comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂՑԿԵՂԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հերթական անգամ Երևանի Ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ մասնագետներ՝ գործադիր տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 2-3-ը Հանրապետական բժշկական, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում կազմակերպեցին անվճար ընդունելություն, խորհրդատվություններ, վիրահատություններ, մասնագիտական սեմինարներ։

Նմանատիպ այցերն արդեն ավանդույթ են դարձել արցախցիների համար, և առաջատար այս մասնագետները շուրջ 800 գրանցված հիվանդների ցուցաբերեցին մասնագիտացված բուժսպասարկում և իրենց փորձը փոխանցեցին տեղի մասնագետներին։Երկօրյա այցի շրջանակներում բավականին ծանրաբեռնված աշխատեցին ՀՀ գլխավոր ուռուցքաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը, Երևանի գլխավոր ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը, ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը և այլ կարգի մասնագետներ՝ օնկոգինեկոլոգներ, որովայնի օրգանների ուռուցքաբան, համակարգչային տոմոգրաֆիայի և ռենտգեն-ախտորոշման տեխնիկներ։ Հանրապետական բժշկական կենտրոնում առաջնային օղակի բժիշկների և բուժանձնակազմի համար կազմակերպված սեմինարը ողջունեց ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը, ում խոսքով՝ նման հանդիպումներից հետո մնում են բարի հիշողություններ, լավագույն ձեռքբերումներ. ՀՀ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի և Արցախի ուռուցքաբանական դիսպանսերի հետ սերտ համագործակցության արդյունքում բազմաթիվ հիվանդների կյանքեր երկարել են, նրանք ստացել են համապատասխան բուժումներ։ ՙԵրբ մենք հիվանդին ուղեգրում ենք Երևան՝ բուժման հաջորդ փուլը լիարժեք իրականացնելու կամ այլ ծառայությունների համար, որը մեզ մոտ հնարավոր չէ, մենք վստահ ենք, որ նրանք ՀՀ-ում կստանան բարձրորակ մասնագիտացված խորհրդատվություն և հետագա բուժում՚,- ասաց Զ. Լազարյանը։ ՀՀ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի տնօրեն Ա. Տանանյանը նշեց, որ եթե ժամանակին ԼՂՀ-ից իրենց կենտրոն էին դիմում բազմաթիվ հիվանդներ, այժմ նրանց թիվը բավականին նվազել է։ Դա դրական միտում է և փաստում է, որ տեղի մասնագետների պրոֆեսիոնալիզմը բարձրացել է։ Կազմակերպված սեմինարի թեման վերաբերում էր քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, այդ առումով կանխարգելիչ միջոցառումներին և քիմիաթերապիայի սկզբունքներին ու բուժման վերջին որակյալ մեթոդներին։ ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը չարորակ ուռուցքների հայտնաբերման, բուժման և հետագա դիտարկումները համարեց պետական, քաղաքական և արդիական հարց։ Այն ոչ միայն սոցիալական նշանակություն ունի, այլև տնտեսական ու ազգապահպան ուղղվածություն։ Նրա պարզաբանմամբ՝ Արցախի ուռուցքաբանական դիսպանսերի և, առհասարակ, Արցախի բնակչության համար կազմակերպված նման ծրագիրն իրականացվել է հայկական երկու հանրապետությունների առողջապահության նախարարությունների կողմից, և ամեն անգամ զեկուցագրեր են ներկայացվում նաև երկու հանրապետությունների ղեկավարներին, որպեսզի հետագայում կատարված աշխատանքները ենթարկվեն հատուկ վերլուծության, ձեռնարկվեն միջոցառումներ։ Ներկայումս չարորակ ուռուցքներով հիվանդացությունների աճն առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Տնտեսապես զարգացած Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արևմտյան Եվրոպայի և այլ երկրներում այդ ցուցանիշը աճել է 2-4%-ով։ Այս և մի շարք այլ զարգացող երկրներում կիրառվում է չարորակ ուռուցքներով նոր հայտնաբերված հիվանդների պարտադիր հաշվառման սկզբունքը։ Լիոնի քաղցկեղի ուսումնասիրման միջազգայն գործակալությունը հավաքագրում և համակարգում է տարբեր երկրներից քաղցկեղների ռեգիստրներից ստացած տվյալները և 5 տարին մեկ տպագրում վիճակագրական վերլուծություններ ՙՔաղցկեղն աշխարհի 5 մայրցամաքներում՚ խորագրով։ Չարորակ ուռուցքներից մահացության համաշխարհային տվյալներն էլ հավաքագրում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական բաժինը։ Լիոնի կենտրոնի տվյալներով՝ 2000թ. աշխարհում չարորակ ուռուցքներով հիվանդացել է 10մլն մարդ, իսկ քաղցկեղից՝ 8 մլն։ Գործակալության հաշվարկներով՝ 2020թ. քաղցկեղով կհիվանդանա 20մլն մարդ, որից 10 մլն-ը կմահանա։ Հ. Գալստյանը, ներկայացնելով ՀՀ-ում վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված չարորակ ուռուցքներով հիվանդացության դեպքերը, ասաց, որ եթե 2005թ.ՀՀ-ում գրանցվել է 6400 առաջնային հիվանդ՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 199, ապա 2014թ. հիվանդների թիվը հասել է 8400-ի, 100 հազարի հաշվով՝ 277։ Սակայն այս աճի տեմպերը, համեմատած տնտեսապես զարգացած երկրների տվյալների հետ, անհամեմատ ավելի ցածր են։ Այսինքն՝ եթե այնտեղ աճը 2-4% է, ապա մեզ մոտ՝ 1-1,5%։ Վերջին 10 տարվա կտրվածքով հիվանդների թիվն աճել է շուրջ 2 հազարով։ Հայաստանյան մասնագետների կանխատեսումներով՝ 2020թ. ՀՀ-ում առաջնային հիվանդների թիվը կհասնի 10 հազարի, ինչը պահանջելու է լրացուցիչ ֆինանսական ներդրումներ ու նոր սարքավորումներ քիմիաթերապիայի համար նախատեսված դեղորայքի ձեռքբերման, բժշկական կադրերի պատրաստման ու շենքային պայմանների բարելավման համար։ Ներկայիս դեղագործական ընկերությունների թողունակությունը բարձրանում է, իսկ նորաստեղծ դեղերը շատ թանկ արժեն և հասանելի չեն շարքային քաղաքացուն։ Ստացվում է այնպես, որ նոր ստեղծած դեղորայքով բուժումը միայն ունևոր մարդկանց մենաշնորհն է։ Տնտեսության զարգացումը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը։ Տարիներ շարունակ ՀՀ-ում չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում առաջին հորիզոնականը զբաղեցնում է թոքի քաղցկեղը։ Եթե 2005թ. արձանագրվել է 1064 նոր հիվանդ, 100 հազար բնակչի հաշվով՝ շուրջ 32, ապա 2014թ՝. 1240 դեպք։ Երկրորդ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ 3-րդ տեղում՝ ըստ հաճախականության, ստամոքսի քաղցկեղը, որը 2014թ. զբաղեցրեց արդեն 4-րդ հորիզոնականը՝ տեղը զիջելով հաստ աղու քաղցկեղին։ Արագ տեմպերով աճում է նաև շագանակագեղձի քաղցկեղը։Չարորակ ուռուցքների ժամանակին հայտնաբերման համար ՀՀ գլխավոր ուռուցքաբանն առաջարկեց որոշ ծրագրեր։ Հայրապետ Գալստյանի պարզաբանմամբ՝ խորհրդային տարիներին կատարվում էին կանխարգելիչ ստուգումներ, սակայն դրանք չտվեցին իրենց ցանկալի արդյունքը։ Այսօրվա տնտեսապես զարգացած երկրներում անցկացվող բոլոր միջոցառումները, սկրինինգային ծրագրերը նույնպես չեն տալիս ակնկալվող արդյունքները, և հիասթափությունն ավելի մեծ է լինում, քան հուսադրումը։ Այդ ամենը հաշվի առնելով՝ գիտնականները կանխորոշեցին քաղցկեղի կանխարգելման մի շարք եղանակներ, և դա առաջնային կանխարգելումն է, որի մեջ մտնում են արդյունաբերական և գյուղատնտեսական գործոնները։ Այսինքն՝ բնակավայրերը պետք է հեռու լինեն արդյունաբերական գործարաններից, վտանգավոր գործոններից, իսկ գյուղատնտեսական ոլորտում նկատի առնեն բույսերի պահպանման, կրծողների, միջատների դեմ պայքարի համար օգտագործվող քիմիկատների չափաբաժինները։ Բոլոր այդ նյութերն ունեն քաղցկեղածին բնույթ։ ՀՀ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի մասնագետներն իրենց հերթին քարտեզագրորեն ուսումնասիրել են, թե Հայաստանի որ մարզերում են ավելի հաճախ արձանագրվում չարորակ ուռուցքները։ Համաձայն ուսումնասիրությունների՝ հիվանդացության ամենամեծ թիվը Լոռու մարզում է, որը մասնագետները կապեցին հանքարդյունաբերության հետ։ Ուսումնասիրվել են 10 մարզերում գրանցված ուռուցքների տարածվածությունն ու նրանց կառուցվածքը, ինչպես նաև՝ որ մարզում և տարիքային որ խմբում է ավելի հաճախ լինում քաղցկեղի այս կամ այն ձևը։ Պարզվել է, որ արագ տեմպերով աճում է կրծքագեղձի քաղցկեղը, և, ըստ կանխատեսումների՝ առաջիկա տարիներին այն կգերազանցի թոքի քաղցկեղին և կզբաղեցնի առաջին հորիզոնականը։ Սակայն, ինչպես փաստեցին մասնագետները, հայ կինը վերջապես սովորեց գնալ կանխարգելիչ ստուգման, և պատահական չէ, որ այդ ստուգումների արդյունքում կրծքագեղձի հայտնաբերման վաղեմությունը՝ առաջին փուլը, հասնում է շուրջ 12%-ի, այն դեպքում, երբ 15 տարի առաջ արձանագրվում էին եզակի դեպքեր։ Երկրորդ փուլը, որը նույնպես ենթակա է արմատական բուժման, հասնում է արդեն 40%-ի, որն առաջընթաց է, և ինչքան շուտ է հայտնաբերվում չարորակ ուռուցքը, այնքան արդյունքները գոհացուցիչ են լինում։ 2015թ. 9 ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում դիսպանսեր հսկողության տակ է գտնվում չարորակ ուռուցքներով բուժված 40 հազարը գերազանցող մարդ, որոնցից 30%-ի մոտ բուժումից հետո անցել են 10 և ավելի տարիներ։ Երևանի գլխավոր ուռուցքաբան Գագիկ Բազիկյանն իր հերթին նշեց, որ այն երկրներում, որտեղ շատ են սկրինինգային ծրագրերը, ցածր է բարձիթողությունը (4-րդ փուլը)։ Նախաքաղցկեղը բուժվում է 100%-ով։ Ներկայումս քաղցկեղի առաջին փուլի բուժման հաջողությունը կազմում է 90%, 2-րդ փուլում՝ 50-55%, իսկ 3-4-րդ փուլերում՝ ցավոք, մի քանի տոկոս։ Չարորակ ուռուցքների ժամանակին, վաղ հայտնաբերումը բժշկագիտության այսօրվա կարևոր ռազմավարությունն է, ուստի՝ կազմակերպելով նման սեմինարներ ու հանդիպումներ, ուռուցքաբանները բարձրացնում են բնակչության և առաջնային օղակի ու ընտանեկան բժիշկների իրազեկվածության մակարդակը։ Վերջիններս անմիջապես կապ ունեն հիվանդների հետ և պետք է միշտ լինեն զգոն, որպեսզի տարբեր ախտանշաններով քողարկված նախաքաղցկեղի ժամանակ մարդկանց ուղղորդեն ճիշտ ուղղությամբ։ Ա. Տանանյանը նման հանդիպումների հիմնական նպատակը համարեց գործընկերների հետ սերտ կապի ստեղծումը, որը կտա իր դրական արդյունքները, և Արցախում կբարձրանա բուժսպասարկման մակարդակը։ Առաջնային օղակի բժիշկները, պոլիկլինիկայի ուռուցքաբանները և մյուսները պետք է կանխարգելիչ աշխատանքներով ուղղորդեն բնակչությանը, որ քաղցկեղը հայտնաբերվի 1-ին և 2-րդ փուլերում։ ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հ. Գյոքչյանը ներկայացրեց քիմիաթերապիայի սկզբունքները և հիմնական շեշտադրումը դրեց այդ թերապիայի տոքսիկ էֆեկտներին։ Նա անդրադարձավ թարգետ թերապիային, որը շատ ժամանակակից և նոր մոտեցում է բուժման հարցում, այն բավականին արդյունավետ է և զերծ է քիմիաթերապիայի տոքսիկ երևույթներից։ Բնականաբար, այս դեղորայքը թանկ արժե և դժվար է ձեռք բերվում, բայց արդյունավետությունը գերազանցում է իր արժեքը։ Պատասխանելով հիվանդների վճարունակության հարցին, գլխավոր թերապևտը տեղեկացրեց, որ 10 հիվանդներից 6-ը կարողանում է ձեռք բերել թարգետ թերապիայի դեղորայքը։ Որոշ դեղագործական ընկերություններ էլ իջեցնում են գները։ Սակայն պետպատվերի շրջանակում կա հիմնական դեղորայքի ցանկ, որը հիվանդներին տրամադրվում է համավճարի սկզբունքով։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ