[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԷՋ

Հոկտեմբերի 7-ին կայացավ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջի շնորհանդեսը։

Նախարար Անդրանիկ Խաչատրյանը պաշտոնական կայքէջի ստեղծումը կարևոր քայլ է համարում, որն ուղղված է հասարակության լայն շրջանակների հետ կապերի ամրապնդմանը, ոլորտի գործունեության թափանցիկության ապահովմանը։ ՙԳաղտնիք չէ, որ այսօր՝ տեղեկատվական այս բուռն ժամանակաշրջանում, յուրաքանչյուր ոլորտի համար պաշտոնական տեղեկատվական աղբյուրի առկայությունն անհրաժեշտություն է՝ նրա աշխատանքի լուսաբանման, հասարակության հետ կապի պահպանման և գերակա խնդիրների վերհանման տեսանկյունից՚,- ասաց նա։ Համակարգի պաշտոնական կայքէջի միջոցով թարմ տեղեկատվություն կներկայացվի կատարած ու կատարվելիք աշխատանքի մասին, օրենսդրական ու ծրագրային գործունեության վերաբերյալ փորձ կարվի հնարավորինս թափանցիկ ու հրապարակային դարձնել ոլորտը կարգավորող մարմնի աշխատանքը։ Ա. Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ կայքի օբյեկտիվ ու թարմ տեղեկատվության ապահովման շնորհիվ գերատեսչությունը կշահի հասարակության վստահությունը։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ նախարարության գործունեությամբ հետաքրքրվող կազմակերպություններն ու անձինք, ի դեմս կայքի, կունենան ինֆորմացիայի հուսալի աղբյուր, իրենց առաջարկություններով, դիտողություններով, բարձրացրած հարցերով կօժանդակեն համակարգի զարգացմանը։ Կայքը պատրաստվել է Նարեկ Գևորգյանի կողմից, որի հետ նախարարությունը համագործակցության փորձ արդեն ունի։ Կայքի պատասխանատու Մերի Ղազարյանը ներկայացրեց նորաստեղծ կայքի կառուցվածքը՝ նշելով, որ այն կազմվել է այնպես, որ ցանկացած ինֆորմացիա այցելուն կարողանա հեշտությամբ գտնել։ ՙՆախարարություն՚ մասում տեղադրված են այս գերատեսչության կանոնադրությունը, կառուցվածքը և կառուցվածքի գծապատկերը, նրա ենթակայության տակ գործող ընկերությունները։ ՙԻրավական ակտեր՚ բաժնում զետեղված են օրենքները, հրամանները և որոշումները։ ՙՆորություններ՚ բաժնում կարելի է ծանոթանալ ինչպես նորություններին, այնպես էլ համակարգի վերաբերյալ այլ հրապարակումների, պարզաբանումների, տեսանյութերի և ֆոտոարխիվին։ Կա հանրային քննարկման նախագծերի և հղումների բաժին, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն։ Քանի որ Էկոնոմիկայի նախարարությունն ընդգրկուն գերատեսչություն է, կայքում առանձնացվել են ոլորտները՝ էկոնոմիկա, էներգետիկա, տրանսպորտ, կապ, տուրիզմ, հուշարձաններ, լիցենզավորում, թույլտվություններ։ Այցելուները կարող են ծանոթանալ հայտարարություններին, ծրագրերի հաշվետվություններին, նախարարությանն ուղղել հարցեր։ Հաճախ տրվող հարցերը կառանձնացվեն։ Կայքէջի պատասխանատուները խոստանում են, որ այն կգործի շատ արդյունավետ, և դրանում համոզվելու համար առաջարկում են անձամբ այցելել՝ հղում կատարելով հետևյալ հասցեով. www.mineconomy.nkr.am։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ