comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ՝ ՍԱ Է ՍԿԶԲՈՒՆՔԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ՝ ՍԱ Է ՍԿԶԲՈՒՆՔԸ՚

Հարցազրույց ԼՂՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր ՕՀԱՆՅԱՆԻ հետ  

 - Իգոր Մովսեսի, հավանաբար ժամանակ առ ժամանակ ուսումնասիրվում, վերլուծության են ենթարկվում ճանապարհատրանսպորտային պատահարները։ Ըստ Ձեզ, որո՞նք են հանրապետության տարածքում արձանագրված նմանատիպ պատահարների հիմնական պատճառները։ Ըստ վիճակագրության՝ դրանք աճե՞լ, թե՞ նվազել են։

- Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 54 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)՝ 2014-ի 42-ի փոխարեն, որի հետևանքով մահացել է 11 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել 64-ը (2014-ին՝ 12 զոհ և 47 վիրավոր)։ Այսինքն՝ ՃՏՊ-ների թվի աճ է արձանագրվել։ Ընդհանրապես ճանապարհատրանսպորտային պատահարները տեղի են ունենում տարբեր պատճառներով, բայց հիմնականում վարորդների անուշադրության հետևանք են. ճանապարհին ծխելը, ուտելը, բջջայինով խոսելը և այլն։ Սրանք այն հանգամանքներն են, երբ ճանապարհային ոստիկանությունը չի կարողանում ազդել վարորդների վրա։ ՃՏՊ-ների մի մասի պատճառը վարորդների անսթափ վիճակն է, արագության գերազանցումը, ինչու չէ, նաև ճանապարհների անմխիթար վիճակը, ինչը վտանգավոր է հատկապես անբարենպաստ եղանակներին։ Ունենք նաև ղեկին քնելու, վազանցի կանոնները խախտելու դեպքեր։ Երբեմն ՃՏՊ-ի պատճառ է դառնում մեքենայի տեխնիկական անսարքությունը։ Իսկ վրաերթի դեպքերի պատճառը հիմնականում հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է (ոչ հետիոտնային մասերով կամ ճանապարհն անուշադիր հատելը և այլն)։

- Հասկանալի է, որ գոյություն ունեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներ։ Այդ առնչությամբ հատկապես ի՞նչ պետք է իմանան մեր քաղաքացիները։

- Նախ ասեմ, որ մեծ խնդիր ունենք ճանապարհների հետ կապված։ Հանրապետությունում տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն ավելի ընդգծված է դարձնում այդ խնդիրը։ Ուստի ձգտում ենք աչալուրջ, պատշաճ ծառայություն տանել խցանումներից խուսափելու, երթևեկությունը կարգավորելու համար, առանձնապես՝ Ստեփանակերտ քաղաքում, որտեղ հատկապես օրվա որոշակի ժամերի ծանր է լինում տրանսպորտային վիճակը։ Այսօր, երբ արդեն կրթօջախներում սկսված են ուսումնական պարապմունքները, պետավտոտեսչությունն ուժեղացրել է հսկողությունը դպրոցներին հարակից տարածքներում։ Երևի թե նկատել եք, որ ամեն առավոտ և օրվա մյուս պիկ ժամերին ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնում են քաղաքի խաչմերուկներում ու դպրոցամերձ փողոցներում, անձամբ օգնում երեխաներին՝ անցնելու ճանապարհը։ Սա թերևս բացառիկ երևույթ է համաշխարհային պրակտիկայում ու նաև ուսուցողական բնույթ է կրում։ Բարեբախտաբար, վերջին ժամանակներս զգալիորեն նվազել են այն ՃՏՊ-ները, որոնցից տուժում են երեխաները։ Ընդհանրապես, բոլոր խաչմերուկներում և այնտեղ, որտեղ կա տրանսպորտի ինտենսիվ շարժ, նման վայրերում միշտ էլ պետավտոտեսչության ծառայողները կարգավորում են երթևեկությունը։ Այսինքն՝ կան ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող պայմաններ, որոնք վերացվում են ծառայության աշխատակիցների կողմից։ Այդ մասին են փաստում նաև համակարգում եռամսյակային կտրվածքով արվող վերլուծությունները։ Բացի այդ, ճանապարհապարեկային ծառայության միջոցով երթևեկության կանոնների խախտումներն ենք ի հայտ բերում։ Դրանք քննարկվում են խորհրդակցությունների ժամանակ, կարգազանց վարորդները ենթարկվում են տույժի և դրամական տուգանքների, ինչն իր հերթին նպաստում է պատահարների նվազմանը։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մեր կողմից առաջարկություններ են ներկայացվում համապատասխան մարմիններին՝ ճանապարհների թողունակության, դրանց բարեկարգման, խաչմերուկներում լուսացույցների տեղադրման և այլ հարցերով։

- Մեզ մոտ, ինչպես եվրոպական երկրներում, հետիոտնը պատժվո՞ւմ է երթևեկության կանոնների խախտման համար։

- Անկարգապահ հետիոտնը զգուշացվում է ճանապարհապարեկային ծառայողի կողմից։ Հետիոտների հետ բացատրական աշխատանք է տարվում, բարձրախոսներով տեղեկացվում է, որ ճանապարհն անցնեն միայն գծանշաններով։ Անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շարքում հատկապես պետք է նշել դպրոցականների հետ աշխատանքը։ Ունենք քարոզչության գծով ավագ տեսուչ, ով պարբերաբար հաճախում է դպրոցներ, հանդես գալիս հատուկ ծրագրերով ու դասընթացներով և տարեվերջին ստուգարքի ձևով քննություն է ընդունում յուրաքանչյուրից։ Մեկ այլ խնդիր կուզենայի նշել. մեր հանրապետության ճանապարհները չունեն հեծանվորդների համար նախատեսված արահետներ, ճանապարհների թողունակությունն այդ հնարավորությունը չի ընձեռում։ Այդ իսկ պատճառով հեծանվորդները նույնպես խանգարում են անվտանգ երթևեկությանը։ Նրանց կողմից դա օրենքի խախտում է։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար հարկ է, որ ծնողները ևս բացատրական աշխատանք տանեն երեխաների հետ։

- Ի՞նչ պարբերականությամբ է իրականացվում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը։ Գործընթացի արդյունքն իրատեսակա՞ն է։

- Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը մենք չենք կատարում, դա արվում է համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից՝ տարին մեկ անգամ, իսկ ճանապարհային ոստիկանությունն ստուգում, վերահսկում է, որ տրանսպորտային բոլոր միջոցները ժամանակին զննում անցնեն և ունենան այդ մասին վկայող հավաստագիր։ Վերջինիս չլինելու դեպքում տվյալ մեքենայի վարորդը՝ որպես իրավախախտում կատարած անձ, ենթարկվում է վարչական պատասխանատվության։ Անշուշտ, գործընթացը մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովման առումով և տալիս է իր արդյունքը։

- Մայրաքաղաքի որոշ խաչմերուկներում բացակայում են լուսացույցերը, իսկ ճանապարհային կարգը պահպանելու համար արվող գծանշանները միշտ չէ, որ հստակ, պարզ երևացող են։ Ճանապարհային ոստիկանությունն այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում։

- Լուսացույցերի մասով խնդիրներ, այո, կան։ Ընդամենը երկու ժամանակակից լուսացույց ունենք, մյուսների շահագործման ժամկետը վաղուց սպառվել է։ Ճանապարհային ոստիկանությունը դիմել է պատկան մարմիններին, և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Ասեմ, որ դա բավականին թանկ հաճույք է (մեկ լուսացույցի գինը 10000 ԱՄՆ դոլար է)։ Բայց այսօրվա դրությամբ քաղաքի ամենավտանգավոր հատվածներում ունենք լուսացույցեր։ Ինչ վերաբերում է գծանշաններին՝ ժամանակ առ ժամանակ, մասնավորապես պետական նշանակության տոն օրերին, մեր միջնորդությամբ և առաջարկությամբ, դրանք թարմացվում են քաղաքային համայնքի կողմից։ Ճանապարհային ոստիկանությունն ունի ավագ տեսուչ-ինժեներ, ով մշտապես ուսումնասիրում, հետևում է ճանապարհային բոլոր տեսակի նշաններին՝ դրանց թարմությունն ապահովելու համար։

- Ներկայում հանրապետության տարածքում քանի՞ տրանսպորտային միջոց կա հաշվառված։ - Անցյալ տարի Արցախի Հանրապետության տարածք է ներկրվել 2307 տրանսպորտային միջոց։ 2015թ. կիսամյակային տվյալներով՝ հանրապետությունում հաշվառված է 23266 տրանսպորտային միջոց։

- Կադրային ի՞նչ քաղաքականություն եք վարում։

- Ճանապարհային ոստիկանության աշխատանքը բարձր մակարդակի վրա դնելու նպատակով արվել են որոշ կադրային փոփոխություններ։ Արդյունքում ունենք նոր աշխատողներ։ Մշտական աշխատանքներ են տարվում կադրերի մասնագիտական գիտելիքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ. կազմակերպվում են սեմինարներ, հատուկ դասընթացներ…

- Ընդամենը մի քանի ամիս է՝ ղեկավարում եք հանրապետության ճանապարհային ոստիկանության ծառայությունը։ ՃՈ գործելաոճում նորություններ կա՞ն։ Ի՞նչ սկզբունքով եք կազմակերպում ծառայության աշխատանքները։

- Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե ինքներս գնահատական տանք մեր կատարած աշխատանքին։ Այնուամենայնիվ, ըստ իս, պատշաճ մակարդակի վրա է դրվել ճանապարհապարեկային հսկողությունը։ Կազմակերպական և կանխարգելիչ զգալի աշխատանքներ են տարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ՃՏՊ-ների կանխման ուղղությամբ։ Արձանագրված պատահարների վերլուծությունից ելնելով՝ փոփոխություններ են կատարվել ճանապարհապարեկային ծառայության ուժերի և միջոցների տեղաբաշխման ու աշխատանքային ժամանակացույցում։ Առաջնորդվում ենք ՙՕրենքի առջև պատասխանատու են բոլորը՚ սկզբունքով։ Իսկ նորություններն ու բարեփոխումները մշտական բնույթ են կրում և ելնում են քաղաքացիների անվտանգության շահերից։ Կան մարդիկ, ովքեր հասկանում, գնահատում են ճանապարհային ոստիկանության աշխատանքը, բայց կա նաև հակառակ երևույթը։ Շատերը չեն գիտակցում, որ մեր աշխատանքն ուղղված է իրենց անվտանգության ապահովմանը, ցավագին են ընդունում, երբ ծառայության աշխատողը դիտողություն է անում քաղաքացուն՝ լինի վարորդ թե հետիոտն։ Ավարտելով խոսքս՝ կոչ եմ անում բոլորին լիարժեք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ծնողներին՝ սովորեցնել երեխաներին ճիշտ անցնել ճանապարհը և ոչ թե երեխաների ձեռքից բռնած խախտել կարգը, որի ականատեսը հաճախ ենք դառնում։ Մենք էլ մեր հերթին ձգտում ենք լինել հետևողական, ծառայությունը կազմակերպել հնարավորինս արդյունավետ և անվտանգ։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ