված մեր երկրի վարկանիշը զբոսաշրջային գրավչություն է ապահովում։

- Զբոսաշրջության ո՞ր տեսակը կարելի է համարել առավել հեռանկարային: Արդյո՞ք միայն պատմամշակութային հուշարձաններն են մեր երկրի գրավչությունը:

- Մենք կանք ու կմնանք որպես պատմամշակութային զբոսաշրջության երկիր, որովհետև մեր պատմական ժառանգությունը հիրավի բացառիկ է: Բայց դրա կողքին զարգանում է նաև գյուղական զբոսաշրջությունը, որտեղ մենք շատ մեծ ներուժ ունենք, որը դեռևս բավարար չափով չի օգտագործվում։ Դա, ինչպես նշեցի, գյուղական ղեկավարության դիրքորոշման փոփոխման դեպքում շոշափելի արդյունք կտա: Ի դեպ, դրա արդյունքը Հայաստանում արդեն ակնհայտ երևում է: Ոլորտում պետք է բազմազանություն ապահովել, ստեղծել գյուղական, մշակութային, խոհանոցային տուրիզմի համար անհրաժեշտ ծառայություններ ու այդ ամենը փոխկապակցված ձևով ներկայացնել արտասահմանյան տուրօպերատորներին: Բացի այդ, մեկ երթուղում պետք է ապահովել բազմազանություն, համատեղել մի քանի ծառայություններ:

- Ի՞նչ կասեիք մեզ մոտ մատուցվող ծառայությունների որակի և զբոսաշրջիկի կատարած ծախսերի մասին:

- Ես չեմ կիսում այն կարծիքը, թե մեզ մոտ սպասարկումը ոչ այնքան որակյալ է ու թանկ: Իհարկե, ենթակառուցվածքների զարգացման առումով անելիքներ դեռ շատ կան: Մենք միշտ ձգտում ենք ավելի բարելավել ծառայությունների մատուցման ոլորտը: Ինչ վերաբերում է հյուրանոցային, ռեստորանային ծառայություններին, ասեմ, որ Ղարաբաղում այժմ այդ ոլորտներում որևէ խնդիր չունենք: Ղարաբաղում կան ինչպես մատչելի և միջին կարգի հյուրանոցներ, այնպես էլ բարձրակարգ, որոնք նույնպես մատչելի են:

- Ներկայում ի՞նչ ծրագրեր են իրականացվում զբոսաշրջության զարգացման համար:

- Ամեն տարի ԼՂՀ կառավարությունը զբոսաշրջության զարգացման պետական նոր ծրագրեր է հաստատում, որոնք իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում: Մենք ունենք նաև տարբեր ուղղվածություն ունեցող զբոսաշրջային առանձին երթուղիների զարգացման ծրագրեր: Միջազգային զբոսաշրջային շուկաներում Արցախի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի իմիջի ձևավորումը նույնպես կարևորագույն խնդիրներից է, որն իրականացնում ենք՝ ապահովելով միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ԼՂՀ հավուր պատշաճի ներկայությունն ու մասնակցությունը: Միջազգային շուկայում մեր հանրապետությունը ներկայացնում ենք՝ համագործակցելով օտար տարբեր կառույցների հետ, համացանցի հնարավորություններն ենք օգտագործում, քարոզում, որպեսզի օտարազգի զբոսաշրջիկներն իրենց հանգիստն անցկացնեն մեր հարուստ մշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, հյուրընկալությամբ ու համեղ խոհանոցով հայտնի հանրապետությունում: Ոլորտն առավել գրավիչ ու հետաքրքիր դարձնելուն միտված ներդրումների շնորհիվ զբոսաշրջիկների` Արցախում մնալու ժամանակահատվածն ավելի է երկարել: Եթե նախկինում նրանք Ղարաբաղում մնում էին երկու, այժմ միջինը չորս գիշեր են մնում: Զբոսաշրջիկներին գրավելու համար, ինչպես գիտեք, զարգանում է նաև փառատոնային զբոսաշրջությունը: Փորձը ցույց է տալիս, որ հատուկ այդ փառատոներին մասնակցելու համար զբոսաշրջիկներ են գալիս Արցախ: Պետության և մասնավոր հատվածի մասնակցությամբ կազմակերպվող այդ միջոցառումները նպաստում են նաև համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում դեպի գյուղական համայնքներ, ապահովում տնտեսական ակտիվություն: Դրանք հնարավորություն են տալիս համայնքներին ներկայացնելու իրենց կարողությունը, ապահովելու տնտեսական հնարավորություններ: Ունենք արդեն հայտնի, ավանդական փառատոներ, որոնք կայացած են թե՜ ներքին, թե՜ միջազգային շուկայում: Հերթական՝ գինու փառատոնն անցկացվելու է հոկտեմբերին՝ Հադրութի շրջանի Տող գյուղում: 

Նունե Հայրապետյան