comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է՝ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է՝ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

 Բուժքույրերի միջազգային համագումար  

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացավ բուժքույրերի հերթական միջազգային համագումարը։ Մասնակցում էին 500-ից ավելի բուժքույրեր Արցախից, ՀՀ-ից, ԱՄՆ-ից, եվրոպական և ասիական երկրներից։ Բացման արարողությանը մասնակցեցին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք։ Համագումարը բացեց Արցախի բուժքույրերի միության նախագահ Լիլյա Մովսիսյանը, ով, ողջունելով աշխարհի տարբեր երկրներից ժամանածներին՝ մաղթեց արդյունավետ աշխատանք։ Միության նախագահը նշեց, որ ամբողջ աշխարհում բուժաշխատողները պայքարում են մարդու առողջության համար, և միայն առողջ հասարակություն ունեցող երկիրը կարող է զարգանալ ու զորանալ։ Իսկ մեր ժամանակներում բուժքույրից պահանջվում են գործունեության նոր որակներ, նոր մոտեցումներ։ Եվ բուժքրոջ մասնագիտական հեղինակությունը բարձրանում է արհեստավարժության, նվիրվածության, համբերատարության, հիվանդին օգնելու և գործին նվիրված լինելու պատրաստակամության շնորհիվ։ Ու քանի որ բժշկի ու բուժքրոջ գործունեությունը փոխկապակցված են, ուստի հնարավոր չէ բժշկական գործը զարգացնելով՝ քույրականը թողնել նախկին մակարդակին։ Լ. Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց համագումարի կազմակերպիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Արցախի առողջապահական համակարգի մասնագետներին փոխանցելու քույրական գործի վերջին նվաճումները, խորացնելու գիտելիքները։ Համագումարը կազմակերպվել է ԼՂՀ առողջապահության նախարարության, Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի ջանքերով։ Այս հանդիպումը Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի և Արցախի բուժքույրերի միության, ինչպես նաև բուժքույրերի միջազգային կազմակերպությունների համագործակցության լավագույն միջոց էր, որովհետև բոլորն էլ գործում են մեկ նպատակի շուրջ, այն է՝ բարելավել մարդկանց առողջությունը։ Բուժքույրերի միջազգային համագումարը ողջունեց Նախագահ Բակո Սահակյանը։ Դեռևս 2014թ. երկրի ղեկավարը բուժքույրերի համաժողովում նշել էր, որ իշխանությունները շահագրգռված են նման միջոցառումները դարձնել ավանդույթ, և ահա միջազգային այս համագումարի անցկացումը դրա լավագույն վկայությունն է։ Նախագահը նշեց, որ այն լավ հնարավորություն է բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացման, փորձի փոխանակման, այս ոլորտում նոր և ժամանակակից մեթոդներին և ուղղություններին ծանոթանալու ու դրանք տեղերում կիրառելու տեսանկյունից։ Տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետների հետ շփումները, փոխգործակցությունն իրենց դրական ազդեցությունը կթողնեն Արցախի բնակչության առողջության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա։ ՙՄեր երկրում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահության ոլորտին։ Մայրաքաղաքում և շրջաններում շահագործման են հանձնվել ժամանակակից չափանիշներին համապատասխանող մի շարք բժշկական հաստատություններ, պարբերաբար հրավիրվում են բարձրակարգ մասնագետներ, իրականացվում վիրահատություններ, հիվանդների ընդունելություն և բուժում, խորհրդատվություններ, կազմակերպվում վերապատրաստման դասընթացներ։ Այս ամենն արդեն իսկ տվել է դրական արդյունք։ Միևնույն ժամանակ օրվա հրամայական է դարձել միջին և կրտսեր օղակների մասնագետների ունակությունների շարունակական բարձրացումը, առանց որի անհնարին կլիներ ունենալ ժամանակակից և արդյունավետ գործող առողջապահական համակարգ՚,- ասաց Բ. Սահակյանը։ Երկրի ղեկավարը նաև նշեց, որ այսօր հրատապ է դարձել հիվանդապահ բուժքույրերի ինստիտուտի ձևավորումը, որը ենթադրում է ունենալ բարձր մասնագիտական և մարդկային որակներ ունեցող բուժքույրական կազմ։ Բացի այդ, բուժքրոջ մասնագիտությունը ենթադրում է չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք, ինչը պահանջում է սրտացավություն, հոգատարություն, բարություն հիվանդի վիճակը թեթևացնելու, ապաքինմանը նպաստելու համար։ Բ. Սահակյանը համոզված է, որ համագումարը հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները և կունենա թե՜ տեսական և թե՜ գործնական նշանակություն մեր երկրում առողջապահության ոլորտի զարգացման գործում։ Բուժքույրերի ինստիտուտը նվիրական գործ համարեց Արցախի թեմի առաջնորդը։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հիշեց վաղ դարերում կուսանոցներում ծնված գթության քույրերին, նրանց նվիրական գործը, ինչպես նաև վերջին դարաշրջանի մայր Թերեզայի լուսավոր քույրերին, ովքեր հայտնվում են աշխարհի տարբեր անկյուններում և օգնության ձեռք մեկնում բոլոր կարիքավորներին։ ՙԲժիշկը կարող է վիրահատել, կարող է բուժում նշանակել, բայց հիվանդի հետ անմիջապես և ամբողջ օրը գործ է ունենում բուժքույրը։ Ինքն է հիվանդի շուրջը ստեղծում յուրահատուկ մթնոլորտ։ Նրա մեկ խոսքից, քնքուշ ձայնից, քայլվածքից հիվանդի համար բուժումը կարող է ավելի բարեբեր լինել, առողջության և կյանքի հետ կապված խնդիրները բարեհաջող լուծվել։ Իսկ կյանք տվողը Աստված է, և այս գործը իսկապես աստվածահաճո է, նվիրական առաքելություն։ Թող Աստված ձեր գործը օրհնյալ ու կատարյալ անի՝ հանուն մարդկության առողջության՚,- մաղթեց Արցախի թեմի առաջնորդը։ Ընդհանուր առմամբ, համագումարին մասնակցեց արտերկրի 25 պատվիրակ, ովքեր իրենց միջազգային փորձն ու գիտելիքները ներկայացրին ունկնդիրներին, որպեսզի բուժքույրերը հմտացած և լավագույն որակներով քայլ առ քայլ առաջ տանեն առողջապահության ոլորտը։ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ջերմորեն ողջունելով համագումարի մասնակիցներին, նշեց, որ միջոցառումը բազմակողմանի համագործակցության վառ օրինակ է։ Նա անգնահատելի համարեց Արցախի բուժքույրերի միավորման, միջազգային բուժքույրական կազմակերպությունների և ՀՀ բուժքույրերի ասոցիացիայի համատեղ գործունեությունը, որի արդյունքները ԼՂՀ առողջապահության ոլորտին թույլ կտան հասնել էլ ավելի նպատակային ու արագ զարգացման մակարդակի։ ՙԱյսօր մենք բուժքրոջը տեսնում ենք որպես ինքնուրույն որակյալ մասնագետ, ով չափազանց կարևոր դերակատարություն ունի առողջապահության ոլորտում։ Նա պետք է լինի բազմակողմանիորեն զարգացած, համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու փորձով զինված։ Բուժքրոջ լավ գործը շաղկապված է բժշկի որակյալ գործունեության հետ։ ԼՂՀ Նախագահի անմիջական գլխավորությամբ մեր ոլորտում կատարվել են հսկայական, բեկումնային ռազմավարական փոփոխություններ, և դուք որպես բուժքույրերի մի ստվար բանակ, այդ բարեփոխումների բաղադրիչներից մեկն եք։ Առանց ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավոր չէ տեսնել բժշկի արդյունավետ գործը՚,- ասաց Հ. Քուշկյանը։ Համագումարը հիմնականում ուղղված էր հիվանդի անվտանգության ապահովման խնդիրներին, և Հիպոկրատի ՙՄի՜ վնասիր՚ առաջին պատգամն ընդունվել է որպես կարգախոս։ Այս խնդրի շուրջ ելույթ ունեցան փորձառու մասնագետներ Կոլին Մարզիլին, Շեյլա Բըրկը, Մարիա Հեսը, Անի Կոլինզը, Մարի Ալեքսանդերը, Ալիս Խաչյանը և ուրիշներ։ Նրանք անդրադարձան քույրական հետազոտության նվաճումներին, ժամանակի մարտահրավերներին, առողջության բարելավման նոր ուղիներին։ Արտերկրի մասնագետները հատկապես շեշտեցին, որ բուժքույրը պետք է ամեն անգամ մտածի իր որակավորման մասին ու գործի ընթացքում հաշվի առնի 12 ոլորտներ, որոնք առնչվում են հիվանդի հետ։ Դա վերաբերում է ընտանիքին, ժառանգականության խնդիրներին, մշակույթին, հաղորդակցությանը, սոցիալական ոլորտին, կենսակերպին, հոգեկան ու հուզական վիճակներին և այլն։ Մասնագետները կարևորեցին բուժքույրի մարդկային որակները. նա պետք է շատ ուշադիր լինի հիվանդի նկատմամբ և պատրաստ լինի լավագույնս ապահովել վերջինիս խնամքը։ Անդրադառնալով քույրական գործի ուսուցմանը՝ դասախոսները շեշտեցին, որ անկախ տարիքից բուժքույրը պետք է անընդհատ սովորի և տիրապետի նորագույն տեխնոլոգիաներին։ Համագումարի մասնակիցներին Մարիա Հեսը համառոտ ներկայացրեց առաջիկա տարիների առողջության պահպանմանն ուղղված համաշխարհային ծրագրերը ու նաև՝ ՄԱԿ-ի կողմից վերջերս հաստատված 17 մարտահրավերները՝ կապված առողջության համաշխարհային խնդիրների հետ։ ՀՀ քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ Ալինա Քուշկյանը համագումարի առանձնահատկություններից մեկը համարեց այն, որ ներկայացել են պատվավոր դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իտալիայից, Նորվեգիայից, Չինաստանից, Հոնկոնգից, Կանադայից, Պարսկաստանից, Ֆիլիպիններից և այլն։ Նրանք իրենց դասախոսություններով պարզաբանեցին պացիենտների անվտանգությանն ուղղված հարցերը՝ այդ կրթության միջոցով ապահովելու սպասարկման որակը, ինչն այսօր հատկապես մեր իրականության մեջ շատ արդիական է ու կարևոր։ Ա. Քուշկյանի պարզաբանմամբ՝ դասախոսներն ունեն գիտահետազոտական մեծ փորձ և իրենց գիտելիքներով կիսվեցին Արցախի բուժքույրերի հետ։ ՙԿարծում եմ, սա շատ կարևոր, նշանակալի և եզակի հնարավորություն է տեղի մասնագետների համար՝ ծանոթանալու քույրական գործի վերջին նվաճումներին ու նորություններին, ինչը, բնականաբար, պետք է տարածեն իրենց աշխատատեղերում։ Շատ կարևոր է Արցախի բուժքույրերին ինտեգրել միջազգային բուժքույրական հանրությանը։ Վստահ եմ, որ համագումարի լուրը տարածվել է աշխարհով մեկ, որը նաև ԼՂՀ-ի ճանաչման մի ձև է։ Իսկ մենք մեր կողմից և Հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի հետ համատեղ ամեն ինչ անում ենք, որ այս կապերը ամրապնդվեն, քանի որ առանց այս հսկայական մարդկային ռեսուրսի անհնար կլինի առողջապահության համակարգում որևէ դրական փոփոխութուն անել՚,- ասաց Ա. Քուշկյանը։ Իսկ թե ինչ մակարդակ ունեն այսօր Արցախի բուժքույրերը, նա նշեց որ կողմից անց են կացվել շարունակական կրթական դասընթացներ, որը տվել է իր արդյունքը։ Ուրախալի է, որ տեղի բուժքույրերը շարունակական կրթության ծարավ ունեն, իհարկե, կան և որոշ բացեր՝ հատկապես վարվելակերպի հարցում։ Ա. Քուշկյանի կարծիքով՝ այդ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ, հատկապես հիվանդի հետ հաղորդակցման առումով, որը խիստ կարևոր է։ Անցել են այն ժամանակները, երբ բուժքույրերը պարզապես բժշկի օգնականներն են եղել, ժամանակակից բուժքույրը պետք է կատարի ծավալուն աշխատանք, իսկ դրա համար պետք է ունենա հիմնարար գիտելիքներ, մարդկային որակներ, որ տարբեր իրավիճակներում կարողանա բարձրորակ խնամք ու օգնություն ցուցաբերել պացիենտներին։ Համագումարից հետո հյուրերն այցելեցին Գանձասարի վանական համալիր և տեղեկություններ ստացան Արցախի պատմամշակութային վայրերի մասին։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ